ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու մասին` նախանշելով առաջիկա գործողությունները: Մինչ այդ, ինչպես հայտնի է, վաղ առավոտից քաղաքացիները վարչապետի կոչով արգելափակել էին հայաստանյան բոլոր դատարանների մուտքերը եւ սպասում, որ կեսօրին Փաշինյանը հանդես կգա հայտարարությամբ: Իսկապես, դատական համակարգը լուրջ բարեփոխումների կարիք ունի. հեղափոխություն անհրաժեշտ է նաեւ այս ոլորտում, որովհետեւ որոշ հարցերում դատական համակարգը դարձել է արգելակ: Ընդհանրապես, ի տարբերություն օրենսդիր եւ գործադիր իշխանությունների, որոնք ձեւավորվել են ժողովրդի ազատ կամարտահայտման արդյունքում եւ ունեն լիակատար լեգիտիմություն, դատական համակարգը, ընդհակառակը, տեսանելի ու անտեսանելի թելերով կապված է նախկին կոռումպացված համակարգի հետ: Դա պարզ դարձավ նաեւ երեկ. նախ` հրապարակվեց այն մասին, որ Քոչարյանին ազատ արձակելու որոշումը գրել են Վերաքննիչ դատարանի երեք դատավորներ՝ դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին, Արշակ Վարդանյանն ու Մխիթար Պապոյանը: Մինչ Քոչարյանի փաստաբանական թիմը կհերքեր այս լուրերը, ավելի ուշ պարզ դարձավ, որ դատավոր Դավիթ Գրիգորյանը «Մարտի 1»-ի գործը կասեցրել է եւ ուղարկել ՍԴ: Ընդ որում, դա արել է` բավարարելով ամբաստանյալի փաստաբանների միջնորդությունը, բայց առանց տեղյակ պահելու ո՛չ մեղադրող, ո՛չ տուժող կողմերին, առանց հաշվի առնելու նրանց կարծիքը: Ենթադրվում է` ե՛ւ տուժող, ե՛ւ մեղադրող կողմը կբողոքարկեն այս որոշումը. մեղադրող կողմը բողոքարկել է նաեւ Քոչարյանին ազատ արձակելու որոշումը, նաեւ դատավորին ինքնաբացարկ հայտնել: Մինչ այդ նկատենք՝ դատական համակարգում այս սխեմայի մասին ամիսներ առաջ «Ժողովուրդ» օրաթերթն էր գրել: Երեկ փորձեցինք զրուցել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունու հետ, սակայն ապարդյուն: Ավելի ուշ պարզվեց՝ նա գործուղման է մեկնել եւ գտնվում է Հոնկոնգում: Իսկ դատավոր Դավիթ Գրիգորյանը չցանկացավ մեր հարցերին պատասխանել՝ ասելով, որ իրեն խանգարում ենք:
Երեկ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` հանդիպումը բավական թեժ է անցել, հնչել են ամենահնարավոր հարցերը, ընդ որում՝ շատ բաց տեքստով, առանց թաքցնելու կամ փորձելու մեղմացնել հարցերը, իսկ Բակո Սահակյանն էլ տվել է անհրաժեշտ պատասխաններ, սակայն հանդարտ, իրեն բնորոշ ձեւով։ Ընդ որում, պատգամավորները նաեւ իրար մեջ նշում էին, թե սկզբում լարված են եղել, սակայն վերջնամասում արդեն հանգստացել են։ Հանդիպման ընթացքում հնչել են հնարավոր բոլոր հարցերը՝ սկսած մարտի 1-ին Հայաստան զորք ուղարկելուց, Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու միջնորդությունից, Հայաստան-Արցախ հարաբերություններից, անգամ Վիտալի Բալասանյանից: «Շատ բաց խոսակցություն էր ընթանում, հետաքրքիր։ Մեր հարցերը շատ ուղիղ էին, նախագահի պատասխանները եւս ուղիղ էին»,- «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց պատգամավորներից Արման Բոշյանը։
Ինչպես հայտնի է, Գյումրիում տեղի ունեցած փողոցաշինության ծրագրի շրջանակներում բացահայտված չարաշահումների վերաբերյալ քրեական գործ է հարուցվել: «Կոմպաս» հ/կ-ն ուսումնասիրել է Գյումրու մի շարք փողոցների վերանորոգման աշխատանքները, եւ հայտնաբերվել են սահմանված նորմատիվներից շեղումներ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հիմնականում խախտումներ հայտնաբերվել են «Սիսիանի ԲՈՒԱՏ» եւ «Ա.Ա.Բ. պրոեկտ» ընկերությունների կատարած աշխատանքներում: Ինչպես հայտնի է, «Սիսիանի ԲՈՒԱՏ» ընկերությունը պատկանում է ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանի ընտանիքին: «Ա.Ա.Բ. պրոեկտ» ընկերությունը, որը ստեղծվել է դեռեւս 2006 թվականին, առնչություն ունի ԱԺ ՀՀԿ խմբակցության մեկ այլ նախկին պատգամավոր, Ռոբերտ Քոչարյանի հետ խնամի Վոլոդյա Բադալյանի ընտանիքի հետ: Ի դեպ, ըստ ՀՀ պետական ռեգիստրի` ընկերության հիմնադիրն է Արմեն Բադալյանը: Ինքը` Վոլոդյա Բադալյանը, մեզ հետ զրույցում հայտարարեց, որ ընկերությունը պատկանում է իր եղբորորդուն: Հարուցված քրեական գործից նախկին պատգամավորը տեղյակ չէր:
«Գարդասիլ 4» պատվաստանյութի կիրառման շուրջ ստեղծված աղմուկը չի դադարում: Մասնագիտական կարծիքը բաժանվել է երկու խմբի: Առողջապահության նախարարությունը պնդում է «Գարդասիլ 4»-ի արդյունավետության, օգտակարության մասին, իսկ երկրորդ խումբը` «Բժիշկների ազգային կոալիցիան», հակառակ կարծիքին է: Մինչ այդ` օրեր առաջ, ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում տեղի ունեցավ «Գարդասիլ 4» պատվաստանյութի վերաբերյալ քննարկում։ Ու պարզվում է` նախարարությունը «Գարդասիլ 4» պատվաստանյութի ներդրման համար դրամաշնորհ է ստացել. նման խոստովանություն արել է ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչ Գայանե Սահակյանը: Խոսքը 203 հազար դոլարի մասին է: ««Գարդասիլ 4» խմբաքանակի ուղիղ կեսի ժամկետն ավարտվում է 5 ամսից: Փաստացիորեն իրենք ստիպված են դա վերջացնել, ներարկել մինչեւ 2019 թվականի հոկտեմբեր, մյուս կեսի ժամկետն էլ 2020-ի ապրիլն է»,- հայտարարել է բժշկուհի Մարինա Խաչատրյանը՝ հավելելով, որ այս տարվանից պատվաստման ենթակա կանանց տարիքային շեմը բարձրացվել է մինչեւ 45 տարեկան, որպեսզի հասցնեն սպառել ստացված պատվաստանյութը:
800 ՀԵԿՏԱՐ ԿՈՐՑՆՈՂՆԵՐԸ
Միանգամայն սպասելի էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունները մեծ արձագանք են ստանալու, բնականաբար, իրարամերժ արձագանքներ: ՀՀ վարչապետը չսահմանափակվեց միայն դատաիրավական համակարգի բարեփոխումների մասին խոսելով, այլ անդրադարձավ Հայաստան-Արցախ հարաբերություններին, որոնք, խոստովանենք, վերջին օրերի հայտնի իրադարձություններից հետո այնքան էլ հարթ չեն:
Եվ, ահա, Փաշինյանի երեկվա հայտարարություններին միանգամից հետեւեց նախկին իշխանությունների արձագանքը: ՀՀԿ փոխնախագահներից Արմեն Աշոտյանը շտապեց հայտարարել, որ այսպես Փաշինյանը հնարավոր պատերազմի մեղքը նախապես գցում է Արցախի վրա: Նույնաբովանդակ արձագանքներ եղան նաեւ նախկին իշխանության այլ ներկայացուցիչների կողմից, որոնք եւս միահամուռ «գրոհել էին» համացանցում: Կարճ ասած` ամեն ինչ Թումանյանի հայտնի «Կիկոսի մահը» հեքիաթի մոտիվներով էր:
Միայն թե, համաձայնեք, ինչ-ինչ, բայց գոնե Արցախի թեմայով ՀՀԿ-ականներն իրավունք չունեն ծպտուն անգամ հանելու. որեւէ մեկը չի մոռացել, որ ՀՀԿ իշխանավարման տարիներին տեղի ունեցավ Ապրիլյան քառօրյա պատերազմն ու ունեցանք 100-ից ավելի զոհ, ունեցանք հարյուրավոր վիրավորներ, եւ, վերջապես, ունեցանք 800 հեկտարի կորուստ: Իսկ դրանից հետո հենց ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն էր հայտարարել. «Ռազմավարական առումով կամ մարտավարական առումով այդ տարածքները որեւէ նշանակություն չունեն»:
Այնպես որ, ՀՀԿ-ականները պատերազմի կամ հողեր հանձնելու թեմայով տարատեսակ շահարկումներից առաջ ճիշտ կանեին, եթե մեկնաբանեին, թե ինչպես իրենց օրոք փաստացի կորցրինք 800 հեկտար հող, կամ ինչպես էր Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ բանակն 80-ականների զենքով կռվում, կամ ինչպես զրահատեխնիկան այդ օրերին չաշխատեց դիզվառելիքի բացակայության պատճառով: Մեծ հաշվով, պատճառների մասին ամենքս էլ գիտենք ու հիշում ենք. դա ՀՀԿ իշխանության օրոք համատարած կոռուպցիան էր:
Պատահական չէ, որ երեկ վարչապետ Փաշինյանը խոսեց ԱԺ-ում 2016 թվականի Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին: Եթե հիշում եք, մի առիթով էլ Փաշինյանը հայտարարել էր. «Ես քառօրյա պատերազմի վերաբերյալ կարդացել եմ տասնյակ, եթե ոչ հարյուրավոր էջերով գաղտնի նյութեր եւ այդ նյութերում ոչինչ չեմ գտել հետախուզական տվյալների բացակայության կամ պակասության մասին»: Հիմա իսկապես եկել է այս հարցերի պատասխանները ստանալու ժամանակը: