ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հերիքնազ Տիգրանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ ինքը տեղյակ չէ, թե ինչ ուժերի մասին էր խոսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ հայտարարեց, որ կան պատերազմ հրահրելով հողեր հանձնել ցանկացող անհատներ եւ մութ, դավադիր ուժեր:
-Տիկի՛ն Տիգրանյան, խորհրդարանի ընդդիմությունը կարծում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Հայաստանի դատարանների մուտքերն ու ելքերը փակելու հորդորը ճիշտ չէր, ավելին` օրենքի խախտմամբ է այն իրականացվել: Ըստ Ձեզ` պե՞տք էր նման քայլի դիմել, որպեսզի դատաիրավական համակարգը «կարգի հրավիրվի»:
-Ես համարում եմ դա Նիկոլ Փաշինյանի լիազորություններից բխող քաղաքական քայլ, քաղաքական խոսք, որին հետեւեցին նաեւ հանրության համապատասխան գործողությունները: Ցավոտ ու մտահոգիչ չպետք է համարել այդ երեւույթը, որովհետեւ ինքը սիմվոլիկ ակցիա էր ըստ երեւույթին ու ինքը որոշակի ժամանակով էր հայտարարված: Ուղղակի ժողովուրդը իր արդարադատությանը փորձում էր տեր կանգնել:
-Բայց դա ճնշում որակվեց դատական իշխանության վրա:
-Դա ճնշում չէր. ճնշումը լինում է կոնկրետ գործով կոնկրետ դատարանի նկատմամբ եւ կոնկրետ դատավորի նկատմամբ իր վարույթում գտնվող կոնկրետ գործի վերաբերյալ: Այս դեպքում կոնկրետ դատավորի վրա ուղղված գործողություն չէր, որովհետեւ հանրապետության բոլոր դատարանների մուտքերի մոտ էին մարդիկ հավաքվել, կոնկրետ գործով չէր, որ ասեինք` կոնկրետ այս գործով հանրությունը ճնշում գործադրեց, ու կոնկրետ պահանջ չկար` դատարաններին ուղղված, կար ընդամենը անկախ դատարան ստեղծելու հանրային պահանջ: Եթե այդպես դիտարկենք, ապա պետք է ասենք, որ այս 4 օրվա ընթացքում Ռ. Քոչարյանի կողմնակիցները ուղղակի ճնշում էին դատարանին: Սա, ըստ էության, պիկետ էր, քան ուղղված էր ինչ-որ մի բանի: Օրինակ` ես Վերաքննիչ դատարանի դիմաց չգիտեի` ով է նիստ անում, ում վարույթում է գործ ընթանում: Մենք պատգամավորներով բոլոր դատարանների մոտ էինք նրա համար, որ թյուրընկալում տեղի չունենա դատավորների ու հավաքված մարդկանց միջեւ, ու զերծ պահենք ավելորդ կրքերից ու բախումներից: Սա հերթական ապացույցն էր, որ հանրությունը ցանկանում է ունենալ անկախ դատական համակարգ:
-Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւս մեկ ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ` նշելով, որ կան անհատներ եւ մութ ու դավադիր ուժեր Արցախում, որոնք, պատերազմ հրահրելով, ուզում են հողեր հանձնել: Որո՞նք են այդ ուժերը:
-Չեմ կարող ասել, որովհետեւ չգիտեմ, թե ում նկատի ուներ: Այդ հարցում ֆրակցիայում քննարկում չենք ունեցել. ում նկատի ուներ, դրա մասին գաղափար չունեմ:
-Բայց, քաղաքագետների կարծիքով, հարկավոր էր բաց տեքստով խոսել, որպեսզի այդ հայտարարությունը անլուրջ չթվա: Չե՞ք կարծում, որ հարկավոր էր բացել փակագծերը:
-Կարծում եմ՝ ոչ, որովհետեւ այստեղ կար պետական գաղտնիք պարունակող տարրեր: Նա` որպես պետության ղեկավար, ունի անհրաժեշտ բոլոր այն տեղեկատվությունը երկրի կառավարումն իրականացնելու համար, բայց որը հանրային եւ հրապարակման ենթակա տեղեկատվություն չէ, այլ անհրաժեշտ է օպերատիվ իրավիճակին տիրապետելու եւ երկրի կառավարման համար: Օրինակ` ինձ կոնկրետ անձեր չեն հետաքրքրել, որովհետեւ կարեւորը` երկիրը մնա անցնցում վիճակում: Բայց, կարծում եմ, որ կշարունակեն իշխանությունների նկատմամբ, եթե այլ բան չգտնեն մեղադրելու, միակ բանը նորից սադրելու ու կրկին այդ թեման շահարկելու: Դա հանրության համար ամենազգայուն թեման է. սա շահարկման թեմա են սարքել, սրբապղծություն է անընդհատ այդ թեմայի մասին շահարկումներ անելը: Ու սա արվում է այն ժամանակ, երբ առաջին քաղաքական, պետական գործիչն է, ով բարձրացնում է Արցախը բանակցային սեղան բերելու հարցը: Սա նշանակում է ասածի ու գործի անհամապատասխանություն:
-Իսկ ի՞նչ պետք է բացահայտի ԱԺ քննիչ հանձնաժողովը` Ապրիլյան պատերազմի հետ կապված, որի մասին բարձրաձայնել է ՀՀ վարչապետը:
-Քննիչ հանձնաժողովը պատասխան կտա մութ մնացած հարցերին, որ,«ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն, հենց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը պետք է լինի, ու հանձնաժողովը քննության կառնի քառօրյա պատերազմի ընթացում կատարվածը: Գուցե կլինեն այնպիսի բացահայտումներ, թե ինչու տեղի ունեցավ պատերազմը եւ ինչպես տեղի ունեցավ: Դրանք հարցադրումներ են, որ պետք է պատասխան ստանան: Ես կարծում եմ, որ առաջիկայում ամեն ինչ պարզ կլինի:
ԳՅՈՒՂԱՊԵՏԵՐԻ ԴԵՄ ՕՐԻՆԱԳԻԾԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏ ԵՆ ԿԱՆՉԵԼ
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, որ «Տեղական հանրաքվեի մասին» օրենքի նախագիծը, որը հայտնի է «հետկանչման» նախագիծ անունով, որոշել են հետ կանչել ՀՀ կառավարությունից: Բանն այն է, որ նախագիծը հակասահմանադրական է, ու այն չէր կարող հաստատել կառավարությունը:
Հիշեցնենք, որ, ըստ նախագծի, համայնքի բնակչությունը կարող էր նախաձեռնել ու տեղական հանրաքվեի դնել համայնքապետին անվստահություն հայտնելու հարցը: Եվ որպեսզի սա բնակավայրերում ամենօրյա զբաղմունք չդառնա, շեմ էր սահմանվել:
Նախագծի հեղինակների կարծիքով` հանրապետության տարբեր մարզերում օրեցօր համայնքապետերի դեմ բողոքի ակցիաները թեժանում են. մարդիկ նրանց պաշտոնավարմանը դեմ են, բայց համայնքապետերը հրաժարական չեն տալիս, իսկ հեռացնելու այլ տարբերակ չկա: Ըստ Վարազդատ Կարապետյանի՝ այս նախագիծը կարող էր այդ բոլոր հարցերին լուծում տալ:
Երեկ Վարազդատ Կարապետյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ նախագծում կան հակասահմանադրական դրույթներ։
-Հետ ենք կանչել, քանի որ 2007թ.-ին Վանաձորի մի շարք կազմակերպություններ նախաձեռնել են տեղական հանրաքվե քաղաքապետի հետկանչի, անվստահության թեմայով: Հանրաքվե անցկացնելու այդ որոշումը հասել է Սահմանադրական դատարան եւ ճանաչվել է հակասահմանադրական։ Այժմ նույն տրամաբանությամբ, քանի որ արդեն նախադեպային որոշում ունենք, մեր նախագիծն են համարում հակասահմանադրական: Այդ պատճառով էլ այժմ մտածում ենք այլ մեխանիզմների մասին, փորձենք հասկանալ՝ ինչպես է դա հնարավոր անել՝ օգտագործելով ավագանու ինստիտուտը: Չնայած որ, իմ պատկերացմամբ, հանրաքվեի ինստիտուտը հակասահմանադրական չի, բայց իրավական ճանապարհ չունենք այդ տարբերակում:
-Այժմ դուք որոշել եք հե՞տ կանչել Կառավարությունից այդ նախագիծը:
-Այսպես թե այնպես, հետո գնալու էր Սահմանադրական դատարան եւ ճանաչվեր հակասահմանադրական։ Քննարկումներ կազմակերպեցինք Կառավարության հետ եւ պարզեցինք, որ այդպիսի խնդիր ունենք։
-Հնարավոր է՝ այդպիսի օրենք-նախագիծ չունենա՞նք։
-«Համայնքի մասին» օրենքում նման հնարավորություն կա: Աշխատում ենք` այդ օրենքի հնարավորությունները ուսումնասիրենք, հասկանանք։
Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«ՖԼԵՇ»-Ի ԲԱՐՍԵՂԻՆ ՀԱՐՑԱՔՆՆԵԼ ԵՆ
Հայտնի գործարար, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին օրերս հարցաքննության համար կանչել են ՀՀ քննչական կոմիտե: Ինչպես հայտնի է, այս տարվա ապրիլի 19-ին նրա դեմ նոր քրեական գործ էր հարուցվել: Ըստ տեղեկությունների` այն կապված է «Ֆլեշ» ընկերության բաժնեմասերի հետ, թեեւ Բարսեղ Բեգլարյանի պաշտպանը հերքել էր, որ քրեական գործն ընկերության բաժնեմասին է վերաբերում: Եւ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Բեգլարյանին հրավիրել են ՀՀ քննչական կոմիտե՝ հարցաքննության: Դեռ ավելին` նա իր դեմ բողոք ներկայացրած անձի հետ առերեսվել է:
Հիշեցնենք, որ մինչ այս Բարսեղ Բեգլարյանին արդեն իսկ մեկ այլ գործով մեղադրանք էր առաջադրվել. նա, 2016թ. մարտ-ապրիլ ամիսների ընթացքում Արման Մկրտումյանի նկատմամբ բռնություն գործադրելով, ինչպես նաեւ կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներով, կատարել է ինքնիրավչություն` վերջինիս օրինական շահերին պատճառելով էական վնաս: Փաստական տվյալների համաձայն` Ն. Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերությունից 2015թ. ընթացքում իրականացվել է առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություն, որի կատարման մեջ ընկերության սեփականատերն ու հարազատները մեղադրել են «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերության նախկին կոմերցիոն տնօրենին եւ պահանջել վերականգնել ենթադրաբար պատճառված գույքային վնասը: Այս գործով ընթանում է դատավարություն, սակայն Բ. Բեգլարյանը պնդում է, որ առաջադրված մեղադրանքը շինծու է:
«ԸՆԴԴԵՄ» ԵՎԱՅԻ ՑԵՂԻ
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության որոշման նախագիծը, որը շրջանառության է դրվել e-draft.am կայքէջում, հաջողություն չի գրանցել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ տեղադրված «ՀՀ-ում գենդերային քաղաքականության իրականացման 2019-2023թթ. ռազմավարությունը եւ միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» որոշման նախագծին քվեարկել է 18 անձ, որից 4-ը` կողմ, իսկ 14-ը` դեմ: Նկատենք, որ նախագծի շրջանակներում կարեւորվել են 5 գերակա ուղղություն` կանանց առաջխաղացման ազգային մեխանիզմի կատարելագործում, կանանց եւ տղամարդկանց հավասար մասնակցություն կառավարման ոլորտում եւ որոշումների ընդունման մակարդակում, սոցիալ-տնտեսական ոլորտում գենդերային խտրականության հաղթահարում, կանանց տնտեսական հնարավորությունների ընդյալնում, կանանց եւ տղամարդկանց լիարժեք ու արդյունավետ մասնակցության եւ հավասար հնարավորությունների ընդյալնում կրթության ու գիտության ոլորտում, առողջապահության ոլորտում կանանց եւ տղամարդկանց հավասար հնարավորությունների ընդլայնում եւ գենդերային խտրականության կանխարգելում: Ուզում ենք հավատալ, որ դեմ քվեարկածները տղամարդիկ չեն: