Ինչպես հայտնի է, ՀՀ գլխավոր դատախազության պահանջով «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ-ի ֆոնդերում թանգարանային առարկաների առկայության վերաբերյալ իրականացված ստուգումների արդյունքում պարզվել է, որ բացակայում են 626 անուն մշակութային արժեքներ՝ գեղանկարներ, գոբելեններ, գրաֆիկական աշխատանքներ, քանդակներ եւ այլն՝ 120 միլիոն 250 հազար ՀՀ դրամ ընդհանուր արժեքով: Դրանց թվում են նաեւ կարեւոր գեղարվեստական արժեք հանդիսացող 2 գեղանկարներ՝ Մարտիրոս Սարյանի վրձնին պատկանող 60 միլիոն դրամ արժեքով «Հայֆիլհարմոնիայի դահլիճ» գեղանկարը եւ Հ. Զարդարյանի վրձնին պատկանող 2 միլիոն դրամ արժեքով «Վերածնունդ» գեղանկարը:
Այսպիսով, Մշակույթի նախարարության եւ «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ-ի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից իրենց պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետեւանքով պետության օրինական շահերին պատճառվել է ծանր հետեւանքներ առաջացնող վնաս, հնարավոր չի եղել տեղեկանալ ՊՈԱԿ-ի հաշվեկշռում գտնվող առանձնապես խոշոր չափի, այդ թվում՝ կարեւոր գեղարվեստական արժեք ներկայացնող մշակութային արժեքների բացակայության մասին եւ միջոցներ ձեռնարկել դրանց հայտնաբերման ուղղությամբ: Գլխավոր դատախազության` պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի, 180-րդ հոդված 1-ին մասի եւ 315-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քրեական գործի նախաքննության կատարումը հանձնարարվել է Քննչական կոմիտեին:
Դատախազության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Մշակույթի նախարարության «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ-ը 2016-ին միացման ձեւով վերակազմակերպվել է՝ միանալով «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ին: «Ժողովուրդ» օրաթերթը Մշակույթի նախարարությունից հետաքրքրվեց, թե ՊՈԱԿ-ը մինչեւ պատկերասրահին միանալը արդյոք որ կառույցի ենթակայության ներքո է գործել, պետական բյուջեից տարեկան կտրվածքով որքան գումար է հատկացվել ՊՈԱԿ-ին, երբ է այն կազմավորվել եւ ինչ հիմքի վրա: Մշակույթի նախարարի տեղակալ Տիգրան Գալստյանը պատասխանեց, որ ՊՈԱԿ-ը մինչեւ պատկերասրահին միանալը գործել է ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ: 2014-ին ՊՈԱԿ-ին հատկացվել է 22 մլն 529.4, 2015թ.՝ 22 մլն 774.9, 2016-ին՝ 22 մլն 341.0 հազար դրամ: «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ-ը ստեղծվել է 1994-ին՝ 1939թ. ստեղծված Հայաստանի նկարիչների շրջիկ արվեստանոցի հիմքի վրա (նախկին ՀԽՍՀ կուլտմինի նկարչական շրջիկ արվեստանոց-ցուցահանդես): ՊՈԱԿ-ի վերջին տնօրենը Խաչատուր Աբրահամյանն է (2012-2016թթ.): «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ-ի իրավահաջորդը «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ն է:
«Ժողովուրդ» օրաթերթը «Ցուցահանդեսային կենտրոն»-ի նախկին տնօրեն Խաչատուր Աբրահամյանին հարցրեց՝ Մշակույթի նախարարությունը տեղյակ եղել է արդյոք 626 անուն մշակութային արժեքների բացակայության մասին: «Այո՛, տեղյակ եղել է. անձամբ ես իմ վերադասներին պարբերաբար զեկուցել եմ այդ մասին: Աշխատանքները կորել են դեռեւս խորհրդային տարիներին: Որքանով տեղյակ եմ, դրանց հետ կապված պարբերաբար քրեական գործեր են հարուցվել: Ինքս բազմիցս ուղիներ եմ փնտրել այդ արժեքները վերադարձնելու համար. այդ մասին նամակագրական փաստեր էլ ունեմ: Օրինակ՝ նկարիչներից ոմանք նախկին տնօրենների օրոք ստացականով վերցրել էին իրենց կտավները, տարել ցուցահանդեսների եւ այլեւս չէին վերադարձրել: Մենք գտել ենք, հետ բերել: Բայց եղել է նաեւ այնպես, որ, օրինակ, ժառանգներն ասել են, թե տեղյակ չեն՝ որտեղ են այդ արժեքները, կամ պարզվել է, որ դրանք խորհրդային տարիներին գտնվել են որեւէ գործարանում, դպրոցում, որոնք այսօր արդեն գոյություն չունեն»,- մեկնաբանեց նա:
«Ժողովուրդ» օրաթերթը Մշակույթի նախարարությանը հարցրեց՝ եթե գերատեսչությունում այսքան տարիներ տեղյակ են եղել կորած մշակութային արժեքների մասին, ի՞նչ քայլեր են ձեռնարկել դրանք վերադարձնելու ուղղությամբ: ««Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ի տնօրենի հրամանով ստեղծված հանձնաժողովն իրականացրել է «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ-ի հավաքածուում առկա առարկաների փաստացի առկայության ստուգում եւ ներկայացրել տեղեկատվություն` բացակայող թվով 619 առարկաների վերաբերյալ: Բացակայող առարկաների հայտնաբերման նպատակով «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ը սահմանված կարգով դիմել է իրավապահ մարմիններին: ՀՀ քննչական կոմիտեն, հարուցված գործի հիման վրա, իրականացնում է հետաքննություն»,-ասված է Տիգրան Գալստյանի պատասխանում:
ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
ՉԿԱ ՁՆԱՄԱՐՏԻ ՄՇԱԿՎԱԾ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ
Հայաստանում սկսել է հետաքրքրություն վայելել ձնամարտ սպորտաձեւը: Արդեն կազմավորվել է Ձնամարտի ֆեդերացիան, որը քիչ-քիչ սկսում է հայտնի դառնալ հանրությանը: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Հայաստանի ձնամարտի ֆեդերացիայի համանախագահ Տիգրան Պետրոսյանի հետ:
-Ե՞րբ է կազմավորվել ֆեդերացիան:
-Հայաստանի ձնամարտի ֆեդերացիան կազմավորվել է 2019թ փետրվարին։ Հենց այդ ժամանակ էլ՝ փետրվարի 16-ին, «Ապարանյան ձմեռ» փառատոնի շրջանակներում անցկացրինք մեր առաջին համահայկական մրցումները։ Այն մեծ արձագանք գտավ, գրավեց մամուլի ուշադրությունը, մարդիկ էլ սկսեցին հետաքրքրվել՝ երբ է անցկացվելու հաջորդ առաջնությունը։
-Ի՞նչ նախադրյալներ կան ձնամարտը Հայաստանում զարգացնելու համար:
-Առհասարակ, Հայաստանում ձմեռային սպորտի զարգացման հրաշալի նախադրյալներ կան։ Ծաղկաձորում, Ջերմուկում, Ապարանում եւ հանրապետության այլ ձնառատ շրջաններում այս սպորտաձեւը կարող է ունենալ աննախադեպ աճ եւ ապահովել մեծ թվով տուրիստների հոսք։ Կարեւոր է նաեւ դրա նորութայնությունը։ Ձնամարտը քչերին է հայտնի` որպես սպորտաձեւ։ Այս ճապոնական խաղի մասին ոչ բոլորն են լսել, ուստի դրա հանրային իրազեկումը հաստատ կգրավի մեծամասնության ուշադրությունը։ Կա նաեւ թյուր կարծիք, որ ձնամարտը բացառապես ձմեռային սպորտաձեւ է, բայց աշխարհի շատ երկրներում այն խաղում են նաեւ ամռանը՝ հատուկ` արհեստական ձնագնդերի միջոցով։ Մեր երկրում սպորտի զարգացման շատ մեծ ներուժ կա։ Թիմային աշխատասիրության միջոցով վստահ ենք՝ շուտով կհասնենք նրան, որ ձնամարտը դառնա կայացած մարզաձեւ Հայաստանում։
-Մարդիկ ծանո՞թ են մարզաձեւին:
-Հիմնականում ոչ։ Սա ավելի շատ առավելություն է մեզ համար, քան թերություն: Սա շատ կարեւոր կոմպոնենտ է մեզ համար։ Ինչպես արդեն նշեցի, խաղի նորույթ լինելը օգնում է դրա հանդեպ հետաքրքրություն շարժել։ Մարդիկ ավելի շահագրգռված են կարդալ, լսել խաղի մասին, տեղեկանալ ու մասնակցել ձնամարտի խաղերին՝ դառնալով Ձնամարտի ֆեդերացիայի մի մասը։
-Ի՞նչ բարդություններ ունի մարզաձեւը:
-Առաջին հայացքից թվում է, թե այն ձնագնդի խաղալու նման հեշտ է, բայց իրականում կա ձնամարտի հատուկ մշակված կանոնակարգ ու ռազմավարություն։ Այս խաղում որոշիչ են անցումները, որոնք պետք է իրականացվեն զգուշորեն։ Եթե քեզ ձնագնդով հարվածեն, խաղից դուրս կմնաս, ուրեմն պիտի ձգտես ճիշտ կիրառել սաղավարտդ` խուսափելու համար հակառակորդի հարվածից։ Ձնամարտը մեծ ճկունություն է պահանջում. պիտի կարողանաս սահուն ձեւով խլել հակառակորդի դրոշը ու դառնալ հաղթող։ Մենք ավելի շատ համոզվեցինք, որ խաղը բավականին դժվար է ու պահանջում է մեծ ուշադրություն հենց Եվրոպայի առաջնության ժամանակ, երբ մրցեցինք Ֆինլանդիայի, Ռուսաստանի եւ Նորվեգիայի փորձառու թիմերի հետ։
-Ի՞նչ ծրագրեր կան մարզաձեւը Հայաստանում ավելի հայտնի դարձնելու համար:
-Մեր առաջնային ծրագրերից է ՀՀ կրթական հաստատություններում ձնամարտի ակումբներ հիմնելը։ Նպատակ ունենք դրանք տեղայնացնել թե՛ Երեւանում, թե՛ հանրապետության մարզերում։ Համալսարանների ու դպրոցների հետ համագործակցություն ենք սկսելու։ Կարեւոր է հատկապես գյուղերում ակումբների զարգացումը։ Այն ոչ միայն հայտնի կդարձնի ձնամարտը՝ որպես սպորտաձեւ, այլ նաեւ կօգնի երիտասարդներին իրենց առօրյան ավելի հետաքրքիր դարձնել։ Մենք նախատեսում ենք ձնամարտը կիրառել որպես ռեկրեատիվ գործիք հատկապես ՏՏ ոլորտի աշխատակիցների շրջանում։ Հավատացե՛ք, մեկ անգամ ձնամարտ խաղալով` ցանկությունն ավելանում է խաղալ եւս մեկ անգամ։ Այն հրաշալի տարբերակ է աշխատանքից հետո էներգիան վերականգնելու համար։
Զրուցեց ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ
ԳԱԳՈ ԴՐԱԳՈՆ ՆԵՐԿԱ ԿԼԻՆԻ
MixFight 42 մրցաշարն առաջիկայում կկայանա Հայաստանում, այս անգամ՝ մարզահամերգային համալիրում: Մրցաշարի կազմակերպիչ Վարդան Մնացականյանը մեզ հետ զրույցում ասաց, որ խոշոր շոուին ներկա կլինի նաեւ հայազգի հայտնի քիք-բռնցքամարտիկ Գագիկ Հարությունյանը, որը հանրությանը ավելի հայտնի է Գագո Դրագո անունով: Նա կլինի MixFight-ի հատուկ հյուրը:
ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՀԵՌԱՆԱԼ
Արդեն տեղեկացրել ենք, որ Թուրինի «Յուվենտուսը» լքել է Չեմպիոնների Լիգան: Այս ամենից հետո թեժացել են Ռոնալդուի` իտալական ակումբը լքելու մասին խոսակցությունները: Մի շարք պարբերականներ պնդում են, որ Ռոնալդուն այս ամռանը կլքի Թուրինը եւ կվերադառնա Մադրիդի «Ռեալ»: Նշվում է, որ Ռենալդուի հավանական վերադարձով զբաղվում է մադրիցիների գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը: Սակայն պորտագալացին չի պատրաստվում շտապել որոշում կայացնել, քանի որ չի ցանկանում, որ իր կարիերայի այս հատվածը համարվի կատարյալ ձախողում:
Չ/Լ. ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ
Կայացան Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի վերջին երկու հանդիպումները: Կենտրոնական խաղում աներեւակայելի ֆուտբոլ ցուցադրեցին «Մանչեստեր Սիթին» եւ «Տոտենհեմը»: Խաղն ավարտվեց 4:3 հաշվով, սակայն մյուս փուլ անցան լոնդոնցիները` մրցակցի դաշտում ավելի շատ գոլ խփելու շնորհիվ: Հանդիպման արդեն 12-րդ րոպեին թիմերը փոխանակվել էին 2-ական գնդակով: Հանդիպման վերջում էլ գոլի հեղինակ դարձավ Ստերլինգը, սակայն տեսակրկնությունների համակարգը ցույց տվեց, որ գոլը եղել է խաղից դուրս վիճակից: Այս խաղում տանտերերից դուբլ ձեւակերպեց հենց Ռահիմ Ստերլինգը, մեկական անգամ էլ աչքի ընկան Բերնարդու Սիլվան եի Սերխիո Կուն Ագուերոն: Լոնդոնցիներից դուբլ հեղինակեց Սոնը, մեկ անգամ էլ իր անունը լուսատախտակին վառեց Ֆերնանդո Լյորենտեն: Մյուս խաղում ոչ մի անակնկալ չգրանցվեց. «Լիվերպուլը» մրցակցի դաշտում 4:1 հաշվով հաղթեց «Պորտուին» եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ: Տանտերերից միակ գոլը հեղինակեց Միլիտաոն, իսկ մերսիսայդցիներից գոլերի հեղինակ դարձան Մանեն, Սալահը, Ֆիրմինոն եւ Վան Դեյկը: Այսպիսով, կիսաեզրափակչում «Տոտենհեմը» կհանդիպի «Այաքսին», իսկ «Լիվերպուլը»` «Բարսելոնային»:
ՋՈԿՈՎԻՉԸ ՀԱՂԹԵՑ
Մոնտե Կառլոյի «Մասթերս 1000» շարքի շրջանակներում 1/4 եզրափակչի ուղեգիր է նվաճել աշխարհի առաջին ռակետ սերբ թենիսիտ Նովակ Ջոկովիչը: Նա 6:3, 6:0 հաշվով առավելության է հասել ամերիկացի Տեյլոր Ֆրիտցի նկատմամբ: Ջոկովիչի մրցակիցը կիսաեզրափակչում կլինի Դանիել Մեդվեդեւը, որը պայքարից դուրս է թողել Ստեֆանոս Ցիցիպսին:
Է. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ