«ԽՈՍԵԼԸ ՔԻՉ Է, ԿՈՆԿՐԵՏ ԳՈՐԾԵԼ Է ՊԵՏՔ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերով պատասխանեց օգտատերերի հարցերին: Նրանցից մեկը վարչապետին հորդորել էր ուշադրություն դարձնել հեռուստահաղորդումներին լավ սերունդ դաստիարակելու համար: Վարչապետն ասաց, որ այդ հարցը կառավարության ուշադրության կենտրոնում է, որ ԿԳ նախարարի հետ գործարկել են մի ծրագիր, որի նպատակը մեր պատանի սերնդին մշակույթին կապելն է: Նրա խոսքով` ԿԳ-ն ունի մի ծրագիր, որի համաձայն` հանրապետության բոլոր աշակերտներին բյուջեի հաշվին թատրոնների, թանգարանների ու համերգասրահների տոմսեր կտրամադրվեն: «Բոլորս խոսում ենք մշակույթի մասին, բայց մի կարեւոր հարցի պատասխան չի տրվել. ինչի՞ համար է պետք մշակույթը: Իմ պատասխանն է. մշակույթն ունի կրթական դեր»,- շեշտեց վարչապետը:

Նա տեղեկացրեց, որ կառավարությունում խոսել են Հայաստանում հեռարձակվող սերիալների մասին եւ եկել այն եզրակացության, որ դրանց որակը բարձրացնելու միջոցով հնարավոր կլինի կրթել քաղաքացիներին: Օրինակ` կարելի է ցույց տալ այնպիսի մարդկանց պատմություններ, որոնք աշխատանքի շնորհիվ հասնում են հաջողության: Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Հայաստանի ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանի հետ:
-Պարո՛ն Մանուկյան, ինքներդ, նկարահանվելով սերիալներում, դրանց որակի բարձրացման անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք: Եթե այո, կոնկրետ ի՞նչը պետք է բարելավել, ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնել:
-Իհարկե, տեսնում եմ. մեր սերիալների մակարդակն այն չէ, լեզուն այն չէ, անմակարդակ սցենարներով ապադաստիարակում են մատաղ սերնդին: Սարսափելի միտում է հայոց լեզվի աղավաղումը: Որոշ «հումորային» սերիալներում էլ տեղի-անտեղի դնում են ծիծաղի ձայն, հիմար, տափակ ռեպլիկներ են անում ու ստիպում են ծիծաղել, բայց դա հաճախ հեռուստադիտողի մոտ հակառակ ռեակցիա է առաջացնում: Եվ հետո` սերիալների սցենարները շատ նման են միմյանց: Մեր սերիալներում բոլորն ատրճանակներով են, ու ով հասցնում, կրակում է: Ուր են տանում մեզ` չգիտեմ: Սցենարներում գերակշռում են նաեւ հիվանդանոցային տեսարանները: Ինչքա՞ն կարելի է: Մեզ կարգին սցենարիստներ են պետք, որոնք հեռու կպահեն հեռուստադիտողին այդպիսի տեսարաններից: Մի՞թե հնարավոր չէ ստեղծել մի կերպար, որին երիտասարդությունը կնմանվի եւ չի վտանգվի: Մենք պետք է ունենանք հերոսներ, ոչինչ, թեկուզ պլակատային. թե՞ պետք է անպայման մարդասպաններին հերոսացնել: Ես կողմ եմ վարչապետի խոսքին, բայց ասելը քիչ է, կոնկրետ քայլեր են պետք:
-Ի վերջո, մենք ունենք արձակագիրներ, որոնց գործերը կարելի է էկրանավորել: Նման նախադեպեր ունենք, մի մասը` ստացված, մյուս մասը` գուցե ոչ այնքան, բայց միտումը, համաձայնեք, ողջունելի է:
-Իհարկե, ինչպե՞ս կարող է պատահել, որ մեր հսկայական ժառանգության մեջ նմանատիպ գործեր չլինեն: Դրանք կարելի է շտկել, ուրիշ ձեւերի մեջ դնել, բայց էլի եմ ասում` խոսել, թե ինչ է հարկավոր, հեշտ է: Գործել է պետք, նաեւ նախանշել, թե ինչ չպետք է անել: Վատագույն դեպքում կարելի է նաեւ արգելքներ դնել:
-Չե՞ք կարծում, որ դա կդիտարկվի որպես գրաքննություն:
-Եթե անորակություն է մատուցվում, ինչու՞ չարգելել: Թող քննադատեն, համարեն գրաքննություն, բայց, հավատացե՛ք, ինչ-ինչ բաներ արգելելով` հնարավոր է հասնել ցանկալի արդյունքի, գալիք սերունդների համար ուղիներ նախանշել:
-Իսկ աշակերտներին բյուջեի հաշվին թատրոնների, թանգարանների ու համերգասրահների տոմսեր տրամադրելը կարո՞ղ է արվեստի նկատմամբ հետաքրքրությունը մեծացնել:
-Այո, խորհրդային տարիներին, օրինակ, գործել է աբոնեմենտային համակարգ, որը միայն ողջունելի է: Եվ բացի դա` այդ կերպ հնարավոր կլինի լուծել սոցիալական խնդիրներ. աշակերտների ծնողները հաճախ գումար չեն ունենում թատրոններ այցելելու համար, այս դեպքում այդ հարցն էլ կլուծվի:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

«ԿԳԱ ԺԱՄԱՆԱԿ, ԵՐԲ ԿՄԻԱՎՈՐՎԵՆՔ»

Արդեն մի քանի ամիս է` հումորիստ Տիգրան Գեւորգյանը Ռուսաստանի Դաշնությունից վերադարձել է հայրենիք: «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց` արդյոք կա նոր ծրագիր, որի շուրջ աշխատում է: «Այո, մի նախագծի վրա եմ աշխատում. խոսքը հեռուստատեսային արտադրանքի մասին է, բայց փակագծերը դեռ չեմ բացի»,-ասաց նա:

Հարցին` հայրենիք է վերադարձել մշտական բնակության նպատակով, թե ժամանակավոր, Տիգրանը պատասխանեց. «Առաջիկա մեկ տարում հաստատ կլինեմ Հայաստանում: Իսկ, առհասարակ, գործնական այցերով պարբերաբար լինում եմ Սանկտ Պետերբուրգում եւ Լոս Անջելեսում: Ամեն դեպքում, մեծ մասամբ Հայաստանում եմ լինելու»:
Նախկին «Վիտամին» հումորային ակումբի անդամին հարցրինք` մյուս անդամների հետ կրկին համատեղ ծրագրեր իրականացնելու նպատակներ ունեն արդյոք: «Հիմա առանձին-առանձին ենք հանդես գալիս, բայց, կարծում եմ, կգա ժամանակ, եւ մենք կմիավորվենք որեւէ նախագծի շուրջ, որովհետեւ կարոտել ենք մեկս մյուսիս եւ մեր համատեղ աշխատանքը: Վստահ եմ, որ յուրաքանչյուրս էլ ունի նման ցանկություն: Անձամբ ես շատ կուզեմ, որ նման մի բան նախաձեռնենք»,-մեկնաբանեց Տիգրանը:
Նա շեշտեց` նախկին «Վիտամին» ակումբի տղաները այն եզակի թիմերից են, որի անդամները միմյանց հետ պահել են ընկերական ջերմ հարաբերությունները: «Արդեն քանի տարի է` միասին եթեր դուրս չենք եկել, բայց դա բացասաբար չի անդրադարձել մեր հարաբերությունների վրա»,-ասաց հումորիստը:
Մենք նաեւ հետաքրքրվեցինք` թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի հետ կապված ինչ հույսեր է կապում Տիգրանը: «Ես միշտ լավատես եմ եղել թե՛ դրանից առաջ, թե հետո: Այն ժամանակ էլ էի ասում, որ ամեն բան լավ է լինելու, հիմա էլ եմ ասում: Այնպես չի եղել, որ հայրենիքում վատ է եղել, այդ պատճառով եմ գնացել: Աշխատող մարդն իր համար միշտ էլ համապատասխան պայմաններ կստեղծի եւ անգործ չի մնա»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 

ՀԵՐԹԱԿԱՆ ՍԿԱՆԴԱԼԸ
Երեկ պետք է կայանար Հայաստանի Գավաթի խաղարկության կիսաեզրափակչի «Լոռի»-«Բանանց» հանդիպումը, սակայն ամեն ինչ այլ կերպ դասավորվեց: Խաղից վայրկյաններ առաջ ելույթ ունեցավ «Բանանցի» բաժնետեր Ջիվան Չելոյանցը եւ ֆուտբոլիստների հետ լքեց դաշտը: Նշվում է, որ այս ամենը կապված է խաղի մրցավարության հետ, եւ «Բանանցը» չի ցանկացել, որ խաղը վարի այդ մրցավարական անձնակազմը:
Այսպիսով, «Բանանցին» կգրանցի տեխնիկական պարտություն, եւ եզրափակչում կխաղա «Լոռին»: Միաժամանակ ՀՖՖ-ն հանդես է եկել հայտարարությամբ` դատապարտելով Ջեւան Չելոյանցի վարքագիծը: «Որեւէ ակումբ կամ անձ իրավունք չունի պայմաններ թելադրելու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային: Որեւէ մեկը նաեւ իրավունք չունի խաթարելու ՀՖՖ հովանու ներքո անցկացվող միջոցառումների բնականոն կազմակերպումն ու ընթացքը»,- ասված է հայտարարության մեջ. նշված է նաեւ, որ ՀՖՖ կարգապահական կոմիտեի կողմից, գործող կանոնակարգի համաձայն, պատժամիջոցներ կսահմանի:

 

 

 

ԿԼՈՊԸ ԾԱՂՐԵԼ Է
Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է առաջիկայում կայանալիք դերբիի մասին: «Այո՛, մենք կախված ենք «Մանչեստեր Սիթիի» խաղից, բայց չենք կարող ազդեցություն ունենալ դերբիի ելքի վրա: Կարծում եմ, «Յունայթեդն» էլ չի կարող: Նրանք ի՞նչ հաշվով պարտվեցին «Էվերտոնին». 0:3, թե 0:4, չեմ հիշում, ճիշտն ասած: «Սիթիի» համար սա սովորական հանդիպում է եւ ավել ոչինչ: «Յունայթեդը» հիմա չունի լավ մարզավիճակ, իսկ մեր դեմ խաղում(0:0) նրանք իրենց ամենաուժեղ մարզավիճակում էին»,- Կլոպի խոսքերն է փոխանցում SkySports-ը:
Հիշեցնենք,որ մանչեստրյան դերբին կկայանա ապրիլի 24-ին:

 

 

ՉԵՄՊԻՈՆԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿ
Կայացավ Ֆրանսիայի առաջնության 33-րդ տուրը: ՊՍԺ-ն, որն արդեն ապահովել է չեմպիոնությունը, սեփական դաշտում 3:1 հաշվով հաղթեց «Մոնակոյին»: Տանտերերից հեթ-տրիկ ձեւակերպեց Կիլիան Մբապպեն, իսկ հյուրերից հեղինակության գոլով աչքի ընկավ Ալեքսանդր Գոլովինը:
Փարիզյան ակումբը իր ակտիվում ունի 84 միավոր, իսկ «Մոնեգասկեցիները»` 32, որի շնորհիվ էլ զբաղեցնում են 16-րդ հորիզոնականը:

 

 

 

8-ՐԴԸ ԱՆԸՆԴՄԵՋ
Իտալիայի առաջնության 33-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսը» սեփական դաշտում 2:1 հաշվով պարտության մատնեց «Ֆիորենտինային» եւ ժամանակից շուտ հռչակվեց Իտալիայի չեմպիոն: Սա «Բիանկոներիների» 8-րդ անընդմեջ չեմպիոնությունն էր:

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս