Ռոբերտ Քոչարյանի դատավարությունն ընթանում է աննախադեպ իրավիճակում: Արցախի ներկա ու նախկին նախագահները` Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը, երեկ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու եւ նրան ազատ արձակելու միջնորդություն են ներկայացրել դատարան` երաշխավորելով, որ «կալանավորումը դադարեցնելու դեպքում վերջինս կդրսեւորի պատշաճ վարքագիծ, չի խոչընդոտի գործի քննությանը, չի խուսափի վարույթն իրականացնող մարմնին ներկայանալուց եւ չի կատարի քրեական օրենսգրքով չթույլատրվող արարք»: Սա, թերեւս, աննախադեպ իրավիճակ է, քանի որ ԼՂ նախկին ու ներկա իշխանությունները նախկինում երբեւէ չէին փորձել նման քայլի գնալ: Ա.Ղուկասյանն ու Բ. Սահակյանը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, առաջին իսկ դատական նիստին կներկայանան դատարան` անձամբ պնդելու երաշխավորությունը: Հետաքրքիրն այն է, որ սա Ա. Ղուկասյանի ու Բ. Սահակյանի` Քոչարյանին ազատ արձակելուն ուղղված առաջին դիմումը չէ. մայիսյան եռատոնից առաջ էլ նրանք դիմել էին դատախազություն` խնդրելով թույլ տալ Քոչարյանին այդ օրը ներկա գտնվել Ստեփանակերտում անցկացվելիք տոնակատարություններին: Դատախազությունն էլ, մեկնաբանելով, որ այդ խնդրի լուծումն իր իրավասության սահմաններում չէ, ըստ էության, գերադասեց լղոզել հարցը, իսկ Քոչարյանը մնաց անազատության մեջ: Այն ժամանակ Ղարաբաղի նախկին ու ներկա նախագահների պահվածքը մեկնաբանվեց որպես գործընկերության սկզբունքի դրսեւորում, երբ ցանկանում էին մայիսյան տոներին իրենց կողքին տեսնել նաեւ Արցախի նախկին նախագահ Քոչարյանին: Բայց երեկվա դիմումը նշանակում է, որ նրանք գնում են ՀՀ իշխանությունների հետ առճակատման ճանապարհով: Համենայնդեպս, շատ-շատերի կողմից կատարվածն այդպես է ընկալվում` հաշվի առնելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` վերջին ասուլիսում հնչեցրած գնահատականները. «Ղարաբաղի իշխանությունները Հայաստանի գործերին միջամտելու հնարավորություն չունեն… Եթե նրանց թվում է, որ Մանվել Գրիգորյանին մեղսագրված արարքն ավելի ծանր է, քան Ռոբերտ Քոչարյանինը, չափազանց սխալվում են: Քոչարյանին մեղսագրվող արարքը շատ ավելի ծանր է»:
Ինչեւէ, հիմա որոշում կայացնելու հերթը դատարանինն է. կողմերի դիրքորոշումը լսելուց հետո դատարանը պետք է որոշի, թե ինչպես վարվի այս հարցում: ՈՒ նկատենք, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի համար այս առումով այնքան էլ հաճելի իրավիճակ չի ստեղծվել: Բայց ինչ էլ լինի, ՀՀ ներքին խնդիրները չպետք է որեւէ կերպ ազդեցություն ունենան երկու հայկական պետությունների հարաբերություններում:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` «թավշյա հեղափոխությունը» չի շրջանցել Հայ հեղափոխական դաշնակցության նոր ձեւավորված Գերագույն մարմինը: Ըստ մեր տեղեկությունների` ԳՄ-ականները որոշել են այլեւս առճակատման չգնալ ներկայիս իշխանությունների հետ, քանի որ, ըստ իրենց, ժողովուրդը շարունակում է «երկու ձեռքով» սատարել ներկայիս իշխանություններին, ու անիմաստ է տարբեր հայտարարությունների միջոցով վատաբանել իշխանությունների վարած քաղաքականությունը` այդկերպ հանրությանը տրամադրելով հենց ՀՅԴ-ականների դեմ: ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Տարոն Տոնոյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց. «Ես կարծում եմ, որ այդ հակահեղափոխական ճանապարհով ով էլ որ ուզենա գնա, ինքը կտապալվի»: Նա չբացառեց, որ առաջիկայում ՀՅԴ-ն այս կապակցությամբ հայտարարությամբ հանդես գա. «Ես արդեն ԳՄ-ում առաջարկել եմ կոչով հանդես գալ, քննարկման փուլում է հարցը, կարծում եմ` առաջիկայում ամեն ինչ ավելի կհստակեցվի»:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը վերջերս դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նա տեղեկացրեց, որ ուշագրավ փաստեր են բացահայտվել զինծառայողներին հաշմանդամության կարգ տալ-չտալու վերաբերյալ: «Խոսքը որոշակի թվով զինծառայողների մասին է, որոնց գործերը վերանայվել են, եւ վերանայման արդյունքում նրանցից մի քանիսը ուղղակի զրկվել են հաշմանդամութունից, իսկ մի մասի հաշմանդամության խումբը իջեցվել է: Եւ սա քանի որ կապված է եղել բնակարանների տրամադրման եւ հերթագրման հետ, մենք խնդրել ենք, դիմել ենք դատախազությանը, որպեսզի պարզի, թե արդյոք այս գործընթացը իրավաչափ էր, եւ, առհասարակ, այդ խմբերի վերանայումը իրավաչափ է իրականացվել»,- ասել է նա: Այլ կերպ ասած, եղել են մարդիկ, որ, հանուն ինչ-ինչ շահերի, պարզապես մարդկանց զրկել են արտոնությունից:
ՀՀ պետական պարտքն այս տարվա ապրիլի 30-ի դրությամբ կազմել է 6 մլրդ 899.4 մլն դոլար, որից 4 մլրդ 919.4 մլն դոլարը կառավարության արտաքին պարտքն է: Նկատենք, որ, տարեսկզբի համեմատ, զգալի նվազել է եւ ՀՀ պետական պարտքը, այդ թվում՝ կառավարության արտաքին պարտքը: Բայց ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած հաշվետվությունն ուշագրավ է մեկ այլ առումով. Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնեց 2018թ. մայիսի 8-ին` նախկիններից որպես «ժառանգություն» ստանալով 6 մլրդ 867.5 մլն դոլար պետական պարտք, որից 4 մլրդ 927.8 մլն դոլարը ՀՀ կառավարության արտաքին պարտքն էր: Ու, փաստորեն, մեկ տարի անց պետք է արձանագրենք, որ ՀՀ կառավարության արտաքին պարտքը զգալի նվազել է՝ 8.4մլն դոլարով: Սա, թերեւս, պատահական չէ, քանի որ կառավարությունը վարում է պարտքի նվազեցման քաղաքականություն, իսկ եթե, այնուամենայնիվ, վարկային միջոցներ է ներգրավում, ապա դրանք ծախսում է` ըստ անհրաժեշտության, այլ ոչ թե նախկինների նման գրպանում է:
ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Գաղտնիք չէ, որ Ադրբեջանն առիթը բաց չի թողնում ամենատարբեր հարթակներում քննարկման առարկա դարձնելու արցախյան հիմնահարցը եւ ցանկացած միջազգային կառույցում քննարկվող փաստաթղթերում մտցնել իրեն ձեռնտու ձեւակերպումներ հակամարտության վերաբերյալ: Ձեռնտու ձեւակերպումն էլ, ինքներդ եք հասկանում, տարածքային ամբողջականության պահպանման թեզի շրջանակներում է, իսկ եթե կարողանում են, նաեւ փորձում են ավելացնել «գրավյալ տարածքները վերադարձնելու» միտքը:
Նման փորձեր Ադրբեջանն արել է վերջին օրերին Բրյուսելում Արեւելյան գործընկերության տասնամյակին նվիրված հանդիսավոր հավաքի շրջանակներում: Բայց քանի որ այս անգամ նրանց չի հաջողվել ցանկալի արդյունք գրանցել, վերջում տապալել են ողջ միջոցառումը: Բանն այն է, որ գագաթնաժողովի ավարտին Եվրամիության ու ծրագրի անդամ վեց երկրների արտգործնախարարներին այդպես էլ չի հաջողվել միասնական փաստաթուղթ ընդունել. Բաքուն հրաժարվել է ստորագրել հռչակագիրը, քանի որ տեքստում որեւէ հիշատակում չի եղել Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին: Նախորդ տարիներին ընդունված փաստաթղթերում այդ դրույթը հիշատակվել է, սակայն այս անգամ եվրոպացի առաջնորդները մերժել են Բաքվի պահանջն ու փաստաթուղթը թողել այնպես, ինչպես իրենք էին նախատեսել: Ու հիմա, փաստորեն, Արեւելյան գործընկերության ծրագրի տասը տարվա պատմության մեջ առաջին անգամ ամփոփիչ հայտարարությունը ընդունվել է ոչ թե հավաքի բոլոր մասնակիցների, այլ միայն Եվրամիության արտգործնախարար Ֆեդերիկա Մոգերինիի անունից:
Նախորդ տարիներին, ինքներդ եք հասկանում, միջազգային հանրությունն առանձնապես հաշվի չի նստել մյուս կողմի՝ Հայաստանի հետ եւ համաձայնել է ընդառաջել Ադրբեջանի քմահաճույքներին: Սա` միանգամայն հասկանալի պատճառներով. ՀՀ նախկին իշխանությունները չունեին լեգիտիմություն, ընդհակառակը՝ ունեին ընտրակեղծիքով իշխանության գլխին հայտնված, կոռումպացված վարչակարգի համարում.միջազգային կառույցներին հեշտ էր նրանց նկատմամբ ճնշումներ գործադրելը, ցանկալի զիջումներ կորզելը:
Թավշյա հեղափոխությունից հետո, սակայն, իրավիճակ է փոխվել, եւ Հայաստանը միջազգային հանրությանը ներկայանում է միանգամայն լեգիտիմ, ժողովրդի կողմից ընտրված իշխանության տեսքով, եւ ՀՀ վարկանիշն իրոք չափազանց բարձր է: Ու Հայաստանի ֆոնին հիմա ավելի է ընդգծվում Ադրբեջանի իշխանությունների կոռումպացված, ոչ ժողովրդավարական բնույթը: Այնպես որ, այս առումով պատահական չէր, որ միջազգային հանրությունը ՀՀ-ին չնեղացնելու համար գերադասել է չընդառաջել Ադրբեջանի պահանջներին, թեկուզ եւ նախատեսված սցենարից շեղվելու գնով: