ԱԲՈՎՅԱՆՈՒՄ ԹԵԺ ԻՐԱՎԻՃԱԿ Է ՍՊԱՍՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում հունիսի 9-ին տեղի են ունենալու համայնքապետի ընտրությունները, որ խոստանում են թեժ լինել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` այս հարցում տարաձայնություններ կան անգամ իշխող կուսակցության ներսում, քանի որ մի հատվածը սատարում է ներկայիս քաղաքապետին, իսկ մի հատվածն էլ իր «հավանած» թեկնածուն ունի: Ըստ տեղեկությունների` իշխանության թեկնածուն կառավարման փորձ չունեցող անձ է ու հանրության շրջանում անհայտ, այդ իսկ պատճառով այս հարցի վերաբերյալ քննարկումները թեժ ու լարված են: Բացի այդ, լարված են գործող քաղաքապետի ու մարզպետի հարաբերությունները. մարզպետը մի քանի անգամ մամուլով մեղադրանքներ է հնչեցրել քաղաքապետի հասցեին:
Ինչեւէ, երեկ «Ժողովուրդ» օրաթերթն այս հարցի շուրջ զրուցել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի եւ Աբովյանի քաղաքապետ Վահագն Գեւորգյանի հետ:

Կոտայքի մարզպետ ՌՈՄԱՆՈՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ
-Պարո՛ն Պետրոսյան, Ձեր կուսակցությունը որոշում կայացրե՞լ է Աբովյանի համայնքապետի ընտրություններում թեկնածու առաջադրելու մասին:
-Կուսակցությունն առաջադրելու է իր թեկնածուին, մեր Աբովյանի կուսակցականներից է թեկնածուն: Առայժմ չեմ ցանկանում տվյալներ ներկայացնել, մի շաբաթից մենք հանդես կգանք հայտարարությամբ, հիմա ժամանակավրեպ է:
-Իսկ ո՞ր արժանիքի համար է որոշվել նրա թեկնածությունն առաջադրել քաղաքապետի ընտրություններում: Դժգո՞հ եք ներկայիս քաղաքապետի աշխատանքներից, ինչո՞ւ չեք սատարում նրան: Տեսակետ կա, որ նոր իշխանությունները շարունակում են նախկինների քաղաքական գիծը` ամեն տեղ ունենալով իրենց մարդկանց:
-Մենք առաջադրում ենք մեր թեկնածուին, քանի որ գործող քաղաքապետը, ճիշտ է, կուսակցական չի, բայց ակնհայտորեն այլ քաղաքական ուժի ներկայացուցիչ է ու այլ քաղաքական ուժի աջակցությամբ է ընտրվել քաղաքապետ ու նաեւ այլ քաղաքական ուժի քաղաքականությունն է իրականացնում: Այսինքն` այդ առումով ՔՊ-ն` որպես իշխող քաղաքական ուժ, որպես կուսակցություն, որ քաղաքական կառավարում է իրականացնում մեր երկրում, եւ տարածքային կառավարումն է իրականացնում առանցքային քաղաքներում, առանցքային համայնքներում, տրամաբանական է, որ պետք է իր թեկնածուին առաջադրի եւ տեղական ինքնակառավարման նաեւ իր իրականացումը իրացնի շատ կարեւոր համայնքներում: Մենք բնավ նպատակ չենք հետապնդում նախկին իշխանությունների նման բոլոր համայնքներում կուսակցականացնելու համայնքապետերին կամ մեր թեկնածուներին առաջադրելու` տոտալ կուսակցական հսկողություն իրականացնելու համար: Բայց առանցքային համայնքներ ունենք, որտեղ որ տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման միջեւ հավուր պատշաճի փոխգործակցություն չի իրականացվում տարբեր քաղաքական ուժերին հարելու կամ տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ լինելու հետեւանքով: Ու շատ տրամաբանական է, որ Աբովյանի նման քաղաքում ՔՊ-ն իր թեկնածուն է առաջադրելու, երբ որ վերջին շրջանում թե ինչպիսի խնդիրներ ծագեցին` քաղաքապետի գործունեության հետ կապված: Նույնիսկ հաղորդում է տրվել դատախազություն, մի շարք առեւրեւույթ խախտումներ հայտնաբերվեցին, որոնց փաթեթը եւս ներկայացվել է մարզի դատախազին: Եւ դրանք պետք է իրավական գնահատականի արժանանան, որից հետո էլ քաղաքական վստահության հարց կա: Ես բացառում եմ, որ կրկնվում է նախորդ իշխանությունների գործելաոճը. իմ ասածը ՏԻՄ-երում մեր կուսակցության կուրսը կիսողներին առաջադրելու հարցն է:

Աբովյանի քաղաքապետ ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ


-Պարո՛ն Գեւորգյան, հունիսի 9-ին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում տեղի են ունենալու համայնքապետի ընտրություններ. արդեն որոշում ունե՞ք` մասնակցելու եք, թե ոչ:
-Այո, արդեն որոշում ունեմ, մասնակցելու եմ:
-Իսկ ինչ-որ կուսակցություն սատարելո՞ւ է Ձեր թեկնածությունը:
-Ինքնառաջադրվելու եմ` որպես անկուսակցական թեկնածու:
-Ըստ Ձեզ` ներկայիս իշխանությունները ցանկություն ունե՞ն Ձեզ հետ շարունակելու աշխատել, Դուք իրենց աջակցությունը ստանալո՞ւ եք:
-Համենայնդեպս, նման քննարկումներ, ինֆորմացիա չունեմ, չեմ կարող ասել:
-Իսկ Աբովյանի քաղաքացիները գո՞հ են Ձեր կատարած աշխատանքներից, արդյոք իրենք կրկին Ձեզ ձայն կտա՞ն:
-Եթե գնահատեմ մեր 4 տարվա աշխատանքը, ապա, կարծում եմ, մենք բավականին աշխատանք ենք կատարել: Կան ծրագրեր, որ այս պահին ընթանում են, ու կան ծրագրեր, որ, կարծում եմ, առաջիկայում պետք է իրագործենք: Ու ես այդ ամենից ելնելով` կարծում եմ, որ ճիշտը ինքնառաջադրումն է, ու այն ծրագրերը, որը կա Աբովյան քաղաքի զարգացման տեսլականում, մեր պատկերացումներում, պետք է կյանքի կոչենք: Մեծամտություն թող չթվա, բայց, այո, քաղաքում ընդունվել եմ ու, որպես ՀՀ գիտակից քաղաքացի` գիտեմ, որ, ամեն դեպքում, ժողովուրդն իր վստահության քվեով է իր վերջին խոսքն ասում: Այսինքն` հիմա խոսել այդ մասին այդքան էլ ճիշտ է, բայց, իհարկե, ունենք համակիրների մեծ բանակ, ունենք համախոհներ, ունենք լավ թիմ ու գնում ենք ընտրությունների:
-Ըստ Ձեզ` ուժեղ մրցակիցներ ունենալո՞ւ եք:
-Ըստ իս` այո, մրցակիցներ ունենալու եմ, թերագնահատել ոչ մեկին պետք չէ: Տարբեր թեկնածուներ են շրջանառվում, բայց քանի դեռ առաջադրումներ չեն եղել, վաղ է դրա մասին խոսելը: Սահմանված ժամանակահատվածում կլինեն առաջադրումներ, այդ ժամանակ էլ կխոսենք: Իսկ հիմա վստահ, հաստատակամ քայլերով առաջ ենք գնալու ոչ միայն ես, այլեւ մեր մեծ թիմով:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻՑ ՄԵԿԻ ՎՃԻՌԸ` ԱՅՍՕՐ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր կհրապարակի «Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» վճիռը։ Խոսքը 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից հետո ՀՀ առաջին նախագահի կողմից ՄԻԵԴ ուղարկված հինգ գանգատներից մեկի մասին է:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ գործը վերաբերում է Հայաստանի նախկին նախագահի բողոքին՝ կապված 2008-ին բողոքի ցույցերի ցրումից հետո հավաքների իր ազատության միջամտության, պաշտպանության արդյունավետ միջոցի պակասի եւ իրեն ենթադրաբար տնային կալանքի տակ պահելու հետ:
Տեր-Պետրոսյանը ՄԻԵԴ բողոքել է, որ 2008թ. մարտի 1-ին Ազատության հրապարակից, որտեղ խաղաղ հավաքներ էին, իրեն հարկադրաբար են հեռացրել ու դրել տնային կալանքի տակ, ու ինքը չի ունեցել իրավական պաշտպանության արդյունավետ միջոցներ։ Հենվելով 14-րդ հոդվածի վրա (խտրականության արգելում)՝ Տեր-Պետրոսյանը բողոքել է, որ իր նկատմամբ խտրականություն է դրսեւորվել իր քաղաքական կարծիքի պատճառով: Եվ, ահա, այս գործով այսօր վճիռ կկայացվի:
Սակայն հետաքրքիրն այն է, որ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից հետո սա միակ դիմումը չէ, որ ներկայացրել է առաջին նախագահը: Մասնավորապես, այդ դեպքերից հետո նա 5 հայց էր ներկայացրել ՄԻԵԴ, եւ դրանցից 4-ը մերժվել են, եւ հենց վերը նշված դիմումն է մնացել, որի վերաբերյալ էլ այսօր որոշում կկայացվի: Եվ դատելով նախորդ 4-ի ճակատագրից` չի բացառվում, որ այս հինգերորդն էլ մերժվի: Եվ հետաքրքիր է, որ մերժման պատճառը, բոլոր դեպքերում, հիմքերի բացակայությունն է:
Նշենք, որ հայցերը ուղարկված են եղել 2008 թվականի օգոստոսին, եւ առաջին նախագահը վիճարկում էր, որ խախտվել են կոնվենցիայի խոսքի ազատության իրավունքը, միավորման իրավունքը, արդար, ազատ ընտրություններին մասնակցելու իրավունքը, անձեռնմխելության իրավունքը եւ ազատ տեղաշարժվելու իրավունքը՝ կապված իր ենթադրյալ տնային կալանքի հետ: Եվ 2012 թվականին Եվրոպական դատարանն արդեն իսկ համարել էր, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի պնդումները Կոնվենցիայի 10, 11, 13, 15 եւ 3-րդ արձանագրության 1-ին հոդվածների ենթադրյալ խախտման մասով ամբողջությամբ անհիմն են, եւ ճանաչել էր անընդունելի` բացառությամբ այն դրույթի, ուր Լեւոն Տեր-Պետրոսյանը պնդում էր, թե իրեն ենթարկել են տնային կալանքի, եւ այն, որ ինքը չի ունեցել իրավունքների պաշտպանության արդյունավետ միջոցներ: Հենց այս դրույթներին էլ այսօր գնահատական կտրվի:
Հավելենք, որ այս գործերով զբաղվել է փաստաբան Վահե Գրիգորյանը, որը համարվում է լավագույն իրավաբաններից, եւ ում իշխանությունը ցանկանում է տեսնել Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում: Սակայն ստացվում է՝ այսպիսի կարեւոր եւ ապացուցողական նյութերով հարուստ գործում նա չի կարողացել բավարար հիմքեր ներկայացնել, ինչը կասկածի տակ կարող է դնել նրա հմտությունները:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ՀԱԼԱԾՅԱԼ ՉԷ
Միջպետական հետախուզման մեջ գտնվող ՀՀ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի փաստաբանը՝ Միխայիլ Յամչիտսկին, հայտնել է, որ նախկին պաշտոնյան հիմքեր ունի Ռուսաստանում քաղաքական ապաստան խնդրելու համար: Հիշեցնենք` Պողոսյանը հայտնաբերվել ու ձերբակալվել է Կարելիայի Հանրապետությունում: ՀՀ գլխավոր դատախազությունը ռուսական կողմին փաստաթղթերի փաթեթ է ուղարկել նախկին պաշտոնյային արտահանձնելու համար: Նրա փաստաբանը, սակայն, ասել է. «Միջնորդությունն արդեն պաշտոնապես ներկայացվել է: Քաղաքական ապաստան տրամադրելու որոշումը կայացնում է ՌԴ նախագահին կից գործող հանձնաժողովը: Միհրան Պողոսյանին հայրենիքում հետապնդում են քաղաքական շարժառիթներով»:
«Ժողովուրդ» օրաթերթն իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանից հետաքրքրվեց` ինչպես է վերաբերվում իշխանության հասցեին հնչող մեղադրանքներին, թե Պողոսյանին քաղաքական հետապնդման են ենթարկում: «Ես չեմ կարծում, որ Միհրան Պողոսյանը քաղաքական հալածյալ է, քանի որ Հայաստանում քաղաքական հալածյալների էջը փակված է: Ես վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության ոչ մի քաղաքացի քաղաքական հետապնդման չի ենթարկվում, եւ այդ ամենը հաշվի առնելով` ես կարծում եմ, որ ոչ ոք քաղաքական հալածյալ չէ, այդ թվում եւ Միհրան Պողոսյանը»: Իսկ թե ՌԴ-ն այս իրավիճակում ինչպես կվարվի, Փամբուխչյանն ասել է. «Ես չեմ կարող ասել, չեմ ուզում մեկնաբանել: Միայն այդ հարցի մասին նորից ասեմ, որ ՀՀ-ում քաղհալածյալներ չկան»:

 

 

ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ
«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը ապրիլի 5-ին միակողմանի ամբողջությամբ լուծել է «Խոյանք» ընկերության հետ կնքած պայմանագիրը: Պատճառը «Խոյանք»-ի անպատասխանատու գործելաոճն է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՊՈԱԿ-ի եւ «Խոյանք»-ի միջեւ 2018 թվականի հունիսի 7-ին կնքվել էր պայմանագիր, որով ընկերությունը պետք է իրականացներ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի-Ծրագիր 2-ի շրջանակներում վերակառուցվող Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի վրա տեղակայված հաղորդակցուղիների (էլեկտրական օդային գծեր, խմելու ջրատարեր, կապի մալուխներ եւ գազատարեր) տեղափոխման նախագծերի փոփոխությունների աշխատանքները: Ավելին, «Խոյանք» ընկերությունը մինչեւ 2018 թվականի հուլիսի 7-ը պետք է կատարեր 3 մլն դրամ ընդհանուր գծով աշխատանքներ, սակայն սահմանված ժամանակահատվածում աշխատանքները չեն կատարվել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Խոյանք»-ը պետք է տուգանք վճարի` ավելի քան 420 հազար դրամի չափով: Չի բացառվում, որ ընկերությունն իր անբարեխիղճ պահվածքի պատճառով հայտնվի նաեւ սեւ ցուցակում` գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող ընկերությունների ցանկում:




Լրահոս