ԱՆՈՒՆԸ ՈՍԿԵ ՏԱՌԵՐՈՎ ԳՐԱԾ ԳԵՆԵՐԱԼԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը նախկին իշխանության հերթական ներկայացուցիչն է հետհեղափոխական կառավարությունում: Նրա մուտքը «Նոր Հայաստան» բավականին հիշարժան էր: Երբ անցյալ տարի` մայիսի 1-ին, ԱԺ-ն հատուկ նիստում վարչապետ էր ընտրում, Նիկոլ Փաշինյանին կողմ քվեարկած միակ ՀՀԿ-ական թեկնածուն Ֆելիքս Ցոլակյանն էր:

Ու մինչ ՀՀԿ-ում իրար էին անցել տեղի ունեցած անսպասելի «դասալքության» հետեւանքով, ֆեյսբուքահայությունն էլ ցնծում էր պատգամավորի «դուխով» քվեարկությամբ, Ցոլակյանն այսպես մեկնաբանեց իր որոշումը. «Հարգելի՛ հայրենակիցներ, ես քվեարկել եմ ժողովրդի թեկնածուի օգտին` իմ խղճի թելադրանքով»: Քվեարկությունից հետո, որի արդյունքներով վարչապետ չընտրվեց, Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Գեներալ Ֆելիքս Ցոլակյանն իր սեփական անունը ոսկե տառերով է գրել ժողովրդի սրտերում եւ հոգիներում»: Ցոլակյանի օրինակը վարակիչ դարձավ, եւ մայիսի 8-ին տեղի ունեցած երկրորդ քվեարկության ժամանակ, դեմ գնալով ֆրակցիայի որոշանը, ՀՀԿ-ական Շիրակ Թորոսյանը նույնպես անսաց խղճի ձայնին եւ կուսակցությունից հեռացվելու գնով կողմ քվեարկեց Փաշինյանի օգտին:
Ո՞վ էր Ֆելիքս Ցոլակյանը մինչեւ հեղափոխությունը
Արդեն քիչ վերը նշեցինք, որ հեղափոխության օրերին Ցոլակյանը Աժ ՀՀԿ-ական պատգամավոր էր: Նա պետական համակարգում աշխատում է անհիշելի ժամանակներից: Մասնավորապես` 1976-1980թթ. ընտրվել է ՀԼԿԵՄ Արարատի շրջկոմի քարտուղար, ապա` 2-րդ քարտուղար, 1980-1985 թթ. տեղափոխվել է Պետական անվտանգության կոմիտեի /ՊԱԿ/ Գորիսի բաժանմունք` որպես օպերլիազոր, ապա` ավագ օպերլիազոր: 1985-1991թթ. զբաղեցրել է ՊԱԿ-ի Եղեգնաձորի բաժանմունքի պետի պաշտոնը, 1991-1992թթ Եղեգնաձորի շրջխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ է աշխատել: 1993-1996թթ. նշանակվել է Ազգային անվտանգության /ԱԱ/ վարչության Մասիսի բաժանմունքի պետ, 1996-1997թթ.` ՀՀ ԱԱ Շիրակի մարզային վարչության պետ: Այնուհետ` շուրջ երկու տարի` 1997-1999թթ., ՀՀ ԱԱ Երեւանի քաղաքային վարչության պետն էր: Քոչարյանի պաշտոնավարման օրոք` 1999-2003 թթ., ղեկավարել է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունը, այնուհետ աշխատանքի անցել ԿԱ հարկային պետական ծառայությունում` որպես պետ: 2007թ. հուլիս-նոյեմբերին եղել է ՀՀ նախագահի խորհրդական, իսկ 2007թ. նոյեմբերի 1-ից նշանակվել է ՀՀ ԿԱ ԱԱԾ տնօրենի տեղակալ: 2013-2016 թթ. վերադարձել է հայրենի Շիրակ մարզպետի կարգավիճակում, ապա «հետ կանչվել» Սերժ Սարգսյանի կողմից` նշանակվելով վերջինիս վերահսկողական ծառայության ղեկավար: Իսկ, ահա, նոր կառավարությունում 2018-ի հոկտեմբերից Ցոլակյանը վերստին «իր հագով» պաշտոնի նշանակվեց` ԱԻ նախարար, եւ, փաստորեն, վերադարձավ աշխատանքային ակունքներ` ուժային կառույց:
Բազմազավակ ընտանիքից սերող
67-ամյա Ցոլակյանը ծնվել է Շիրակի մարզի (նախկինում` Անիի շրջան) Ներքին Ջրափի գյուղում, ինչպես ինքն է մի առիթով նշել, ավանդական, բազմազավակ ընտանիքում: Նա իր ծնողների 7 զավակներից ավագն է, ամուսնացել է բազմազավակ մեկ այլ` 8 երեխա ունեցող ընտանիքից սերող կնոջ` Զինաիդա Բարսեղյանի հետ: Ինքը` Ցոլակյանը, թեեւ ավանդապահ մարդ է` ընտանիքը սրբություն համարող, մեծերին հարգելն ու լսելը որպես սկզբունք կիրառող, սակայն չի կրկնել հոր` Խոստեղ Ցոլակյանի հերոսությունը` 7 զավակ չի ունեցել, բավարարվել է մեկ դուստր եւ մեկ որդի ունենալով: Հանգամանքների բերումով ստիպված է եղել աշխատել ՀՀ տարբեր շրջաններում` Արարատ, Գորիս, Եղեգնաձոր, Գյումրի, Երեւան, Մասիս եւ այլն: Դուստրը բանասեր է, մանկավարժություն է դասավանդում Երեւանի պետական համալսարանում, տղան ավարտել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը, ապա սովորել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, գիտությունների թեկնածու է, թեզը պաշտպանել է պատմական գիտությունների գծով, դասավանդել է ԵՊՀ-ում, սոցապ նախարարի խորհրդականն է եղել, փեսան բժիշկ է, հարսը` արաբերենի մասնագետ: Ցոլակյանն անկուսակցական է, պարգեւատրվել է «Անանիա Շիրակացի» եւ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալներով: Նրա ընտանիքը հաշվառված է Արարատի մարզի Մասիս քաղաքում:
Խմբագրված կենսագրություն
Գեներալ-լեյտենանտի կոչումով ԱԻ նախարարը մասնագիտությամբ պատմաբան է, 1974թ. ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը: Նկատենք, որ տարիներ առաջ` 2013-ին, «Դե ֆակտո» ամսագիրը Ցոլակյանի հետ հարցազրույց էր վարել եւ նրա կենսագրականում հիշատակել հետեւյալ տվյալը. «սովորել է ՊԱԿ-ի Մոսկվայի բարձրագույն դպրոցում, որակավորվել է ՊԱԿ-ի Տաշքենդի հատուկ դասընթացներում»: Կենսագրական այս դրվագը, սակայն, բացակայում է Ցոլակյանի` կառավարության կայքում զետեղված տեղեկանքում: Ուշագրավ է, որ պետական ապարատում աշխատելու սոլիդ փորձով պաշտոնյայի անունը անցած տարիների ընթացքում որեւէ սկանդալի կամ մութ պատմության կոնտեքստում չի շրջանառվել: Նկատենք, որ նա բնութագրվում է որպես կիրթ, համեստ, մարդամոտ անձնավորություն, որը չի սիրում խոսել ծրագրերից ու տեսլականներից, այլ կատարված աշխատանքից: Նա աչքի է ընկնում նաեւ շիրակցիներին հատուկ «դուզբողազ»` ուղղամիտ բնավորությամբ, որի աշխատանքից, որքանով կարողացանք պարզել մեր աղբյուրներից, գոհ են եղել ոչ միայն նախկին իշխանության վերին էյշելոններում, այլ նաեւ իր հայրենի բնակավայրում շարքային քաղաքացիները: Մասնավորապես` մարզպետ աշխատած տարիներին նա կարողացել է հաշտարարի առաքելություն ստանձնել, այնպիսի մթնոլորտ ձեւավորել, որ բոլորի` մարզպետարանի, քաղաքապետարանների ու համայնքների «ջրերը նույն առվով գնան»: Հարկ է նշել, որ այն պաշտոնները, որոնք նա է զբաղեցրել, դասվում են «յուղոտների» շարքին: Եւ եթե վերհիշենք, թե ովքեր են մինչ Ցոլակյանն ու նրանից հետո այդ պաշտոնները զբաղեցրել, ապա միլիոնատերերի ու կոռուպցիոներների «համապարփակ» ցուցակ կկազմենք: Որպես ուղղամտության վառ օրինակ` թերեւս արժե հիշել Սերժ Սարգսյանի անփոխարինելիության մասին նրա հակադարձումը: Ի պատասխան լրագրողի հարցին` այդ ժամանակ ԱԺ պատգամավոր Ցոլակյանը, որի խմբակցությունը պատրաստվում էր Սարգսյանի վարչապետությանը, նշել էր, թե Սերժ Սարգսյանն անփոխարինելի չէ. անփոխարինելի են միայն մարդու ծնողները:

ՀԵՂԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՔՐԵԱԿԱՆԻ ՊԵՏԻ ԴԱՏԸ՝ ՎԵՐԱՔՆՆԻՉՈՒՄ
Ոստիկանության Իջեւանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ 37-ամյա Գերասիմ Մարդանյանին մեղադրանք է առաջադրվել 2017թ. հոկտեմբերի 4-ին ոստիկանության Իջեւանի բաժնի շենքում Ժորա Սիմոնյանին խոշտանգելու համար: Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի 1-ին մասով («Խոշտանգումը»): Գ. Մարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Քրեական գործով մեղադրողը` ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ վարչության դատախազ Վարդգես Սարգսյանը, 2019թ. հունվարի 17-ի նիստում ունեցած մեղադրական ելույթի ավարտին դատարանին միջնորդեց Գերասիմ Մարդանյանին մեղավոր ճանաչել նրան առաջադրված հոդվածում եւ նրան դատապարտել 6 տարվա ազատազրկման, 3 տարի ժամկետով նրան զրկել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից: Ժորա Սիմոնյանի ներկայացուցիչ, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ փաստաբան Արա Ղարագյոզյանը փետրվարի 6-ի նիստում ունեցած իր ելույթում ասաց, որ Հայաստանում տարիներ շարունակ խոշտանգման գործերը կոծկվել են, դրանում մեղավոր պաշտոնյաները պատասխանատվության չեն ենթարկվել, հայտարարեց, որ այդ գործով իրենց կազմակերպությունը դիմելու է տարբեր երկրների դեսպանատներ, միջազգային կազմակերպություններ, այդ գործը գնալու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Նա դատարանին միջնորդեց Գ. Մարդանյանին մեղավոր ճանաչել առաջադրված հոդվածում եւ դատապարտել 6 տարի ժամկետով ազատազրկման: 2019թ. փետրվարի 6-ի նիստին դատավոր Զոյա Զաքինյանը վճռեց Գ. Մարդանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի 1-ին մասով արդարացնել եւ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել, Գ. Մարդանյանի պաշտոնավարության ժամանակավոր դադարեցումը վերացնել: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ փաստաբան Արա Ղարագյոզյանը եւ քրեական գործով մեղադրող Վարդգես Սարգսյանը սահմանված ժամկետի ուշացումով Վերաքննիչ բողոք են ներկայացրել ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարան` խնդրելով բեկանել եւ փոփոխել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2019թ. փետրվարի 6-ի դատավճիռը, Գ. Մարդանյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ կայացնել մեղադրական դատավճիռ՝ նշանակելով համաչափ պատիժ։ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում դատական նիստեր կայացել են 2019թ. ապրիլի 18-ին եւ մայիսի 16-ին։ Մայիսի 16-ին դատախազ Վարդգես Սարգսյանը հանդես է եկել մեղադրական ճառով։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

ՆԱԽԿԻՆ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ ՀԱՅՀՈՅԱՆՔԸ ԿԱՆԽԵԼ ԷՐ ՈՐՍԱԳՈՂՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ ԳԱԱ կենդանաբանության 7 հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանի խոսքերով` Սեւանա լճում այս տարի եւս ունենք կենսածին տարրերի` ֆոսֆորի ու ազոտի ավելացման խնդիր:

Տեղեկացնենք, որ Սեւանա լճի ջրի մակարդակի բարձրացումից հետո ափամերձ հատվածներում անտառային տարածքները ծառարմատներից, կոճղերից մաքրելու նպատակով յուրաքանչյուր տարի կառավարությունը գումար է հատկացնում: Այս տարի այդ նպատակով նախատեսվել է ծախսել 117 մլն 62 հազար դրամ: Սեւանա լճի ափամերձ տարածքների մաքրման աշխատանքները դեռ սկսված չեն: Մաքրման աշխատանքների մասով նույնիսկ դեռեւս մրցույթ չկա հայտարարված: Ի դեպ, նախորդ տարի Սեւանա լճի ափամերձ տարածքներն այդպես էլ չեն մաքրվել: Բացի այս, մասնագետը բարձրաձայնեց եւս մեկ խնդրի` վերջին տարիներին խեցգետնի պաշարների հիմնահարցի մասին: «Բանն այն է, որ խեցգետնի պաշարներն ավելի քան երկու անգամ նվազել են: Եւ դա հետեւանք է ոչ կառավարելի որսի: Նոր որսագործիքների ներմուծման մասին փաստորեն 2014 թվականից ամեն տարի ահազանգում ենք, որ այդ չինական ցանցերը, զսպանակաձեւ գործիքները արգելվեն, բայց ոչ մի քայլեր այդ ուղղությամբ չեն արվում»,- ափսոսանքով նկատեց մասնագետը:
Ի դեպ, օրեր առաջ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հայտարարել է, որ պիլոտային ծրագիր է մշակել, համաձայն որի` այս տարի թույլատրելու են Սեւանա լճից 150 տոննա սիգ արդյունագործական նպատակով որսալ: «Ժողովուրդ» օրաթերթը Գաբրիելյանից հետաքրքրվեց` ինչպես է վերահսկվելու որսաչափը: Հարցին ի պատասխան` մասնագետն արձագանքեց. «Իրականում ամեն ինչն էլ հնարավոր է, եթե կազմակերպվի պատշաճ ձեւով, եթե վերահսկող կազմակերպությունները հսկեն ժամանակահատվածը, տեղերը, որսագործիքները, ցանցերի չափը: Իսկ «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենն ասում է, որ մենք ժամը 18.00-ից հետո իրավունք չունենք աշխատել: Ինչ-որ աբսուրդ բան է, որ 18.00-ից հետո իրենք լիճ չպետք է մտնեն…»:
Նկատենք, որ սիգի որսագողությունը զսպելը, վերացնելը դարձել է անլուծելի խնդիր: Միայն 1990-ականներին, երբ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Սեւանի ՆԳ բաժնի պետ էր, սիգի որսը ոչ թե կասեցվեց, այլ նորմավորվեց, պակասեց որսաքանակի չափը: Վլադիմիր Գասպարյանը հայտարարել էր. «Ով որ, բացի իր տանը ձուկ ուտելուց, ձուկ բռնի, իրա մերը»: Ու դրանից հետո մարդիկ որսագողություն չէին անում: Ասել է թե` հայհոյանքը որոշակի չափով զսպել էր:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս