Ավտոճանապարհը փակելն արդյունք տվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Արճիս գյուղի բնակիչները խմելու ջրի սուր խնդիր ունեն։ Այս տարվա ձմռանը ձյուն ընդամենը մի անգամ է տեղացել, գարնանային անձրեւներն էլ ջրային պաշարների ավելացման առումով մեծ օգուտ չտվեցին, եւ հիմա տեւական ժամանակ երաշտ է:

Նախ նշենք, որ շուրջ 1300 բնակիչ ունեցող Արճիսը սնուցող գյուղից վերեւ գտնվող աղբյուրները գրեթե չորացել են։ Ստեփանավանի սարերից ձգվող, մինչեւ Վրաստանի սահման, Դեբեդավան գյուղ ձգվող խմելու ջրագիծը ձգվում է Արճիսի ներքեւի հատվածով, սակայն այդ գյուղը չի օգտվում ջրագծից: Եւ այս իրավիճակը անասելի զայրացրել է բնակիչներին: Նրանք հուլիսի 1-ի առավոտյան ավելի քան մեկ ժամ գյուղի ներքեւում փակել էին միջպետական ավտոճանապարհը՝ այդկերպ իրենց բողոքն արտահայտելով գյուղում խմելու ջրի խնդրի կապակցությամբ:

Ինչպես տեղեկացրել էինք, նույն օրը հիմնախնդրին ծանոթանալու համար Իջեւան քաղաքից Արճիս է ժամանել Տավուշի մարզպետի օգնական Մերուժան Հարությունյանը եւ զրուցել բնակիչների հետ: Քանի որ Արճիս գյուղը ընդգրկված է Այրում համայնքի կազմի մեջ, խոշորացված Այրում համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ հուլիսի 3-ին Արճիս են ժամանել նախագծողներ, որոնք կազմելու են Ստեփանավանի ջրագծից սնուցվելիք խմելու ջրագծի նախագծանախահաշվային փաստաթղթերը: Աշխատանքները իրականացվելու են հրատապ ծրագրի շրջանակներում: Ա.Պարանյանըհայտնեց, ործրագիրըկֆինանսավորվիՀայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից: Կկառուցվի պոմպակայան, որը Ստեփանավանի ջրագծի ջուրը 120 մետր կմղի վերեւ` Արճիսի օրվա կարգավորիչ ջրամբար:

Թե ինչքան գումարի մասին է խոսքը, որը անհրաժեշտ կլինի ծախսել ծրագիրը կյանքի կոչելու համար, դեռ պարզ չէ. ծրագրի արժեքը առայժմ չի որոշվել, քանզի Արճիսի խմելու ջրի ներքին ցանցը նորոգելու աշխատանքները ծրագրում ներառելու դեպքում ծրագրի արժեքն ավելի մեծ կլինի:

Նշենք, որ Արճիս գյուղի վերին հատվածը քարքարոտ է, խմելու ջրի ներքին ցանցի հիմնանորոգումը դժվար կլինի լեռնային տեղանքի պատճառով: Առաջիկայում կհայտարարվի Արճիսի խմելու ջրագծի կառուցման մրցույթ: Այրում համայնքի ղեկավարը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ այս տարի ծրագիրը կիրականացվի, եւ գյուղի խմելու ջրի հիմնախնդրը կլուծվի:

Հավելենք, որ խմելու ջրի հիմնահարցը սուր է նաեւ Արճիսի հարեւան Լճկաձոր գյուղում: Մոտ 400 բնակիչ ունեցող Լճկաձորի բնակիչները օգտվում են իրենց գյուղի հարակից աղբյուրներից, որոնք այժմ գրեթե ցամաքել են: Լճկաձորի բնակիչներից ոմանք մտածում են, որպես բողոքի գործողություն, Արճիսի բնակիչների նման միջպետական ավտոճանապարհը փակելու մասին, որպեսզի կառավարությունը իրենց խնդիրն էլ լուծի։ Տեսնենք՝ ինչպես կզարգանան իրադարձությունները:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս