ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ ԿԱՄ ԱՆՁՆԱԿԱՆ ՎՐԵԺԽՆԴՐՈՒԹՅՈ՞ՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի «Ժողովրդավարություն» իշխանական խմբակցության ղեկավար Վարդգես Բաղրյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը, հայտարարեց, թե ինքը Ռ. Քոչարյանին քաղաքական բանտարկյալ է համարում: Ըստ պատգամավորի` Հայաստանի իշխանությունները կարող էին Քոչարյանին վերագրվող քրեական գործը քննել առանց նրան կալանքի տակ վերցնելու:

-Պարո՛ն Բաղրյան, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը եւ Արցախի երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը նախօրեին դիմել էին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին` մայիսի 9-ին ընդառաջ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով: Դատախազությունն էլ պատասխանել է, որ գործն արդեն գտնվում է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, ՀՀ դատախազությունը տվյալ քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը չէ, հետեւաբար այդ դիմումի քննարկումը ներկա փուլում դուրս է ՀՀ դատախազության լիազորությունների տիրույթից: Դուք ճի՞շտ եք համարում Սահակյանի եւ Ղուկասյանի միջամտությունն այս գործին:
-Ես կարծում եմ` ճիշտ են վարվել, երբ Արցախի երկու նախագահները դիմել են, քանի որ երկու նախագահներն էլ չէին կարող անտարբեր մնալ Արցախի առաջին նախագահի հետ կատարվող իրադարձություններին: Նամանավանդ հիմա, երբ գիտենք, թե ինչ վիճակ է ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի գործերի մասով, այլ ընդհանրապես արցախյան հակամարտության հետ կապված: Նախագահները չեն խնդրել, որ բաց թողնեն Քոչարյանին, ուղղակի խոսքը խափանման միջոցը փոխելու մասին է, առավել եւս, որ մայիսի 9-նն է, ու շատ նորմալ ու ճիշտ եմ համարում նրանց հորդորը, ցանկությունը, որպեսզի Արցախի բոլոր երեք նախագահները լինեն ժողովրդի հետ: Իրենք միասին ժողովրդի հետ պետք է լինեն Ստեփանակերտում եւ Շուշիում, նշեն եռատոնը, մասնավորապես` Շուշիի ազատագրման օրը, որին ամենաակտիվ մասնակցություն է ունեցել հենց նույն Ռոբերտ Քոչարյանը եւս: Այնպես որ, շատ բնական եմ համարում ու շատ տեղին:
-Տեղի՞ն եք համարում Ռ. Քոչարյանի խափանման միջոցը փոխելը: Արցախը փորձում է իր դիրքորոշմամբ ազդեցություն ունենալ Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա: Որքանո՞վ եք ճիշտ համարում նման հարցերին խառնվելը:
-Ես չեմ կարծում, որ Հայաստանի ներքին գործերին խառնվելու որեւէ միտում կա: Ի դեպ, ասեմ, որ առաջին կալանքի ժամանակ Արցախի մի խումբ պատգամավորներ այն ժամանակ էլ դիմել էին գլխավոր դատախազին, որպեսզի խափանման միջոցը փոխվի: Այսինքն` այն ժամանակ է՛լ, հիմա է՛լ երկու նախագահներն էլ այն կարծիքին են, որ Ռոբերտ Քոչարյանը, լինելով ազատության մեջ, որեւէ կերպ չի կարող խոչընդոտել քննությանը: Իսկ եթե կպարզվի, որ իրոք ինչ-ինչ հարցերում Քոչարյանը մեղավոր է եղել, պատասխանատվության կենթարկվի, բայց ես կարծում եմ ու օր-օրի դրանում ավելի եմ համոզվում, որ սա ուղղակի քաղաքական հետապնդում է, գուցե նաեւ ինչ-որ տեղ անձնական վրեժխնդրություն:
-Այսինքն` Ռոբերտ Քոչարյանին քաղբանտարկյա՞լ եք համարում:
-Այո, այո, իմ տպավորությունն այդպիսինն է, որովհետեւ որքան ես տեղյակ եմ, որքանով ես գիտեմ, որքանով որ հետեւում եմ այդ գործին, մարդուն, նախ, զրկել են ազատությունից, ու հետո` բաներ են փնտրում, որպեսզի կարողանան նրան մեղավոր ճանաչել, այնինչ սովորաբար պետք է լիներ հակառակը: Ես, իհարկե, իրավաբան չեմ, բայց կարծում եմ, որ ճիշտը դա է. նախ պետք է ապացուցեն մարդու մեղքը, որը նա գործել է, այնուհետեւ զրկեն ազատությունից:
-ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր մեկամյա գործունեությունը ամփոփելու ժամանակ հայտարարել է, որ եթե ԼՂՀ-ում «միջնորդում» են Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշումը փոխելու համար, ապա ինչու նույն հարցով չեն դիմում Մանվել Գրիգորյանի համար, քանի որ երկուսն էլ ազգային հերոսներ են, երկուսն էլ այժմ գտնվում են կալանքի տակ: Ինչո՞ւ նույն հարցով չեք դիմում ՀՀ իրավապահներին:
-Նրա գործն ուրիշ է, ես չեմ կարող հիմա թե՛ մեկի, թե՛ մյուսի պահով, այսպես ասած, վերջնական խոսք ասել: Խնդիրը նա չի, թե հերոս է կամ հերոս չի, հերոսն էլ պետք է պատասխան տա, եթե մեղք է գործում: Ես չգիտեմ, թե որքանով է ապացուցված Մանվել Գրիգորյանի մեղքը. եթե կա նման բան, ապա թող օրենքի առաջ պատասխանատվություն կրի: Իսկ դա վերաբերում է բոլորին, օրենքի առաջ հավասար են բոլորը: Իմ կարծիքով` այս ամենը տեղին չի, ես կարծում եմ, որ համեմատությունը տեղին չի նաեւ այն առումով, որ այն փաստերը, որոնք բերվում են Մանվել Գրիգորյանի դեպքում, ուրիշ են, իսկ Ռոբերտ Քոչարյանի դեպքում ես փաստեր չեմ տեսնում: Ես չեմ ուզում համեմատել երկու գործերը. այլ բան չեմ կարող ասել, քանի որ փաստերին, տեղեկատվությանը չեմ տիրապետում: Բայց սա իմ դիրքորոշումն է, որ պետք չէ երկու դեպքերը միմյանց հետ կապել ու համեմատել:

 

 

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ «ՓՈԽՎԵՑ»

Երեկ Ազգային ժողովը ամբողջությամբ ընդունեց «ՀՀ կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը. կողմ քվեարկեց 79 պատգամավոր, դեմ` 41, ձեռնպահ` 1:

Հատկանշական է, որ նախագծին ձեռնպահ քվեարկեց իշխող «Իմ քայլը» խմբակցությունից Սոֆյա Հովսեփյանը՝ տպավորություն ստեղծելով, թե հարկ եղած դեպքում ինքնուրույն է եւ կարող է չենթարկվել խմբակցության որոշումներին:
Քվեարկությունից առաջ ընդդիմադիր ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ու ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեցին, որ խմբակցությունները դեմ են քվեարկելու նախագծին: Բանն այն է, որ ընդդիմադիր խմբակցություներն իրենց տարբերակն էին առաջարկել, սակայն հայրենի կառավարությունը այն չընդունեց:
Իսկ ընդդիմադիրների մի հատվածը համարում է, որ կառավարությունը շարունակում է նախորդ իշխանությունների քաղաքականությունը` պահելով սուպերվարչապետությունը, որը, ըստ Էդմոն Մարուքյանի, «կարվել» էր Սերժ Սարգսյանի համար:
Արդեն ընդունված նախագծով` ՀՀ կառավարությունը կունենա հետեւյալ նախարարությունները.
Արտաքին գործերի նախարարություն
Պաշտպանության նախարարություն
Արտակարգ իրավիճակների նախարարություն
Արդարադատության նախարարություն
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
Կրթության, գիտության եւ մշակույթի նախարարություն
Բնապահպանության նախարարություն
Առողջապահության նախարարություն
Ֆինանսների նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 8-ին հայտարարել էր, որ Սփյուռքի նախարարության փոխարեն այսուհետ կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոն վարչապետի աշխատակազմում: Հանձնակատարը կլինի վարչապետի ներկայացուցիչը Սփյուռքի հետ հարաբերություններում եւ վարչապետի անունից կհամակարգի կառավարության աշխատանքները Սփյուռքի հետ հարաբերություններում:

Նյութերը` ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

 

ԲՈՒՆՏ` ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
Մեզ հասած տեղեկությունների համաձայն` օրերս ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը որոշման նախագիծ է ուղարկել դատավորներին, թե ստացվելիք հավելավճարներից 4 տոկոսը պատրաստում են պահել` փոխանցելով դեպարտամենտի հաշվին, հետագայում դատական համակարգի լավագույններին խրախուսելու նպատակով: Սակայն այս գրությունը դատավորներին դուր չի եկել, եւ վերջիններս բողոքել են, որ կառավարությունը գումարը իրենց է փոխանցում, ինչու պետք է դրանից պահումներ արվեն: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ առաջին դժգոհության ալիքը սկսվել է ՀՀ վճռաբեկ դատարանից, որից հետո շղթան ծավալվել է: Բոլոր դատավորներն էլ աղմուկ են բարձրացրել: Գագիկ Հարությունյանը, տեսնելով, որ բունտ է հասունանում, որոշել է հետ կանգնել այդ մտքից` ասելով, թե ինքը տեղյակ չի եղել, եւ դեպարտամենտի աշխատակիցներից մեկն է նման որոշման նախագիծ ներկայացրել, եւ ինքը նրան կպատժի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը փորձեց պարզել դատական դեպարտամենտից, որտեղից հորդորեցին նայել դատական դեպարտամենտի ապրիլի 22-ի հաղորդագրությունը, որտեղ նշվում է, որ կայացել է ԲԴԽ-ի նիստ, որի օրակարգային հարցերի թվում ԲԴԽ-ն անդրադարձել է պետական բյուջեով նախատեսված պարգեւատրումների, դրամական խրախուսանքների եւ հատուկ վճարների հատկացման խնդրին: «Խորհուրդը գտավ, որ նշված վճարների հաշվարկման հիմքում անհրաժեշտ է դնել «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով եւ ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 1515 որոշմամբ Բարձրագույն դատական խորհրդի եւ դատարանների համար առանձին տողով նախատեսված պարգեւատրումների, դրամական խրախուսանքների եւ հատուկ վճարների ֆոնդերի եւ յուրաքանչյուր աշխատակցի փաստացի աշխատավարձի հարաբերակցությունը»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ: Ըստ էության, այս նիստից հետո էլ դատավորների շրջանում հասունացել է դժգոհությունների ալիքը:

 

 

 

300 ՄԻԼԻՈՆԱՆՈՑ ՏԱՂԱՎԱՐ
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը նախագիծ է մշակել` «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ին գումար նվիրաբերելու մասին: Խոսքը 300 մլն դրամի մասին է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նշված գումարով կկառուցվի լրատվական ծառայության նոր մասնաշենք: Այսպես, նախատեսվում է ընկերության լրատվական մասնաշենքին կից կառուցել մինչեւ 500 քմ մակերեսով նոր տաղավար, որտեղ կիրականացվեն լրատվական ծառայության թողարկումները եւ այլ հաղորդումներ, իսկ նախկին տաղավարը կտրամադրվի առցանց ալիքին, որն արդեն հագեցած է տեխնիկայով:




Լրահոս