ՀՀ բնապահպանության նախարարությունում հեղափոխություն տեղի չի ունեցել. այս գերատեսչությունում հին բարքերը դեռ շարունակվում են: Մայիսի 22-ին բնապահպանության նախարարի տեղակալի պաշտոնից, իր սեփական դիմումի համաձայն, ազատվեց Այսեր Ղազարյանը, որը այս պաշտոնին նշանակվել էր անցած տարվա հունվարի 21-ին: Երեկվա դրությամբ վարչապետը դեռ չէր հաստատել Ղազարյանի` ազատանքից ազատման վերաբերյալ դիմումը:
Իր հրաժարականի մասին փոխնախարար Ղազարյանը տեղեկացրել է Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր անձնական էջով, որտեղ գրել է. «Այսօր Կենսաբազմազանության միջազգային օրն է: Այս խորհրդանշական օրը ես գրեցի իմ` աշխատանքից ազատման դիմումը: Հեղափոխությունը շարունակվում է………… Ես մերժում եմ կառավարման «նախկին» համակարգի իներցիաները, վստահ եմ, որ սերն ու հանդուրժողականությունը չեն վերաբերում հանցավոր ռեժիմից «ժառանգված» կառավարման համակարգին եւ նրան սպասարկող «բալաստին»…. Մի տեսակ ակտիվացել են!!! Հետգրություն. տղե՛ք, դո՛ւրս եկեք «իներցիոն տաշտից», մի տեսակ չեք նայվում»:
Միաժամանակ նա հրապարակել է աշխատանքից ազատման դիմումը, որն ուղղված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Իսկ դիմումում Ղազարյանը նշել է, որ բնապահպանության ոլորտում ընթացող գործընթացները, այդ թվում` իրականացվող եւ իրականացվելիք գործողություններն ու միջոցառումները, չեն համապատասխանում իր սկզբունքներին եւ գործելակերպին: «Այդ պարագայում ինձ վերապահված լիազորությունների արդյունավետ իրականացման ապահովումը դառնում է թերի կամ անհնար, հետեւաբար գտնում եմ, որ Բնապահպանության նախարարությունում իմ հետագա աշխատանքը նպատակահարմար չէ, ուստի խնդրում եմ ինձ ազատել զբաղեցրած պաշտոնից»: Բնապահպանության նախարարությունը դեռ չի արձագանքել Ղազարյանի` աշխատանքից աղմկոտ ազատմանը:
Այնուամենայնիվ, «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Այսեր Ղազարյանի հետ` պարզելու հրաժարականի իրական պատճառների մասին, եւ հետաքրքրվեց, թե ինչ թերացումների եւ խախտումների է հանդիպել նախարարությունում աշխատելու ժամանակ: Պարզվում է` խնդիրները բազմաթիվ են: «Սեւանա լճի հարցը դատախազությունում է. գործերը պետական շահերի պաշտպանության վարչությունում է: Սեւանա լճի ափամերձ տարածքների խայտառակ վիճակը, նույնիսկ քարտեզագրումները նույն տարածքների հետ կապված… գումարները վատնվել են մի քանի տարբեր ծրագրով. նույնիսկ այն տարածքներն են գրել, որոնք ջրի տակ չպետք է մնան, գումարը վերցրել եւ անտառն են կտրում: Մի խոսքով, բազմաթիվ խնդիրներ կան. Սեւանա լիճը կանաչում է, բայց ոչ ոք այդ հարցով հետաքրքրված չէ, ավելի շատ զբաղված են կովկասյան ընձառյուծով: Նույն կապալառուով նույն տարածքներում պայմանագրերում կցված են, որ պետք է մաքրեն այն տարածքներում, որոնք հանձման-ընդունման ակտերով մաքրած է արդեն: Տխուր է»,- մեծ ափսոսանքով նկատեց Ղազարյանը: Ապա մեզ հետ զրույցում հայտարարեց, որ այս ամենին տրվելու է իրավական գնահատական: Նրա պատմելով` խնդիրը միայն Սեւանա լճի հետ կապված չէ. «Որ կողմը թեքվում ես, խնդիր է, բայց խնդիրների լուծումն էլ, ըստ էության… ավելի շատ մարդիկ զբաղված են էլեկտրոմոբիլներով, քան կոնկրետ, առաջնահերթ հարցեր լուծելով: Իսկ ես այդպես չեմ կարող: Եթե ես ազատվել եմ աշխատանքից, նշանակում է համակարգն ամբողջությամբ խնդիր ունի»:
Զրույցի ընթացքում նա նաեւ հիշեց Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի պաշտոնանկությունը: «Օրինակ, տեսչական մարմնի ղեկավարը, որին ազատեցին աշխատանքից, ժամանակին իր մեսիջները նույն Սեւանա լճի մասով տրվեցին եւ այդպես էլ մնացին օդում»,- լրացրեց Ղազարյանը:
Այսքանից հետո, սակայն, ուշագրավ է մեկ այլ հանգամանք. Ղազարյանը բացահայտել է, որ չնայած այն բանին, որ վերջին տարիներին, երբ հանրապետությունում սիգի որսը պաշտոնապես արգելված է, ՀՀ-ից արտահանվել է սիգի պահածո` յուղի եւ տոմատի մեջ: Իսկ Բնապահպանության նախարարությունը լռել է` ոչինչ չձեռնարկելով: «Ես պետական եկամուտների կոմիտեից պաշտոնապես վերցրել եմ տվյալներ, թե մի շարք տարիների ընթացքում ինչ ելք ու մուտք է եղել մաքսատնով` կապված Սեւանի պահածոների մասով` սիգը յուղով կամ տոմատի մեջ: Պարզվում է, որ 2018 թվականին եւ 2019 թվականի սկզբին բավականին մեծ քանակությամբ կոնսերվա է դուրս եկել Հայաստանից` 100 հազար տուփով: Եթե կառավարության մի թեւը փորձում է ինչ-որ միջոցառումներ անել, մյուս թեւը տեղյակ չի՞, որ այդ ամեն ինչը դուրս է գալիս Հայաստանից: Եթե որոշում չկա, որ այդ հարցերը լուծվեն, ուղղակի չեմ կարող այդ ռեկլամի, շղարշի տակ աշխատել»,- նկատեց փոխնախարարը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեւական ժամանակ բարձրաձայնում է` «Սեւան Ակվա» եւ «Սեւանի Իշխան» ընկերությունների գործունեությունը լուրջ վտանգներ է առաջացնում լճի համար: Փաստորեն Ղազարյանը եւս սա լուրջ խնդիր է համարում: «Գիտեք ինչ, Սեւանա լիճը կանաչում է, Սեւանը մեռնում է, ֆոսֆորի քանակությունը լճում սլացիկ բարձրանում է, ասում ենք` ձկնաբուծական ցանցավանդակները մեկ օր շուտ պետք է հանենք, բայց մարդիկ, չգիտեմ, ինչ են մտածում… Սեւանը կորցնում ենք: Անտառային ոլորտը մինչ այսօր օրենքից դուրս է աշխատել: «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ը պետք է վերակառուցել, որովհետեւ տեսուչները, չգիտես, թե ինչով են զբաղված: Պետական բյուջեից միլիոններ է տրամադրվում այդ կառույցի պահպանման համար, բայց այդ մարդիկ դե ֆակտո, սուբյեկտիվ եւ օբյեկտիվ պատճառներով չեն կարողանում, պահպանություն չեն իրականացնել: Շատ հարցեր կան, որոնց պատասխանները չկան»,- դժգոհեց Այսեր Ղազարյանը:
Հ.Գ. Նշենք, որ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի պաշտոնանկությունը եւս մեծ աղմուկ բարձրացրեց. Բնապահպանության նախարարության վերին օղակներին դուր չի եկել Գրիգորյանի գործելաոճը. նա մասնավոր զրույցներում իշխանական վերնախավի մասին այնքան էլ լավ չի արտահայտվել` «մեծ-մեծ խոսել է», ինչը եւ շատերին դուր չի եկել: Կառավարական կուլիսներում խոսում էին այն մասին, որ Գրիգորյանը այդպես էլ չի կարողացել ՀԿ-ական իր ոգին փոխել պաշտոնյայի կեցվածքով: Նկատենք, որ Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում ակտիվ է եւ ազատ, պարբերաբար գրառումներ է անում` անգամ վիրավորելով որսագողերին: Բայց, կարծես թե, Գրիգորյանի բաց աշխատելը կառավարության անդամների սրտով չի եղել: Եւ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հերթով ազատվում է նման կադրերից:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ