Դեռեւս 2019 հունվարին գրել էինք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի ընտրության հարցը դատական համակարգում դարձել է լուրջ խնդիր: Ավելին` դատական համակարգում բանը հասել է այնտեղ, որ դատավորները նրա խափանման միջոցի վերաբերյալ միջնորդությունը չքննելու համար հազար ու մի պատճառաբանություն էին ներկայացրել` ընդհուպ մինչեւ նախաինֆարկտային վիճակով հիվանդանոց շտապելը: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ երեք դատավոր, որոնք հրաժարվել էին քննել ՀՀ երկրորդ նախագահի գործը, կանգնած են կարգապահական պատասխանատվության ենթարկվելու առաջ:
Ինչպես հայտնի է, Հատուկ քննչական ծառայությունը, 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա, 2018 թվականի հուլիսի 26-ին Ռոբերտ Քոչարյանին, Սեյրան Օհանյանին, Արմեն Գեւորգյանին, Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նրանք, նախնական համաձայնությամբ, տապալել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: 2019 թվականի փետրվարի 15-ին ՀՔԾ-ն Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Արմեն Գեւորգյանի, Յուրի Խաչատուրովի մասով նախաքննության ավարտ հայտարարեց, եւ այժմ քրեական գործը ուղարկվել է դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղղարկելու համար:
Հրաժարված դատավորները
Տեւական ժամանակ է, ինչ իրավապահ համակարգն ու երկրորդ նախագահի պաշտպանները կռիվ են տալիս, թե արդյոք հնարավոր է գրավի դիմաց ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին, ու պայքարի այս ճանապարհին շատ դատավորներ վախեցան գործընթացի մեջ մտնել:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դատավորները մեկը մյուսի հետեւից տարբեր պատճառաբանություններ էին առաջ քաշում նրա գործը չքննելու համար: Ինչպես հայտնի է, դեռեւս հունվարին Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու գործը մակագրվել էր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանին, սակայն դատախազն ու քննիչը միջնորդություն էին ներկայացրել, որ այդ դատավորը չքննի Ռոբերտ Քոչարյանի գործը, քանի որ նա մարտի 1-ի գործով մեղադրյալ Վահագն Հարությունյանի գործը քննելու ժամանակ ինքնաբացարկ էր հայտնել` պատճառաբանելով, որ Վահագն Հարությունյանն իր ամուսնու մտերիմ ընկերն է: Արդյունքում Նելլի Բաղդասարյանը բավարարեց դատախազի եւ քննիչի ինքնաբացարկի միջնորդությունը եւ հրաժարվեց քննել Ռոբերտ Քոչարյանի գործը: Դատավորի այս քայլը դատական համակարգում տարակուսանքի պատճառ էր դարձել, թե ինչու Նելլի Բաղդասարյանը հրաժարվեց, ինչ կապ ունի Ռոբերտ Քոչարյանը Վահագն Հարությունյանի հետ. դատավորին չպետք է կաշկանդեր այն փաստը, որ երկու անձինք էլ նույն գործով են մեղադրյալ: Դատական համակարգում հակված են կարծելու, որ դատավորը այս քայլով ավելի շատ վախեցել է քննել գործը, խուսափել է արդարադատություն իրականացնել` առաջ քաշելով տարբեր պատճառաբանություններ: Իրավիճակը այսքանով չէր մեղմացել:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` Նելլի Բաղդասարյանի ինքնաբացարկից հետո գործը մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Մանուկյանին, սակայն անկանխատեսելի զուգադիպությամբ հաջորդ օրը դատավորը հայտնել է, թե չի կարող այդ գործը քննել, քանի որ նախաինֆարկտային նշաններով շտապել է հիվանդանոց` հետազոտման:
Դատական համակարգի քաոսը այսքանով չավարտվեց. Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկարաձգելու, նրան գրավով ազատ արձակելու գործը հունվարի 11-ին մակագրվել է դատավոր Դավիթ Գրիգորյանին: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` դատավոր Գրիգորյանը եւս հրաժարվել է գործը քննել` պատճառաբանելով, որ իրեն գործը մակագրել են հունվարի 10-ին, բայց նա այդ օրը չի հերթապահել: Ասել է թե` դատավորը հերթապահության օրերի կռիվ է տվել, նրան բացատրել են, որ հերթապահությունը կապ չունի, մակագրվել է քեզ, պետք է քննես: Բայց, միեւնույնն է, նա հրաժարվել է քննել: Այնուհետեւ Ռոբերտ Քոչարյանի գործը մակագրվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանին, որը քննել եւ մերժել էր նրան ազատ արձակելու պաշտպանների միջնորդությունը, եւ այժմ Ռոբերտ Քոչարյանը դեռեւս կալանքի տակ է:
Կարգապահականի հարցը
Արդեն նշեցինք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի երեք դատավորները` Նելլի Բաղդասարյանը, Հարութուն Մանուկյանը եւ Դավիթ Գրիգորյանը, տարբեր պատճառաբանություններ էին առաջ քաշել եւ հրաժարվել էին քննել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը: Վերջիններիս այս քայլը ունեցավ իր հետեւանքները: Մասնավորապես, դատավորների վարքագծի մասով դիմում է եղել ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողով, որպեսզի վերոնշյալ երեք դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվի: Հանձնաժողովը քննել է եւ կարգապահական վարույթ է հարուցել երեք դատավորների նկատմամբ եւ օրերս ուղարկել է Բարձրագույն դատական խորհուրդ, որպեսզի ԲԴԽ-ն որոշում կայացնի դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կամ դիմումը մերժելու վերաբերյալ:
ԲԴԽ-ն հաստատեց
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը փորձեց պարզել Բարձրագույն դատական խորհրդից, թե արդյոք Բարձրագույն դատական խորհուրդը ստացել է դիմում Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Նելլի Բաղդասարյանին, Հարություն Մանուկյանին եւ Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասով: Ի պատասխան` ԲԴԽ մամուլի եւ հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արման Խաչատրյանը հաստատեց՝ հայտնելով, որ ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցել վերոնշյալ երեք դատավորների նկատմամբ եւ դիմում է ուղարկել Բարձրագույն դատական խորհրդին, որպեսզի խորհուրդը որոշում կայացնի` կա՛մ կարգապահական պատասխանատվության ենթարկելու, կա՛մ հանձնաժողովի դիմումը մերժելու վերաբերյալ:
Մեր հարցին, թե արդյոք գործի քննությունը իրականացվելու է դռնբաց, Արման Խաչատրյանը հայտնեց, որ դատավորները դիմել են ԲԴԽ-ին եւ հայտնել, որ ցանկանում են` նիստն անցկացվի դռնփակ:
Դատական համակարգի
խոսակցությունները
Ինչ որոշում կկայացնի Բարձրագույն դատական խորհուրդը, սպասենք զարգացումներին: Սակայն նկատենք, որ դատական համակարգում այս ընթացքում խոսակցություններ են շրջանառվում այն մասին, թե ինչ կլինի, երբ մարտի մեկի գործով մեղադրյալներ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի եւ Արմեն Գեւորգյանի մասով գործը ուղարկվի դատարան: Չի բացառվում, որ այդ ընթացքում դատական համակարգում քաոս սկսվի, քանի որ շատ դատավորներ հրաժարվել են անգամ քննել նրանց խափանման միջոցի հարցը, ուր մնաց թե քննեն սահմանադրական կարգը տապալելու մասով քրեական գործը:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՆԱԽԿԻՆ ԹԱՂԱՊԵՏԸ` ՄԵՂԱԴՐՅԱԼ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` վերջերս մեղադրանք է առաջադրվել Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավար Արմեն Ուլիխանյանին` յուրացման հատկանիշներով: Մեզ հասած լուրերի համաձայն` ՀՀ քննչական կոմիտեն տվյալներ է ստացել, որ թաղապետարանի փաստաթղթերում կեղծ տվյալներ են մտցրել, գումարներ դուրս գրել եւ յուրացրել: 2018թ. սեպտեմբերի 4-ին Ա. Ուլիխանյանը հայտարարել էր, որ որոշել է իր լիազորությունները դադարեցնելու դիմում ներկայացնել. «Պատճառը հստակ է. առաջիկայում Երեւանի ավագանու ընտրություններն են, եւ ես նպատակահարմար եմ գտնում ազատել Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը` հույս ունենալով, որ այն կզբաղեցնի մեր բնակիչների սերն ու հարգանքը վայելող, պատասխանատվության բարձր զգացումով անձ»: Ուլիխանյանը այդ պաշտոնը զբաղեցնում էր 2012թ.-ից: Տպավորությունն այնպիսին էր, որ թաղապետի հեռանալու մեջ արտառոց բան չկա, սակայն պարզվում է` իրականությունը այլ է: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` իրավապահները Ա. Ուլիխանյանի գործողությունների մասով տվյալներ են ունեցել եւ սկսել են քննություն իրականացնել: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ ՀՀ քննչական կոմիտեն քննության ընթացքում բացահայտել է, որ նախկին թաղապետ Ա. Ուլիխանյանը թաղապետարանի համապատասխան փաստաթղթերի մեջ գրանցումներ է իրականացրել, որ, օրինակ, Ապրիլի 7-ին կամ այլ տոնական օրերին միջոցառումներ են իրականացրել, եւ գումարներ է դուրս գրել համայնքային բյուջեից: Իրավապահները պարզել են, որ իրականում այդ միջոցառումները տեղի չեն ունեցել, իսկ գումարները «մեջ-մեջ» են արել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` յուրացված գումարների չափը կազմում է մի քանի միլիոն դրամ: Ա. Ուլիխանյանին մեղադրանք է առաջադրվել, սակայն նա կալանավորված չէ. խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը` չհեռանալու մասին:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԿՈՍՏԱՆՅԱՆՆ ՕԳՆԵԼՈՒ Է ՄԻԵԴ-ՈՒՄ
Երեկ «Կենտրոն» հեռուստաընկերությունում «Հայելի» հաղորդման հյուրն է եղել ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, որը հաղորդման ժամանակ բավականին ուշագրավ հայտարարություն է արել: Նա հայտնել է՝ քանի որ պետական պաշտոն չի զբաղեցնում, որոշել է զբաղվել 1915թ. Հայոց ցեղասպանության հետեւանքով տուժած քաղաքացիների իրավահաջորդների ոտնահարված իրավունքների վերկանգնման հարցով: Մասնավորապես, Գեւորգ Կոստանյանը ներկայացրել է, որ պատրաստվում է անվճար իրավաբանական օգնություն ցույց տալ 1915թ. Հայոց ցեղասպանության հետեւանքով տուժած քաղաքացիների իրավահաջորդներին, հայցեր նախապատրաստել եւ դիմել Մարդու իրավունքների Եվրոպական դատարան, որպեսզի իրավական ճանապարհով կարողանա վերականգնել տուժած քաղաքացիների իրավահաջորդների ոտնահարված իրավունքները:
ԼՐԻՎ ՕԲՅԵԿՏԻՎ
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը երեկ անդրադարձավ Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի վերաբերյալ քրեական գործին: «Մի վայրկյան չկասկածեք՝ ընթանալու է լրիվ օբյեկտիվ, բազմակողմանի նախաքննություն։ Գործով հավաքված փաստական տվյալները, քրեադատավարական օրենքի պահանջին համապատասխան, բավարար էին Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրելու համար»,- նշեց նա։ Արթուր Դավթյանը գտնում է, որ Դավիթ Սանասարյանին դատավարական կարգավիճակ տալով, մեղադրանք առաջադրելով` նրան մի շարք հնարավորություններ տրվեցին։ Որպես կարեւոր հնարավորություն` Դավթյանն առանձնացրեց պաշտպանվելու իրավունք ստանալը: «Բնականաբար, նա անկաշկանդ ներկայացնելու է իր իրավունքները, կհայտնի իրեն հայտնի տեղեկությունները։ Ոչ ոքի մոտ թող կասկած չլինի, որ լրիվ օբյեկտիվ, բազմակողմանի քննությամբ դրանք ստուգվելու են»,- ասաց գլխավոր դատախազը։ Դիտարկմանը, թե կարծիքներ են հնչում, թե այդ գործը «սարքում են», «կարում են», ինչպես հայտարարում են Դավիթ Սանասարյանի պաշտպանները, Արթուր Դավթյանը պատասխանեց. «Որ պահին որ նման ռիսկ տեսնի գործը հսկող դատախազը, նախաքննության այդ մարմինը ոչ մի պարագայում չի շարունակի այդ վարույթը»։