Դատական համակարգում տարածված խոսակցությունների համաձայն`ԲԴԽ դատավոր անդամի թեկնածու դառնալու հավակնություն ունի Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահ Ռուզաննա Հակոբյանը: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Ռուզաննա Հակոբյանը հայտնեց.«Ընդհանրապես չեմ մտածում, պահը կգա, կմտածեմ, ինքս էլ չեմ կողմնորոշվել»: Իսկ ի՞նչ է ընդհանրապես կատարվում այս օրերին Բարձրագույն դատական խորհրդում:
8 ԱՄԻՍ ԱՆՑ
Բարձրագուն դատական խորհրդի մեկ անդամի տեղը դեռեւս շարունակում է թափուր մնալ: Բանն այն է, որ տեւական ժամանակ ԲԴԽ-ում ստեղծված քաոսային վիճակը թույլ չէր տալիս ելք գտնել: 2018 թ. ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր Ռուզաննա Հակոբյանը դարձավ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահ` հրաժարվելով ԲԴԽ անդամ լինելուց: 2018 թվականի նոյեմբերի 8-ին կայացավ Բարձրագույն դատական խորհրդի նիստ, որտեղ ԲԴԽ անդամ դառնալու համար կռիվ էին տալիս երեք դատավոր` Նախշուն Տավարացյանը, Ստեփան Միքայելյանը եւ Սուրեն Անտոնյանը: ԲԴԽ անդամ ընտրվեց Նախշուն Տավարացյանը, սակայն դատավորները չհաշտվեցին այդ հանգամանքի հետ, մեծ աղմուկ բարձրացրին, ու Տավարացյանը հրաժարական տվեց:
8 ամիս անց ԲԴԽ անդամների շուրջ նոր կրքեր հասունացան: Մայիսի 20-ին` ՀՀ վարչապետի կողմից դատական համակարգում ստեղծված իրավիճակի մասով հայտարարությունից հետո, ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարական տվեց, եւ նրա հետեւից ԲԴխ որոշ անդամներ եւս հեռացան:
Սկսվեց հերթական անգամ ԲԴԽ անդամ ընտրելու գործընթացը, եւ իրավիճակի փոփոխությունների արդյունքում Նախշուն Տավարացյանը որոշեց երդվել եւ դառնալ ԲԴԽ անդամ, բայց այստեղ էլ թացը խառնվեց չորի հետ, ու սկսվեց Նախշուն Տավարացյանին քարկոծելու գործընթացը:ԲԴԽ գիտնական երեք անդամներ բարձրացրին նրա հրաժարականի հարցը, որը մերժվեց: Սակայն Նախշուն Տավարարցյանը կուլ չտվեց իր հասցեին հնչած վիրավորանքները եւ որոշեց հրաժարական տալ:
ԲԴԽ դատավոր մեկ անդամի տեղը շարունակում է թափուր մնալ, եւ չի բացառվում, որ ԲԴԽ նախկին անդամ Ռուզաննա Հակոբյանը կրկին հետ վերադառնա ԲԴԽ: Բանն այն է, որ դատական համակարգում, հիմք ընդունելով Դատական օրենսգիրքը, ԲԴԽ կազմում գենդերային հարցը, ինչպես նաեւ վարչական մասնագիտացում ունենալու հիմքը, ԲԴԽ անդամ կարող է դառնալ միայն Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահ Ռուզաննա Հակոբյանը, եթե նա չորոշի ինքնաբացարկ հայտնել: «Ժողովուրդ» օրաթերթը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահ Ռուզաննա Հակոբյանից հետաքրքրվեց, թե արդյոք նա պատրաստվում է կրկին հետ վերադառնալ ԲԴԽ:Իպատասխան` վերջինս հայտնեց. «Ես հիմա կարող եմ ասել, որ այդ հարցի շուրջ բացարձակ չեմ մտածում, ուզում եմ, չեմ ուզում կառաջադրվել, թե չեմ առաջադրվի, ընդհանրապես չեմ մտածում. պահը կգա, կմտածեմ, ինքս էլ չեմ կողմնորոշվել»:
Երկու կարգապահականի հարց
Ու մինչ Ռուզաննա Հակոբյանը կկողմնորոշվի` ցանկանում է դառնալ ԲԴԽ անդամ, թե ոչ, ԲԴԽ-ում այս օրերին երկու դատավորի կարգապահական հարց է քննարկվում: Մասնավորապես, Մարտի 6-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանը Արդարադատության նախարարությունից ստացել է ծանուցում այն մասին, որ արդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել իր նկատմամբ՝ իբր թե նա 150 սնանկության գործ չի հանձնել գրասենյակ Սնանկության դատարան փոխանցելու նպատակով: Կարինե Պետրոսյանը կարգապահական վարույթի հարուցումը կապում էր Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությույանի դեմ դատական հայցերի հետ, որոնք ներկայացրել էր: Նա հիմնավորել էր, որ Հարությունյանը ոչ միայն խորհրդի նախագահի պաշտոնը չի կարող զբաղեցնել, այն նաեւ չի կարող խորհրդի անդամ լինել,դրա համար էլ «ընկել էին» Կարինե Պետրոսյանի հետեւից:
Բացի այդ, դատավոր Ալեքսեյ Սուքոյանի նկատմամբ նույնպես կարգապահական վարույթ է հարուցվել` նույն հիմքով: Եվ հիմա, չնայած ԲԴԽ նախկին անդամները չկան, եւ դեռ ավելին`նախկին նախարար Զեյնալյանը եւս հեռացել է, ԲԴԽ նոր կազմը պետք է քննի եւ հասկանա՝ արդյոք դատավորները թերացել են, թե այս կարգապահական վարույթը նախարար Արտակ Զեյնալյանը հարուցել է Գագիկ Հարությունյանի հորդորով, միայն այն բանի համար, որ երկու դատավորները համարձակվել էին «դուխ» ունենալ եւ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի լիազորությունները դադարեցնելու մասով դատարան հայց ներկայացնել: Ու հետաքրքիր է, թե նորացված կամ, այսպես ասած, «ծյունինգ արած» ԲԴԽ-ն ինչ որոշում կկայացնի երկու ըմբոստ դատավորների նկատմամբ:
Քնար Մանուկյան