Արցախը վերջին օրերին Հայաստանի ներքաղաքական կյանքում դարձել է լուրջ բաղադրիչ: Բանն այն է, որ երեկ Արցախի Հանրապետությունում մեկնարկեց ՀՅԴ կազմակերպած «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումը, որին գլխավորապես մասնակցում էին ընդդիմադիր շրջանակները, նաեւ «Իմ քայլը» խմբակցությունից մի քանի ներկայացուցիչ: Խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունների՝ ԲՀԿ ու ԼՀԿ ներկայացուցիչներից բացի Արցախում ՀՅԴ կազմակերպած ֆորումին մասնակցում էին քոչարյանական շրջանակները, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, որ ելույթ է ունեցել, ՀՀԿ-ականները եւ իշխանություններին արմատապես քննադատող անձինք:
Մյուս կողմից` հետաքրքիր է փաստը, որ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը եւ Արցախի երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը դիմել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ մայիսի 9-ին ընդառաջ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով: Դատախազությունն էլ պատասխանել է, որ գործն արդեն գտնվում է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, ՀՀ դատախազությունը տվյալ քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը չէ, հետեւաբար այդ դիմումի քննարկումը ներկա փուլում դուրս է ՀՀ դատախազության լիազորությունների տիրույթից: Եվ, այո, իրավական առումով դատախազության պարզաբանումը միանգամայն ճիշտ է, այլ կերպ ասած` նախկին նախագահներն այս հարցում մի փոքր ուշացել էին, սակայն տվյալ դեպքում հարցն ունի նաեւ բարոյական կողմ՝ հաշվի առնելով, որ այդպիսի երաշխավորություն ներկայացնելու պատրաստակամություն էին հայտնել Արցախի ներկայիս եւ նախկին նախագահները, այլ կերպ ասած` ամբողջ արցախահայությունը։ Եվ այս պարագայում տվյալ անձանց դիմումին կարելի էր նաեւ այլ կերպ մոտենալ՝ մի կողմ դնելով, թե ում էր վերաբերում Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի դիմումը։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանը Ազգային Ժողովի փոխնախագահ ընտրվելուց հետո շատ կտրուկ փոխել է խմբակցության անդամների նկատմամբ վերաբերմունքը: Վ. Էնֆիաջյանի հետ շփումն անգամ իր խմբակցության պատգամավորների հետ շատ է դժվարացել, քանի որ նա շատ քմահաճորեն է ընդունում այն մարդկանց, որոնք ցանկանում են իր հետ ինչ-որ հարցերի շուրջ քննարկում ունենալ: Էնֆիաջյանը խմբակցություն է ներկայանում այն ժամանակ, երբ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն է այնտեղ լինում: Վերջինիս դիմավորում ու ճանապարհում է` այդքանով խմբակցության անդամների հետ իր շփումը համարելով ավարտված: Էնֆիաջյանն իր ամենամտերիմ ընկերների հետ շփումներում, երբ իրեն անունով են դիմել, ցույց է տվել, որ «վիրավորվում» է, ու պետք է իրեն դիմեն միայն ազգանունով: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, սակայն, Էնֆիաջյանը հերքել է այս տեղեկությունները՝ որակելով սուտ եւ անհեթեթություն:
Ինչպես հայտնի է, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում «Մարտի 1»-ի քրեական գործով նոր դատավոր է նշանակվել՝ Դավիթ Գրիգորյանը, այն բանից հետո, երբ մեկ այլ դատավոր՝ Վարդան Գրիգորյանը, ինքնաբացարկ էր հայտնել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ դատավորների ինքնաբացարկի թեման դատական համակարգում քննարկումների առիթ է հանդիսացել, եւ նշվել է, որ Վարդան Գրիգորյանի ինքնաբացարկից հետո գործը մակագրվի մեկ այլ դատավորի, եւ եթե նա անհիմն ինքնաբացարկ հայտնի, ապա դա կլինի դատական համակարգի ամոթը: Ավելին, դատական համակարգում տարածված խոսակցությունների համաձայն` անգամ հարց է բարձրացվել, որ եթե դատավորները «Մարտի 1»-ի քրեական գործով անհիմն ինքնաբացարկ հայտնեն, ապա կբարձրացվի նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու եւ անխուսափելիորեն պատժելու հարցը: Եւ, ահա, խաղի կանոնները հստակեցնելուց հետո գործը մակագրվել է Դավիթ Գրիգորյանին: Ըստ մեզ հասած տեղեկությունների` նա հայտնել է, որ ինքնաբացարկ չի հայտնելու եւ կքննի քրեական գործը:
Սեւանա լիճը լուրջ խնդրի առաջ է կանգնած. նախորդ տարի Սեւանա լճի ափամերձ տարածքներն այդպես էլ չեն մաքրվել: Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախորդ տարի չի շահագործվել անգամ դեռեւս 2010 թվականին 600 հազար եվրո արժողությամբ գնված «Ուոթերմասթեր կլասիկ III» տիպի բազմաֆունկցիոնալ էքսկավատորը, որը պետք է Սեւանա լիճը մաքրեր ջրի տակ մնացած ծառերից, թփերից ու արմատներից: ՀՀ բնապահպանության նախարարության գնումների բաժնի պետ Ռոման Չոբանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ նախորդ տարի մրցույթ է հայտարարվել, հաղթող մասնակցի հետ կնքվել է պայմանագիր, ապա չեղարկվել է, որովհետեւ պատասխանատու ստորաբաժանման կողմից զեկուցագիր է ստացվել այն մասին, որ տարածքներ կան, որոնք նախորդ տարիների մաքրման հետ համընկնում են, եւ ստուգման կարիք ունի: Նշենք, որ այս տարի Սեւանա լճի ջրի մակարդակի բարձրացման հետեւանքով ափամերձ հատվածներում անտառային տարածքները ծառարմատներից, կոճղերից մաքրելու նպատակով կառավարությունը նախատեսել է ծախսել 117 մլն 62 հազար դրամ:
ՎԵՐԱԿԱՆԳՆՎԱԾ ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅՈՒՆ
Այսօր լրանում է Նիկոլ Փաշինյանի` ՀՀ վարչապետ ընտրվելու մեկ տարին: Իր պաշտոնավարման մեկամյակի առթիվ այսօր վարչապետն ասուլիս է հրավիրելու, ինչպես ինքն է ասել, ներկայացնելու Նոր Հայաստանի մասին 100 փաստ եւ արձանագրելու համար մեր երկրում տեղի ունեցած մասշտաբային փոփոխությունները: Այլ կերպ ասած` Նիկոլ Փաշինյանն այսօր խոսելու է այս մեկ տարվա ընթացքում իր իշխանության արածի ու չարածի մասին` ներկայացնելով նաեւ համապատասխան վիճակագրական տվյալներ:
Բնականաբար, ընդդիմախոսներն էլ շտապելու են կասկածի տակ դնել նրա հրապարակած փաստերը, ընդ որում` վաղուց հայտնի սցենարով. նախ՝ շեշտելու են, որ ժողովրդի կյանքում ոչինչ չի փոխվել, տնտեսությունն առաջ չի շարժվում, դե, բնականաբար, կշեշտեն մի քանի բացասական ցուցանիշ, կհիշեն մի քանի անհաջող դրվագ՝ իշխանության տարբեր ներկայացուցիչների մասնակցությամբ:
Եթե մի կողմ դնենք քաղաքական համակրանքներն ու հակակրանքները եւ ամփոփենք այս մեկ տարին, պետք է փաստենք հետեւյալը. այս մեկ տարվա ընթացքում եղել են ձեռքբերումներ, եղել են նաեւ սխալներ, հաճախ՝ կոպիտ սխալներ: Բայց ինքներդ գիտեք, որ չկա անսխալական մարդ, եւ կատարված սխալներն էլ միտումնավոր չեն եղել:
Իսկ ամենակարեւոր ձեռքբերումն այն է, որ մոտ երկու տասնամյակ ընդմիջումից հետո թավշյա հեղափոխության արդյունքում Հայաստանում կրկին ունենք բացարձակ լեգիտիմ իշխանություն, որն ընտրվել է ժողովրդի կամքով` ազատ ու արդար ընտրությունների միջոցով, եւ այսօր հաշվետու է նույն ժողովրդի առաջ:
Ի վերջո, հենց իշխանությունների լեգիտիմության բացակայությունն է եղել վերջին քսան տարվա ընթացքում մեր պետության բոլոր խնդիրների, բոլոր ձախորդությունների գլխավոր պատճառը: Հենց լեգիտիմության բացակայությունն է եղել պատճառը, որ Հայաստանում սկսել էին քայքայվել պետականության հիմքերը, իսկ քաղաքացին օտարվել էր իր պետությունից` զրկվելով սահմանադրությամբ իրեն պատկանող իշխանությունն իրացնելու հնարավորությունից: Հենց լեգիտիմության բացակայությունն է եղել այն հիմնական լծակը, որ միջազգային հանրությունը, գերտերություններն օգտագործել են ՀՀ նախկին իշխանությունների նկատմամբ տարատեսակ ճնշումներ գործադրելու եւ տարբեր հարցերում նրանցից զիջումներ կորզելու համար:
Հիմա իշխանության լեգիտիմությունը վերականգնվել է: Պետականության առաջ տարիներ շարունակ ծառացած ամենակարեւոր խնդիրը կարելի է համարել լուծված: Մյուս խնդիրների լուծումն այս դեպքում արդեն ավելի հեշտ է տալ. ամեն ինչ ժամանակի հարց է: