Հայ հեղափոխական դաշնակցությունը, որ ԱԺ արտահերթ ընտրություններում ձախողվելուց հետո մի պահ լռում էր, վերջին շրջանում նկատելիորն ակտիվացել է: ՀՅԴ-ն ապրիլի 26-29-ը Գերագույն ժողով անցկացրեց: Երեկ էլ Արցախի Հանրապետությունում մեկնարկեց «Դաշնակցության» կազմակերպած «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումը, իրենց խոսքերով՝ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության իրավապայմանագրային հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու օրակարգով։
Հատկանշական էր երեկվա ֆորումի մասնակիցների ցանկը. ՀՅԴ կազմակերպած միջոցառմանը մասնակցում էր խորհրդարանական ընդդիմությունը՝ ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն: Ընդ որում` ԼՀԿ-ի հետ վերջերս ՀՅԴ-ն բավական մտերմացել է. վերջին շրջանում ակտիվ համագործակցության պրոցես է սկսել: Մասնակցում էին նաեւ «Իմ քայլը» խմբակցությունից մի քանի ներկայացուցիչներ:
Ուշագրավ է նաեւ այն, որ միջոցառմանը ակտիվորեն մասնակցել է «քոչարյանական թեւը», դեռ ավելին՝ նրանք ելույթներ են ունեցել: Այս շարքում պատահական չէր Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի մասնակցությունը ՀՅԴ կազմակերպած ֆորումին: Այնտեղ էին ՀՀԿ-ականները, նաեւ ԱԺ ընտրություններում ՀՀԿ ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Դավիթ Շահնազարյանը: Մասնակցում էր նաեւ Աղվան Վարդանյանը, որին ՀՅԴ-ն հեռացրել էր իր շարքերից` հակառակ կուսակցության որոշմանը` կողմ քվեարկելու Նիկոլ Փաշինյանին, եւ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը: Այնտեղ էին գործիչներ, որոնք, մեղմ ասած, արմատապես դեմ են Նիկոլ Փաշինյանի իշխանությանը` չզլանալով իշխանությունների հասցեին իրենց քննադատություններում, հրապարակային արտահայտություններում պարզապես խեղաթյուրել փաստերն ու տարատեսակ մանիպուլյացիաների դիմել:
Երեկվա ֆորումի ժամանակ պատահական չէին ՀՅԴ գործիչ, կուսակցության դեռեւս դե ֆակտո ղեկավար Հրանտ Մարգարյանի խոսքերը. «Վերջերս երկրի թիվ մեկ եւ թիվ երկու դեմքերի կողմից ասվել է, որ եթե շատ եք ուզում պատերազմ, ապա ամեն ընտանիք պետք է պատրաստ լինի զոհ տալ: 5000 ընտանիք զոհ է տվել: Իսկ եթե չտայինք, կյանքից ավելի թանկ բան էինք կորցնելու` հայրենիքը, մեր սերունդների իրավունքն էինք կորցնելու: Ուրեմն չպետք է այդպես վախեցնել մեր ժողովրդին, թե զոհ եք տալու: Դա ապազգային ու ապապետական երեւույթ է: Մինչ այդ պատերազմ մեկնողները գիտակցել են, որ զոհվելու են, բայց առավել թանկ բան են պաշտպանելու: Ուստի պետություն ղեկավարողները պետք է հասկանան, որ հայրենիքն ամեն ինչից կարեւոր է` ժողովրդավարությունից է՛լ, սեփական կյանքից ու հարստությունից է՛լ է կարեւոր»,-ասել է Մարգարյանը:
ՀՅԴ հրապարակային ակտիվությունը, իհարկե, միանգամայն սպասելի է: Ներկայացված չլինելով խորհրդարանում` այս կուսակցությունը փորձում է իշխանությունների դեմ պայքարում միջոցների ու մեթոդների հարցում խտրականություն չդնել: Իհարկե, առայժմ նրանք գործում են օրինական դաշտում, սակայն, բացառված չեն եւ վայրիվերումները:
Այս ընթացքում շատ խոսվեց, որ ՀՅԴ-ն ակնարկներով իշխանություններին մեղադրում է սահմանադրական կարգը տապալելու համար, եւ Արմեն Ռուստամյանը չէր բացառել այդ ուղղությամբ գործընթաց սկսելու հավանականությունը:
Բացի այդ, պարզվում է, ՀՅԴ-ն ակտիվ է կուլիսներում, իշխանության կազմում դեռեւս պաշտոնավարող իրենց կադրերի միջոցով փորձում են սաբոտաժի ենթարկել: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իշխանության կազմում «Դաշնակցությունից» մնացած կադրերը փորձում են ներսում իրավիճակ փոխել: Ակտիվ են հատկապես այն կառույցները, որոնք տարիներ շարունակ եղել են «Դաշնակցության» տիրապետության տակ: Օրինակ, Բնապահպանության, Էկոնոմիկայի, Գյուղատնտեսության, Քաղաքաշինության, Կրթության եւ գիտության, Սոցապ նախարարություններում ՀՅԴ-ի ժամանակներից աշխատանքի տեղավորված որոշ աշխատակիցներ ակտիվորեն աշխատում են նույն իշխանության դեմ: Ըստ մեզ հասած լուրերի` կուսակցությունը այս գործում համախոհներ է հավաքում: Պատահական չէ, որ «աներեւույթ ձեռքով» պարբերաբար շրջանառության մեջ են դրվում տարբեր թեմաներ՝ կապված Արցախյան խնդրում, իբր, հայկական կողմի ոչ հստակ դիրքորոշումների հետ, իշխանությունների պարտվողական քաղաքականության հետ, պատերազմին, իբր, պատրաստ չլինելու հետ, տնտեսական իրավիճակի վատթարացման հետ, ԼԳԲՏ համայնքի ակտիվության հետ, եւ այսպես շարունակ:
Ըստ մեզ հասած շշուկների` ՀՅԴ-ն իշխանությունների դեմ փորձել է ապավինել Հայ Առաքելական Եկեղեցու օգնությանը, սակայն, մեր տեղեկություններով, եկեղեցին դեռ տուրք չի տվել քաղաքական խարդավանքներին: Սա էլ պատահական արված քայլ չէ, քանի որ գաղտնիք չէ, որ պետություն-եկեղեցի հարաբերությունները թավշյա հեղափոխությունից հետո բավականին լարված են: Դրա մասին վկայեց նաեւ աշխատանքային խմբի առաջին ժողովը, որտեղ վարչապետ Փաշինյանը հայտարարեց եկեղեցին հարկային դաշտ բերելու պետության մտադրության մասին:
Ինչեւէ, ՀՅԴ-ն, ներկայացված չլինելով խորհրդարանում, հիմա փորձում է դիմել պայքարի, մեղմ ասած, անընդունելի մեթոդների` չխորշելով այս խաղում ներքաշել ե՛ւ Արցախը, ե՛ւ Եկեղեցին, ցանկացածի, միայն թե իշխանություններին դեմ ինչ-որ քայլ անի:
Հ.Գ. Մեկնաբանությունների համար փորձեցինք զանգահարել դաշնակներին, որոնք, սակայն, չպատասխանեցին մեր զանգերին:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԴԱԴԱՐԵՑՎԵՆ
ՀՀ Արմավիրի մարզի Եղեգնուտի գյուղապետարանի աշխատանքները տեւական ժամանակ է` պարալիզացված են: Բանն այն է` Եղեգնուտ համայնքի ավագանու անդամները նախորդ տարվա օգոստոսից չեն մասնակցում ավագանու նիստերին: Այսինքն` անցած տարվա օգոստոսից մինչեւ հիմա ավագանու նիստեր չեն կայացել:
Նշենք, որ Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի ավագանու թվով 7 անդամները ընտրվել են 2016 թվականի սեպտեմբերի 18-ին կայացած ավագանու անդամների ընտրության արդյունքում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը եղեգնուտի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշման նախագիծը առաջիկայում կներկայացնի կառավարությանը: Մեզ հայտնի դարձավ, որ ավագանու անդամների արտահերթ ընտրություն կանցկացվի այս տարվա սեպտեմբերի 29-ին:
Հիշեցնենք` Եղեգնուտի գյուղապետ ՀՀԿ-ական Ռազմիկ Մարգարյանը նախորդ տարվա օգոստոսին լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու դիմում էր ներկայացրել մարզպետարան: Իսկ մինչ այդ համայնքի ավագանին, որի 7 անդամներից մեկն էլ, ի դեպ, իր հարազատ եղբայրն է, չէր հաստատել հրաժարականի դիմումը: Նա համայնքապետի պաշտոնը զբաղեցնում էր 27 տարի: Նրա հրաժարականը պահանջում էին համայնքի բնակիչները` դժգոհելով աշխատանքից:
Այժմ Եղեգնուտի գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատարը Ռազմիկ Մկրտչյանն է:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՆՎԱԶԵԼ
Վերջին տարիներին Դիլիջան քաղաքում եւ Դիլիջան խոշորացված համայնքի մաս կազմող բնակավայրերում Հայաստանի պետական բյուջեի եւ այլ կազմակերպությունների ֆինանսավորմամբ տարբեր ծրագրեր են իրականացվել։ Դիլիջան քաղաքում գործարկվել է Դիլիջանի միջագային դպրոցը, ՀՀ կենտրոնական բանկի ուսումնական կենտրոնը, «Թումո» կենտրոնը, բազմաթիվ հյուրանոցներ, հանգստյան տներ, սննդի օբյեկտներ։ Դիլիջանի տարածաշրջանի գյուղերում ռեստորաններ, փոքր ձեռնարկություններ, հյուրատներ են բացվել։ Չնայած այս ամենին` Դիլիջան քաղաքում եւ այդ տարածաշրջանի գյուղերում աղքատությունն ու գործազրկությունը քիչ են նվազել։ Դիլիջանի տարածաշրջանը, ի տարբերություն Բերդի, Նոյեմբերյանի, Իջեւանի տարածաշրջանների, Ադրբեջանին սահմանակից չէ, պատերազմական կյանքով չի ապրում, այդտեղ ականապատ, հակառակորդի նշանառության տակ գտնվելու պատճառով չմշակվող հողատարածքներ չկան, սակայն այս ամենը դրական առումով այնքան էլ չի ազդել դիլիջանցիների սոցիալական վիճակի վրա։ Ըստ Տավուշի մարզպետարանի` 2019թ. ապրիլ ամսին Տավուշի մարզում ընտանեկան եւ սոցիալական նպաստներ են ստացել 4991 ընտանիքներ, որոնցից 1796-ը՝ Իջեւանի, 1081-ը՝ Դիլիջանի, 1043-ը՝ Բերդի, 1071-ը՝ Նոյեմբերյանի տարածաշրջաններում: Նույն՝ ապրիլ ամսվա ընթացքում մարզի 302 ընտանիքներ ստացել են հրատապ դրամական օգնություն, որից 106 ընտանիք` Իջեւանի, 75-ը՝ Դիլիջանի, 62-ը՝ Բերդի, 59-ը Նոյեմբերյանի տարածաշրջանից են։
ԿԻՍԱՎԵՐ ՎԻՃԱԿՈՒՄ
Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը 35 կմ է, սակայն ավտոմեքենաներն այն հաղթահարում են մոտ մեկ ժամում։ Ճանապարհը կիսավեր վիճակում է, խոր փոսերը շրջանցելու համար վարորդները հաճախ ավտոմեքենաները դուրս են բերում հանդիպակաց գոտի` ռիսկ անելով դառնալ ավտովթարի պատճառ: Հատկապես վատթար է այդ ճանապարհի Ֆիալետովո-Մարգահովիտ-Լերմոնտովո հատվածը։ Տարիներ շարունակ Վանաձոր-Դիլիջան ճանապարհի սպասարկման համար պետական բյուջեից մեծ գումարներ ստացած «Լոռու ՃՇՇ» ՓԲԸ-ն ճանապահի ընթացիկ պահպանությունը վատ է կատարել, այլապես ավտոճանապարհը նման ողբալի վիճակում չէր լինի։ Այդ ավտոճանապարհի խոր, մեծ փոսերը մեկ տարում չեն գոյացել։ Այս տարի նախատեսված է այդ ճանապահի 20 կիլոմետրանոց հատվածի հիմնանորոգումը։ Հասկանալի չէ, թե ինչու շատ վատ վիճակում գտնվող, հանրապետական նշանակության այդ ավտոճանապարհն ամբողջությամբ չի հիմնանորոգվելու, նորոգվելու է լոկ դրա մի մասը։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ