ԱԺ ընտրություններին ձախողվելուց՝ խորհրդարան չանցնելուց հետո ՀՅԴ-ն փորձելու է Նիկոլ Փաշինյանի իշխանության համար առաջիկայում լուրջ խնդիրներ հարուցել ե՛ւ քաղաքական, ե՛ւ իրավական առումով: Ընդ որում` այդ գործընթացի թիկունքում նկատելի են նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շրջապատի նկրտումները:
Ինչպես հայտնի է, օրերս նախկին ՀՀԿ-ական Հրայր Թովմասյանի գլխավորած ՀՀ ՍԴ-ն սահմանադրական ճանաչեց 2018թ. հոկտեմբերի 2-ին «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագիծը: Խոսքն այն օրինագծի մասին է, որը մեծ աղմուկ բարձրացրեց` առիթ հանդիսանալով արագացնելու նախորդ խորհրդարանն իրավունքի ուժով արձակելու եւ ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու գործընթացը: Եւ, ահա, ՍԴ որոշումից հետո ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հանդես է եկել հայտարարությամբ` ասելով. «Այն, ինչ եղավ հոկտեմբերի 2-ին, ոչ այլ ինչ էր, քան սահմանադրական կարգի տապալման փորձ: Քննությունն էլ ժամանակի ընթացքում տեղի կունենա, ժամանակը կգա եւ բոլոր հարցերը կդնի իր տեղը»: Պատահական չէ, որ Ռուստամյանն իր խոսքում օգտագործում էր հենց «հակասահմանադրական գործողություններ» հասկացությունը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին ՀՅԴ-ականներն ակտիվ քննարկումների մեջ են, որպեսզի այս հարցով դիմեն ՍԴ կամ ՀՀ գլխավոր դատախազություն` պահանջելով հակասահմանադրական ճանաչել ԱԺ արձակման գործընթացը, անցկացված արտահերթ ընտրությունները եւ վերականգնել նախորդ խորհրդարանի լիազորությունները: Ասել է թե` նրանք փորձելու են գործող իշխանությանը մեղադրել սահմանադրական կարգը տապալելու համար, քանի որ վստահ են՝ կլինեն մեծ թվով պատգամավորներ, որոնք ցուցմունք կտան, որ իրականում սպառնալիքների եւ ճնշման տակ են գնացել այդ քայլին: Պատահական չէ, որ Ռուստամյանն էլ ասել է, որ այդ ամենը կատարվել է ոչ թե իրավունքի ուժով, այլ ուժի իրավունքով։
«Ժողովուրդ» օրաթերթն այս կապակցությամբ երեկ զրուցեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հետ, սակայն նա այս պահին ձեռնպահ մնաց մեկնաբանություններից. «Այժմ ընթանում է ԳՄ ժողովը. այն տեւելու է երեք օր։ Դրա ավարտից հետո կլինի ծավալուն հայտարարություն՝ մեր հետագա ծրագրերի, հետագա անելիքների վերաբերյալ եւ նաեւ այդ հարցի շուրջ»։
«Մարտի 1»-ի քրեական գործից անջատված մասը, որի շրջանակներում սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք է առաջադրվել նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, դատարան կուղարկվի երկուշաբթի օրը: Այդ օրը լրանում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված հնգօրյա ժամկետը, երբ հսկող դատախազը կա՛մ պետք է հաստատի մեղադրանքը՝ ուղարկելով այն դատարան, կա՛մ վերադարձնի կրկին նախաքննության: Մինչ այդ դատական համակարգում դատավորները փորձում են ամեն կերպ խուսափել այդ քրեական գործը քննելուց, շատերն աղոթում են, որ իրենց չմակագրվի գործը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներից Դավիթ Գրիգորյանն, օրինակ, հասցրել է բժշկական տեղեկանք ներկայացնել, որ ինքը վատառողջության պատաճառով չի կարող ներկայանալ աշխատանքի: Ենթադրվում է, առաջիկա օրերին շատ այլ դատավորներ եւս կփորձեն նման մեթոդներով խուսանավել: Նշենք, որ մի քանի դատավոր այս ընթացքում փորձել է խուսանավել Քոչարյանի խափանման միջոցի ընտրության հարցով դատավոր նշանակվելուց:
Կառավարության վերջին նիստին ԱԳՆ-ին 347.5 մլն դրամ հատկացվեց, եւ, ըստ հիմնավորման, նախկինում արտերկրում մի շարք ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների պաշտոնում նշանակվել են անձինք, որոնք ԱԳՆ համակարգից չեն եղել եւ իրենց միջոցներով են պահել այդ կառույցները: Մինչդեռ հիմա, ընդհակառակը, նշանակվում են դիվանագետներ, ու պետական աջակցության կարիք կա: «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ ՀՀ-ում գործում է «Արտաքին հարաբերությունների աջակցության հիմնադրամ», որը տեղակայված է նույն հասցեում, ինչ ԱԳՆ-ն, եւ որն այս տարիներին ֆինանսական աջակցություն է ցուցաբերել կոնկրետ դեսպանատների եւ հյուպատոսարանների: Հետաքրքիրն այն է, որ այդ հիմնադրամի միջոցները գոյացել են հիմնականում այն ընկերությունների նվիրատվություններից, որոնց սեփականատերերը դեսպաններ ու հյուպատոսներ են, եւ գումարներն ուղղվել են հենց այդ անձանց գլխավորած դեսպանատներ ու հյուպատոսարաններ: Այդպես գումարներ են տրամադրվել Մարսելում, Լիոնում ՀՀ հյուպատոսությունների, Վատիկանում ՀՀ դեսպանության պահպանման համար:
Հայաստանում վերջին տարիներին անասնագլխաքանակի հետեւողական նվազումը բացասական է ազդել անասնաբույժների աշխատավարձի չափի վրա: Օրենքի համաձայն` անասնաբույժների վարձատրությունը գոյանում է անասնագլխաքանակից: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում երեկ շատ անասնաբույժներ դժգոհել են ոչ միայն ցածր վարձատրությունից, այլեւ ահազանգում են, որ համապատասխան տրանսպորտ եւ դիզվառելիք չի տրամադրվում, որպեսզի կարողանան շրջել գյուղերով, մարդկանց տներով եւ պատվաստում անել: Ավելին` նրանք ապահովված չեն անգամ հասարակ սառնարաններով, որպեսզի պահպանեն անասունների համար նախատեսված դեղորայքը: Անասնաբույժները խոստովանել են, որ շատ դեպքերում այդ դեղորայքը պահում են իրենց տան սառնարաններում. մի երեւույթ, որն անթույլատրելի է: Գյուղատնտեսության փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը, սակայն, մեզ հետ զրույցում հայտարարեց, թե անասնաբույժներին տրվել են արտահագուստներ, ավտոմատ ներարկիչներ, նաեւ 20 տոկոսով ավելացվել է աշխատավարձը:
ՄԱՍՍԱՅԱԿԱՆ ՄԵԾԱՐՈՒՄ
Համբավ, արժանիքներ ու որեւէ ոլորտում ներդրում ունեցած անձին պատվավոր քաղաքացու կամ ազգային հերոսի կոչում շնորհելու ինստիտուտը վաղուց է գործում մեզանում եւ ոչ միայն մեզանում: Այս դեպքում մենք գործ ունենք մեկ կոնկրետ անձի, անհատի մեծարման, պատվանդանին դնելու եւ երկրպագելու ինստիտուտի հետ, սակայն մասսայական մեծարման, այսինքն՝ բոլոր քաղաքացիներին պատվո հարթակին կանգնեցնելու ու նրանց քաղաքացիական կեցվածքը խրախուսելու պրակտիկա մեզանում դեռ չի եղել: Որպես այդ բացը լրացնելու փորձ՝ կարելի է դիտարկել ՀՀ քաղաքացու օր սահմանելն ու դրան տոնի կարգավիճակ տալը: Նկատենք, սակայն, որ օրվա խորհուրդը ոչ բոլորի սրտով է. ոմանք կողմ են տոնը նշելուն եւ, հավանաբար, կմասնակցեն ՀՀ ամբողջ տարածքում կազմակերպվող միջոցառումներին, ոմանք էլ, հատկապես` նախկին իշխանության ներկայացուցիչները, ջղաձգորեն են արձագանքում տոնը նշելուն՝ այն ասոցացնելով Սերժ Սարգսյանի հրաժարականի եւ իրենց պարտության հետ: Կարծում ենք` սխալ կլինի ՀՀ քաղաքացու օրը նշելու հիմքում թավշա հեղափոխության հաղթանակը դնելն ու այդ օրվա գոյությունը սոսկ մեկ տարի առաջ տեղի ունեցած իրադարձություններով պայմանավորելը: Այսօր նշվող տոնն իրականում միայն Սերժ Սարգսյանի երկարաշունչ հրաժարականի հետեւանքը չէ, այլ դրան նախորդած բազում օրերի, տարիների ակտիվ ու պասիվ, անծպտուն ու բարձրագոչ, զինված ու մերկ ձեռքերով պայքարի արդյունքի խտացումը՝ մեկ օրացուցային օրվա սահմաններում: Նախկին իշխանության անդամները, բնական է, դեմ են Քաղաքացու օրվա հռչակմանը, քանի որ այն իրենցից գերմարդկային ճիգեր է պահանջելու` օրացուցային մեկ օրվա ընթացքում վերապրելու տասնյակ տարիների ընթացքում տեղի ունեցած անցքերի «լիամետրաժը»՝ պարբերաբար կեղծվող ընտրություններ, իշխանության ուզուրպացիա, «Մարտի 1», 80-ականների զենքեր, 800 հեկտար հող, ՊՊԾ գնդի գրավում, իսկ վերջում էլ՝ «Քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին»: Այդ պայքարի արդյունքի օրացուցային ամրագրումն այսուհետ ազդարարելու է նաեւ տարիներով հյուսված այն մեծ բլեֆի ի չիք դառնալը, ըստ որի՝ որեւէ կուսակցության իշխանություն հավերժական է, եւ երկրի որեւէ առաջնորդ անսխալական է ու անփոխարինելի: Բայց այս համատեքստում մի շատ կարեւոր հանգամանք էլ պետք է արձանագրել. Քաղաքացու օրը տոների ցանկ ներառելով` կառավարությունը ոչ միայն «փոխհատուցում» է հեղափոխության հաղթանակում քաղաքացու ներդրումը, այլեւ «գարանտ է կանգնում» հետագա այդպիսի ներդրումների համար, եթե որեւէ առաջնորդ հանկարծ որոշի թերագնահատել քաղաքացու դերը վերջինիս պատկանող իշխանությունն իրացնելիս: