Նախօրեին պարզ դարձավ, որ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը կասեցրել է «Մարտի 1»-ի գործով ամբաստանյալների՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գեւորգյանի, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի եւ ՀԱՊԿ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի վերաբերյալ գործի վարույթը։ Այս գործն ուղարկվել է նաեւ Սահմանադրական դատարան՝ սահմանադրական կարգի տապալման հոդվածի սահմանադրականությունը որոշելու համար, ինչպես նաեւ խոսքը վերաբերում է նախագահի անձեռնմխելիությանը։
Հատկանշական է, որ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները բազմիցս են հայտարարել, որ այս հոդվածը չի կարող տարածվել այժմյան մեղադրյալների վրա, քանի որ 2008 թվականին այն նման հանցակազմով գոյություն չի ունեցել, եւ միայն 2009 թվականի օրենսգրքում փոփոխությունների արդյունքում է այս հոդվածը ներառվել օրենքում։ Սակայն ներկայիս իշխանությունները պնդում էին, թե դա սահմանադրականության հետ կապ չունի, եւ 2008 թվականին եւս այդ մեկնաբանությունը եղել է նույն քրեական օրենսգրքում, սակայն այլ հոդվածի ներքո։ Ըստ այդմ, դատարանը նշում է, որ դատական քննության այդ փուլում առկա է Քրեական օրենսգրքի հին՝ 300 ու 2009-ին փոփոխված Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածների եւ Սահմանադրության 72, 73 եւ 79 հոդվածների միջեւ առկա է անհամապատասխանության կասկած, եւ անհրաժեշտություն կա պարզելու դրանց համապատասխանությունը Սահմանադրությանը։
Ինչեւէ, այս տեղեկության հրապարակումից հետո «Մարտի 1»-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանն էլ հայտարարել էր, որ իր վստահորդների անունից առաջին հերթին տուժողների մասնակցային իրավունքի շարունակական խախտումների հիմքով բողոքարկելու է այս որոշումը Վերաքննիչ դատարանում: Երեկ, սակայն, Վահե Գրիգորյանը հայտնեց, որ, ըստ էության, այլեւս չեն կարող բողոքարկել այս որոշումը, քանի որ համապատասխան միջոցներն արգելափակված են։ Նա մասնավորապես հայտնել է. «Դատավոր Դ. Գրիգորյանի ընդունարանից տեղեկացա, որ բողոքարկման ենթակա եւ դեռ չբողոքարկված որոշումն արդեն իսկ ի կատար է ածվել, եւ քրեական գործն ուղարկվել է Սահմանադրական դատարան՝ ապօրինաբար եւ քրեական դատավարության կանոնների կոպտագույն խախտումներով դատավարության բոլոր կողմերին զրկելով այն բողոքարկելու հնարավորությունից։ Քրեական գործն իր ողջ նյութերով հանդերձ ՍԴ ուղարկելով` մեր բողոքարկման իրավունքը, փաստացի, այլեւս դադարել է, քանի որ առանց քրեական գործի նյութերի Վերաքննիչ քրեական դատարանը մեր բողոքը լսել չի կարող»։
Եվ փաստաբանը նաեւ բարձրաձայնել է այն հարցը, որ այսպիսով Սահմանադրական դատարանը պետք է քննության չառնի նյութը, քանի որ խախտվել են տուժողի եւ մեղադրող կողմի իրավունքները։
Սակայն ուսումնասիրելով նման դեպքերում ՍԴ պրակտիկան` պարզ է դառնում, որ գրեթե չի եղել այնպիսի դեպք, երբ դատարանի կողմից օրենքի մեկնաբանման վերաբերյալ ուղարկված հայցը քննության չառնվի։ Դա կարող է լինել այն հազվադեպ դեպքում, երբ Սահմանադրական դատարանը գտնի, որ այդտեղ սահմանադրականության մեկնաբանման որեւէ խնդիր չկա, եւ ՍԴ-ն այդտեղ գործառույթ չունի անելու։ Սակայն այս դեպքում նման սցենարը քիչ հավանական է, քանի որ դատավոր Գրիգորյանը հենց այդ փաստերն է իր որոշման հիմքում դրել:
Եվ այժմ մեկ ամսվա ընթացքում Սահմանադրական դատարանը կհրապարակի՝ հարցը քննության առնում է, թե ոչ։ Արդեն դրանից հետո գործում է առավելագույնը վեց ամիս ժամկետը, եւ Սահմանադրական դատարանն այս գործով որոշում կկայացնի հենց վեց ամսվա ընթացքում։ Իսկ դա էլ իր հերթին ենթադրում է, որ մինչ որոշման հրապարակումը գործով մեղադրյալները, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանը, լինելու են ազատության մեջ, քանի որ գործը կասեցված է, եւ գործով որեւէ այլ գործողություն չի կարող իրականացվել։ Արդեն ՍԴ-ի որոշումից հետո նոր պարզ կլինեն հետագա անելիքները։ Նկատենք, որ վեց ամիսն առավելագույն ժամկետն է, եւ չի բացառվում, եւ նաեւ հավանական է, որ ավելի շուտ որոշում կայացվի՝ հաշվի առնելով այս գործի վերաբերյալ հասարակական հետաքրքրությունը: Ի վերջո, այս գործը լուրջ իրադարձությունների առիթ հանդիսացավ: Նկատենք, որ ՍԴ-ում գործի քննությունն ընթանալու է գրավոր ընթացակարգով եւ փակ ռեժիմով։ Այնպես որ, հետաքրքիր է՝ ինչ որոշում է կայացնելու նախկին ՀՀԿ-ական Հրայր Թովմասյանի գլխավորած Սահմանադրական դատարանը:
Հ.Գ. երեկ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը տեղեկացրել է, որ դատախազությունը բողոքարկելու է գործի վարույթը կասեցնելու՝ դատավորի որոշումը:
«Չնայած այն հանգամանքին, որ, օրենսգրքի 427-րդ հոդվածի առաջին մասի համաձայն, առաջին ատյանի դատարանի` գործն ըստ էության չլուծող դատական ակտն ուժի մեջ է մտնում կայացման պահից, սակայն նույն օրենսգրքի 376.1 հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանների՝ գործով վարույթը կասեցնելու որոշումները վերաքննության կարգով բողոքարկման ենթակա են»,- ասել է նա՝ տեղեկացելով, որ դիմելու են ՀՀ վերաքննիչ դատարան:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԱՐԳԵԼՔԸ ՀԱՆՈՒՄ ԵՆ
Ինչպես հայտնի է, նախորդ տարի` դեռ Տարոն Մարգարյանի քաղաքապետ ժամանակ, Երեւանի ավագանու նիստում կոյուղաջրերի հայտնի պատմությումից հետո իշխանությունները քաղաքական որոշում կայացրին՝ սահմանափակել լրագրողների ներկայությունն ավագանու նիստերի դահլիճում եւ այդպիսով խուսափել անցանկալի հրապարակումներից: Ընդ որում, դա ամրագրվել էր օրենսդրական փոփոխությամբ. հրատապ փոխեցին «Երեւանի տեղական ինքնակառավարման մասին» օրենքը: Չնայած թավշյա հեղափոխությունից հետո լրագրողներն արդեն ավագանու նիստերին անարգել մտնում են դահլիճ, սակայն օրենսդրական արգելքը մնում է: Եւ, ահա, երեկ հայտնի դարձավ, որ հիմա փոփոխություններ են կատարվելու «Երեւանի տեղական ինքնակառավարման մասին» օրենքում՝ հանելու համար նախկին իշխանությունների ամրագրած արգելքները. նման նախաձեռնություն ներկայացրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը: Նրա ներկայացրած մեկ այլ փոփոխությամբ էլ լրագրողները կկարողանան մտնել Ազգային ժողով առանց հատուկ հավատարմագրման: Հատկանշական է փաստը, որ օրենսդրական փոփոխությունների երկու նախագծերն էլ ընդունելի են եղել ՀՀ կառավարության համար: Մինչ այդ մեկ փաստ էլ. Հայկ Մարությանի՝ Երեւանի քաղաքապետ ընտրվելուց հետո` 2018-ի հոկտեմբերից ի վեր, քաղաքապետարանի եւ ավագանու աշխատանքը տեղում լուսաբանելու համար հավատարմագրման կարգ չի գործում, քանի որ քաղաքային իշխանությունը հավատարմագրման անհրաժշտությունը չի տեսնում:
ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿՀԱՐՈՒՑՎԻ՞
ՀՀ ԿԳ նախկին նախարար, նախկին ՕԵԿ-ական Սերգո Երիցյանի որդու` Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարգիս Երիցյանի նկատմամբ միգուցե կարգապահական վարույթ հարուցվի: Բանն այն է, որ դատարանների մուտքը փակելու հայտնի ակցիայի մասին դատավորը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Իմ շատ սիրելի ընկերներ, լսել եմ այսօրվա կես բուռ անձանց անորոշ ակցիայից հետո շատերն են վախեցել: Իսկույն ՉԻՇԻԿ խմե՛ք, ասում են` օգնում ա»: Չնայած որոշ ժամանակ հետո դատավորը ջնջել էր գրառումը, բայց մի շարք կայքեր արդեն հասցրել էին հանրության սեփականությունը դարձնել: Ու հիմա անհարգալից այս գրառման համար դատավորը հայտնվել է պատասխանատվության ենթարկվելու վտանգի առաջ:
ԲԴԽ-Ն ԿԱԶՄԱԼՈՒԾԵՑ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իշխանական կուլիսներում քննարկում է եղել այն մասին, որ դեռ նախկինում ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին ասել են՝ ԲԴԽ-ն հարկավոր է կազմալուծել դատական համակարգի խնդիրները լուծելու համար: Սակայն խոսակցությունները այդպես էլ արդյունք չտվեցին, եւ այսօր ունենք այն, ինչ ունենք՝ հասարակության վստահությունը չվայելող դատարաններ: Տեղեկությունը փորձեցինք պարզել նախարար Զեյնալյանից, սակայն վերջինս հերքեց՝ ասելով, որ նման բան չի եղել:
57 ՄԼՆ
2018 թ. մայիսի 16-ին կայացած Արցախի 2017թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկումից հետո Արցախի ԱԺ պատգամավորները գործադիր իշխանության ներկայացուցիչներին առաջադրել են բյուջեի կատարողականին վերաբերող մի շարք հարցեր: «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանը մտահոգություն է հայտնել, որ 2017 թվականին պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդից պաշտոնաթող նախագահ Արկադի Ղուկասյանի գրասենյակի համար գույք ձեռք բերելու նպատակով 53.760.000 հազար ՀՀ դրամ է տրամադրվել: «Մեր բյուջեի հաշվին այս շքեղությունը տարակուսանք է պատճառում՝ հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ պաշտոնաթող նախագահը չի բնակվում Ղարաբաղում»,- ասել է պատգամավորը:
ՉԿԱՅԱՑԱՎ
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախաձեռնությամբ առաջարկում է արտահերթ նիստին քննարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից տարածված հայտարարության հիման վրա քաղաքացիների կողմից դատարանների շենքերի շրջափակման հետեւանքով ՀՀ-ում ստեղծված իրադրությունը եւ դատաիրավական համակարգի բարեփոխումների իրականացման հնարավորության ու հեռանկարի վերաբերյալ վարչապետի հայտարարությունը»,-գրել էր Էդմոն Մարուքյանը: Երեկ պատգամավորը հայտարարել է, որ արտահերթ նիստ է գումարվելու. «Նախաձեռնությանը միացել են նաեւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության 18 պատգամավորները: Համաձայն «Իմ քայլը» խմբակցության հետ ձեռքբերված նախնական համաձայնության` նիստը տեղի կունենա այսօր` մայիսի 22-ին` ժամը 11:00-ին»,-տեղեկացրել է Է. Մարուքյանը: Սակայն ավելի ուշ ArmLur.am-ը պարզել է, որ նիստը, այնուամենայնիվ, տեղի չի ունենալու:
ԱԶԱՏՎԵԼ Է ՊԱՇՏՈՆԻՑ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Անահիտ Հախումյանն ազատվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից: Վերջինս այդ պաշտոնը զբաղեցնում էր 2018թ. հուլիսի 23-ից: