ԴԱՀԿ ՆԱԽԿԻՆ ՊԵՏԻՆ ԿԱՐՏԱՀԱՆՁՆԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, ապրիլի 13-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործով որպես մեղադրյալ էր ներգրավվել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը: Վերջինս, ըստ նախաքննական մարմնի, 2008թ. հունիսի 11-ից զբաղեցնելով ՀՀ դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնը, իր անձնական անվտանգությունն ապահովող անձին նշանակել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության կենտրոնական մարմնի հարկադիր կատարման օպերատիվ բաժնի առաջին կարգի խորհրդատուի, իսկ անձնական վարորդին` նույն բաժնի առաջատար խորհրդատուի պաշտոնին: Նրանք աշխատանքի չեն հաճախել, այլ կատարել են Միհրան Պողոսյանի անձնական բնույթի հանձնարարությունները եւ ստացել են աշխատավարձ եւ դրան հավասարեցված վճարումներ` ընդհանուր 44.199.463 ՀՀ դրամի չափով:

Ավելին` 2011թ.-ին Միհրան Պողոսյանը օտարերկրյա քաղաքացիների միջոցով Պանամայի Հանրապետությունում հիմնադրել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող ընկերությունները…. Այնուհետեւ Միհրան Պողոսյանը վստահված անձանց միջոցով մասնակցել է Պանամայի օֆշորային գոտում գրանցված վերոհիշյալ կազմակերպությունների կառավարմանը, ինչի արդյունքում վերջիններս Հայաստանում հիմնադրել են այլ ընկերություններ, այդ թվում` «Բեսթ ռեալթի» ՍՊԸ-ն:
2014թ. ապրիլի 17-ին իր կողմից կառավարվող «Բեսթ ռեալթի» ՍՊ ընկերության հետ կնքել է անշարժ եւ շարժական գույքի գնահատման պայմանագիր, որի հիման վրա ՀՀ պետական բյուջեի` հարկադիր կատարման ծառայությանը հատկացված միջոցներից վերոհիշյալ ժամանակահատվածում նշված կազմակերպությանը վճարվել է 43.890.000 ՀՀ դրամ գումար:
Միհրան Պողոսյանը 2011-2016 թթ.-ի ընթացքում իրեն վստահված պետական միջոցներով ԴԱՀԿ ծառայության կարիքների համար նախատեսված գնման գործընթացում իր կողմից 1997թ.-ին հիմնադրված, այնուհետեւ իբրեւ այլ կազմակերպությանը վաճառված, սակայն փաստացի իր կողմից կառավարվող, առեւտրային գործունեություն իրականացնող «Քեթրին գրուպ» ՍՊ ընկերությունից ձեռք է բերել ընդհանուր 211.158.000 ՀՀ դրամ արժողությամբ 32 հատ «Բիդ» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից 20 հատը` նույն ժամանակահատվածում իրական իրացման արժեքից շուրջ 20.000.000 ՀՀ դրամ ավելի բարձր գնով, ինչի հետեւանքով պետության օրինական շահերին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս, որն առաջացրել է ծանր հետեւանքներ:
Մինչ Մ.Պողոսյանի դեմ քրեական գործ էր նախապատրաստվում, նա հասցրել է լքել ՀՀ-ն: Արդեն որպես մեղադրյալ նրան հետախուզում էին հայտարարել: Պողոսյանը հայտնաբերվել է ՌԴ-ում, որտեղ եւ ձերբակալվել է: Հիմա Միհրան Պողոսյանը դիմել է քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով:
Միաժամանակ ՀՀ իշխանություններն արտահանձնման միջնորդություն են ներկայացրել ռուս իրավապահներին: Անցել է 20 օր, եւ դեռեւս որոշումից որեւէ տեղեկություն չկա, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն, ՀՀ իրավապահ մարմիններին բանավոր կերպով հայտնել են, որ, ամենայն հավանականությամբ, Միհրան Պողոսյանին կհանձնեն, քանի որ, ուսումնասիրելով ՀՀ իրավապահ համակարգի միջնորդությունը, արձանագրել են, որ նա քաղաքական հետապնդման չի ենթարկվում, այլ իրավական գործընթաց է ընթանում: Թե ինչ որոշում կլինի, սպասենք զարգացումներին:
Իսկ ի՞նչ է կատարվում ՀՔԾ-ում այս օրերին Միհրան Պողոսյանի մասով հարուցված քրեական գործով:
Ըստ մեզ հասած տեղեկությունների` նախաքննական մարմինն այս օրերին հարցաքննության է հրավիրում ԴԱՀԿ-ում Միհրան Պողոսյանի նախկին տեղակալներին, ԴԱՀԿ աշխատակիցներին եւ վերջիններիս կոնկրետ հարցեր ողղում: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` ՀՔԾ քննիչները ԴԱՀԿ նախկին աշխատակիցներից հետաքրքրվում են, թե, օրինակ, իրենց աշխատասենյակը ինչ միջոցներով է վերանորոգվել: ԴԱՀԿ նախկին աշխատակիցները պատասխանում են, որ բացառապես իրենց միջոցներով են վերանորոգել: Քննիչը հարց է տվել, թե ինչքան գումար են ծախսել, ԴԱՀԿ նախկին աշխատակիցները տարբեր գումարների չափ են նշել: Հարցաքննության ընթացքում ՀՔԾ քննիչը ԴԱՀԿ նախկին աշխատակիցներին հայտնել է, որ նրանք այլ բան են ասում, բայց այլ բան է ներկայացված թղթերով: Մասնավորապես, քննիչը ԴԱՀԿ նախկին աշխատակիցներին հայտնել է, որ չնայած նրանք պնդում են, թե աշխատասենյակը սեփական միջոցներով են վերանորոգել, սակայն ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը թուղթ է դուրս գրել, թե ԴԱՀԿ աշխատակիցների սենյակը վերանորոգելու համար, օրինակ, 35 միլիոն դրամ են ծախսել պետական միջոցներից:
Ասել է թե` նախաքննական մարմինը հիմա այն հետքի վրա է, որ ԴԱՀԿ նախկին աշխատակիցները իրենց սեփական միջոցներով են աշխատասենյակները վերանորոգել, սակայն Միհրան Պողոսյանը ցույց է տվել, որ դա արվել է պետական միջոցների հաշվին, իսկ դուրս գրված գումարները մեջ-մեջ են արել:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ
ՀՀ նախագահին դիմած ՍԴ դատավորի 9 թեկնածու է եղել: Թեկնածուների թվում էին Հովհաննես Հովհաննիսյանը, Մարտին Մանուկյանը, Արմեն Ներսիսյանը, Կարեն Կարապետյանը, իշխանության ֆավորիտ Վահե Գրիգորյանը: Սակայն երեկ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Ազգային ժողովին ներկայացրեց ոչ թե Վահե Գրիգորյանին, որ համարվում է իշխանությունների համար ցանկալի, այլ իր թեկնածուին՝ Արթուր Վաղարշյանին, մինչդեռ շատերը սպասում էին, որ ԱԺ-ում հերթական թեկնածուի տապալումից հետո Սարգսյանն, ի վերջո, կներկայացնի իշխանությունների համար ցանկալի Վահե Գրիգորյանին:
Ինչեւէ, Արթուր Վաղարշյանը ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի Պետության եւ իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչն է, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր: Հիշեցնենք, որ մինչ այդ ներկայացված թեկնածուներից 3-ը՝ Էմիլ Բաբայանը, Վահե Գրիգորյանը եւ Գոռ Հովհաննիսյանը, մերժվել են:
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Արթուր Վաղարշյանի հետ:
-Պարո՛ն Վաղարշյան, ՀՀ նախագահը 9 թեկնածուներից Ձեզ ընտրեց Ձեր ո՞ր արժանիքի համար:
-Դուք երեւի մտնենք համալսարանի կայքէջը եւ նայեք իմ կենսագրությունը, գիտական գործունեությունը, եւ, կարծում եմ, Ձեզ համար պարզ կլինի:
-9 թեկնածու կար, ինչո՞ւ հենց Դուք:
-Անցած տարի այս ժամանակ հայտարարված….երկրորդ մրցույթին չեմ մասնակցել, իսկ երրորդին որոշեցի մասնակցել: 9 թեկնածուներից բոլորի հետ նախագահը առանձին հանդիպել է եւ արդյունքում եկել է այդ որոշմանն է հանգել: Ինձ թվում է` ավելի շատ նախագահին պետք է այդ հարցը ուղղել, թե ինչու է հենց ինձ ընտրել:
-Մինչ այդ երեք թեկնածուները չեն արժանացել Ազգային ժողովի հավանությանը կամ, այսպես ասած, համապատասխան ձայներ չեն հավաքել, որ ընտրվեն ՍԴ դատավոր, Դուք ինչպե՞ս եք Ձեր հնարավորությունները գնահատում:
-Հիսուն-հիսուն եմ գնահատում: Ձեզ Ասեմ` երբ որոշեցի մասնակցել, ես համոզված չէի, որ եթե նախագահը ինձ առաջադրի, ես կանցնեմ: Ամեն դեպքում, ես չեմ մտածում` եթե քաղաքական մեծամասնութունը ինձ չընտրի, դրա մեջ ողբերգություն կա. դա ավելի շատ իրենց պրոբլեմն է, քան իմ պրոբլեմը, քանի որ ես էությամբ այնպիսի մարդ եմ, երբեք չէի հավակնի ինչ-որ մի բանի, եթե զգայի, որ այդ պաշտոնի համար նախադրյալներ չունեմ:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 

 

 

ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ
Մայիսի 20-24-ը Ադրբեջանում այդ երկրի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովի ղեկավարությամբ տեղի կունենան լայնածավալ օպերատիվ-տակտիկական զորավարժություններ` զորքերի տարբեր տեսակների ներգրավվածությամբ: Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի` զորավարժությունների գլխավոր թեման հակառակորդի հարձակման հետմղումն է գիշերային ժամերին, հակահարվածներն ու հակահարձակման անցնելը: Հատկանշական է, որ վերջին շրջանում ադրբեջանական զորավարժությունների ինտենսիվացմանը զուգահեռ որոշակիորեն աճել է լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին ու շփման գծում: Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների` վերջին մեկ տարվա ընթացում տեղի ունեցած հանդիպումների ու պայմանավորվածությունների արդյունքում լարվածությունը կտրուկ նվազել էր: Շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճի խնդիրը Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները քննարկել են Բրյուսելում մայիսի 13-ին տեղի ունեցած կարճ զրույցի ժամանակ:

 

 

 

 

ՇԱՐԺԱԿԱՆ ՇՈՒԿԱՆԵՐ
Երեւանի քաղաքապետարանը պատրաստվում է թեթեւ կառուցվածքով շարժական շուկաներ կառուցել փողոցային առեւտրով զբաղվող մարդկանց տրամադրելու համար: «Հիմա առեւտրային որոշակի գոտիներ են մշակվում Երեւանում, հենց երեկ էր առեւտրի վարչության պետը եկել, եւ արդեն պիտի պատրաստվեն սեղանիկները շատ պարզ ծածկով եւ հավաքովի, որ կարողանան տեղից տեղ տեղափոխել ու կամաց-կամաց կարողանանք տեղավորել շքամուտքերում եւ դալաններում միրգ ու բանջարաղեն վաճառողներին»,- տեղեկացրել է Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը: Նա համոզված է, որ փողոցային առեւտուրն արգելելուց առաջ մարդկանց պետք է այլընտրանք առաջարկվի: Միեւնույն ժամանակ նա համոզմունք է հայտնել, որ փողոցային առեւտուրը հարյուր տոկոսով վերացնել հնարավոր չէ աշխարհի եւ ոչ մի երկրում:

 

 

 

ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԱԶԵԼ Է
ՀՀ-ում կոնտրաֆակտային գինու արտադրությունը կտրուկ նվազել է. այս մասին ասել է Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավակ Հարությունյանը: Փորձագետը մասնավորապես նշել է, որ 2018-ի ապրիլ-մայիսից հետո ուժեղացել է հարկային ծառայության վերահսկողությունը, այդ թվում` ալկոհոլի շրջանառության նկատմամբ: Այդ պատճառով կտրուկ նվազել է կոնտրաֆակտային գինու արտադրությունը, որը պատրաստվում է սովորական ցորենի սպիրտից: «Գինեգործներն այժմ պարզապես այլ տարբերակ չունեն, քան տեղական խաղող գնել: Դրա շնորհիվ աճել է պահանջարկը, նշանակում է` նաեւ գները: Բացի այդ, վերջին տարում հանրապետությունում միանգամից հայտնվել են մի քանի նոր գինու գործարաններ: Այսինքն` պահանջարկն ավելի է աճել»,- բացատրել է Հայաստանի գինեգործների միության նախագահը: Ըստ նրա` այս տարի կարելի է նաեւ խաղողի գների բարձրացում ակնկալել` միջինում 15-20 տոկոսով:




Լրահոս