«ՈՄԱՆՑ ԹՎՈՒՄ Է, ԹԵ ՄԻԼԻՈՆԱՏԵՐ ԵՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը դերասան Վահագն Գալստյանն է: Մենք բացահայտել ենք նրա էությանը բնորոշ քչերին հայտնի գծերը, անդրադարձել ենք դերասանի անվան շուրջ պտտվող ասեկոսեներին: Հումորային նախագծերից հայտնի դերասանը խոստովանել է, որ հումորն, իսկապես, մեծ զենք է, եւ եթե նույնիսկ ճակատիդ ատրճանակ են պահել, չպետք է կորցնես հումորիդ զգացումը:

-Վահա՛գն, Ձեզ ի՞նչ է պետք օրը լավ սկսելու համար:
-Լավ տրամադրություն, իսկ դա կապված է տանը տիրող խաղաղության ու գործս որակով անելու հետ:
-Հիմա ո՞րն է Ձեր տրամադրության գույնը:
-Կանաչից կարմիր, այսինքն՝ գարունից ամառ…Շատ վառ:
-Ի՞նչը կարող է հունից հանել Ձեզ:
-Մարդկանց ոչ պունկտուալ եւ անպատասխանատու լինելը:
-Իսկ Ձեզ հե՞շտ է հունից հանելը:
-Նայած, թե ով է կանգնած դիմացս: Տանել չեմ կարողանում, երբ մարդիկ իրենց կարծիքը փաթաթում են վզիդ: Շատ բուռն եմ իմ արձագանքներում, երբ խոսքը վերաբերում է հայրենիքիս: Երբ խոսքը ինձ համար շատ թանկ բաների մասին է, տաք եմ մոտենում հարցին: Հնարավոր է նաեւ բորբոքվեմ:
-Ձեր դիտած ներկայացումներից ո՞րն է առանձնակի տպավորել:
-Մեր՝ Դրամատիկական թատրոնի բոլոր ներկայացումներն էլ սիրում եմ: Առհասարակ, ինձ տպավորել է երկու ներկայացում՝ «Մոռանալ Հերոստրատին» եւ «Ֆանտոմային ցավեր»:
-Ո՞րն է եղել Ձեր մասին լսած ամենազվարճալի բամբասանքը:
-Այն, թե, իբր, ես հարուստ եմ եւ ունեմ զույգ եղբայր, որը շատ աղքատ է: Մի անգամ փոքր մեքենայով անցնում էի, լսեցի, որ ասում են. «Չէ սա ինքը չէ, փոքր եղբայրն է, ինքը հարուստ է»: Ոմանց թվում է, թե ես միլիոնատեր եմ (ծիծաղում է): Ամենազվարճալին այն է, որ ոմանք ինձ համոզում են դա, հարցնում են. «Այսինչը քո կի՞նն է, սա քո մեքենա՞ն է»: Եվ երբ պատասխանում եմ, որ, ոչ, իրենց թվում է՝ խաբում եմ, սկսում են համոզել: Օրինակ՝ լավ է, որ մտածում են, թե ես հարուստ եմ, բայց երբ հերքում եմ, պետք չէ նեղանալ (ծիծաղում է):
-Սիրու՞մ եք ճամփորդել: Ո՞ր երկրներն են Ձեզ հիացրել իրենց ինքնատիպությամբ:
-Այո, շատ եմ սիրում, անգամ Երեւանում առիթը բաց չեմ թողնում ոտքով քայլելու եւ գոնե ուզածս վայրերի կողքով անցնելու, զմայլվելու դրանցով: Վերջին անգամ Եգիպտոսում եմ եղել, ինձ տպավորել է ծովը, բայց ինձ ավելի շատ դուր են գալիս եվրոպական երկրները, օրինակ՝ Գերմանիան, Դանիան: Ուզում եմ նաեւ Հոլանդիայում լինել: Այնտեղ կենսամակարդակը բավական բարձր է, քաղաքացիական գիտակցությունը: Սիրում եմ երկրներ, որտեղ մարդիկ հարգում են իրար: Մեզ մոտ այդ հարգանքը կամ չափից դուրս է, կամ իսպառ բացակայում է:
-Ձեզ ինչպիսի՞ ծնող եք համարում:
-Չեմ ուզում ինքս ինձ գնահատական տալ. դա պետք է զավակներս ասեն: Բայց եթե նրանք ժպտում են, ուրեմն ամեն բան նորմալ է: Բնական է, որ ես էլ իմ ուժեղ ու թույլ կողմերն ունեմ: Փորձում եմ ազատ ժամանակս առաջին հերթին նվիրել հենց նրանց՝ քայլել, հյուր գնալ, ուսուցողական զրույցներ ունենալ երեխաներիս հետ: Երբ Երեւանից դուրս եմ գալիս, անպայման տղայիս էլ եմ տանում:
-Ձեր կյանքի դժվարին փուլն ի՞նչի հետ եք կապում:
-Այդպիսի փուլեր միշտ էլ կան: Ինչպես սրտի աշխատանքն է ուղեկցվում վայրիվերումներով, այնպես էլ կյանքը: Ուղիղ գիծը նշանակում է մահ: Եթե դժվարություններ չապրես, երջանկության պահերն այդքան ուժեղ չես զգա: Ամեն դեպքում, պետք է ամուր լինել, օպտիմիստ, հավատալ սեփական ուժերին եւ դժվարություններից չխուսափել, այլ ելք որոնել՝ չվնասելով որեւէ մեկին:
-Հումորը Ձեզ ավելի շատ օգնո՞ւմ է, թե՞ խանգարում:
-Այն միշտ է օգնում: Նույնիսկ եթե ատրճանակը ճակատիդ են դնում, չպետք է կորցնես հումորի զգացումը: Ես չգիտեմ՝ կա՞ մեկը, ով հումորի զգացում չունի:
-Եվ վերջում՝ ինչի՞ մասին եք երազում:
-Որ երկրումս ամեն բան լավ լինի, ընտանիքս է՛լ ավելի լավ ապրի, ես էլ լավ կլինեմ:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

 

ՁՄԵՐՈՒԿ՝ ԾԱՂԻԿՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ
«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ընթերցողների դատին ներկայացնել շարք՝ «Չեք հավատա, բայց…» խորագրով: Շարքի շրջանակում պատմում ենք շոուբիզնեսցիների կյանքից քչերին հայտնի, բայց ուշագրավ դրվագներ, հայտնիները հիշում են պահեր, որոնք իրենց պարգեւել են ժպիտ, զարմանք, վախ եւ այլ զգացումներ: Այս անգամ մեր զրուցակիցը դերասանուհի Լիլի Էլբակյանն է: Պատմությունը, որը նա հիշեց, կապված է բեմական կյանքի հետ եւ տեղի է ունեցել շուրջ տասը տարի առաջ, երբ «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցը Հայաստանում իր աստեղային ժամերն էր ապրում: Օնլայն տիրույթում ընկերների հետ հերթական քննարկումներից մեկի ընթացքում անհայտ մի օգտատեր Լիլիին հարցնում է՝ ծաղիկներ սիրում է, թե ոչ, եւ եթե այո, ինչ ծաղիկներ: Խոսակցության բնույթն այնքան էլ դուր չի գալիս դերասանուհուն, եւ նա կատակով պատասխանում է. «Ո՛չ, ծաղիկ չեմ սիրում, ձմերուկ եմ սիրում»: «Անցավ որոշ ժամանակ, եւ երբ Կամերային թատրոնում հերթական անգամ խաղացինք «Ի՞նչ տարբերություն, թե ում հետ» ներկայացումը, վարագույրը իջավ, հնչեցին ծափահարություններ, դերասանները ելան բեմ, հանդիսատեսներից երիտասարդ մի տղա մոտեցավ ու ինձ ծաղիկի փոխարեն ձմերուկ հանձնեց: Ի դեպ, ձմեռ էր, եւ ձմերուկ Հայաստանում չէր ճարվում, չգիտեմ՝ որտեղից էր պեղել, դա էլ բավական չէր, անունս էր մակագրել վրան: Ես սկզբում շոկի ենթարկվեցի, չհասկացա՝ ինչ էր կատարվում, ինչու ձմերուկ: Հետո միայն հիշեցի, որ սոցցանցի խոսակցությունն էր պատճառը»,-ծիծաղելով ասաց Լիլին: Բայց այսքանով պատմությունը չի ավարտվում: Շատ տարիներ անց մի առիթով Լիլիի ամուսնու՝ ռեփեր Համոյի կոլեգաներից մեկը Լիլիին հարցնում է. «Քեզ տարիներ առաջ բեմում ձմերուկ են նվիրել, չէ՞», դերասանուհին գլխով դրական պատասխան է տալիս: Դրանից հետո զրուցակիցը խոստովանում է, որ հենց ինքն է եղել այդ տղան. «Ես կարմրեցի, ե՛ւ ծիծաղս էր գալիս, ե՛ւ չէի հավատում, որ այս խմորն այսքան ջուր կքաշեր: Դրանից հետո ինքս ինձ խոստացա, որ մեկնաբանություններիս մեջ ավելի զգույշ եմ լինելու»,- ծիծաղելով եզրափակեց Լիլին:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 

 

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ` ԸՆԴԴԵՄ ՖՈՒՏԲՈԼԻ

Որքանով է քաղաքականությունը վնասում սպորտին, արդյոք քաղաքական նկատառումները կարող են լուրջ խնդիրներ առաջացնել սպորտի համար: Հարց, որը քննարկման կենտրոնում եղել է, կա եւ կմնա դեռ շատ ու շատ երկար ժամանակ: Քաղաքականության պատճառով կարող են նույն երկիրը ներկայացնող ակումբները դառնալ «թշնամիներ». այս փաստը դեռ ինչ-որ տեղ կարելի է հասկանալ, սակայն այն, որ քաղաքականության պատճառով կարող են կարեւորագույն խաղերին մասնակցելուց զրկվել հանրաճանաչ մարզիկներ, դա արդեն հասկանալը բարդ է:

Երեւի թե հասկացաք, թե ում մասին է խոսքը: Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու եւ չի մասնակցի «Չելսիի» դեմ կայանալիք Եվրոպա Լիգայի եզրափակչին: Եւ այս ամենը այն պատճառով, որ Ադրբեջանը չի կարող ապահովել մեր ֆուտբոլիստի անվտանգությունը, իսկ որ ամենամտահոգիչն է, այդ ամենը չի կարողանում անել Եվրոպական ֆուտբոլի բարձրագույն կառույցը` ՈՒԵՖԱ-ն:
«Արսենալը» արդեն հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որտեղ պարզ ընդգծում է, որ դժգոհ է ՈՒԵՖԱ-ից. «Մենք ՈՒԵՖԱ-ին ուղղված նամակի մեջ հայտնել ենք մեր մտավախությունները, որովհետեւ ֆուտբոլում այսպիսի բաներն անթույլատրելի են եւ հազվադեպ: Մխիթարյանը մեզ համար մեծ կորուստ էր»:
Ստեղծված իրավիճակի շուրջ սոցիալական ցանցերում կատարած գրառմանն անդրադարձել է նաեւ անձամբ Հենրիխ Մխիթարյանը. «Հաշվի առնելով բոլոր հանգամանքները եւ տարբերակները, մենք կայացրինք ինձ համար բարդ որոշում` չմասնացել Բաքվում կայանալիք եզրափակչին: Ես ստիպված եմ ընդունել այս ամենը` չնայած այն փաստին, որ շատ ցավոտ է նման հանդիպում բաց թողնելը»:
Այո, այս ամենը շատ ցավոտ է ոչ միայն Հենրիխի եւ հայ ազգի համար, այլեւ շատ ցավոտ է համաշխարհային ֆուտբոլի համար. չէ՞ որ սա եվրոպական ֆուտբոլի ամենաբարձր առաջնություններից մեկն է, եւ ուղղակի անընդունելի է, որ քաղաքական մի շարք հանգամանքներից ելնելով` նման հանդիպումը պետք է բաց թողնի այնպիսի աստղային ֆուտբոլիստ, ինչպիսին Հենրիխ Մխիթարյանն է:
Այսպիսով, պետք է ասել՝ քաղաքականությունը մի լավ ապտակ հասցրեց ֆուտբոլին եւ, մասնավորապես, ՈՒԵՖԱ-ին: Արցախյան հիմնախնդրի առկայության պատճառով տուժեց սպորտը, ինչի մասին պետք է մտածեին ՈՒԵՖԱ-ում եզրափակչի անցկացման վայրը որոշելիս:
Օրեր առաջ արդեն հայտնել ենք, որ հայկական կողմից ոչ մի անդրադարձ չկար` կապված Հենրիխ Մխիթարյանի շուրջ պտտվող իրադարձությունների հետ: Միայն երեկ՝ մայիսի 21-ին, ԱԳՆ-ից եղավ հայտարարություն. Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը նշեց, որ եթե Ադրբեջանը ներկայացնի անվտանգության համապատասխան երաշխիքներ, ապա ԱԳՆ-ն չի ունենա ոչ մի առարկություն` կապված Մխիթարյանի` Բաքվում կայանալիք խաղին մասնակցելու հետ: Ցավոք, այս ամենն արդեն ուշացած էր. արդեն փաստ է՝ Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի հեղինակավոր առաջնության եզրափակչին քաղաքական խնդիրների պատճառով:

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս