Ստորագրահավաք Ստամբուլյան կոնվենցիայի դեմ. «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Չնայած որ իշխող քաղաքական ուժի՝ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարում է, որ Ստամբուլ յան կոնվենցիան կառավարությունում պաշտոնապես քննարկման դրված չէ, փորձագիտական տարբեր շրջանակներ, հասարակական կազմակերպություններ, անհատներ բարձրաձայնում են՝ կոնվենցիան ունի մի շարք թաքնված դրույթներ, որոնք հակասում են Հայաստանի մայր օրենքին և մեր պետության արժեքային համակարգին:

Այսօր արդեն 7-րդ օրն է, ինչ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ ստորագրահավաք է իրականացնում Ազգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունը:

Ջավախահայ հասարակական-քաղաքական գործիչ, «Կամք» նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ դեռևս օրեր առաջ՝ նախքան ստորագրահավաքը սկսելը, իրենք բաց նամակ են ուղղել ՀՀ վարչապետին, ՀՀ ԱԺ նախագահին և Սահմանադրական դատարանին՝ կոչ անելով անմիջապես դադարեցնել կոնվենցիայի վավերացման գործընթացը՝ ընդգծելով, որ կոնվենցիայի մեջ կան կետեր, որոնք չեն համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը:

Բացի դա, նրանք սկսել են համաքաղաքացիական ստորագրահավաք՝ ուղղված ՍԴ –ին՝ ՀՀ Սահմանադրությանը հակասող Ստամբուլյան կոնվենցիայի ստորագրությունն անվավեր ճանաչելու պահանջով: Նախաձեռնության հիմնադիրը տեղեկացնում է՝ իրենց սպասածից էլ մեծ է քաղաքացիների հետաքրքրությունը ստորագրահավաքի նկատմամբ:

«Չնայած որ մենք ի սկզբանե անժամկետ ստորագրահավաք ենք հայտարարել, սակայն, մեր կարծիքով, դրանք ավելի շուտ կհավաքվեն, քան նախատեսել էինք:

Ասեմ նաև, որ չենք սահմանափակվելու միայն Երևանով: Մարզերի բնակիչները դժգոհում են, որ մենք անտեսում ենք իրենց ձայնը: Հրավերներ կան Հայաստանի բոլոր մարզերի գյուղերից ու քաղաքներից: Փորձելու ենք հնարավորինս այցելել նաև մարզեր, որպեսզի հնարավորություն տանք այնտեղ բնակվողներին ևս լսելի դարձնել իրենց ձայնը և կարծիքը», – ասում է Չախալյանը:

Ի դեպ, նա նաև խորհրդանշական է համարում այն, որ ստորագրահավաքը սկսել են Ազգային ժողովի մոտից:

«Չնայած տեղը սակավամարդ է, բայց խորհրդանշական է: Մի «կետ» ունենք նաև Հյուսիսային պողոտայում, նախատեսում ենք ընդլայնվել:

Ասեմ նաև, որ ստորագրահավաքի առաջին 4 օրը տեղեկատվական շրջափակման մեջ էինք, բայց թե՛ համացանցի, թե՛ մեր քաղաքացիների միջոցով ստորագրահավաքի մասին տեղեկատվությունը լայն տարածում գտավ», նշում է հասարակական գործիչը:

Հետաքրքրվում եմ՝ ստորագրահավաքին միացած մեր քաղաքացիները խորապես իրազեկվա՞ծ են կոնվենցիայի՝ «վտանգավոր» համարվող դրույթներից: «Քաղաքացիների որոշ մասն անտեղյակ է կոնվենցիայի դրույթներից, մի փոքր մաս կա, որն ասում է՝ տեղյակ ենք և կողմ ենք դրա վավերացմանը: Նրանք հիմնականում այն հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն են, որոնք արտերկրից աշխատավարձ են ստանում և աշխատում, իրենք փորձում են ատամներով պահել այս կոնվենցիան և ասում են՝ ի՞նչ եք տեսնում կանանց բռնության դեմ կոնվենցիայի մեջ:

Մենք բացատրում ենք, որ միայն անունից պետք չէ ենթադրություններ անել դրա բովանդակության մասին: Լավ փաթեթի մեջ ռումբ են դրել», հավելում է մեր զրուցակիցը:

Չնայած որ վերջին մեկուկես ամսվա ընթացքում կոնվենցիայի շուրջ քննարկումներն ակտիվացել են, Չախալ յանը կարծում է, որ տեղեկացված քաղաքացիների թիվը բավարար չէ, ուստի իրենք փորձում են նաև ավելի լայն զանգվածներին իրազեկել կոնվենցիայի դրույթների տակ թաքնված իրական վտանգների մասին»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս