«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ իրավապահ համակարգը փնտրում է աղբյուրին, թե ով կամ ինչպես իմացավ, որ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշումը գրել են Վերաքննիչ դատարանի երեք դատավորները` Վազգեն Ռշտունին` Վերաքննիչ քրեական դատարանի նախագահը, Արշակ Վարդանյանը` Վերաքննիչ քրեական դատարանի դատավորը, Մխիթար Պապոյանը: Ինչպես հայտնի է, Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելուց հետո` մայիսի 20-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց դատարանների դռները փակելու եւ դատավորներին վեթթինգի ենթարկելու մասին:
Ու մինչ բոլորը շտապեցին քննադատել ՀՀ վարչապետին այս քայլի համար, մամուլում ֆեյսբուքյան օգտատեր եւ դատական փորձագետ ներկայացած Արտակ Գալստյանը աղմկահարույց հայտարարություն արեց. «Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբից արտահոսք է եղել, ըստ որի` Քոչարյանին ազատ արձակելու որոշումը գրել են Վերաքննիչ դատարանի երեք դատավորները` Վազգեն Ռշտունին` Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ, Արշակ Վարդանյանը` Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, Մխիթար Պապոյանը` Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հանձնաժողովի նախագահ. դատավոր Դավիթ Գրիգորյանը միայն կարդացել է այն»: Ավելին, դատական փորձագետ Արտակ Գալստյանը երեկ գրել էր, որ Վերաքննիչ դատարանի երեք դատավորներսկզբում որոշել են կասեցնել Քոչարյանի գործի քննությունը եւ գործը ուղարկել Սահմանադրական դատարան, որպեսզի Սահմանադրական դատարանը որոշի, թե արդյոք Քոչարյանի գործողությունների արդյունքում Սահմանադրական կարգը տապալվե՞լ է, թե՞ ոչ: Սակայն պլանները փոխվել են. նրանք, նախ, այնպես արեցին, որ երկրորդ նախագահը հայտնվի ազատության մեջ, իսկ, ահա, դրանից հետո գործը ուղարկեն ՍԴ դատարան, որպեսզի Սահմանադրական դատարանը որոշի, թե արդյոք Քոչարյանի գործողությունների արդյունքում Սահմանադրական կարգը տապալվե՞լ է, թե՞ ոչ: Ուստի մինչ մայիսի 20-ը ողջ դատական համակարգը խառնված էր, Դավիթ Գրիգորյանը ժամանակ չկորցրեց, Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի, Սեյրան Օհանյանի եւ Յուրի Խաչատուրովի վերաբերյալ գործի վարույթը դատարանի որոշմամբ կասեցրեց եւ ուղարկեց Սահմանադրական դատարան:
Ինչեւէ, այս հրապարակումը անպատասխան չմնաց: Երեկ գործին խառնվեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը, եւ վերջինս հաղորդում ներկայացրեց հանցագործության մասին` նշելով. «Նկատի ունենալով, որ նշված հրապարակումն ամբողջությամբ սուտ է, բացարձակապես չի համապատասխանում իրականությանը եւ պարունակում է հանցագործության մասին տեղեկություններ, հետեւաբար, համապատասխան մարմիններին խնդրում եմ իմ այս հրապարակումն ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում եւ, օրենքով սահմանված կարգով, պատշաճ իրավական գնահատական տալ Արտակ Գալստյանի եւ այդ կեղծ տեղեկությունը վերջինին հաղորդած անձի արարքներին: Հատկանշական է, որ Արտակ Գալստյանը, չհանդիսանալով լրագրող, պարտավոր է բացահայտել տեղեկատվության աղբյուրը»:
ՀՀ իրավապահները գործի անցան, մասնավորապես` ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնեցին` հաղորդման մասին տեղյակ են, հետաքննության մարմնին հանձնարարվել է ստուգել դրանում նշված հանգամանքները: Ըստ մեզ հասած տեղեկությունների` ՀՀ իրավապահները սկսել են պարզել, թե ով է դատական փորձագետը: Այսպիսով, տեղեկություններ են ստացվել, որ վերոնշյալ տեղեկությունը հրապարակած անձը, որ նախկինում ազատազրկման է դատապարտված եղել, հայտնի է Վանոյի Արտակ անունով: Այդ մասին հայտարարել է Քոչարյանի գործը քննող դատավոր Դավիթ Գրիգորյանը` ասելով, որ ժամանակին ինքը այդ անձնավորության հետ կապված խափանման միջոցի` կալանավորման հարցեր է քննել ու բավարարել: Մինչ այդ իրավապահները միաժամանակ ստուգումներ ու բացատրություններ են վերցրել դատական համակարգի ներկայացուցիչներից` փորձելով հասկանալ, թե նրանք ինչ կապ ունեն դատական փորձագետի հրապարակած տեղեկություների հետ: Ասել է թե` դատական համակարգում կասկածներ ունեն, որ միգուցե դատական համակարգից է այդ ինֆորմացիան դուրս եկել, եւ դատավորների գլխին, իբր թե, «շառ են անում»: Ստացվում է, որ ողջ դատական համակարգում խառնաշփոթ իրավիճակ է, եւ փորձում են հասկանալ, թե ով կամ ինչպես է կարողացել այդ ինֆորմացիան տալ դատական փորձագետին:
Ինչ կպարզվի այս ամենի արդյունքում, սպասենք զարգացումների, սակայն ակնհայտ է մեկ բան, որ դատական համակարգում խառնված են իրար:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏՔԵՐՈՎ
Ինչպես հայտնի է, այս օրերին հրապարակումներ եղան այն մասին, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշումը գրել են Վերաքննիչ դատարանի երեք դատավորներ` Վազգեն Ռշտունին` Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ, Արշակ Վարդանյանը եւ Մխիթար Պապոյանը: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ փորձեց զրուցել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունու հետ, քանի որ արդեն երկրորդ անգամ է, ինչ նրա անունը կապվում է Քոչարյանին ազատելու որոշման հետ, սակայն վերջինիս հետ կապ հաստատել չհաջողվեց:
«ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Վազգեն Ռշտունին վայրէջք է կատարել Մոսկվայի օդանավակայան: Զարմանալի է, որ այս իրավիճակում երբ շոշափվում է նրա անունը, նա շտապում է հեռանալ Հայաստանից, ինչը լուրջ կասկածների տեղիք է տալիս: Տեղեկությունը փորձեցինք պարզել վերջինիս աշխատակազմից, որտեղից, ի պատասխան, հայտնեցին, որ Ռշտունին գործուղման է գնացել եւ այժմ Հոնկոնգում է: Մեր այն հարցին, թե երբ է գնացել, խոստացան լրացուցիչ տեղեկացնել: Երեկ Վազգեն Ռշտունու աշխատակազմից իր գործուղման վերաբերյալ մանրամասներ ներկայացրին:
Այսպիսով, Վազգեն Ռշտունին գործուղման է մեկնել Հոնկոնգ այնտեղ կայանալիք Կոռուպցիայի դեմ պայքարի անկախ հանձնաժողովի (ICAC) 7-րդ խորհրդակցությանը եւ Հակակոռուպցիոն մարմինների միջազգային ասոցիացիայի (IAACA) ու Կոռուպցիայի դեմ պայքարի անկախ հանձնաժողովի համատեղ վերապատրաստման ծրագրին մասնակցելու համար: Միջոցառումներին մասնակցելու համար ՀՀ-ից մեկնել է պատվիրակություն, որի թվում է նաեւ Վազգեն Ռշտունին: Ընդ որում, նշված միջոցառումներին մասնակցելու հրավերը ստացվել է դեռ երկու ամիս առաջ, իսկ այցի հետ կապված բոլոր կազմակերպչական հարցերը, այդ թվում նաեւ` ֆինանսավորումն իրականացվել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան միջոցով: Կից ներկայացվում են նաեւ ՀՀ վերաքննիչ դատարանի նախագահի հրամանը եւ միջոցառումների վերաբերյալ հրավերը:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԴԱՏԱԽԱԶԸ ՄԵՐԺԵԼ Է
ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանը երեկ դատարանին միջնորդել է որպես վկա դատարան հրավիրել եւ հարցաքննել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ նախկին փոխոստիկանապետ, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանին եւ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին: Պաշտպանը նշել է, որ նախաքննության ընթացքում եւս այս միջնորդությունը ներկայացվել է, սակայն այն մերժել է: Մեղադրող դատախազ Արմեն Շահբազյանը առարկել է միջնորդության դեմ` նշելով, որ չի նշել որեւէ պատճառաբանություն, թե ինչ կարեւոր տեղեկություն պետք է վկաները հայտնեն գործի վերաբերալ, ուստի գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է մերժման: Դատարանը որոշեց նշված միջնորդության քննարկումը հետաձգել եւ դրան անդրադառնալ դատաքննության արդյունքում:
ԳՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ
Այս տարվա ապրիլին Հայաստանում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է իրավունքի պետական գրանցման 16 հազար 270 գործարք` մարտի համեմատ` 6.9 տոկոսով, իսկ 2018թ. ապրիլի համեմատ` 28.9 տոկոսով ավելի: Երեւանում 2019թ. ապրիլին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քառակուսի մետր մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները, մարտի համեմատ, աճել են 0.8 տոկոսով, իսկ 2018-ի ապրիլի համեմատ` 9.8 տոկոսով: Հայաստանի մարզերի քաղաքներում այս տարվա ապրիլին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քառակուսի մետր մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները, մարտի համեմատ, աճել են 0.4 տոկոսով:
ՈՂԲԵՐԳԱԿԱՆ
Սյունիքի մարզում խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. Մեղրի-Երեւան ավտոճանապարհի 82 կմ հատվածում` Կապանի վարչական տարածքում, բախվել են Ford մակնիշի եւ թԸի 66 մակնիշի ՊՆ ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Կապանի բկ: Նշվում է, որ մահացածը 23-ամյա Արծվիկ Ոսկանյանն է, իսկ վիրավորներից 2-ը ՀՀ ՊՆ N զորամասի ծառայողներ են: