Անվտանգության ռազմավարության մշակմանը կօգնեն արցախցիները. ինչ կփոխվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, հուլիսի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով` ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որը պետք է զբաղվի Հայաստանի ազգային անվտանգության նոր ռազմավարության նախագծի մշակմամբ: Այդ հանձնախումբը՝ անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանի ղեկավարությամբ, պետք է մեկ տարվա ընթացքում մշակի ռազմավարությունը եւ ներկայացնի խորհրդին:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ միջգերատեսչական խմբում ներառված են լինելու բոլոր գերատեսչությունների ղեկավարները, ներկայացուցիչներ խորհրդարանից, իսկ խումբն էլ կղեկավարի հենց Արմեն Գրիգորյանը։ Իսկ, ահա, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնախմբում ներառված չէ։

ՀՀ ազգային ռազմավարությունը չի փոխվել 2007 թվականից, սակայն այն պետք է հանդիսանա ամենակարեւոր եւ հիմնարար փաստաթուղթը։ Եվ այդ 12 տարիների ընթացքում աշխարհում եւ տարածաշրջանում բազում իրադարձություններ են տեղի ունեցել, Ապրիլյան պատերազմ, թավշյա հեղափոխություն, սահմանադրական փոփոխություններ,եւ այսօր արդիական են փոփոխությունները։

Նախօրեին անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանի եթերում մի փոքր փակագծեր է բացել՝ խոսելով, թե ինչու հենց հիմա որոշվեց փոփոխություններ կատարել, եւ ինչ շեշտադրումներ կլինեն նոր փստաթղթում: «Պատճառներից մեկը միջազգային հարաբերություններում տեղի ունեցած ֆունդամենտալ փոփոխություններն են: 2007 թ.-ին, երբ ռազմավարությունը գրվել է, այդ ժամանակ Ռուսաստան-Արեւմուտք հարաբերություններում նման ճգնաժամ չկար, որը հիմա կա: Մյուսը ռուս-վրացական պատերազմն է, Իրանի դեմ պատժամիջոցները, Ապրիլյան պատերազմը, փոփոխություններ են տեղի ունեցել Հայաստանում: 12 տարի է անցել, ուստի անհրաժեշտ է նոր ռազմավարություն ունենալ»,- մանրամասնեց Գրիգորյանը:

ԱԽ քարտուղարը նշեց, որ թավշյա հեղափոխությունից հետո հայտարարվել է, որ ՀՀ արտաքին քաղաքական կուրսում փոփոխություններ չեն լինելու, եւ այդ տրամաբանությունն արտահայտված է լինելու ռազմավարությունում: «Բնականաբար, բանակն ու զինված ուժերը մեր ուշադրության կենտրոնում են, կազմելու են անվտանգության հիմնական բաղադրիչը, բայց դրանով չենք սահմանափակվելու: Անհրաժեշտություն կա անվտանգության կոնցեպտը որոշակի չափով ընդլայնելու»,- նշեց Արմեն Գրիգորյանը: ԱԽ քարտուղարը նաեւ հայտնեց, որ նոր ռազմավարության մեջ ֆիքսվելու է մեր ժողովրդավար պետություն լինելը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանի իշխանությունները լրջորեն են ներգրավվել ռազմավարության փոփոխության գործում, եւ այդ աշխատանքներում ցանկություն կա ներգրավել նաեւ փորձագետներ Արցախից, քանի որ շատ հարցեր վերաբերելու են հենց երկու հայկական պետություններին: Այս առումով նկատենք, որ միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու որոշման հենց հաջորդ օրը՝ հուլիսի 17-ին, Արմեն Գրիգորյանն Արցախում հանդիպումներ է ունեցել Բակո Սահակյանի, Արցախի անվտանգության քարտուղար Արշավիր Ղահրամյանի եւ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի հետ: Այդ հանդիպումներում չի շրջանցվել հենց Հայաստանի ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակման հարցը, եւ հենց Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն է ընդգծել տվյալ փաստաթղթի մշակման աշխատանքներում Արցախից փորձագետներ ներգրավելու նպատակահարմարությունը:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ էլ ԱԽ քարտուղարի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպումների շարք փորձագետների մասնակցությամբ։ Ի դեպ, փորձագիտական հանրությունը եւս մեկ անգամ չէ ընդգծել, որ դեռ 2007 թվականին ընդունված փաստաթուղթը թարմացման կարիք ունի, դրանից հետո տեղի են ունեցել մի շարք իրադարձություններ Հայաստանում, տարածաշրջանում եւ աշխարհում, որոնց հետ կապված որեւէ հիշատակում այդ փաստաթղթում, բնականաբար, չկա։

Ընդ որում, մեր տեղեկություններով` փորձագիտական հանրույթը նաեւ Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ նոր ռազմավարությունը պետք է մշակվեր եւ ընդունվեր ավելի վաղ՝ 2018 թվականի թավշյա հեղափոխությունից ամիսներ, այլ ոչ թե տարիներ հետո: Ամեն դեպքում, նրանք հանդիպման ժամանակ կարեւորել են գոնե հիմա փոփոխություններ սկսելու հարցը եւ մի քանի հանգամանքներ առանձնացրել, որոնք ցանկանում են տեսնել նոր նախագծում:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս