ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԻՐԱՐԱՄԵՐԺ ՉԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՃՈ պետի նախկին տեղակալ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը իր տված հարցազրույցներից մեկում անդրադարձել էր արագաչափերի խնդրին եւ նշել, որ դրանք չեն պատկանում Սերժ Սարգսյանի եղբորը` Ալեքսանդր Սարգսյանին: «Ամբողջ տեսախցիկների համակարգը՝ գույքով, տեխնիկական միջոցներով, պետության սեփականությունն է շատ վաղուց` դեռեւս 2013 թվականից: Այդ ամբողջ գույքը պատկանում է պետությանը, եւ այդ գործառույթը իրականացվում է պետության կողմից: Սա ոչ մեկի բիզնեսը չէ»,- ասել էր Խաչատրյանը: Ճշտող հարցին, թե արդյոք հերքում է հայտարարությունները, թե Ալեքսանդր Սարգսյանն առնչություն ունի այդ ամենին, նա կարճ պատասխանել էր` այո:

Սակայն հատկանշական է փաստը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ իր ընդդիմադիր տարիներից բազմիցս հայտարարել է` արագաչափերի 50 տոկոսը պատկանում է Սաշիկ Սրագսյանին: Այս եւ այլ հարցերի մասին «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի հետ:
-Պարո՛ն Խաչատրյան, Դուք պատգամավոր դառնալուց հետո հայտարարեցիք, որ Սաշիկ Սարգսյանը կապ չունի արագաչափերի բիզնեսի հետ, սակայն վարչապետ Փաշինյանն այլ բան էր ասում: Ինչո՞վ է պայմանավորված այն, որ իրարամերժ հայտարարություններ եք անում:
-Հայտարարությունները իրարամերժ չեն: Իրարամերժ սարքում են այն մարդիկ, ովքեր ուզում են այդպիսի բան տեսնել: Ես ասել եմ, որ այդ արագաչափ սարքը պետական սեփականություն է: Ընդամենը այդ եմ ասել: Այնպես, ինչպես տրանսպորտային միջոցները, ոստիկանության շենք-շինությունները եւ այլն: Դա ոստիկանության հաշվեկշռքի մեջ մտնող գույք է:
-Իսկ եկամուտների մասով ի՞նչ կասեք:
-Ի՞նչ եկամուտներ:
-Այսինքն` դրանցից գոյացած եկամուտները ո՞ւր եւ ո՞ւմ են գնում:
-Ես չգիտեմ` որ մի կազամակերպությունն ինչ եկամուտներ ունի եւ այդ եկամուտները ինչպես է վերաբաշխում. Այդ ամենը իմ գործառույթի մեջ չի մտնում, սակայն իմ ասելիքը կայանում է նրանում, որ գույքը սեփական չէ, պետական գույք է: Ընդամենը դա կարող եմ ասել: Ուղղակի պարզաբանել եմ լրագրողներին, որ այն, ինչ տեսնում են` ոստիկանությունը կիրառում է` տրանսպորտային միջոցներ, հատուկ տեխնիկա, արագաչափ, տեսախցիկներ, այլ բաներ, դա պետության հաշվեկշռի մեջ մտնող գույք է: Ընդամենը այսքանը:
-Կառավարությունը նախօրեին հավանություն տվեց ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի եւ հարակից օրենքների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: ՃՈ խախտումների համար, փաստորեն, կներդրվի բալային համակարգ` մինչեւ 9 բալով: Որքանո՞վ է երաշխավորված, որ սրա արդյունքում շոշափելի արդյունքներ կունենաք, վթարները կքչանան: Մենք ունե՞նք հստակ վիճակագրություն:
-Իհարկե ունենք: Կարծում եմ` բալային համակարգի կիրառմամբ առնվազն 20 տոկոսով կպակասեն ճանապարհատրանսպորտային պատահարները, որոնց հետեւանքով տեղի են ունենում մահեր, կամ լինում են ծանր մարմնական վնասվածքներ: Սրանք իմ կանխատեսումներն են: Բացի այս, կարծում եմ` կնվազի նաեւ իրավախախտումների թիվը, եւ մտածում եմ, որ իրավախախտումները մոտ 30 տոկոսով կնվազեն, որոնք կապված են, օրինակ, կայանման արագության գերազանցման հետ: Այսինքն` այն իրավախախտումները, որոնք այսօր բազմաթիվ են, կատարողները որոշակի վարորդների խումբ է:
-Հասարակության մեջ կա ձեւավորված պահանջ ալկոհոլի ազդեցության տակ գտնվող վարորդների մասով հարցը քրեականացնելու, քանի որ դա շատ վատ հետեւանքների է բերում` հանդիպակաց վթարներ, անմեղ զոհեր: Համաձա՞յն եք, որ պիտի քրեականացվի:
-Այս նախագծով նաեւ պայքարն է ուժեղանում` ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոցներ վարելու դեպքերի հետ կապված, եւ եթե տեղյակ եք, սպիրտ մեկ գրամ արյան մեջ պարունակելու դեպքում կիրառվում է չորս բալ եւ տուգանք, արդեն չափը ավելի լինելու դեպքում միանգամից զրկում է կիրառվում, իսկ զրկված վիճակում վարելու դեպքում քրեական պատասխանատվություն կա արդեն: Իսկ հասարակական տրանսպորտի վարորդների կողմից չնչին քանակությամբ ալկոհոլ օգտագործելու դեպքում զրկումը միանգամից է կիրառվելու: Կարող եմ ասել, որ այս նախագծով բավականին ուժեղացվել է պետական հսկողությունը` ոչ սթափ վիճակում վարելու դեպքերի հետ կապված:

Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԸ

 

 

ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐ` ԻՋԵՎԱՆՈՒՄ
«Ժողովուրդ» օրաթերթը ոստիկանության Իջեւանի բաժնի պետ Գեորգի Միրզոյանից տեղեկացավ, որ քրեական գործ է հարուցվել Իջեւանի քաղաքի նախկին կենցաղի տան հարակից գոտում Իջեւանի բնակիչ Վալերի Մելիքբեկյանին պատկանող 904,8 քառակուսի մետր մակերեսով հողամասում «Խաչմիշշին» ՍՊԸ-ի կողմից զբոսայգու վերակառուցման աշխատանքների կապակցությամբ: Այդ աշխատանքները իրականացնելու համար Իջեւան համայնքի ավագանին այս տարվա ապրիլի 4-ին որոշում է ընդունել, այդ նպատակով համայնքի բյուջեից որոշվել է հատկացնել գրեթե 7 միլիոն դրամ, քաղաքապետարանի կողմից «Խաչմիշշինին» շինթույլտվություն է տրվել: Մայիսի 6-ին Վ. Մելիքբեկյանը դիմել է ոստիկանության Իջեւանի բաժին` հայտնելով, որ այդ աշխատանքները սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամասում անօրինական են կատարվում: Ոստիկանության Իջեւանի բաժնում այդ կապակցությամբ նյութեր են նախապատրաստվել, 10-օրյա ժամկետից հետո որոշվել է քրեական գործ հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը»): Ոստիկանության Իջեւանի բաժնի պետը հայտնեց, որ այդ գործը հարուցվել է ոչ թե կոնկերտ անձի, այլ դեպքի կապակցությամբ: Ոստիկանության Իջեւանի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով քրեական գործ է հարուցվել Իջեւանի քաղաքային մարզադպրոցի տնօրեն Գառնիկ Շահնազարյանի նկատմամբ: Այդ հոդվածներից առավել ծանրը 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետն է («Յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է առաձնապես խոշոր չափերով») է: Գ. Շահնազարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

 

 

 

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՀՐԱՎԻՐԵԼ
Մայիսի 4-ին Տավուշի մարզպետարանի դահլիճում համայնքների խոշորացման վերաբերյալ խորհրդակցություն է կայացել, որին մասնակցել են Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, այդ նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը, Իջեւանի տարածաշրջանի համայնքների ղեկավարներ: Հայտարարվել է, որ նախատեսվում է Իջեւանի տարածաշրջանում ստեղծել խոշոր 2 համայնք` Իջեւան եւ Ազատամուտ: Քանի որ Իջեւանի քաղաքապետի հերթական ընտրությունների ժամկետն այս տարվա սեպտեմբերին է, սկզբում կխոշորացվի Իջեւան համայնքը: Խորհրդակցությանը ներկա համայնքների ղեկավարներին խորհուրդ է տրվել իրենց համայնքների բնակիչների հետ խոշորացման օգուտների վերաբերյալ բացատրական աշխատանքներ կատարել: Ուշագրավ է, որ Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում այդ խորհրդակցության վերաբերյալ որեւէ տեղեկատվություն չկա:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

ՍՆԱՆԿ Է ՃԱՆԱՉՎԵԼ
«Բիգա» հայ-հոլանդական ձեռնարկությունը, որը երկար տարիներ զբաղվում էր սնկի արտադրությամբ, սնանկ է ճանաչվել: Պատճառը ֆինանսական խնդիրներն են: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջով դատարան է դիմել «Մեդիսար» ՍՊԸ-ն:
«Բիգա» ՍՊԸ ներկայացուցիչ Արթուր Տիգրանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ առաջիկայում ընկերությունը կներկայացնի առողջացման ծրագիր: «Ընկերությունը դատարան է դիմել եւ պահանջում է իր գումարը: Բայց հիմա ժամկետներ կան, որոնց սպասում ենք` առողջացման ծրագիր ներկայացնելու համար: Մեր ընկերությունը, ինչպես Հայաստանի մնացած ընկերությունների մեծամասնությունը, սնանկ են ճանաչել, քանի որ վարկային բեռը մեծ է, ծախսերը շատ են»,- ներկայացրեց ընկերության ներկայացուցիչը:
Արթուր Տիգրանյանի խոսքերով` բացի «Մեդիսար»-ից «Բիգա»-ն պարտք է նաեւ այլ ընկերությունների, ունի վարկային մեծ բեռ:
Նշենք, որ հայ-հոլանդական համատեղ ձեռնարկությունը հիմնադրվել է 2005 թվականին 500 հազար եվրո ընդհանուր մեկնարկային կապիտալով: Ձեռնարկության հիմնադիր անդամներից երկուսը Հոլանդիայի քաղաքացիներ են: Ընկերությունը զբաղվում է նաեւ վարդերի, մշտադալար բույսերի, պտղատու ծառերի, միամյա եւ բազմամյա բույսերի, ինչպես նաեւ սենյակային էկզոտիկ բույսերի աճեցմամբ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔ ԵՆ ԲԱԺԱՆԵԼ
Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմի նախկին ղեկավարը եւ ֆինանսական բաժնի նախկին պետը 2017թ. հունվարից մարտ ամիսների ընթացքում մի խումբ անձանց ընտրակաշառք են բաժանել եւ տրամադրել պետպատվերի շրջանակներում անվճար բժշկական օգնություն ստանալու ուղեգրեր` քաղաքացիներից պահանջելով մասնակցել 2017թ. ապրիլի 2-ի ՀՀ ԱԺ ընտրություններին եւ քվեարկել Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավարի պատգամավորության թեկնածու եղբոր օգտին: Վերջիններս մի խումբ անձանց տվել են 10.000 դրամ ընտրակաշառք եւ տրամադրել պետպատվերի շրջանակներում անվճար բժշկական օգնություն ստանալու ուղեգրեր` վարչական շրջանի ղեկավարի եղբոր օգտին քվեարկելու համար: Հարուցվել է քրգործ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, երկու կամ ավելի անձի նկատմամբ, թեկնածուներից որեւէ մեկի օգտին քվեարկելու համար ընտրողին միջնորդի միջոցով կաշառք տալու կամ որեւէ այլ առավելություն տրամադրելու դեպքի առթիվ:




Լրահոս