ՀԱԿԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՀԱՆՈՒՆ ԱՆՁԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահի եւ ԱԺ մեծամասնության միջեւ եւս մեկ դիմակայություն է սպասվում: Նախագահ Արմեն Սարգսյանը ՍԴ անդամի թափուր տեղի համար խորհրդարան է ներկայացրել ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի պետության եւ իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Վաղարշյանի թեկնածությունը: Ու սա այն դեպքում, երբ խորհրդարանական մեծամասնությունը ցանկանում է այդ պաշտոնում տեսնել միայն փաստաբան Վահե Գրիգորյանին՝ ՄԻԵԴ-ում «Մարտի 1»-ի գործով տուժածների ներկայացուցչին: Ավելին, ԱԺ իշխող մեծամասնությունը ոչ մեկ անգամ է ուղղակի եւ անուղղակի հասկացրել, որ ուրիշ ում թեկնածությունն էլ ներկայացնի նախագահը, իրենք, միեւնույնն է, մերժելու են: ՈՒ չնայած Վահե Գրիգորյանն այս անգամ եղել է նախագահի կողմից ՍԴ դատավորի թափուր պաշտոնի համար նախագահի ներկայացնելիք հավակնորդների թվում, սակայն Արմեն Սարգսյանը նախապատվությունն այլ մարդու է տվել` այդպես հակադրվելով խորհրդարանական մեծամասնությանը: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ` «Իմ քայլը» խմբակցությունում այս հարցը թեեւ դեռ չի քննարկվել, սակայն նրանք հակված են առաջիկայում դեմ քվեարկել նաեւ Վաղարշյանին, ինչպես վերջին անգամ դեմ էին եղել Գոռ Հովհաննիսյանի թեկնածությանը:
Չի բացառվում նաեւ, որ այս քայլով Արմեն Սարգսյանը փորձում է իր վրայից գցել պատասխանատվությունը. քաջ իմանալով, որ, միեւնույնն է, Վաղարշյանին ԱԺ-ն չի ընտրելու, ներկայացնում է նրան, որպեսզի երկրորդ անգամ մերժվելուց հետո հանգիստ ներկայացնի արդեն Վահե Գրիգորյանի թեկնածությունը: Մինչ այդ մեկ փաստ էլ. ամեն դեպքում անհասկանալի է իշխող մեծամասնության պահվածքը, երբ որոշել են այդ պաշտոնում ամեն գնով նշանակել կոնկրետ անձի, եւ հանուն նրա, ըստ էության, երկրորդ անգամ կարժեզրկվի խորհրդարանական ինստիտուտը: Եւ այստեղ հարց է առաջանում՝ արդյոք Վահե Գրիգորյանն այդքան արժե:

 

 

 

Ինչպես հայտնի է, ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, այժմ քրեական գործով մեղադրյալ Միհրան Պողոսյանը, որին հետախուզում էր հայտարարվել, հայտնաբերվել է ՌԴ-ում ու ձերբակալվել: Պողոսյանը դիմել է Ռուսաստանի իշխանություններին քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` ՀՀ իրավապահ մարմիններին բանավոր կերպով հայտնել են, որ, ամենայն հավանականությամբ, նրան կարտահանձնեն: Բանն այն է, որ ուսումնասիրելով ՀՀ իրավապահ համակարգի միջնորդությունը` ռուս իրավապահներն արձանագրել են, որ նա քաղաքական հետապնդման չի ենթարկվում, այլ իրավական գործընթաց է ընթանում: Իսկ մինչ այդ, ըստ մեզ հասած տեղեկությունների, ՀՔԾ-ում այս օրերին հարցաքննության են հրավիրում ԴԱՀԿ-ում Միհրան Պողոսյանի նախկին տեղակալներին, ԴԱՀԿ աշխատակիցներին եւ վերջիններիս կոնկրետ հարցեր ուղղում ԴԱՀԿ-ում ծախսված գումարների ծագումնաբանության ու նպատակների մասին:

 

 

 

Ավելի քան երեք ամիս անց, ի վերջո, Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը նոր ղեկավար ունի` Վիգեն Ավետիսյանը: Վերջինս, սակայն, պատահական անձ չէ: Ավետիսյանը ՀՀ բնապահպանության նախարարության հնաբնակներից է, նա 2002 թվականից աշխատել է նախարարությունում` զբաղեցնելով տարբեր պատասխանատու պաշտոններ: Ուշագրավ է, որ նոր իշխանությունները Վիգեն Ավետիսյանին նշանակել են այս պաշտոնին այն դեպքում, երբ նա համարվում է բնապահպանության նախկին նախարար, այժմ առանձնապես մեծ չափերի կաշառք վերցնելու համար մեղադրվող ու հետախուզման մեջ գտվող Արամ Հարությունյանի` Բուկլու «մարդը»: Ու այս առումով կառավարության կադրային մոտեցումը, մեղմ ասած, տարօրինակ է: Հիշեցնենք` թավշյա հեղափոխությունից հետո տեսչական մարմնի ղեկավար նշանակվեց բնապահպան ակտիվիստ Արթուր Գրիգորյանը, որն էլ անակնկալ ձեւով ազատվեց աշխատանքից: Ըստ որոշ տեղեկությունների` նրա պաշտոնավարումը բնապահպանության նախարար էրիկ Գրիգորյանի սրտով չի եղել։ Ավելին` կառավարության, նաեւ նախարարության վերին օղակներին դուր չի եկել Գրիգորյանի գործելաոճը: Պարզվում է` Էրիկ Գրիգորյանը կարողացել է այնպիսի պետական պաշտոնյա գտնել, որին կկարողանա հեշտ ղեկավարել:

 

 

 

Մայիսի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Գեղարքունիքի մարզ` Գավառում կազմակերպված ««Իմ քայլը»` հանուն Գեղարքունիքի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովին մասնակցելու համար: Համաժողովից հետո տեղի էր ունեցել ցուցահանդես, որտեղ, չգիտես ինչու, որոշվել է ՀՀ վարչապետին, ողջ աշխարհից եկած հյուրերին ներկայացնել նաեւ քրեական աշխարհում սիմվոլ հանդիսացող նշաններից մեկը՝ ութանկյունը: Արդեն մի քանի օր է՝ «Ժողովուրդ» օրաթերթը բազմաթիվ բողոքներ է ստանում մարզի բնակիչներից: Մարդիկ դժգոհ են այն հանգամանքից, որ մարզում անուղղակի կերպով «գողական» բարքեր են քարոզվում: Գեղարքունիքի մարզպետը որեւէ կերպ չարձագանքեց մեր հեռախոսազանգերին, իսկ մարզպետի օգնական Նարեկ Մանուկյանը հայտարարեց, որ այն ներկայացրել են Ճամբարակի ռոբոտաշինության խմբակի երեխաները, որը, ըստ օգնականի, այդքան էլ արտառոց երեւույթ չէ:

 

 

 

 

ՈՒՇԱՑԱԾ ԱՌԱՋԱՐԿ
Ռոբերտ Քոչարյանի որդին` Լեւոն Քոչարյանը, որ այս օրերին մասնակցում է հոր դատավարությանը, երեկ պատրաստակամություն է հայտնել հանդիպելու մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներից Սարգիս Քլոյանի հետ: Սա այն բանից հետո, երբ նախօրեին Սարգիս Քլոյանը՝ մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը, լրագրողների հետ զրույցում ասել էր, թե ինքը Ռ.Քոչարյանին միայն մեկ հարց ունի. «Աստված պահի քո բալին, ո՞նց էր համը իմ ձագի»:
Եւ, ահա, Լեւոն Քոչարյանը արձագանքել է` ասելով, որ մարտի 1-ի զոհերի հարազատներին մոլորեցրել են, ու որ իր հայրը կապ չունի սպանությունների հետ: «Տասը տարի է՝ մարդիկ քաղաքական դիվիդենտներ են քաղել էս մարդկանց վշտի վրա։ Հիմա ինչ-որ մեղադրանք տեսնո՞ւմ եք սպանությունների հետ կապված, հրահանգի հետ կապված»,- ասել է նա։
Եթե անկեղծ, ապա նկատենք՝ մարտի 1-ի զոհերի հարազատների հետ հանդիպելու մասին Լեւոն Քոչարյանի հայտարարությունն ուշացած է, շատ ուշացած: Ի վերջո, այդ ողբերգությունից անցել է ավելի քան տասնմեկ տարի, եւ այդ ողջ ընթացքը լիուլի բավարար էր, որպեսզի Քոչարյանները նման նախաձեռնությամբ հանդես գային, մանավանդ որ կատարվածի առաջին իսկ օրերից, որպես մարտի 1-ի պատասխանատու, մշտապես մատնանշվել է Ռոբերտ Քոչարյանի անունը: Մարտի 1-ի զոհերի հարազատները, այդ թվում՝ Քլոյանը, մեկ անգամ չէ, որ ուղիղ տեսքով մեղադրանքները հենց նրան են ուղղել: Այնպես որ, Քոչարյանները կարող էին ավելի վաղ հանդիպում կազմակերպել մարտի 1-ի զոհերի հարազատների հետ` փարատելու համար կասկածները:
Կարող էին կազմակերպել թեկուզ հենց այն ժամանակ, երբ մարտի 1-ի զոհերի հարազատները տարիներ առաջ միահամուռ կերպով աջակցեցին 7-ի գործով անցնող քաղբանտարկյալներին՝ այն ժամանակ ընդդիմադիր գործիչներին: Հիշում եք, նախկին իշխանությունները մարտի 1-ի ողջ պատասխանատվությունը, այդ թվում՝ սպանությունների մեղավորությունը, փորձում էին բարդել այն ժամանակ ընդդիմության հիմնական դերակատարների վրա: Բայց 7 գործով առաջին իսկ դատավարության ժամանակ, հետո նաեւ Նիկոլ Փաշինյանի դատերին մարտի 1-ի զոհերի հարազատները կանգնեցին քաղբանտարկյալների կողքին: Ասում են` դատական պրակտիկայում սա չլսված բան էր, երբ տուժողի իրավահաջորդները պաշտպանում էին «մեղադրյալներին»:
Ինչեւէ, այս առումով պատահական չէր երեկ Սարգիս Քլոյանի պատասխանը Քոչարյանի որդուն. «Տասնմեկ տարվա մեջ մեկ անգամ քո պապան ցավակցե՞լ է մեզ, իմացե՞լ է` մենք ոնց ենք ապրում… Ես մարտի մեկի ցույցի մասնակից եմ եղել, Լեւոն Քոչարյան, ես ամեն ինչ տեսել եմ իմ աչքով, մեզ ոչ մեկն էլ չի շահարկում։ Ընդհակառակը` մենք ենք բողոքում»:




Լրահոս