ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ՀԵՌԱՑՆԵԼԸ ԲԱՐԴ Է ԼԻՆԵԼՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, օրեր առաջ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստը բավական բուռն է անցել, եւ պատգամավորները քննարկել են դատական համակարգի հետ կապված հարցեր։ Օրինակ` պատգամավորներից մեկն ասել էր. «Արտակ Զեյնալյանին էդքան ասեցինք՝ ցրե՛ք ԲԴԽ-ն, ցրե՛ք ՍԴ-ն, եւ դա կարող ենք անել»։ Եվ հետաքրքիր է, որ ամբողջ քննարկման ընթացքում հենց այդ միտքն է առաջնային եղել, որ ԱԺ-ն կարող է ցրել ԲԴԽ-ն եւ ՍԴ-ն, ընդ որում` դա անել Սահմանադրության անցումային դրույթների հիման վրա։

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում սահմանադրագետ Վարդան Այվազյանը նշեց, թե Ազգային ժողովը ԲԴԽ-ի եւ ՍԴ-ի հարցում որեւէ գործառույթ չունի, քանի որ այդ երկու կառույցների անդամների հետ կապված հարցերը կանոնակարգվում են Դատական օրենսգրքով (ԲԴԽ-ի դեպքում) եւ Սահմանադրական դատարանի մասին օրենքով (ՍԴ-ի դեպքում)։ Սահմանադրագետի խոսքով` այս երկու օրենքներում մանրամասն ամրագրված են այն դրույթները, որոնցով կարող են այս կառույցները լուծարել կամ անդամներին հետ կանչել, եւ այստեղ ԱԺ-ն որեւէ միջամտություն չի կարող անել։ Այվազյանի խոսքով` դա կարող են անել միայն այն դեպքում, եթե, օրինակ, այդ օրենքներում փոփոխություններ անեն եւ ամրագրեն, որ Ազգային ժողովը կարող է հետ կանչել նրան։ Սակայն սա էլ, նրա խոսքով, կարող է հակասահմանադրական լինել, հետեւաբար ամեն ինչ մնում է անել վերը նշված երկու օրենսգրքերով ամրագրված դրույթներով։
Իսկ ինչ է ասվում այնտեղ. մասնավորապես` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքում Սահմանադրական դատավորի լիազորությունների դադարման եւ դադարեցման կարգերը, ինչպես նաեւ պատասխանատվության ենթարկելու կարգը, ամրագրված է հոդված 12-ում եւ 13-ում։
Մասնավորապես` «Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները սույն օրենքի 83-րդ հոդվածով սահմանված կարգով դադարեցվում են, եթե նա՝
1) խախտել է Սահմանադրությամբ եւ սույն օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները,
2) պաշտոնավարման ընթացքում զբաղվել է քաղաքական գործունեությամբ,
3) ժամանակավոր անաշխատունակության պատճառով վեց ամիս շարունակ ի վիճակի չի եղել կատարելու Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները` բացառությամբ հղիության եւ ծննդաբերության արձակուրդում գտնվելու դեպքերի,
4) նշանակումից հետո ձեռք է բերել այնպիսի ֆիզիկական արատ կամ հիվանդություն, որի հետեւանքով այլեւս ի վիճակի չէ կատարելու Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները,
5) կատարել է էական կարգապահական խախտում»:
Ընդ որում` սահմանված է նաեւ, թե ինչ է նշանակում էական կարգապահական խախտում. օրինակ` էական կարգապահական խախտում է`
1) Սահմանադրական դատարանի դատավորի` Սահմանադրական դատարանի նիստերից առանց հարգելի պատճառի մեկ տարվա ընթացքում երեք եւ ավելի անգամ բացակայելը.
2) երկու նկատողություն կամ մեկ խիստ նկատողություն ունեցող Սահմանադրական դատարանի դատավորի` կրկին կարգապահական խախտում կատարելը.
3) Սահմանադրական դատարանի դատավորի այնպիսի արարք կատարելը, որը վարկաբեկում է Սահմանադրական դատարանի հեղինակությունը կամ որն անհամատեղելի է դատավորի պաշտոնի հետ:
Դատական օրենսգիրքն էլ սահմանում է արդեն Բարձրագույն դատական խորհրդի անդամների հետ կապված հարաբերությունները։ Այս օրենսգրքով եւս առկա են անդամներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հանգամանքներ, սակայն անդամների լիազորությունների դադարումը եւս գրեթե նույն հիմքերով է, ինչ սահմանադրական դատարանի դատավորինն է։ Այսինքն, ստացվում է՝ կա՛մ պետք է նրանք հրաժարական տան, կա՛մ որեւէ այլ հիմքով դադարեցվեն, սակայն դա էլ պետք է ապացուցողական բազա ունենա։ Ամեն դեպքում, դատավորներից շատերի քայլերը գնալով ընկալվում է որպես քաղաքականությամբ զբաղվելու փորձեր. իրենց հրապարակային խոսքում նրանք հաճախ անցնում են քաղաքական չեզոքության ու զսպվածության սահմանները եւ անում արտահայտություններ, որոնք միանշանակ չեն ընկալվում, ավելին՝ ցանկության դեպքում դրանք կարող են ընկալվել հենց ՀՀ դատական օրենսգրքի խախտում:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

ՆԿԱՏՈՂՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ
Երեկ կառավարության նիստի ավարտին հետաքրքիր դեպք գրանցվեց։ Երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արդեն ավարտում էր նիստի դռնբաց հատվածը՝ ասելով, որ քննարկումը կշարունակեն դռնփակ, այդ ժամանակ խոսքի իրավունք խնդրեց ՄԻՊ Արման Թաթոյանը եւ երբ սկսեց խոսել, արդեն իսկ ձայնն անջատել էին եւ այդպես էլ չմիացրեցին, հետեւաբար լրագրողները հնարավորություն չունեցան լսել, թե ինչի մասին էր խոսում նա։ Նիստի ավարտից հետո «Ժողովուրդ» օրաթերթը ՄԻՊ Արման Թաթոյանից հետաքրքրվեց, թե ինչի մասին էր իր խոսքը կառավարության նիստում։ Վերջինս նշեց, թե պարզապես անդրադարձել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի կողմից ներկայացված երկու նախագծերին եւ դրանք դրական գնահատել՝ ասելով, որ իսկապես մեծ խնդիր է լուծվում։ Ինչպես հայտնի է, Թաթոյանը կոշտ քննադատության էր ենթարկել Նիկոլ Փաշինյանի՝ դատարանների մուտքերն ու ելքերը փակելու որոշումը։ Երեկ նրանից նաեւ հետաքրքրվեցինք՝ փոխել է իր կարծիքը թե ոչ, վերջինս նշեց. «Ես իմ հայտարարությունը տարածել եմ եւ, բնականաբար, մնում եմ իմ դիրքորոշման մեջ։ Այն, որ դատական համակարգում կան խնդիրներ, եւ պետք է բարձրացվի արդյունավետությունը, չկա երկրորդ կարծիք։ Ես հիմա էլ եմ ասում, որ դատական համակարգում ունենք խնդիրներ ներքին եւ արտաքին անկախության հետ, ժողովրդի վստահության հետ»։ Հարցին՝ կոշտ արձագանքից հետո վարչապետից որեւէ վատ արձագանք չի ստացել արդյոք, նա եզրափակեց. «Դուք տեսաք, որ ես դրա հաջորդ օրը մասնակցել եմ հանդիպմանը։ Ոչ մի բան չի կարող լինել։ Աշխատանքային քննարկումներ են»:

 

 

 

ԼՐՋՈՐԵՆ ՍՏՈՒԳՈՒՄ ԵՆ
Ինչպես հայտնի է, մայիսի 18-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը ազատ արձակեց «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին: Այս որոշման հետ կապված լուրեր տարածվեցին, որ դրա տեքստը ոչ թե դատավոր Գրիգորյանն է գրել, այլ գրել ու իրեն են տվել: Այս հանգամանքը բնականաբար չի վրպել իրավապահների աչքից եւ, դեռ ավելին, խորը կասկածների տեղիք է տվել, թե ինչպես կարող է դատավորն ընդամենը մեկ օրվա մեջ նման ծավալուն ու պատճառաբանված որոշում գրել: Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ` հիմա իրավապահ համակարգն այս ուղղությամբ շատ լուրջ քննություն է սկսել: Ու, ըստ մեր աղբյուրների, առաջիկայում մեծ է հավանականությունը, որ լուրջ բացահայտումների ականատես լինենք:

 

 

 

ՔԱՅԼԵՐ ԵՆ ԱՐԵԼ
Ինչպես հայտնի է, այսօր Ազգային Ժողովում կայանալու է անցումային արդարադատության մասին խորհրդարանական լսումներ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ողջ դատական համակարգը շունչը պահած սպասում է այդ լսումներին, ավելին՝ եղել են դատավորներ, որ քայլեր են ձեռնարկել այդ լսումներին ներկա գտնվելու եւ որպես գործող դատավոր անձամբ տեսակետ հայտնելու համար:

 

 

 

ՆԱԽԱՐԱՐԻ ՓԱԽՈՒՍՏԸ
«Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը վերջերս փախուստի է դիմել առաջնագծից, քանի որ հայտնվել էր հայ դիրքապահների վերահսկողության ներքո»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: «Վերջերս իրենց պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին կդիմավորի Երեւանում կամ այլ տեղ: Իրականում նա, այս վերջերս առաջին գիծ գալով, փախուստի էր դիմել մեր զինված ուժերի կողմից վերահսկողության տակ վերցվելուց հետո», -նշեց Գրիգորյանը: Այս օրերին Ադրբեջանում անցկացվում են լայնածավալ զորավարժություններ, եւ Զ. Հասանովն ու Ադրբեջանի պաշտպանության նախարարության ղեկավար կազմը նախօրեին այցելել են հայ-ադրբեջանական շփման գծի երկայնքով տեղակայված զորամասեր, հետեւել հայկական ԶՈՒ դիրքերին:

 

 

 

ԱՎԵԼԻ ՄԵԾ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքերը ոչ միայն չեն թուլացել, եւ ռեյտինգը ոչ միայն չի նվազել, այլ վարչապետն այսօր ավելի մեծ հեղինակություն է վայելում, քան ամիսներ առաջ էր: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը: Անդրադառնալով նկատառմանը` որ վերջին օրերին սոցցանցերում որոշակի քաղաքական շրջանակներ, ինչպես նաեւ մի խումբ օգտատերեր հայտարարում են, թե վարչապետ Փաշինյանն այլեւս չունի ժողովրդի աջակցությունը, Կարապետյանն ընդգծեց. «Օրերս միջազգային կազմակերպությունը Հայաստանում սոցիալական հետազոտություն էր անցկացրել, ըստ որի` վարչապետի ռեյտինգը գերազանցում է 80 տոկոսը: Մի քանի ամիս առաջ վարչապետի ղեկավարած քաղաքական ուժը ստացավ ժողովրդի մեծ աջակցություն՝ 70 տոկոս քվե: Մի քանի ամսվա մեջ վարչապետի աշխատանքի արդյունքում իր հեղինակությունն ավելի է բարձրացել»: Նա հավելեց, որ բոլոր այդ խոսակցություններն անհեթեթ են:

 

 

 

ԼՍՈՒՄՆԵՐ
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ այսօր` ժամը 10:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում հրավիրվում են խորհրդարանական լսումներ` «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով: Լսումների հայեցակարգային ամփոփագիրը եւ հաստատված ընթացակարգը կարելի է գտնել հետեւյալ հղումով:

 

 

 

ՆՇԱՆԱԿՈՒՄ
Նախագահ Արմեն Սարգսյանի մայիսի 22-ի հրամանագրով` Վահե Ղազարյանը նշանակվել է Ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ:

 

 

 

ԱՌԱՆՑ ԱՐՏՈՆԱԳՐԻ
Հայաստանի Հանրապետության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության վավեր սովորական անձնագրեր կրող քաղաքացիներն ազատվում են մուտքի արտոնագրի պահանջից իրենց մուտք գործելու ամսաթվից սկսած` մինչեւ 90 օր ժամկետով` 180 օրվա ընթացքում: ՀՀ կառավարության օրակարգում ընդգրկված համապատասխան որոշման նախագծում նշված է, որ 2018թ. հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում Չինաստանից Հայաստան են այցելել 8430 քաղաքացի, իսկ մեկնել` 8450 քաղաքացի: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Չինաստանի հետ հարաբերությունները վերջին տարիների ընթացքում ունեցել են կայուն վերընթաց, զարգացման դինամիկա քաղաքական, տնտեսական եւ մշակութային ոլորտներում:




Լրահոս