ԴԵՂԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում այդպես էլ չի հաջողվում կանոնակարգել չգրանցված կամ փորձաքննություն չանցած դեղերի շուկան. Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն այս ուղղությամբ մատը մատին չի խփում: Հատկապես Երեւանում ե՛ւ բժիշկներին, ե՛ւ տեսչական մարմնի աշխատակիցներին հայտնի է դեղատների ցանկը, որտեղ վաճառվում են չգրանցված կամ փորձաքննություն չանցած դեղեր: Նախկինում տեսչական մարմնի աշխատողները պարբերաբար ձգձգել են դեղատները ստուգելու գործընթացը` պատճառաբանելով, որ իրենք կարող են միայն դեղատուն մտնել քաղաքացու բողոքի հիման վրա: Անգամ տեսակետ է շրջանառվում, որ տեսչական մարմնի աշխատողների կողմից իրականացված ստուգումների հարցը շատ հաճախ փակվել է ավանդույթ դարձած «խորովածի սեղանի» շուրջ, եւ որոշ ժամանակ անց դեղատները դարձյալ սկսել են չգրանցված կամ էլ փորձաքննություն չանցած դեղորայք վաճառել: Հիմա շատերը հույս ունեն, որ թավշյա հեղափոխությունից հետո իրավիճակ կփոխվի նաեւ այս ոլորտում: «Ժողովուրդ» օրաթերթը տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Սամվել Սողոմոնյանից հետաքրքրվեց` եթե մարմնի կողմից վերահսկվում է դեղորայքի շուկան, ապա ինչու շատ դեղատներում ազատ վաճառվում են չգրանցված դեղեր: «Այս պահին հիմնականում վարչական վարույթներ ենք իրականացնում ստացված բողոքների ու ահազանգերի հիման վրա, իսկ պլանային ստուգումները դեղատներում նախատեսում ենք սկսել մոտ երկու-երեք ամսից»,- արդարացավ նա` միաժամանակ ասելով. «Երբ հասնում ենք սանկցիաներին, պատժամիջոցներին, շատ կարեւոր է հասկանալ` դեղատան մեղքը կոնկրետ չգրանցված կամ չփորձաքննված դեղը վաճառելու մեջ որն է, քանի որ մինչեւ այդ դեղը դեղատուն հասնելը այն դեղորայքի որեւէ խոշոր ներմուծող է բերել ՀՀ»:
Ամեն դեպքում, դատելով Ս. Սողոմոնյանի խոսքերից` դեղերի շուկան առաջիկայում դեռ երկար ժամանակ դժվար էլ կանոնակարգվի, այնինչ հենց այս ոլորտում են անհրաժեշտ լուրջ կարգավորումներ, քանի որ սա առնչվում է մեզանից յուրաքանչյուրին:

 

 

 

Օրերս ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ այն բանից հետո, երբ ԱԺ-ում քննարկվեցին «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունները, եւ այդ քննարկումների ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները քննադատական խոսքեր հնչեցրին Ծառուկյանի հասեցին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Ն. Փաշինյանը Ծառուկյանին հորդորել է իմքայլականների հետ նստել մեկ սեղանի շուրջ ու ընդհանուր եզրակացության գալ: ԲՀԿ ղեկավարը, սակայն, ասել է` «Իմ քայլի» պատգամավորներն արդեն անցել են անձնական վիրավորանքի դաշտ, ու, կարծես թե, իրենց հետ համաձայնության գալը դառնում է անհնարին: Փաշինյանն ասել է, որ այդ հարցում ինքը կփորձի օգնել ԲՀԿ առաջնորդին: Հանդիպումն ավարտվել է «ջան ու ջիգյարի» մթնոլորտում. կլինկերի խնդիրն այդպես էլ չի կարգավորվում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Փաշինյանն ավելի ուշ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների միջոցով պատգամավորներին հորդորել է պահել կոռեկտության սահմանները եւ իրենց ելույթներում չվիրավորել Ծառուկյանին ու նրա պատգամավորներին:

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթն առիթ ունեցել է տեղեկացնելու, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի երեք դատավորները` Նելլի Բաղդասարյանը, Հարություն Մանուկյանը եւ Դավիթ Գրիգորյանը, տարբեր պատճառաբանություններով հրաժարվել էին քննել սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը: Եւ, ահա, դատավորների վարքագծի վերաբերյալ դիմում է եղել ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողով, որպեսզի երեք դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվի: Հանձնաժողովը քննել է եւ կարգապահական վարույթ է հարուցել երեք դատավորների նկատմամբ, եւ գործն օրերս ուղարկել է ԲԴԽ, որպեսզի այնտեղ որոշում կայացնեն` դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կամ հանձնաժողովի դիմումը մերժելու վերաբերյալ: ԲԴԽ մամուլի եւ հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արման Խաչատրյանը հաստատեց մեր տեղեկությունները՝ հայտնելով, որ իրենք ստացել են ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի դիմումը:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` վերջերս մեղադրանք է առաջադրվել Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավար Արմեն Ուլիխանյանին: Վերջինս այս պաշտոնը զբաղեցնում էր 2012 թվականից եւ 2018 թվականի սեպտեմբերի 4-ին հայտարարեց իր լիազորությունները դադարեցնելու մասին: Մեզ հասած լուրերի համաձայն` ՀՀ քննչական կոմիտեն տվյալներ է ստացել, որ թաղապետարանի փաստաթղթերում կեղծ տվյալներ են մտցրել, գումարներ դուրս գրել եւ յուրացրել: Մասնավորապես, միլիոնավոր դրամներ դուրս են գրվել տարբեր տոնական օրերին միջոցառումներ իրականացնելու նպատակով, սակայն այդպես էլ միջոցառում չի անցկացվել, կամ էլ այնքան գումար չի ծախսվել, որքան ներկայացված է եղել փաստաթղթերում: Այժմ Ուլիխանյանը կալանավորված չէ. խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

 

 

 

ԿԾԻԿԸ ԿՔԱՆԴՎԻ՞
Երբ 2016թ.-ին ջրի երես դուրս եկավ ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանի օֆշորային գործարքների մասին թղթապանակը, շատերը սրտի թրթիռով սպասում էին՝ Սերժ Սարգսյանը «ժերտվա» կտա՞ Պողոսյանին, ինչպես, օրինակ, «մեռած հոգիներին» թոշակավորած Վազգեն Խաչիկյանին, թե՞ կների ու բաց կթողնի: Այս գործով սկսված վարույթը յուրօրինակ փորձություն էր իրավապահ համակարգի համար. եթե պարզվեր, որ Պողոսյանը կոռուպցիայի շնորհիվ է դիզել իր օֆշորային հարստությունը, ապա դա կպայթեցներ Հայաստանում Ս. Սարգսյանի ղեկավարած կոռուպցիայի դեմ տարվող պայքարի փուչիկը: Եթե պարզվեր, որ Պողոսյանը Ս. Սարգսյանի քթի տակ կոռուպցիայով է զբաղվել, ապա դա շռնդալից ապտակ կլիներ ուժային կառույցներում պատկառելի փորձով երկրի առաջին դեմքին, որն, ի դեպ, պատրաստվում էր իր պաշտոնավարման երրորդ ժամկետին: Ժամանակն ու հանգամանքները ցույց տվեցին, թե ինչպես հաղթահարվեց փորձությունը. «քարվան կտրած» արդարադատության գեներալ-մայորը կարողացավ ինդուլգենցիա ստանալ, ինչի ապացույցը օֆշորային սկանդալի, իր բնորոշմամբ` «թյուրիմացության» վերաբերյալ հարուցված քրգործի վարույթի կարճումն էր՝ հանցակազմի բացակայության հիմքով, ապա 2017-ին ԱԺ պատգամավորի մանդատ ստանալը: Նկատենք, որ հեղափոխությունից հետո շատերն էին ակնկալում, որ նախկին իշխանության օրոք մեծ աղմուկ հանած, բայց ծածկադմփոցով արխիվ ուղարկված գործերը կվերաբացվեն, այդ թվում եւ` օֆշորային կծիկը: Ոմանք էլ, տուրք տալով այս գործով չփարատված կասկածներին, հեգնում էին՝ քանի կոպեկ արժի նոր իշխանության հայտարարած կոռուպցիայի դեմ պայքարը, եթե նախկին իշխանության «կոռումպացված պաշտոնյաները», որոնցից մեկն էլ ԴԱՀԿ նախկին պետն է, «շվշվացնելով ման են գալիս» ու հատում են երկրի սահմանը: Հարգելով պարոն Պողոսյանի անմեղության կանխավարկածը՝ նկատենք, որ երկու տարի անց հիշյալ գործի վերաբացման եւ իրեն որպես մեղադրյալ ներգրավվելու փաստը խոսում է նախկինում իրավապահ մարմինների կատարած աշխատանքի որակի եւ քիչ վերը նշված փորձության հաղթահարված չլինելու մասին: Այժմ էլ նոր փորձության փուլում ենք. Կարելիայի Հանրապետությունում ռուս իրավապահների կողմից ձերբակալված Պողոսյանը, որն իր դեմ իրականացվող գործընթացը որակում է քաղաքական հետապնդում, դիմել է ՌԴ նախագահին կից հանձնաժողով՝ քաղաքական ապաստան ստանալու հայցով: Թե ինչ որոշում կկայացնի Պուտինին կից հանձնաժողովը լայն կապեր ունեցող հայ պաշտոնյայի վերաբերյալ, դժվար է ասել, բայց նաեւ այդ որոշումից է կախված օֆշորային կծիկի բարեհաջող քանդումը:




Լրահոս