ՈՒՂԻՂ ՀԱՐՑԵՐ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ ՓԱԿ ՆԻՍՏՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ օրն իսկապես թեժ ստացվեց։ Վաղ առավոտից վարչապետի հորդորով քաղաքացիները փակել էին դատարանների մուտքերը, իսկ երեկոյան էլ օրն ամփոփվեց Արցախի նախագահ Բակո Սահակյանի եւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների երկու ժամանոց հանդիպմամբ։

Մինչ նիստի մեկնարկը, նաեւ դրանից հետո Արցախի նախագահ Բակո Սահակյանը պատասխանել է նաեւ լրագրողների հարցերին՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին եւ Ռոբերտ Քոչարյանի համար անձնական երաշխավորություն ներկայացնելուն։ Վերջինիս մասով նա նշեց. «Գիտեք, մեր միջնորդության մեջ նշվել է, որ այդ քայլը նպատակ չէր հետապնդում լրացուցիչ լարվածություն առաջացնելու։ Ընդհակառակը, եթե կա լարվածություն, ապա այն միտված էր դա թուլացնելու։ Մեր միջնորդության մեջ նշված էր՝ այն քայլ չէ՝ ուղղված Հայաստանի դատական գործընթացը կասկածի տակ առնելուն, այլ խափանման միջոցը փոխելու», – նշել էր Բակո Սահակյանը։
Նշենք, որ, պատգամավորների հավաստմամբ, հանդիպումը բավական թեժ է անցել, հնչել են ամենահնարավոր հարցերը, ընդ որում՝ շատ բաց տեքստով, առանց թաքցնելու կամ փորձելու մեղմացնելու հարցերը, իսկ Բակո Սահակյանն էլ տվել է անհրաժեշտ պատասխաններ, սակայն հանդարտ, իրեն բնորոշ ձեւով։ Ընդ որում, պատգամավորները նաեւ իրար մեջ նշում էին, թե սկզբում լարված են եղել, սակայն վերջնամասում արդեն հանգստացել են։ Հետաքրքիր է, որ հանդիպմանը ոչ բոլոր պատգամավորներն էին ներկա, այդ թվում` ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ու փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, որոնք գործուղման մեջ են, իսկ Արցախի նախագահին դիմավորելու, ուղեկցելու եւ ճանապարհելու պարտականությունն էլ վստահվել էր խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին։
Ինչպես արդեն նշեցինք, հանդիպման ընթացքում հնչել են հնարավոր բոլոր հարցերը՝ սկսած մարտի 1-ին Հայաստան զորք ուղարկելուց, Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու միջնորդությունից, Հայաստան-Արցախ հարաբերություններից, անգամ Վիտալի Բալասանյանից, եւ պատգամավորներն էլ բավական ակտիվ են եղել։
Եվ չնայած հանդիպումը փակ էր, եւ իշխող ուժի պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը մեզ հետ զրույցում խուսափեց փակագծեր բացել, սակայն ընդգծեց, թե բոլոր հարցերին անդրադարձ եղել է, այնուամենայնիվ, նա խուսափեց հստակ պատասխանել՝ հանդիպումից գոհ մնացել է, թե ոչ։ Ընդ որում, Հռիփսիմե Գրիգորյանը եւս հարց տվողների թվում է եղել։
«Հնչեցին բազմաթիվ հարցեր, հնչեցին պատասխաններ։ Քննարկվել է հարցերի շատ մեծ շրջանակ, եւ հիմնական մեր՝ պատգամավորների բարձրացված հարցերն ու մտահոգություններն առնչվում են հետեւյալին՝ ինչպես անել, որ մեր հայ ժողովրդի երկու հատվածների միջեւ լարվածությունը թուլացնենք։ Արդյոք այն քայլերը, որոնք արվել են, նպաստել են դրան, թե ոչ», – նշեց պատգամավորը։
Վերջինս չցանկացավ գնահատական տալ՝ արդյոք բոլոր հնչած հարցերին եղան բավարար պատասխաններ, թե ոչ։ Դիտարկմանը՝ այսինքն գոհ չեք մնացել, նա նշեց. «Ես պարզապես ասացի, որ գնահատական չեմ հնչեցնում, քանի որ հանդիպումը փակ էր։ Ես եւս հարց հնչեցրել եմ եւ ստացել եմ իմ հարցի պատասխանը, եւ հնչել են նաեւ այլ նմանատիպ հարցեր։ Քննարկվել են հիմնականում վերջին շրջանում լայն քննարկված հարցեր»։
Եվ չնայած հանդիպումն իսկապես թեժ է եղել, եւ հնչել են բազմաթիվ հարցեր ու պատասխաններ, սակայն պատգամավորները գոհ էին հանդիպման նման ընթացքից, բայց ոչ այնքան պատասխաններից։ Իշխող խմբակցության մեկ այլ պատգամավոր Արման Բոշյանը եւս հարց է ուղղել Արցախի նախագահին եւ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե անդրադարձ է եղել նաեւ Արցախում առկա օրակարգային հարցերին, գործընթացներին, եւ կարեւորեց նման հանդիպումը։ «Շատ բաց խոսակցություն էր ընթանում, հետաքրքիր։ Մեր հարցերը շատ ուղիղ էին, նախագահի պատասխանները եւս ուղիղ էին։ Կաշկանդվածություն որեւէ չի եղել, մենք գիտակցում ենք, որ մեր մեջ չեն կարող լինել փակ թեմաներ եւ հարցեր, որոնք չեն քննարկվում», – նշեց նա։
Պատգամավորը չթաքցրեց, որ հնարավոր բոլոր հարցերին անդրադարձ եղել է, սակայն հանդիպումը որակեց ոչ թե թեժ, այլ բովանդակային, կառուցողական եւ գործընկերային։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ՔԻՉ ՉԷԻՆ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով երեկ առավոտյան` ժամը 8:30-ից, արգելափակվել էին բոլոր դատարանների մուտքերը, եւ քաղաքացիները թույլ չէին տալիս որեւէ մեկի մուտք գործել դատարաններ: «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպությունը հրապարակել է, որ, ըստ որոշ տվյալների, ժամը 10-ի դրությամբ վարչապետի կոչին միայն Երեւանում արձագանքել էր մոտ 1100 մարդ. բոլոր դատարանների մուտքերը փակ էին: Գրեթե բոլոր դատարանների մոտ ներկա էին նաեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ: Կարծիքներ հնչեցին նաեւ, որ այս ակցիան ցույց տվեց` Նիկոլ Փաշինյանը այեւս մեծ վստահություն չի վայելում։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով այս հարցին, նշեց, որ ինքը, ըստ էության, գոհ է ակցիայի արդյունքներից։ Հարց ուղղեցինք` արդյոք քիչ չէին ցուցարարները։ «Ես, օրինակ գտնվում էի Արաբկիրում։ Արաբկիրի դատարանում քիչ չէին մարդիկ։ Ակցիային մասնակցում էին քաղաքացիական հասարակության ներայացուցիչներ, կային մարզերից եկած մարդիկ եւ նաեւ շատ ըմբռնումով մոտենում էին դատարանի աշխատակիցները։ Մենք իրենց հետ շատ հետաքրքիր քննարկումներ ունեցանք ապագայի մասին, եւ իրենք էլ անուղղակի ձեւով համաձայն են, որ իրավիճակը էնպես չէ, որ դատական իշխանությունը վայելում է ժողովրդի վստահությունը, եւ պարզ է մի բան, որ ինչ-որ քայլեր պետք էր իրականացնել»,- մեզ հետ զրույցում ասաց պատգամավորը։

 

 

 

ԲՀԿ-Ն ՄՏԱԾՈՒՄ Է
Ինչպես հայտնի է, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է ստորագրահավաք՝ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից երկրում ստեղծված իրավիճակի մասին պարզաբանումներ ստանալու համար։ Պարզ է, որ ԼՀԿ խմբակցության անդամների թիվը բավական չէ, եւ պետք է միանան նաեւ ԲՀԿ անդամները։ Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԲՀԿ-ում դեռ այդ հարցը չեն քննարկել եւ չեն որոշել՝ կմիանան ստորագրահավաքին, թե ոչ։ Նրանք մինչեւ վաղը` ժամը 12-ը, ժամանակ ունեն վերջնական որոշում կայացնելու` նիստ անցկացնել-չանցկացնելու վերաբերյալ։ Սակայն արդեն իսկ պարզ է, որ իշխանական «Իմ քայլը» խմբակցությունը չի միանա ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանի» նախաձեռնած արտահերթ նիստ հրավիրելու ստորագրահավաքին: Ընդ որում, խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի խոսքով` քննարկումներ անպայման կլինեն այս թեմայով, սակայն ընդդիմադիր գործընկերների ձեւակերպումների հետ համաձայն չեն, եւ նաեւ դա է չմիանալու պատճառը։ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները չեն բացառում, որ եթե անգամ ԲՀԿ-ն միանա, եւ արտահերթ նիստ գումարվի, այն չի անցկացվի քվորումի բացակայության պատճառով։

 

 

 

ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ
ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի արտագնա նիստին մասնակցելու նպատակով Բիշքեկում գտնվող ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ: Վերջինս շեշտել է, որ ռազմաքաղաքական դաշինքում գտնվելը ենթադրում է վստահության հատուկ մակարդակ, եւ ՀԱՊԿ ԽՎ խորհրդի առաջիկա նիստը հնարավորություն կընձեռի հանգամանալի անդրադառնալու օրակարգային բոլոր հարցերին: Վ. Վոլոդինը վերահաստատել է նաեւ Ա. Միրզոյանին ուղղված իր հրավերը` մասնակցելու հուլիսի 1-2-ը ՌԴ ԴԺ Պետական դումայում կազմակերպված «Պառլամենտարիզմի զարգացումը» խորագրով միջազգային համաժողովին, որի ընթացքում աշխարհի տարբեր երկրների խորհրդարանների խոսնակներ կքննարկեն պառլամենտարիզմի հետագա զարգացման հարցեր:

 

 

 

ԱԶԱՏԵԼ Է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փոշինյանը Արթուր Մկրտչյանին եւ Տիգրան Պարսիլյանին ազատել է Արարատի մարզպետի տեղակալների պաշտոններից:

 

 

 

ՍԿՍՎՈՒՄ ԵՆ
«Իմ Քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտնել է, որ խորհրդակցության ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել անհապաղ միջոցներ ձեռնարկել դատաիրավական համակարգում հեղափոխական փոփոխություններ անելու վերաբերյալ: «Այդ փոփոխությունները պետք է զուգահեռ լինեն մի քանի մարմինների հետ համատեղ, այլապես այդ փոփոխությունները հեղափոխական արդյունք չեն տա: Խոսքը առաջին հերթին կառավարության մասին է, ինչպես նաեւ դատաիրավական համակարգի անմիջական ներգրավվածության, ներգրավված պետք է լինի նաեւ ԱԺ-ն: Մայիսի 24-ին արդեն սկսվում են հանրային քննարկումներ` անցումային արդարադատության հետ կապված»,- ասել է Լ. Մակունցը: Վերջինս նկատել է, որ մեկ տարվա ընթացքում դատաիրավական համակարգի ներկայացուցիչների կողմից որեւէ խնդրի վերաբերյալ մեկնաբանություն չեն լսել, եւ ոչ էլ դատաիրավական համակարգը բարեփոխելու ուղղությամբ է առաջարկ ներկայացվել: Խմբակցության ղեկավարը եւս մեկ անգամ շեշտել է, որ ժողովրդի պահանջն է, որ ինչպես գործադիր եւ օրենսդիր իշխանություններում տեղի ունեցան կտրուկ փոփոխություններ, նույնը տեղի ունենա դատական իշխանությունում:

 

 

ԵՐԵՎԱՆՈՒՄ
ՀԱՊԿ ԽՎ աշնանային նիստը տեղի կունենա Երեւանում: Առաջարկը հավանության է արժանացել ԽՎ խորհուրդը: Նիստի ժամկետը կհրապարակվի ավելի ուշ` անհրաժեշտ ընթացակարգերից հետո: Խոսքը հոկտեմբեր-նոյեմբերի մասին է:

 

 

ԱՄՆ-Ն ԿԱՋԱԿՑԻ
Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել Հայաստանում անկախ դատական համակարգի ամրապնդմանը, ինչը ներառում է կոռուպցիայի դեմ ուղղված ջանքեր եւ իրավունքի գերակայության հաստատությունների ձեւավորում: Այս մասին հայտնել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան լրատվական ծառայությունը. «Սա պահանջում է վճռականություն, զգոնություն եւ կառավարման թափանցիկ ու հաշվետու հաստատությունների կառուցման երկարաժամկետ ռազմավարություն: Հայաստանի ժողովուրդը հստակ մատնանշել է, որ սատարում է այս փոփոխություններին, եւ մենք կառավարությանը քաջալերում ենք հետամուտ լինել դատական բարեփոխումների երկրի սահմանադրությանը համահունչ ճանապարհով»:




Լրահոս