Ինչպես հայտնի է, Սահմանադրական դատարանը 2018թ.-ի հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում ընդունված վիճահարույց օրենքի նախագիծը ճանաչել է սահմանադրությանը համապատասխան: Դատաքննությունն ընթացել է գրավոր ընթացակարգով, իսկ որոշումն էլ դատարանը հրապարակել է ապրիլի 19-ի խորհրդակցական նիստում:
Հիշեցնենք, որ, ըստ հոկտեմբերի 2-ին ընդունված նախագծի, եթե Ազգային ժողովի նիստի անցկացման համար խոչընդոտ կա, նիստը պետք է ընդհատվի, ոչ թե համարվի չկայացած:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այն ժամանակ պնդում էր, որ սրանով խորհրդարանի խորհրդարանական ուժերը միավորվելով փորձում են խոչընդոտել վարչապետի հրաժարականից հետո արտահերթ ընտրությունների անցկացման գործընթացը: Հոկտեմբերի 2-ին խորհրդարանի շենքը շրջափակվեց ցուցարարների կողմից, իսկ ընդունված օրենքը հանրապետության նախագահը ստորագրելու փոխարեն ուղարկեց Սահմանադրական դատարան՝ վիճահարույց դրույթի սահմանադրականությունը պարզելու համար: Եվ, ահա, այդ իրադարձություններից վեց ամիս անց Սահմանադրական դատարանը որոշել է, որ այդ օրենքը սահմանադրական է։
Եվ այժմ այդ հանգամանքից փորձում են օգտվել եւ իրենց հանդեպ ճնշումներից են խոսում ՀՅԴ գործիչները, ընդ որում` դա անում են բավականին ագրեսիվ կերպով։ Մասնավորապես, այդ ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը տեսաուղերձով է հանդես եկել եւ ՀՀ ներկայիս իշխանություններին մեղադրել սահմանադրական կարգի տապալման փորձի համար՝ հայտարարելով, որ քննությունը ժամանակի ընթացքում տեղի կունենա։
«Մենք ճիշտ էինք, երբ ասում էինք, որ որեւէ դավադրություն չկա, ամեն ինչ տեղի է ունեցել տրամաբանության մեջ, եւ մենք ձգտել ենք օրինական ճանապարհով հասնել ԱԺ-ի արձակմանը։ Այդ օրերի էյֆորիկ մթնոլորտը թույլ չտվեց, որ մեր պարզ խոսքը տեղ հասնի։ Խաբեությամբ ժողովրդին հավաքեցին, այդ օրերին դժվար էր ինչ-որ բան հասկացնել եւ բացատրել»,- նշել է նա։
Արմեն Ռուստամյանը կարծիք է հայտնել, որ այդ ամենի նպատակն այն էր, որ արտահերթ ընտրություններն անցկացվեին հենց դեկտեմբերին, եւ ՀՅԴ գործիչը այլ պատճառ չի տեսնում այս ամենում՝ ո՛չ քաղաքական, ո՛չ իրավական։ «Ստի ոտը կարճ է, եւ պարզ դարձավ, որ իրականության մեջ եղել է մեծ սուտ, փուչիկ, որը պայթեց, եւ նրանք, ովքեր հայտարարում էին, որ այս ամենը հակասահմանադրական է, հենց իրենք են հակասահմանադրական գործողությունների մեջ եղել։ Եվ այն, ինչ եղավ հոկտեմբերի 2-ին, ոչ այլ ինչ էր, քան սահմանադրական կարգի տապալման փորձ: Քննությունն էլ ժամանակի ընթացքում տեղի կունենա, ժամանակը կգա եւ բոլոր հարցերը կդնի իր տեղը»,- հայտարարել է ՀՅԴ գործիչը։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս օրերին ՀՅԴ-ականներն ակտիվ քննարկումների մեջ են, եւ չի բացառվում` այս հարցով փորձեն ոչ միայն քաղաքական, այլեւ իրավական գործընթաց սկսել։ Ավելին` այս հարցում երեւում են նաեւ քոչարյանական թեւի նկրտումներ. պարզ է, որ Քոչարյանի շրջապատը փորձելու է իր հերթին նպաստել ՀՅԴ գործողություններին: Եվ պատահական չէ, որ ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանն իր խոսքում օգտագործում էր հենց «հակասահմանադրական գործողություններ» հասկացությունը եւ իշխանություններին մեղադրում այդպիսի գործողություններ անելու համար։ Եվ, մեր տեղեկություններով, նրանք չեն բացառում այս հարցով դատախազին կամ Սահմանադրական դատարան դիմելու հավանականությունը՝ ընդհուպ պահանջելով հակասահմանադրական ճանաչել արդեն ներկայիս իշխանություններին։ Իսկ այդ իրավիճակում լուրջ զարգացումներ կարող են լինել, քանի որ վստահաբար կլինեն մեծ թվով պատգամավորներ, որոնք ցուցմունք կտան, որ իրականում ճնշման տակ են քվեարկել, իրենց սպառնացել են: Ասել է թե` ամեն ինչ կանեն, որպեսզի իշխանությունների դեմ իրավական գործընթաց սկսվի: Եվ ինչպես իր խոսքում նշեց Արմեն Ռուստամյանը, նրանք ցանկանում են ապացուցել, որ այդ ամենը կատարվել է ոչ թե իրավունքի ուժով, այլ ուժի իրավունքով։ Եվ Ռուստամյանի կողմից տեսաուղերձն էլ ամենեւին էլ զարմանալի չէ. նրանք այս ժամանակից սկսած են զգուշացնում սպասվող զարգացումների մասին։
Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին, որն այս պահին ձեռնպահ մնաց մեկնաբանություններ անելուց այդ հարցի եւ իրենց հետագա անելիքների վերաբերյալ։ «Այժմ ընթանում է Գերագույն մարմնի ժողովը. այն տեւելու է երեք օր։ Դրա ավարտից հետո կլինի ծավալուն հայտարարություն՝ մեր հետագա ծրագրերի, հետագա անելիքների վերաբերյալ եւ նաեւ այդ հարցի շուրջ։ Այս պահին ձեռնպահ կմնամ որեւէ բան մեկնաբանելուց»։
Հ.Գ. Ի դեպ, հիշում եք հավանաբար ՀՅԴ ընդհանուր ժողովին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը, որտեղ նա պատրաստակամություն էր հայտնել համագործակցել այս կուսակցության հետ: Փաստորեն, ՀՅԴ-ն սրանով մերժում է համագործակցության համար մեկնված ձեռքը:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀԱԳԵՑԱԾ
Մայիսի 7-ին մեկնարկելու է Ազգային ժողովի հերթական քառօրյան, որի օրակարգը կրկին բավականին հագեցած է լինելու։ Մասնավորապես, նիստերի ընթացքում նախատեսվում է երկրորդ ընթերցմամբ քննարկել Կառավարության կառուցվածքի մասին նախագիծը։ Առաջին ընթերցման ժամանակ այն բուռն քննարկումների, քննադատությունների արժանացավ, եւ չի բացառվում, որ եթե փոփոխություններ արված չլինեն, նույն իրավիճակը շարունակվի նաեւ երկրորդ ընթերցման ժամանակ։ Բացի այդ, ԱԺ օրակարգում են լինելու նաեւ ՄԻՊ հաշվետվությունն ու դատախազության 2018 թվականի գործունեության մասին հաղորդումները, որոնք բավականին ծավալուն են։ Եվ մինչ լիագումար նիստերի օրակարգում ընդգրկվելը այդ նախագծերը հաջորդ շաբաթ քննարկումների կդրվեն հանձնաժողովներում ՄԻՊ Արման Թաթոյանի եւ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի մասնակցությամբ։ Նախորդ քառօրյան եւս բավական հագեցած էր. այս ԱԺ-ի համար այն ռեկորդային երկարություն ունեցավ, այս մեկը եւս կարող է չզիջել դրան։
ԱՎԵԼԱՑԵԼ Է
Հայաստան մարդատար ավտոմեքենաների ներկրման ծավալները 2018 թվականին, 2017թ.-ի համեմատ, զգալի ավելացել են: «Ժողովուրդ» օրաթերթը Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքէջից տեղեկացավ, որ եթե 2017 թվականին Հայաստան ներկրվել է 37 հազար 71 հատ մարդատար ավտոմեքենա, ապա 2018 թվականին այն ավելացել է` կազմելով 65 հազար 11 հատ: Ինչպես հայտնի է, ԵԱՏՄ դրույքաչափերն ուժի մեջ են մտնելու 2020 թվականի հունվարից, ինչի արդյունքում մարդատար ավտոմեքենաների ներմուծման դրույքաչափն էապես ավելանալու է: Հիմա մարդատար ավտոմեքենաների մաքսազերծման համար ՀՀ սահմանին վճարվում է 0-ից 20 տոկոս բնապահպանական վճար, 20 տոկոս ԱԱՀ, 10 տոկոս մաքսատուրք: ԵԱՏՄ-ի դրույքաչափերն ուժի մեջ մտնելուց հետո ԱԱՀ-ն ու բնապահպանական վճարը չեն փոխվի, բայց մաքսատուրքերն էապես կավելանան: Այս դեպքում ավտոմեքենաների համար մաքսատուրքի դրույքաչափերը կսահմանվեն` ըստ մեքենայի շարժիչի աշխատանքային ծավալի եւ ըստ թողարկման տարեթվի: Սահմանին կարող է վճարվել մաքսային արժեքի միջեւ 500 տոկոսը` կախված տարբեր հանգամանքներից, իսկ զրոյական դրույքաչափ կկիրառվի միայն ԵԱՏՄ անդամ պետություններից մեքենաների ներմուծման դեպքում:
ՊԱՐԱՊ
Գաղտնիք չէ, որ Ազգային ժողովի հանձնաժողովների թվում կան այնպիսիք, որ աշխատում են գերծանրաբեռնված ռեժիմով, նույնիսկ արտահերթ նիստեր են հրավիրում օրակարգային հարցերը սպառելու համար: Դրանց թվին է պատկանում, օրինակ, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը, իսկ, ահա, Արման Եղոյանի` Եվրոպական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովը թերբեռնված է եւ իր գոյության այս չորս ամիսների ընթացքում մինչեւ այժմ երկու նիստ է գումարել: Մյուս հանձնաժողովները թերբեռնվածությունը փորձում են լրացնել այլ քննարկումներ ու հանդիպումներ կազմակերպելով, մինչդեռ այս հանձնաժողովը դա էլ չի փորձում անել:
ՕՐԱԿԱՐԳ
«Ապրիլի 29-ին եւ 30-ին կանցկացվի երկու միջոցառում: Առաջին օրը նախատեսված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստը փոխվարչապետերի մասնակցությամբ, իսկ, ահա, երկրորդ օրը կկայանա ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը: Երկու միջոցառումները հաջորդում են միմյանց, ինչը հնարավորություն կտա արագ արձագանքել հարցերին: Օրակարգը հագեցած է, հարցերը բավական շատ են»,-ասել է Տիմուր Մաքսիմովը: Նախատեսված միջոցառումներին քննարկման օրակարգում տասնյակից ավելի հարցեր են, որոնցից փոխնախարարն առանձնացրել է մի քանիսը: Ըստ նրա` քննարկումների բավականին մեծ հատված նվիրված է միության միջազգային ակտիվությանը: «Ինչպես գիտեք, ԵԱՏՄ-ն մի քանի ուղղություններով բանակցություններ է անցկացնում` կապված ազատ տնտեսական գոտու հարցերի հետ»,-ասել է փոխնախարարը: Նախատեսված են քննարկումներ` նվիրված տնտեսության մի քանի ճյուղերին, մասնավորապես` գյուղատնտեսությանը: Դրանից բացի, քննարկվելու է ապրանքների շրջանառության հսկողության նպատակով հետագծելիության հարցը:
ԿՓՈԽԱՐԻՆԻ ՔՅԱՐԱՄՅԱՆԸ
Պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնում Դավիթ Սանասարյանին ժամանակավորապես կփոխարինի Արգիշտի Քյարամյանը: Վերջինս նախկինում զբաղեցնում էր ՊՎԾ պետի տեղակալի պաշտոնը, նա չէր բացառել, որ հենց ինքը կլինի ժամանակավոր պաշտոնակատարը: Հիշեցնենք, որ ՀՀ ՊՎԾ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ ծանր հետեւանքներ առաջացնելու, մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, փաստաթղթեր կեղծելու, իրացնելու եւ օգտագործելու դեպքերի առթիվ 2019թ. փետրվարի 20-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քր. օր. 308-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 325-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա, 2019թ. ապրիլի 18-ին Դ. Սանասարյանին մեղադրանք էր առաջադրվել` ՀՀ քր. օր. 308-րդ հոդվածի 1-ին մասով: Դավիթ Սանասարյանի լիազորությունները դադարեցվել են ժամանակավորապես, պաշտոնից չի հեռացվել:
ՉԵՆ ՓԱԽՉԻ
«Արամ Հարությունյանը պատգամավորի կարգավիճակն օգտագործել է եւ տեսադաշտից կորել: Քանի դեռ զրկված չէր պատգամավորական անձեռնմխելիությունից, որեւէ մեկը նրա նկատմամբ որեւէ լծակ չուներ»,- ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով հարցին, թե ինչպես եղավ, որ կորավ ԱԺ նախկին պատգամավոր Արամ Հարությունյանը, ապա Միհրան Պողոսյանը: Վերջինս նույնպես, պատգամավորական անձեռնմխելիությունից օգտվելով, դուրս է եկել ՀՀ-ից: «Բայց ո՞ւր պիտի փախնեն. երկրագունդը փոքր է»,-ասել է Փաշինյանը: Ինչ վերաբերում է Միքայել Հարությունյանին, Փաշինյանն ասել է. «Մենք պետք է հաշվի նստենք այն իրավիճակի հետ, որ մեր ՊՆ նախկին նախարարը ՌԴ քաղաքացի է: Մենք էսօր իրավիճակ ունենք, երբ օտար պետությունը մեր քաղաքացուն հանցագործության մեջ է մեղադրում, բայց, չեմ ուզում բացել փակագծերը, մեր օրենսդրության բերումով չենք կարող արտահանձնել էդ քաղաքացուն, քանի որ դա մեր օրենսդրությանը հակասում է: Մենք գիտենք, որ բացահայտ հանցագործ կա ՀՀ-ում, որն օտարերկրյա պետության կողմից հետախուզվում է, եւ ակնկալում է, որ հանձնենք, բայց չենք կարող միայն նրա համար, որ ունի ՀՀ անձնագիր»: