ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՍՊԱՍՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

5-րդ օրն է, ինչ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը: Երեկ դատարան ներկայացան Արցախի ներկա եւ նախկին նախագահները` Բակո Սահակյանը եւ Արկադի Ղուկասյանը, որոնք երաշխավորության միջնորդություն էին ներկայացրել դատարան: Ուշագրավն այն է, որ այս օրերի ընթացքում բավական աղմկահարույց հայտարարություններ արվեցին, որոնք բազմաթիվ հարցեր են առաջացնում:

Իրավիճակ 1
Մարտի 1-ի երեկոյան կատարված իրադարձությունների մասին տեսանյութերի վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկավ Ռոբերտ Քոչարյանը: Վերջինս պատմեց, որ 2008թ. մարտի մեկին տված իր հայտնի ասուլիսից առաջ կապվել է ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանի հետ. «Կապվեցի Գորիկ Հակոբյանի հետ եւ հարցրեցի` ինչ է այս վիճակը, ինքն ասաց, որ, այո, զենք են կիրառում, մարտական նռնակներ կան: Ինձ պատմեց այդ դրվագը, ասաց` այո, մեքենայից դուրս են գալիս, կրակում են զինվորների ուղղությամբ, հետ են մտնում: Հետո, երբ մամուլում սկսեցին քննադատել, թե նման բան չկա, Գորիկ Հակոբյանն անձամբ բերեց եւ իմ գրասենյակում ցույց տվեց նաեւ մի շարք այլ տեսանյութեր, որը մինչ այս պահը որեւէ տեղ չկա: Բավականին հետաքրքիր նյութեր կան, թե ինչպես է նռնակը պայթում, թե ինչպես է նռնակից ոստիկանության կապիտանը զոհվում, այս ամենը նյութերում կային, սակայն այսօր դրանք չկան: Մենք ասում ենք, որ ԱԱԾ-ի կողմից հարուցված մի ամբողջ քրեական գործ, որը մարտի 2-ին հանձնվել է Հատուկ քննչական ծառայությանը, այստեղ չկա այս գործը, ուղղակի չի կցվել այս գործին: Համոզված եմ` բազմաթիվ նյութեր եւս չեն կցվել, եւ երբ ասում ենք, որ ընդամենը մեկ անձ է հարցաքննվել ԱԱԾ-ից, սա բազմաթիվ հարցեր է առաջացնում»:
Իրավիճակ 2
Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Օրբելյանը, դատարանում անդրադառնալով երկրորդ նախագահի կալանքի հարցին, հայտարարեց. «Չկա որեւէ արձանագրված կամ չարձանագրված դեպք, երբ պարոն Քոչարյանը խոչընդոտել է նախաքննությանը, եւ դա` դեռ նախաքննության սկզբնական փուլում: Ավելին` դատական նիստի ժամանակ քննիչը դատավորի ուղղակի հարցին պատասխանել է, որ մեղադրյալը չի խոչընդոտել քննությանը»:
Ըստ Օրբելյանի, նախաքննությունն իրականացրած քննիչը դատարանում խափանման միջոցի քննարկման ժամանակ բացահայտ հայտարարել է, որ պետք է կալանավորել, քանի որ պարոն Քոչարյանը շփվում է լրատվամիջոցների հետ: Ասել է թե` նախաքննական մարմինը կալանքի համար առաջ է քաշել խնդիր, որում մեղադրել է լրատվամիջոցներին:
Իրավիճակ 3
Մայիսի 13-ին Հայկ Ալումյանը հայտնել էր, որ ԲԴԽ-ն փաստել է, որ դատավոր Դավիթ Գրիգորյանը Քոչարյանի հետ կապված մի ընթացակարգում օրենք է խախտել, մենք դեռ պետք է քննարկենք` արդյոք սա հիմք է ինքնաբացարկի միջնորդության համար, թե ոչ: Ինչպես հայտնի է, Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկարաձգելու, նրան գրավով ազատ արձակելու գործը հունվարի 11-ին մակագրվել է դատավոր Դավիթ Գրիգորյանին: Գրել էինք, որ դատավոր Գրիգորյանը եւս հրաժարվել է գործը քննել` պատճառաբանելով, որ իրեն գործը մակագրել են հունվարի 10-ին, բայց նա այդ օրը չի հերթապահել: Ասել է թե` դատավորը հերթապահության օրերի կռիվ է տվել. նրան բացատրել են, որ հերթապահությունը կապ չունի, ու եթե մակագրվել է նրան, ապա պետք է քննի: Բայց, միեւնույնն է, նա հրաժարվել է քննել: Այս արարքի համար ԲԴԽ-ն նրան նախազգուշացում հայտարարեց:
Դատական համակարգը սպասում է այն քայլին, որ միգուցե պաշտպանական կողմը ԲԴԽ-ի կողմից հայտարարված նախազգուշացման հիմքով դատավորին ինքնաբացարկ հայտնի:
Ուստի դատական համակարգում մասնագետները, վերլուծելով հնարավոր վտանգները, կարծիք են հայտնել, որ Բարձրագույն դատական խորհուրդը ոչ թե Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը չքննելու համար է Դավիթ Գրիգորյանին նախազգուշացում հայտարարել, այլ այն բանի համար, որ նա Երեւան քաղաքի դատարանի նախագահի հետ տարաձայնություն է ունեցել գործը մակագրվել-չմակագրվելու հարցի շուրջ, եւ ԲԴԽ-ն էլ ասել է, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը ճիշտ է մակագրել: Արդյունքում դատական համակարգը սպասում է, որ եթե ինքնաբացարկի միջնորդություն լինի, ապա այն կմերժվի, եւ նրանք առաջ կքաշեն ԲԴԽ-ի որոշման հիմքը:

 

 

 

 

«ԱՐԱՐԱՏ» Հ/Ռ-Ի ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Վերջին օրերին Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով նախնական դատական նիստերն առիթ եղան, որպեսզի հանրությունը ծանոթանա Մոսկվայում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության հիմնադիր, բոլորովին վերջերս «Արարատ» հեռուստաընկերությունը ձեռք բերած գործարար Արմեն Թավադյանի հետ: Դատական առաջին նիստի օրը` Քոչարյանի աջակիցների ու հակառակորդների միջեւ բուռն վեճի ժամանակ, Թավադյանը շշով հարվածել էր ակտիվիստ Վարդգես Գասպարիին (համենայդեպս, տեսանյութում պարզ երեւում է, որ հարվածողը Թավադյանն է, չնայած որ վերջինս հերքել է, թե ինքն է եղել):

Անցյալ տարվանից մեդիաընտանիքի անդամ դարձած Արմեն Թավադյանը, որ մինչ այս հրապարակային որեւէ գործունեությամբ աչքի չէր ընկել, պարզվում է, շատ ուշագրավ հանգամանքներում է դարձել հեռուստաընկերության սեփականատեր: Դեռ անցյալ տարի ամռանը մամուլում տեղեկություններ հրապարակվեցին որ «Արարատ» հեռուստաընկերության երկու բաժնետերերը` ՀՀԿ խորհրդի անդամ, «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանն ու Ալեքսանդր Հարոյանը, իրենց բաժնեմասերը վաճառել են Թավադյանին: Տարածված տեղեկությունների համաձայն` հեռուստաընկերության բաժնեմասերի 100 տոկոսի ձեռքբերման համար վճարվել է շուրջ 25 մլն ԱՄՆ դոլար, սակայն ոչ իր գրպանից:
Ուշագրավ է, որ հիմնական բաժնետեր Արտակ Պողոսյանը նախկինում իր բաժնեմասը ձեռք է բերել «Շիրակ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր, գործարար Արման Սահակյանից, որն ԱԺ պատգամավոր դառնալուց հետո, ամենայն հավանականությամբ, ձեւական բնույթ կրող գործարքով, որը նույնիսկ Պետռեգիստրում արտացոլված չէ, վաճառք է իրականացրել` ցանկանալով պահպանել ԱԺ պատգամավորներին օրենսդրությամբ պարտադրվող պահանջը (հայտնի է, որ Սահակյանը ներգրավված է նաեւ ծխախոտի խոշոր բիզնեսում): Բայց այսօր չափազանց հետաքրքիր է դարձել հարցը, թե, ի վերջո, անհայտ ծագման այդ միլիոնավոր դոլարներն ում գրպանից կամ, ավելի ճիշտ, որտեղ եւ ում կողմից բացված հաշվեհամարներից են փոխանցվել եւ իրականում ում են բաժին հասել: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ` ողջ օրվա ընթացքում, փորձեց կապ հաստատել Արմեն Թավադյանի հետ, սակայն ապարդյուն: Նա դատարանում էր, մասնակցում էր Քոչարյանի գործով նիստին:
Փորձեցինք զրուցել «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանի հետ` հասկանալու համար, թե կոնկրետ իրեն գումարը ինչպես է փոխանցվել, ինչքան է փոխանցվել: Արտակ Պողոսյանը հայտնեց. «Ես պայմանագրի արժեքը, որով վաճառել եմ իմ բաժնեմասը, այս պահին հստակ չեմ հիշում, բայց 2 միլիոն դրամի կարգի էր , թե մեկ միլիոն դրամի կարգի. այս պահին հստակ չեմ հիշում, կարող եմ նայել պայմանագիրը , ասել Ձեզ: Այն թվի մասին, որ Դուք նշում եք, ես ընդհանրապես առաջին անգամ եմ լսում, նման թիվ ես չեմ տեսել, չեմ լսել եւ չգիտեմ, թե որտեղից եք վերցրել այդ թիվը: Կա այդ տեղեկությունները, ես նման թվերի մասին չգիտեմ, կա պաշտոնապես կնքված պայմանագիր իմ եւ պարոն Թավադյանի միջեւ, որը հստակ է»:
-Պարո՛ն Պողոսյան, Ձեզ կոնկրետ Ձեր բաժնեմասի հատվածի գումարը ինչպե՞ս փոխանցվեց, ո՞վ է փոխանցել: Բանկային հաշվեհամա՞ր է եղել, առձե՞ռն են Ձեզ տվել:
-Ինձ առձեռն են տվել:
-Իսկ կոնկրետ ո՞վ առձեռն տվեց, պարոն Թավադյա՞նն է անձամբ տվել:
-Ո՛չ, պարոն Թավադյանին ես չեմ հանդիպել:
-Այդ դեպքում ո՞ւմ հետ հանդիպեցիք, որ բերեց Ձեզ գումարը տվեց:
-Իր ներկայացուցչի:
-Իսկ ո՞վ էր այդ ներկայացուցիչը, անունը:
-Չեմ հիշում հիմա: Նորից եմ կրկնում, ես այն թիվը, որի մասին Դուք հայտնեցիք, ես ընդհանրապես տեղեկություն չունեմ եւ չեմ էլ լսել: Պայմանագրի գինը հստակ է, ուղղակի այս պահին պայմանագիրը ձեռքիս տակ չէ, ունեմ այդ պայմանագրի օրինակը եւ որեւէ խնդիր չեմ տեսնում. եթե որեւէ ապատեղեկատվություն գնա, ես պատրաստ եմ հրապարակել պայմանագրի պատճենը:

Նյութերը՝ ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

 

 

 

 

ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՆԵՆ
Ադրբեջանական զինուժը առաջիկա երկուշաբթի օրը հերթական լայնածավալ զորավարժություններն է սկսում` 10 հազար զինծառայողի մասնակցությամբ: Սա կլինի ադրբեջանական զինված ուժերի՝ այս ամսվա ընթացքում արդեն երկրորդ, իսկ վերջին տասը ամիսների ընթացքում՝ երրորդ լայնամասշտաբ զորավարժությունը: Ըստ ադրբեջանական պաշտոնական աղբյուրների՝ օպերատիվ-մարտավարական վարժանքներն անձամբ ղեկավարելու է երկրի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը: Ադրբեջանի ռազմական գերատեսչության մամուլի ծառայության փոխանցմամբ` քառօրյա զորավարժության ընթացքում՝ մայիսի 20-24-ը, կխաղարկվի պաշտպանական-հակահարձակողական սցենար: «Նպատակը հակառակորդի գիշերային հարձակման ընթացքում դժվարին կլիմայական պայմաններում տարբեր ուղղություններով հակահարված հասցնելն է», – ասված է հաղորդագրությունում:

 

 

 

ԿՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԻ
Կառավարությունը որոշել է ՀՀ քրեակատարողական օրենսգրքում` «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում կատարել համապատասխան լրացումներ եւ փոփոխություններ, որոնցով առաջարկվում է նախատեսել, որ ազատությունից զրկված անձի նկատմամբ տույժի միջոցները կիրառելիս հաշվի են առնվում ոչ միայն խախտումը կատարելու հանգամանքները, դատապարտյալի անձը եւ նրա վարքագիծը նախքան խախտումը կատարելը, այլ նաեւ տույժի միջոցի կիրառմամբ հետապնդվող իրավաչափ նպատակին հասնելու ողջամիտ անհրաժեշտությունը: Նախատեսվում է, որ պատժախցում գտնվելու ժամանակամիջոցում մեխանիկորեն արգելվում է անձի աշխատելը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատժախցում գտնվելու ժամանակամիջոցում անձն օբյեկտիվորեն չի կարող աշխատել: Ըստ որոշման` պատժախուց տեղափոխելու դեպքում անձի մի շարք իրավունքներ ոչ թե ենթարկվում են մեխանիկական սահմանափակման, այլ կարող են սահմափակվել միայն բավարար հիմքերի առկայության դեպքում:

 

 

 

ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՄԻԵԴ «Թադեւոսյանն ընդդեմ Հայաստանի» վճռով ճանաչվել է Հյուսիսային եւ Գլխավոր պողոտաների ծրագրերի իրականացման արդյունքում սեփականազրկված եւս մեկ քաղաքացու իրավունքի խախտում: Այս մասին նշել է փաստաբան Վահե Գրիգորյանը: «Սա Հայաստանի դեռ արնահոսող վերքերից է, եւ դեռ շարքով գալու են բազմաթիվ այսպիսի վճիռներ ՄԻԵԴ-ից, եւ այս ընտանիքները դեռ շարունակելու են մի փոքր խումբ իշխանության հետ ուղղակիորեն սերտաճած կոռուպցիոն կոմբինատորների յուրացումների պատճառով Հայաստանի քաղաքացիներին եւ պետական բյուջեին պատճառված հսկայական նյութական եւ ոչ նյութական վնասի մասին գործընթացները: Դատարանի վճռով Հայաստանը պարտավոր է դիմողին վճարել շուրջ 140.000 եվրո գումար պատճառված վնասի եւ ծախսերի փոխհատուցման համար»,-ասված է Գրիգորյանի գրառման մեջ:




Լրահոս