Կինս ասում է՝ պետք չէ համեստություն անել, երբ տգետներն իրենց ուժեղ դերասան են համարում. Հայկ Սարգսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը կինոյի եւ թատրոնի դերասան Հայկ Սարգսյանն է: Նա անդրադարձել է կինոյի ձգողական ուժին, թատրոնի եւ դերասանի «հարաբերություններին», իր նախասիրություններին: Մեր զրուցակիցը խոսել է նաեւ դերասանուհի կին ունենալու առավելությունների մասին:

-Հա՛յկ, երբ դրսում տեսնում եւ ճանաչում են Ձեզ, մտածում եք, որ…

-Դե դա միշտ էլ հաճելի է յուրաքանչյուր դերասանի համար՝ անկախ այն հանգամանքից՝ ճանաչողը դերասանի խորությունն ու տեսակը պատկերացնում է, թե ոչ: Նույնիսկ երբ մտածում են, որ կարող են դերասանի հետ շփվել այնպես, ինչպես իրենց բակի մարդկանց հետ, էլի հաճելի է այդ շփումը:

-Ձեր արտաքինն ավելի շատ համարում եք ունիկա՞լ, առնակա՞ն, թե՞ տպավորիչ:

-Առնական:

-Վրեժի զգացումը որքանո՞վ է հոգեհարազատ Ձեզ:

-Ընդհանրապես իմը չէ դա:

-Ամենալավ բանը, որ եղել է Ձեր կյանքում:

-Դեռ առջեւում է:

-Կնոջը պետք է սիրել այնպես, որ…

-Կնոջն ուղղակի պետք է սիրել:

-Ամուսնությունը դերասանի համար ի՞նչ է:

-Հոյակապ երեւույթ է: Դերասանն էլ, ինչպես բոլորը, ունի մարդկային ջերմության, ընտանիք կազմելու պահանջ: Այդ ջերմությունն ուրիշ տեղ չես կարող գտնել եւ վայելել:

-Դերասանուհի կին ունենալը հե՞շտ է, թե՞ դժվար (Հայկ Սարգսյանի կինը դերասանուհի Գոհար Սարգսյանն է-հեղ.):

-Իհարկե, հաճելի է, որ նրա ապրելակերպն ու կյանքի բանաձեւերը մոտ են քոնին:

-Միմյանց հետ ամենաշատը ինչի՞ շուրջ եք վիճում:

-Շատ անգամներ կինս ասում է, որ պետք է ճիշտ ու տեղին գնահատեմ դերասանի այն ուղին, որով անցել եմ: Երբեմն համեստությունս խանգարում է ինձ, թույլ չի տալիս ներկայանալ այնպես, ինչպես պետք է: Կինս ասում է, որ պետք չէ համեստություն անել այն էլ այն դեպքում, երբ անգրագետների ու տգետների բազմությունը հաճախ կարող է իրեն ուժեղ դերասան համարել:

-Ո՞րն է Ձեր ամենամեծ առավելությունն ու թերությունը:

-Առավելությունս այն է, որ կարողանում եմ ներել երբեմն անգամ աններելին: Միշտ փորձում եմ գտնել արդարացում մարդկային վարքի համար՝ մտածելով, որ դիմացինը կհասկանա՝ ներվում է ոչ թե որովհետեւ ինքն է ճիշտ, այլ որ կա մարդկային տեսակ, որը կարող է իր արարքը ներել: Իսկ ամենամեծ «թերությունս» այն է, որ չեմ կարողանում ռոբոտացված կյանքով ապրել: Ոմանց աչքերով դա այսօր կարող է համարվել թերություն:

-Կյանքը Ձեզ սովորեցրել է…

-Որ դրականն ու գեղեցիկը մեզ հետ կատարվում են ամբողջ կյանքում, պարզապես պետք է տեսնել ու զգալ: Երջանկությունը մեզնից դուրս չպետք է փնտրենք:

-Ումի՞ց եք շատ սովորել:

-Ծնողներիցս, բնությունից, դասախոսներիցս, վարպետներիցս, հանդիսատեսից, ժողովրդից, սովորական մարդկանցից: Յուրաքանչյուր պահի սովորում եմ. այդ ընթացքը չի դադարում երբեք: Հասկանում եմ, թե որքան քիչ բան գիտեմ:

-Մարդկային տեսակ, որը Ձեզ համար ամենաանընդունելին է:

-Նախանձ մարդկանց հետ շփումս միանգամից կտրում եմ:

-Ո՞վ է ընկերը:

-Աստծուց ուղարկված մարդը:

-Երբ նեղն եք ընկնում, առաջինն ո՞ւմ եք զանգահարում:

-Դե նայած, թե հարցն ինչին է վերաբերում: Հարզատներիս, ընտանիքիս անդամներին, ընկերներիս եմ զանգահարում:

-Ձեր երեխաները Ձեր ո՞ր հատկություններն են ժառանգել:

-Ինձ թվում է՝ ամենակարեւորը՝ բարությունը: Ի դեպ, դա ձեռքբերովի չէ, դրանով օժտված ծնվում են:

-Թատրոնը ո՞ր դեպքում կարող է խռովել դերասանից:

-Թատրոնը չի խռովում դերասանից երբեք: Տնօրենը, մյուս աշխատակիցները կարող են խռովել, բայց թատրոնը կարող է պատժել դերասանին, որը ձեւանում է, ոչ թե վերապրում է իր դերերը, որը պատկանելիություն չունի, թատրոնում հայտնվել է էգոյի, մոդայի հետեւից ընկնելու պատճառով:

-Կինոն ինչո՞ւ է ձգում Ձեզ:

-Հենց իր պրոցեսի, ընթացքի համար: Անգամ աչք թարթելը կարող է պատկեր փոխել: Այն լիովին տարբերվում է թատրոնից եւ ունի իր սպեցիֆիկան: Հաճախ կինոյում տեսնում ենք թատրոնի դերասանի 10 տոկոս հնարավորությունները, որովհետեւ կինոֆորման բոլորովին տարբերվում է թատերային ձեւաչափից:

-Ինչի՞ համար արժե ապրել:

-Սիրելու, միանշանակ: Երբ դու ես սիրում, աստվածային զգացում է: Սիրել մարդկանց, ընտանիքդ… Սերը միակ բանն է, հանուն որի արժե ապրել: Վիսոցկին հանճարեղ մի արտահայտություն ունի. «Ապրում եմ, նշանակում է՝ սիրում եմ: Սիրում եմ, նշանակում է՝ ապրում եմ»:

-Եվ վերջում՝ իմ հարցերից ո՞րը Ձեզ դուր եկավ:

-Հենց այս հարցը, թե հանուն ինչի արժե ապրել:

Աննա Բաբաջանյան




Լրահոս