Լավ լուր անասնապահության ոլորտում. վարչապետի հանձնարարականի հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում անասնագլխաքանակը տարեցտարի պակասում է: Միայն ոչխարի գլխաքանակը մեկ տարվա ընթացքում պակասել է 67 հազարով: Այս պատկերը խիստ մտահոգիչ է: Չէ՞ որ, ինչպես հայտնի է, ոչխարների վերարտադրությունը երկար ժամանակ է պահանջում: Հիշեցնենք` ոչխարաբուծության ոլորտին անդրադարձել է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հանձնարարել է իրագործել եւ զարգացնել մսի եւ կենդանի գլխաքանակի արտահանման մեխանիզմները: Եւ վարչապետի հանձնարարականի հետքերով էկոնոմիկայի նախարարությունը նոր նախագիծ է շրջանառության մեջ դրել:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ 2019-2023 թվականներին պետական աջակցությամբ ոչխարաբուծությամբ եւ այծաբուծությամբ զբաղվող տնտեսավարողներին հնարավորություն կընձեռվի մատչելի պայմաններով ներկրել շուրջ 30 հազար գլուխ ոչխաչներ եւ այծեր: Ըստ էկոնոմիկայի նախարարության`կավելանա ոչխարների եւ այծերի գլխաքանակը, 2019-2027 թվականներին կարտադրվի շուրջ 5 մլրդ դրամ արժեքով միս եւ 0.5 մլրդ դրամ արժեքով կաթ: Մեզ հայտնի դարձավ, որ ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 3 մլրդ 97 մլն 125 հազար դրամ: Իսկ ձեռք բերվող 1 գլուխ ոչխարի եւ այծի միջին հաշվարկային արժեք է ընդունվել 450 հազար դրամը։

Նկատենք, որ Հայաստանում ոչխարաբուծությամբ հիմնականում զբաղվում են Սյունիքի, Գեղարքունիքի, Արմավիրի, Արարատի եւ Արագածոտնի մարզերում:

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով վերջին տարիներին ոչխարների եւ այծերի գլխաքանակը զգալի նվազել է: Ավելին մեր երկրում ոչխարի եւ այծի գլխաքանակը այս տարվա հունվարի մեկի դրությամբ կազմել է 638 հազար 200 գլուխ՝ 2015 թվականի նույն ժամանակահատվածին գրանցված 745 հազար 800 գլխի դիմաց:

ArmLur.am-ը տեղեկացավ նաեւ, որ վերջին 4 տարիների ընթացքում ՀՀ-ից տարեկան արտահանվել է միջինը 21.6 հազար գլուխ ոչխար եւ 2100 տոննա ոչխարի միս: Միայն այս տարվա մայիսի 31ի դրությամբ արտահանվել է 9.5 հազար գլուխ ոչխար եւ 21 տոննա ոչխարի միս: Հիմնականում արտահանվել է Իրան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Քաթար, Քուվեյթ, Վրաստան:

Ի դեպ, ծրագիրը նախատեսված է հինգ տարվա համար եւ ընդգրկում է 2019-2023 թվականները։ Ծրագրին մասնակից կարող են լինել բանկերը կամ վարկային կազմակերպությունները: Կտրամադրվեն վարկեր ՀՀ դրամով, առավելագույնը 12 % անվանական տոկոսադրույքով: Ոչխարաբուծությամբ եւ այծաբուծությամբ զբաղվող տնտեսավարողներին հնարավորություն կընձեռվի մատչելի պայմաններով ձեռք բերել շուրջ 30 հազար գլուխ հղի ոչխար եւ այծ, ոչխարի ու այծի արու եւ էգ տոհմային մատղաշ (այսուհետ՝ Տոհմային ՄԵԿ):

Շահառուն ֆինանսական կառույց է ներկայացնում Տոհմային ՄԵԿ ձեռք բերելու վերաբերյալ դիմում-հայտ՝ նշելով ձեռքբերվող տոհմային մատղաշի քանակը, ներկրման վայրը, ձեռքբերման ժամկետները: Շահառուի ցանկությամբ վարկի մայր գումարի մարման համար կարող է սահմանվել արտոնյալ ժամկետ՝ առավելագույնը 12 ամիս, վարկի մարման ժամկետ է սահմանվում մինչեւ 4 տարի: Վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը կիրականացվի այնպիսի չափաքանակով, որպեսզի վարկերը տրամադրվեն շահառուներին 2% տոկոսադրույքով:

Իսկ սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերին եւ գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող կոոպերատիվներին` 0% տոկոսադրույքով:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս