Ազգային Ժողովի ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Կարինե Աճեմյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ իրենց կուսակցությունում բնականոն վիճակ է, իրենք ամենօրյա աշխատանք են իրականացնում, ու որեւէ արտառոց բան չկա, որ Սերժ Սարգսյանը առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ:
-Տիկի՛ն Աճեմյան, կարծես թե հանրության շրջանում հետաքրքրություն է առաջացրել ՀՀԿ-ականների այն հայտարարությունը, թե շուտով ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը խոսելու է, ու տեսակետ կա, որ Սարգսյանը ինչ-որ սենսացիոն հայտարարություն է անելու: Ի՞նչ հայտարարություն է սպասվում, ի՞նչ է ասելու Ս. Սարգսյանը:
-Կարծում եմ, որ եթե հետաքրքրությունն այդքան մեծ է, ուրեմն հայտարարությունը սպասված է, դա չի կարելի հերքել: Բայց ուզում եմ ասել նաեւ, որ պարոն Սարգսյանը ինքը երբ հարմար կլինի, այդ ժամանակ էլ կխոսի. այլ բան չունեմ ավելացնելու:
-Իսկ կուսակցությունում հանդիպումներ ունենո՞ւմ եք, թե՞ ՀՀԿ-ականները մեկուսացած են` ի դեմս նաեւ Սերժ Սարգսյանի:
-Մենք բազմիցս ասել ենք, որ բոլորս էլ աշխատում ենք: Մենք հանդիպումներ, քննարկումներ ունենում ենք, քաղաքական դպրոցն իր հունով աշխատում է, պարոն Սարգսյանը ամեն օր լինում է կուսակցության գրասենյակում, հանդիպումներ է ունենում, այսինքն` մենք զբաղված ենք կուսակցական աշխատանքներով: Ասեմ նաեւ, որ նոր անդամագրումներ են լինում. երկու օր առաջ էլ եկել են, խնդրել են ու անդամագրվել են մեր կուսակցության շարքերը: Երեւի մամուլով տեսել եք, որ մեծ քանակով երիտասարդներ անդամագրվել են. դա բացառապես իրենց ցանկությունն է, եւ մենք ընդառաջում ենք այդ ցանկություններին:
-Այսինքն` ըստ Ձեզ` նորից վերադառնո՞ւմ են ՀՀԿ, հիասթափվե՞լ են ներկայիս վարած քաղաքականությունի՞ց: Ինչո՞ւ են մարդիկ անդամագրվում ՀՀԿ-ին, եթե Ձեր կուսակցությունն ակտիվ քաղաքականություն չի իրականացնում:
-Քանի որ նոր մարդիկ են անդամագրվում, կարծում եմ, պարզապես իրենց քաղաքական դիրքորոշումն արտահայտելու հարթակ է, եւ դրանով է պայմանավորված իրենց որոշումը: Կարծում եմ, որ ամեն մարդ իր կաշվի վրա է զգում այն իրավիճակը, որ այսօր Հայաստանում կա, դրա համար էլ բարձրաձայնում է, խոսում է այն իրավիճակից, որն առկա է: Դժգոհությունները իշխանություններից ամեն օր ավելի ակնհայտ են դառնում, ուղղակի որ դրա մասին մեր ուժն է խոսում, դա դիտվում է շատ սուբյեկտիվ վերաբերմունք, բայց ինքններդ էլ ե՛ւ հարցումներից, ե՛ւ Ձեր շրջապատի մարդկանցից էլ կարող եք պարզել իրականությունը: Ե՛ւ մարզերում, ե՛ւ քաղաքում մարդիկ իրենց դժգոհությունները բարձրաձայնում են, դրա մասին տեղեկացնում են, ու դա իրականությունն է. դրա մասին մենք չէ, որ խոսում ենք, դա հանրությունն է ասում: Ու նաեւ այս մեկ տարվա մեջ ատելության այնպիսի մեծ պաշար տարածվեց երկրում, բարոյահոգեբանական մթնոլորտն այնպես խեղաթյուրվեց, որ մարդկանց մեջ ե՛ւ ատելությունը, ե՛ւ զգուշավորությունը, վախը մեծ չափով ավելացել են, իսկ դա չեմ կարծում, որ հետագայում որեւէ լավ բանի կբերի:
-Իսկ ի՞նչ եք կարծում, արժե՞, որ ՀՀԿ-ն փորձի վերադառնալ քաղաքականություն, հանրությունը Ձեզ սպասո՞ւմ է:
-Ընդհանրապես, քաղաքականության մեջ ամեն ինչ հնարավոր է, որ մենք տեսանք նաեւ անցած տարի այնպիսի երեւույթներ, որ հանրությունն ու քաղաքական ուժերն էլ չէին սպասում, բայց իրականում մեր գերխնդիրը վերադառնալը չի, մենք չափազանց մտահոգված ենք ե՛ւ Արցախի հարցի հետ կապված, ե՛ւ Հայաստանում տնտեսական իրավիճակի հետ կապված, որն իրականում անկում է ապրում: Մենք տեսնում ենք, որ իրականում օրնեսդիր ու գործադիր մարմնում են այնպիսի մարդիկ, ովքեր դիջեյ են եղել, շպագատ են իջել, այսինքն` քաղաքական որեւէ փորձ չունեցող մարդիկ, ովքեր քաղաքականությանը միայն թեթեւ ծանոթ լինելով` եկան իշխանության, ու այդ պատճառով է, որ մենք հիմնականում որեւէ դրական աշխատանք չենք տեսնում: Ես համոզված եմ, որ երկիրը առաջընթաց կապրի, եթե լինի հիմնավորված ծրագիր ու այդ ծրագիրը իրագործողներ ունենա: Իսկ ես այս ամենը չեմ տեսնում: Եթե մենք բարձրաձայնում ենք դրա մասին, իշխանությունները չեն ցանկանում ընդունել, մենք տեսնում ենք խնդիրը ու դրա մասին ասում ենք: Եթե ցանկություն կա ինչ-որ բան անելու, ինչ-որ արդյունք ունենալու, ապա պետք է լսել նաեւ քննադատությունը, տեսնել այն իրականությունը, որն առկա է Հայաստանում, իսկ եթե նման ցանկություն չկա, ուրեմն որեւէ բանի չեն կարող հասնել: Քննադատությունը շատ օգնում է տեսնել իրականությունը:
ԳՈՐԾԱԴԻՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՆՈՐ «ՄԵԹՈԴԻԿԱՆ»
Երեկ կառավարությունում հերթական նիստն էր, որի ավարտից անմիջապես հետո, կարելի է ասել, գործադիրի ներկայացուցիչներն ամեն ինչ արեցին լրագրողների հետ չշփվելու, իրենց շատ «զբաղված» համարելու ու կառավարության շենքը տարբեր անկյուններից լքելու համար: Գործադիրի նոր ներկայացուցիչները եւս սկսել են որդեգրել իշխանությունների վարքագիծը` ետնամուտքերով շենքը լքելու բացառիկ տաղանդը:
Գաղտնիք չէ, որ նախորդ իշխանությունների ժամանակ գրեթե անհնար էր դարձել հարց ուղղել հայրենի նախարարներին, նրանցից ստանալ պատասխաններ: Ավելին` կային նախարարներ, որոնք իրենց մամուլի խոսնակների միջոցով ամեն ինչ անում էին լրագրողների հարցերից խուսափելու, իսկ ավելի ճիշտ կլինի ասել` կառավարության շենքից վայրկյան առաջ ճողոպրելու համար:
Նոր իշխանությունների «գալուց» հետո բոլորը հույս ունեին, որ գործադիրի անդամները չեն կրկնելու նախորդների վարած քաղաքականությունը եւ չեն խուսափելու շփվել լրագրողների հետ, նրանց հարցերին պատասխանել: Երեկ այդ իրավիճակն էր կառավարությունում, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց կառավարության հերթական նիստի ավարտը:
Կային նաեւ բացառություններ. ՀՀ կառավարության գլխավոր մուտքից դուրս եկավ ու լրագրողների հետ խոսեց Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ Արգիշտի Քյարամյանն ու ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Ի դեպ, վերջինիս շատ հազվադեպ կարելի է տեսնել լրագրողների հետ զրուցելիս, առավել եւս` կառավարության գլխավոր մուտքից հեռանալիս: Երեկ բացառիկ էր այնքանով, որ Զեյնալյանն անձամբ էր ցանկանում խոսել լրագրողների հետ, քանի որ իր ոլորտին առնչվող խնդիրներն իրենց գագաթնակետին էին հասել, նախարարն էլ ստիպված էր խոսել դրա մասին:
Կառավարության շենքի գլխավոր մուտքից հեռացան նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ու Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը, իսկ մյուսները, իրենց համարելով ծայրաստիճան զբաղված, հեռացան կառավարության ետնամուտքերով:
Հետաքրքիր է, թե ինչու են ներկայիս իշխանության ներկայացուցիչները նման քաղաքականություն որդեգրել, ինչու են նրանք եւս սկսել խուսափել լրագրողների եւ հասարակության հետ շփումներից, քանի որ կառավարության շենքի բակում էլ քաղաքացիներն էին նրանց սպասում: Հուսով ենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախարարներին կհորդորի չկրկնել նախկինների «փորձը»:
Նյութերը` ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ԱՍՈՒՄ ԵՆ՝ ՏԵՂՅԱԿ Է ԵՂԵԼ
Ինչպես հայտնի է, մեղադրանք է առաջադրվել Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) պետ Դավիթ Սանասարյանին՝ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու, իրացնելու եւ օգտագործելու դեպքերի առթիվ: ՀՀ ԱԱԾ-ում հարուցված այս քրեական գործը շարունակում է մնալ հասարակական-քաղաքական քննարկումների կիզակետում:
Եւ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ գործով անցնող բոլոր անձինք, այդ թվում` ՊՎԾ-ի՝ մեղադրյալի կարգավիճակում գտնվող ու օրերս կալանքից ազատված անձինք, ցուցմունք են տվել Դավիթ Սանասարյանի դեմ: Մասնավորապես, երեկ կալանքից ազատ է արձակվել ՊՎԾ գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանը: Իսկ մինչ այդ, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն, այս գործով անցնող անձինք իրենց ցուցմունքներում կրկնել են հետեւյալ արտահայտությունը. Դավիթ Սանասարյանը տեղյակ է եղել իրենց այդ գործողությունների մասին, եւ ներկայացրել են համապատասխան ապացույցներ:
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ
Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա հունվար-մարտ ամիսներին Հայաստանի Հանրապետության տնտեսական ակտիվության ցուցանիշը 6.5 տոկոս է կազմել: Հատկանշական է փաստը, որ 2 տոկոսով աճել է արդյունաբերության արտադրանքը՝ կազմելով 423.7 մլրդ դրամ: Այս տարվա առաջին եռամսյակում 10.8 տոկոսով աճել են շինարարության ծավալները, իսկ առեւտրի շրջանառությունը՝ 10.1 տոկոսով:
Մյուս կողմից, սակայն, նկատենք, որ գյուղատնտեսության ոլորտում անկումը դեռ շարունակվում է. այն այս տարվա հունվար մարտ ամիսներին կազմել Է 0.2 տոկոս։ Այս ցուցանիշն ուշագրավ է այն առումով, որ իշխանությունները որոշել են փոխել գյուղատնտեսական արտադրանքի վերաբերյալ հաշվետվության ներկայացման ժամկետները, եւ հիմա այդ ցուցանիշները հաշվարկվում ու հրապարակվում են եռամսյակը մեկ: Սրա պատճառն այն է, որ այսպես փորձելու են ներկայացնել իրականությանը հնարավորինս մոտ ցուցանիշներ: Բայց հիմա, պարզվում է, անկախ ամեն ինչից` գյուղատնտեսության ոլորտում շարունակվում է անկումը, ճիշտ է, ոչ այնքան մեծ տեմպերով, սակայն ցուցանիշները, միեւնույնն է, մտահոգիչ են: Մեկ փաստ եւս. Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա հունվար-մարտ ամիսների արդյունքներով Հայաստանում էլեկտրական էներգիայի արտադրությունը, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 14 տոկոսով: