ՀՀ առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմնի հայտնի նիստի արձանագրությունն, ի վերջո, հրապարակվել է: Եւ ինչպես կանխատեսվում էր, երկար սպասված արձանագրության մեջ բացակայում է նախարարի` «պասլատ անեիր քաղաքացուն» արտահայտությունը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ խորհրդի նիստը բացել է խորհրդի նախագահը` առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Ըստ Թորոսյանի` տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանն իր մտերիմներին է աշխատանքի ընդունել, մարդկանց, որոնք ունեն ոչ բարենպաստ աշխատանքային հետագիծ եւ պաշտոնի պահանջներին չհամապատասխանող մասնագիտական որակավորումներ: Խոսել է նաեւ Խուրշուդյանի կողմից տեսչական մարմնի աշխատողներին աշխատանքից անհիմն ազատումների մասին:
Բացի այս, առողջապահության նախարարը չի մոռացել նաեւ նիստի ընթացքում բարձրացնել իր ընկերոջ, իր նախկին խորհրդական Վահե Տեր-Մինասյանին տուգանելու մասին հարցը: Ըստ արձանագրության` տեսչական մարմինը տուգանել է «Բուժինֆո» հաղորդաշարի հեղինակ Վահե Տեր-Մինասյանին եւ, որպես վարչարարության հիմք, փաստել է «Գարդասիլ» պատվաստանյութի գովազդը: Բայց, ըստ նախարարի, տեսչական մարմինն այսկերպ թիրախավորել է պետական առողջապահական նպատակային ծրագրերից մեկը: Թորոսյանը նիստի ընթացքում նեղացած երեխայի պես հիշել է նաեւ այս տարվա մայիսի 16-ին ՀՀ ազգային ժողովում կայացած խորհրդարանական լսումները, որի ընթացքում տեսչական մարմնի ղեկավարը, ըստ նախարարի, ընդունել է հակապատվաստումային կեցվածք:
Առողջապահության նախարարը նիստի ընթացքում տեսչական մարմնի աշխատակազմին մեղադրել է այս տարվա ապրիլին Բերդի տարածաշրջանի Նավուր գյուղում բռնկված աղիքային վարակի դեպքերի ժամանակ օջախում հակահամաճարակային միջոցառումներին համարժեք արձագանք չտալու համար: Բարձրաձայնել է նաեւ դպրոցներում վերջին ամիսներին գրանցված ջրծաղիկի բռնկման դեպքերի մասին, եւ տեսչական մարմինը օջախում հասցեական եւ ժամանակին վերահսկողություն, իբր, չի իրականացրել:
Ի դեպ, նկատենք, որ բացի Թորոսյանից Ամերիկյան համալսարանի Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետի դեկան Վ. Պետրոսյանը եւս բարձրաձայնել է, որ ՍԱՏՄ ղեկավարի կողմից դրսեւորվում է ոչ պրոֆեսիոնալ վարքագիծ: Կարճ ասած, նիստին խորհրդի անդամները մարտական տրամադրվածություն են ունեցել եւ ամեն առիթ օգտագործել են, որպեսզի խոսեն Խուրշուդյանի ղեկավարած տեսչական մարմնի թերացումների, բացթողումների մասին: Բնականաբար, ինքը` Էդգար Խուրշուդյանը, փորձել է պաշտպանվել եւ իր հերթին, բարձրացված հարցերին ի պատասխան, տվել է հիմնավորումներ:
Նախ` խոսել է աշխատողներին անհիմն ազատելու մասին եւ հայտարարել, որ ազատումների պատճառները աշխատողների թերացումներն են եղել` թե՛ աշխատանք կատարելիս եւ թե՛ կարգապահական կանոնները պահպանելիս: Ապա դիմելով Արսեն Թորոսյանին` նշել է, որ յուրաքանչյուր բարձրացվող խնդիր պետք է ունենա իր հիմքը եւ չլինի հուզական դրսեւորում: Այստեղ կարող ենք համաձայնել Խուրշուդյանի հետ, քանի որ առողջապահության նախարարը շատ զգայուն է, իսկ երբ հարցը վերաբերում է իր ծրագրերին, առավել եւս:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Թորոսյանը անդրադարձել է նաեւ ՍԱՏՄ-ի գործողություններին, հատկապես հարուցվող վարչական վարույթներին, որոնք, իր կարծիքով, հիմնարար չեն: Նախարարը նշել է, որ պետական քաղաքականության դիվերսիա կազմակերպելը ընդունելի չէ: «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ հայտնված արձանագրության մեջ նշված է, որ Թորոսյանը, դիմելով Խուրշուդյանին, ասել է, որ «անտեսի» այն դիմումները, որոնք ուղղված են պետական քաղաքականության դեմ: Այստեղ հարկ ենք համարում նշել, որ խմբագրումներ են եղել, քանի որ խորհրդին ներկաներից առնվազն 4 հոգի լսել է, թե ինչպես է Թորոսյանը Խուրշուդյանին ասում` «պասլատ անեիր քաղաքացուն»: Բայց, արի ու տես, «պասլատ անեիր»-ը փոփոխման է ենթարկվել եւ դարձել «անտեսել»: Նկատենք, որ արձանագրության մեջ անտեսելը առնված է չակերտների մեջ: Ամեն դեպքում, եթե վերցնենք նախարարի ասած «անտեսելը», ապա հարց է առաջանում` ինչպե՞ս կարող է պաշտոնյան մեկ այլ պաշտոնյայի հրահանգել անտեսել դիմումները, ինչ է թե այդ դիմումներն իր գործելաոճին կամ ծրագրերին դեմ են:
Ավելին, Թորոսյանը նիստի ընթացքում չի էլ թաքցրել, որ Խուրշուդյանի հարցով դիմելու է վարչապետին: Բնականաբար, բարձրացնելու է ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնավարումը շարունակելու հարցը, ապա «սպառնացել է», որ հակառակ դեպքում կհրաժարվի ՍԱՏՄ խորհուրդի նախագահի պաշտոնավարումից: Իսկ, ահա, Խուրշուդյանն արդարացել է` նշելով, որ ցանկացած դեպքում, երբ ՍԱՏՄ-ն ստանում է որեւէ դիմում, ապա պարտավոր է տալ համապատասխան ընթացք. դիմում ստանալու օրը, օրենքի ուժով, վարչական վարույթը համարվում է հարուցված:
ՍԱՏՄ որակի ապահովման վարչության պետ Թագուհի Հակոբյանը նիստի ընթացքում ներկայացրել է այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում իրականացված աշխատանքների վերաբերյալ կատարված ուսումնասիրությունները: Նա ընդգծել է, որ խնդիրները նոր չեն, եղել են տեսչական մարմնի ստեղծման օրվանից: Հակոբյանը պարզաբանել է նաեւ, որ կան կամայականություններ` ՍԱՏՄ ղեկավարը որոշում է, թե որ բողոքներին ընթացք տալ, որին չտալ: Բայց միաժամանակ նշել է, որ կա դրական շարժ, որոշ թերություններ վերացված են:
Արձանագրենք, որ նիստի ընթացքում տեսչական մարմինների գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը փորձել է պաշտպանել Խուրշուդյանին` ընդգծելով, որ նա իր աշխատանքում նվիրված է եւ փորձում է նպաստել ՍԱՏՄ-ի կայացմանը: Իսկ ֆինանսների փոխնախարար Կ. Բրուտյանն առաջարկել է նշանակել ծառայողական քննություններ կամ դիմել Պետական վերահսկողության ծառայություն ընթացք տալու համար: Իսկ, ահա, Խուրշուդյանն առաջարկել է տեսչական մարմնում իրականացնել ստուգումներ: Թորոսյանը եւս մեկ անգամ ընդգծել է, որ ՀՀ վարչապետին դիմում է ներկայացնելու ՍԱՏՄ ղեկավարին պաշտոնից ազատելու համար:
Հ.Գ. Հիշեցնենք` նիստի արձանագրությունը շատ ուշ է տեղադրվել ՍԱՏՄ ֆեյսբուքյան էջում, քանի որ նախարարն այն տեւական ժամանակ չի ստորագրել: Բայց «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Թորոսյանն անհամբեր սպասել է, թե տեսչական մարմինը երբ է իր ուզած ձեւով արձանագրությունն ուղարկելու` բոլոր մանրամասներով, այսինքն` այն բովանդակությամբ, որն իրականում եղել է: Ի դեպ, տեսչական մարմինը չի ձայնագրել նիստը եւ մոտավոր, հիշելով արձանագրություն է ուղարկել նախարարին, իսկ վերջինս էլ «խմբագրել է» այն ու ամբողջությամբ գրել հուզական ելույթները: Հավանաբար «պասլատ» արտահայտությունն էլ մեղմացրել է` դարձնելով «անտեսել»:
Սյունէ Համբարձումյան