ԴԱՏԱՎՈՐԸ ՊՆԴՈՒՄ Է, ՈՐ ՉԻ ՎԱԽԵՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը, որ պետք է քննի «Մարտի 1»-ի քրեական գործը, ինքնաբացարկ չի հայտնելու: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` «Մարտի 1»-ի քրեական գործը մինչ մեկ այլ դատավորի մակագրելը դատական համակարգում խոսակցություն է եղել այն մասին, որ ցանկացած անհիմն ինքնաբացարկի դեպքում կարգահապական պատասխանատվության հարց է բարձրացվելու:

Այսպիսով, ապրիլի 29-ին 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործից անջատված մասով նախաքննությունն ավարտվել է: ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանի, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Յուրի Խաչատուրովի եւ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գեւորգյանի վերաբերյալ քրեական գործը ուղարկվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան եւ գործի քննությունը մակագրվել է դատավոր Վարդան Գրիգորյանին, սակայն վերջինս ինքնաբացարկ հայտնեց` նշելով, որ ինքը «Մարտի 1»-ի գործով նախկինում պաշտպան է եղել: Արդյունքում, գործը մակագրվեց Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին:
Սակայն նկատենք, որ Դավիթ Գրիգորյանը դեռեւս ամիսներ առաջ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը քննելուց հրաժարվելու համար կանգնել էր կարգապահական պատասխանատվության ենթարկվելու առաջ: Հայտնել էինք, որ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկարաձգելու, նրան գրավով ազատ արձակելու գործը 2019 թվականի հունվարի 11-ին մակագրվել էր դատավոր Դավիթ Գրիգորյանին: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` դատավոր Գրիգորյանը եւս հրաժարվել է գործը քննել` պատճառաբանելով, որ իրեն գործը մակագրել են հունվարի 10-ին, բայց նա այդ օրը չի հերթապահել: Ասել է թե` դատավորը հերթապահության օրերի կռիվ է տվել. նրան բացատրել են, որ հերթապահությունը կապ չունի, մակագրվել է իրեն, պարտավոր է քննել: Բայց, միեւնույնն է, նա հրաժարվել էր քննել: Եվ, ահա, այս ամենի համար բարձրացվել է Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, եւ այն գտնվում է ԲԴԽ-ում, եւ մայիսի 13-ին հայտնի կդառնա, թե ինչ որոշում կայացրեց ԲԴԽ-ն` Դավիթ Գրիգորյանին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` մինչ օրենքով սահմանված կարգով «Մարտի 1»-ի քրեական գործը Դավիթ Գրիգորյանին մակագրելը դատական համակարգում ներքին խոսակցություն է եղել այն մասին` եթե Վարդան Գրիգորյանի ինքնաբացարկից հետո գործը մակագրվի մեկ այլ դատավորի, եւ նա անհիմն ինքնաբացարկ հայտնի, ապա դա կլինի դատական համակարգի ամոթը: Ավելին, դատական համակարգում տարածված խոսակցությունների համաձայն` անգամ հարց է բարձրացվել, որ եթե դատավորները «Մարտի 1»-ի քրեական գործով անհիմն ինքնաբացարկ հայտնեն, ապա կբարձրացվի նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու եւ անխուսափելիորեն պատժելու հարցը:
Եւ, ահա, խաղի կանոնները հստակեցնելուց հետո գործը մակագրվել է Դավիթ Գրիգորյանին: Ըստ մեզ հասած տեղեկությունների` նա հայտնել է, որ ինքնաբացարկ չի հայտնելու եւ կքննի քրեական գործը: Ի պատասխան վերջինիս այս որոշման` դատական համակարգի մի շարք դատավորներ կարծիք են հայտնել, որ պատրաստ են իրենց իրավաբանական գիտելիքներով եւ փորձով օգնել դատավոր Դավիթ Գրիգորյանին, որպեսզի վերջինս կարողանա քրեական գործով լսել դատական համակարգի փորձառու դատավորների կարծիքը, բայց, իհարկե, վերջում որոշում կայացնողը ինքն է լինելու:
Դատավորը չի՞ վախենում
«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ` հասկանալու համար, թե արդյոք նա եւս վախենում է քննել այս քրեական գործը:
-Պարո՛ն Գրիգորյան, հասարակության շրջանում եւ, առհասարակ, վերջին իրադարձությունները վկայում են այն մասին, որ դատավորները վախենում են քննել «Մարտի 1»-ի գործով անջատված մասով քրեական գործը, որում որպես մեղադրյալ են ներգրավվել ՀՀ երկրորդ նախագահը եւ այլ պաշտոնատար անձինք:
-Ով նման բան է ասում, ասողին հարցրե՛ք:
-Դուք վախենալու որեւէ բան չունե՞ք:
-Ումի՞ց:
-Օրինակ` գործով հայտնի մեղադրյալներից` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից, Սեյրան Օհանյանից, Յուրի Խաչատուրովից, Արմեն Գեւորգյանից:
-Դուք որ իմ կենսագրությունը կարդաք, կարծիք կկազմեք արդեն:
-ԲԴԽ-ն Ձեր կարգապահական պատասխանատվության հարցն է քննարկում, քանի որ նախկինում Դուք հրաժարվել եք քննել երկրորդ նախագահի խափանման միջոցի հարցը:
-Դա ԲԴԽ-ի իրավունքն է:
-Դուք ամիսներ առաջ երկրորդ նախագահի խափանման միջոցի հարցը հրաժարվել էիք քննել` պատճառաբանելով, որ գործը մակագրվել է Ձեզ հունվարի 10-ին, բայց Դուք այդ օրը չեք հերթապահել: Այսինքն` հերթապահության հետ կապված խնդիր էիք ստեղծել:
-Ես խնդիր չեմ ստեղծել. որ մի բան ասում եք, ձեւակերպումների հետ կապված զգուշավոր եղե՛ք: Հաջողություն: (Դատավորն անջատեց հեռախոսը):
Ի դեպ, ուսումնասիրելով դատավոր Դավիթ Գրիգորյանի կենսագրությունը` նկատենք, որ նա աշխատանքային գործունեությունը սկսել է դատախազությունից: Քոչարյանի պաշտոնավարման տարիներին եղել է Էրեբունու դատախազի օգնական, սակայն 2004 թվականից մինչեւ 2010 թվականն աշխատել է Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազի տեղակալ:
2010 թվականից աշխատել է Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատախազի տեղակալ: 2013 թվականին նոր սկսել է դատական համակարգում իր գործունեությունը որպես դատավոր:Ի դեպ, նա «Մարտի 1»-ի գործով նախկին քաղբանտարկյալների դեմ դատական ակտ չի կայացրել:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԱՆՏԱՌԻ ՀՐԴԵՀԸ՝ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ԽՆԴԻՐ
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արա Նազարյանի հետ, թե արդյոք նա ցանկություն չունի վերադառնալու Պաշտպանության նախարարություն:
-Պարո՛ն Նազարյան, Դուք ԱԻՆ տեղափոխվեցիք այն ժամանակ, երբ Դավիթ Տոնոյանը նշանակվեց ԱԻՆ նախարար ու Ձեզ` որպես իր կադր, բերեց ԱԻՆ: Հիմա Դավիթ Տոնոյանը իր հարազատ ոլորտում է. Դուք չե՞ք ուզում հետ վերադառնալ:
-Այս տերմինը մի՛ օգտագործեք, քանի որ ես ոչ մեկի կադրը չեմ եղել, չեմ էլ պատրաստվում լինել. ես Հայաստանի Հանրապետությանն եմ ծառայում:
-Հիմա Դավիթ Տոնոյանը իր հարազատ ոլորտում է, Դուք չե՞ք ուզում հետ վերադառնալ:
-Օրինակ` Ձեր հարցը ի՞նչ կապ ունի այս մեքենաների կամ այսօրվա միջոցառման հետ:
-ԱԻՆ-ին նոր հրշեջ մեքենաներ տրամադրվեցին եւ այլ տեխնիկա, որպեսզի, եթե Խոսրովի անտառի հրդեհի նման դեպք ունենանք, չասեք` տեխնիկա չունենք, ու դիմեք Ռուսաստանին կամ այլ երկրների:
-Մաթեմատիկական խնդիր եք դնում, որը կարող է իրականության հետ կապ չունենալ: Բնականաբար, հարցը պետք է փիլիսոփայորեն դնել եւ ավելի ծավալուն: Տարբեր հրդեհներ են լինում եւ տարբեր ծավալների, եւ չի բացառվում, որ օգնության կարիք եւս լինի, բայց որ մեր զինանոցը հզորանում է, դա փաստ է:
– Անցած տարի ԱԱԾ-ն քննություն էր իրականացնում ԱԻՆ-ի գործունեության մասով, եւ դեռ ավելին` գրել էինք, որ քննություն է տարվում այն մասով, որ փրփուրներ են վաճառվել ավտոլցակայաններին, աշխատակիցների համազգեստների համար գումար են ուզել: Դուք տեղյակ չե՞ք եղել այդպիսի դրսեւորումների մասին:
-Թող քննությունը շարունակվի, կերեւա. ես նախաքննական գործառույթներ չեմ իրականացնում:
-Բայց տեղյակ չե՞ք եղել:
-Դա ո՞ր թվերի մասին է խոսքը. եթե չեմ սխալվում, դա նախորդ տարիների հետ է կապված, իսկ թե ինչպես է եղել, ով է մեղավոր, դա քննության արդյունքներով ամեն ինչ կերեւա:
-Ֆելիքս Ցոլակյանի հետ հե՞շտ է աշխատել:
-Պարոն Ցոլակյանը իմաստուն մարդ է, իհարկե, հեշտ է:
-Չե՞ք կարոտում Ձեր նախկին աշխատավայրը:
-Պաշտպանության նախարարությունը մի՛ համեմատեք այլ նախարարությունների հետ, քանի որ իր էությամբ եւ բովանդակությամբ տարբերվում է. պայմանականորեն է անունը նախարարություն:
-Եթե առաջարկ լինի, հետ կվերադառնա՞ք ՊՆ:
-Կմտածեմ:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 

ՀՐԱԺԵՇՏ ԴԵՍՊԱՆԻՆ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Կորեայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ու Յուն-Գընին, որը ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Նիկոլ Փաշինյանը կարեւորել է հայ-կորեական հարաբերությունների շարունակական զարգացումը` ընդգծելով, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը շահագրգիռ է տարբեր ոլորտներում կապերի ընդլայնմամբ: Դեսպանը նշել է, որ իր երկրի կառավարությունը եւս կարեւորում է Հայաստանի հետ փոխգործակցության զարգացումը` ինչպես կառավարության, այնպես էլ խորհրդարանական մակարդակով:

 

 

 

ԿԱՐԵՎՈՐ ՀԱՐԹԱԿ
Հայաստանի համար Արեւելյան գործընկերությունը եվրոպական ընդհանուր արժեհամակարգի վրա հիմնված գործընկերություն է: Այս մասին հայտարարել է արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը` Բրատիսլավայում ելույթ ունենալով Վիշեգրադյան քառյակի եւ Արեւելյան գործընկերության երկրների նախարարական հանդիպմանը: Մնացականյանն Արեւելյան գործընկերությունը բնութագրել է որպես Եվրամիության հետ Հայաստանի համագործակցությունն օժանդակող կարեւոր հարթակ: ՀՀ արտգործնարարաը շեշտել է, որ Արեւելյան գործընկերության հիմքում պետք է լինի մարդը, նրա իրավունքների եւ ազատությունների առաջմղումը եւ, ըստ այդմ, մարդկանց միջեւ շփումների խրախուսումը: Անդրադառնալով անվտանգության խնդիրներին եւ հակամարտությունների ազդեցություններին` Զ. Մնացականյանն առանձնահատուկ ընդգծել է, որ հակամարտային իրավիճակները տարբեր են եւ ունեն տարբեր ազդեցություն գործընկեր երկրների վրա, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է ցուցաբերել յուրովի մոտեցում` կապված կոնկրետ իրավիճակների առանձնահատկությունից:




Լրահոս