Լուսանկարն արվել է Հաղթանակի կամրջի վրա
Ոստիկաններն իրենց ծառայության ընթացքում նաեւ մեքենա են հրում, ինչը, իհարկե, ծառայողի պարտականությունների մեջ չի մտնում: Նրանք ընդամենը մարդասիրական մոտեցում են ցուցաբերել:
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ` վայրի կենդանիների` 3-րդ երկիր արտահանման դեպքում թույլտվություն կամ լիցենզիա պահանջվո՞ւմ է արդյոք:
Սիրանույշ Մելքոնյան
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ՀՀ կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի «ՀՀ մաքսային տարածքով փոխադրման համար արգելված եւ սահմանափակումների ենթակա որոշ ապրանքների ցանկերը, ապրանքների արտահանման եւ ներմուծման լիցենզիայի եւ հայտի ձեւերը հաստատելու, որոշ ապրանքների արտահանման եւ ներմուծման լիցենզիաների տրամադրման առանձնահատկությունները սահմանելու եւ ՀՀ Կառավարության 2007 թվականի մարտի 15-ի N327-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N90-Ն որոշման համաձայն` վայրի կենդանիները, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է արտահանման դեպքում, ներառված են ՀՀ կողմից երրորդ երկրների հետ առեւտրի դեպքում սահմանափակումների ենթակա ապրանքախմբերի ցանկի մեջ:
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այս ապրանքների արտահանման համար լիցենզավորման գործընթացը համակարգող լիազոր պետական համակարգող մարմինը ՀՀ բնապահպանության նախարարությունն է:
ՀԱՐՑ. Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ որդեգրման գրանցման համար, ի՞նչ ժամկետում է կատարվում որդեգրումը:
Նարինե Սահակյան (46 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ որդեգրման պետական գրանցումն իրականացնելու համար անհրաժեշտ է.
1) որդեգրողների /որդեգրողի/ կամ նրանց կողմից լիազորված անձի գրավոր դիմումը,
2) որդեգրման մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռը,
3) որդեգրողների /որդեգրողի/ անձը հաստատող փաստաթղթերը,
4) որդեգրողների ամուսնության վկայականը,
5) որդեգրվողի ծննդյան վկայականը:
Միաժամանակ հայտնում ենք, որ որդեգրման պետական գրանցումը կատարվում է ՔԿԱԳ մարմին դիմումը ներկայացնելու օրը: Այն դեպքում, երբ որդեգրվող երեխայի ծննդյան ակտային գրանցումը գտնվում է մեկ այլ ՔԿԱԳ մարմնում, որդեգրումը գրանցող ՔԿԱԳ մարմինը մեկօրյա ժամկետում հարցում է կատարում ծննդի գրանցման վայրի ՔԿԱԳ մարմին` ակտային գրանցման պատճենը ստանալու համար: Այդ փաստաթուղթը ստանալուց հետո այն ուսումնասիրվում է ՔԿԱԳ մարմնի կողմից (կա՞ն արդյոք այլ նշումներ` որդեգրման, չեղյալ համարելու եւ այլն), որից հետո` մեկօրյա ժամկետում, կատարվում է որդեգրման գրանցում:
ՀՀ արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նորածին երեխա որդեգրած կինն ունի Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված հետծննդյան արձակուրդի եւ սահմանված այլ արտոնությունների իրավունք: Ի դեպ, որդեգրվածներն իրենց ծնողների (ազգականների) նկատմամբ կորցնում են անձնական ոչ գույքային եւ գույքային իրավունքները եւ ազատվում են պարտականություններից: