«ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՏ ՈՒՇԱՑՐԻՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երաժիշտ, երգահան Եղիշե Պետրոսյանի հետ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ներքաղաքական թոհուբոհից, ՀՅԴ-ի վերջին հանրահավաքից ստացած տպավորություններից, ամբողջ պետական համակարգը վեթթինգի ենթարկելու անհրաժեշտությունից եւ այլ թեմաներից:

-Պարո՛ն Պետրոսյան, մայիսի 23-ին ՀՅԴ-ն հանրահավաք արեց, որպեսզի, իր ձեւակերպմամբ, իշխանություններին ասի՝ լրջացե՛ք: Ի՞նչ եք կարծում, լրջանալու մասին հորդորները որքանո՞վ էին լուրջ:
-Եթե այսքան ժամանակ մենք մեծ կորուստներով հանդերձ կարողացել ենք պահպանել երկիրը, ուրեմն դատապարտված ենք հարատեւելու, եթե անգամ այսօրվա կառավարությունն էլ բազում սխալներ թույլ տա: ՀՅԴ-ն նախորդ իշխանությունների օրոք շատ վատ դերսեւորեց իրեն՝ հարմարվողական քաղաքականություն վարելով: Ինձ թվում էր, թե ուզում են իշխանությունների հետ կոմպրոմիսի գնալ, ռեսուրսներ հավաքել, որպեսզի կուսակցությունը հզորացնեն ապագայում պատասխանատվությունը ստանձնելու համար: Բայց ժամանակը ցույց տվեց, որ պարզապես համակերպվել էին իրավիճակի հետ եւ փող էին աշխատում: Այսօր նրանք մի շարք խնդիրներ են բարձրաձայնում` կապված, օրինակ, Սփյուռքի հետ, ու հարց է ծագում՝ ինչու այդ նույն խնդիրների մասին հիմնականում լռում էին:
-ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը հայտարարեց. «Եկել ենք ասելու, որ թույլ չենք տա 100 տարի հետո նորից ջրբաժան գծել։ Մենք թույլ չենք տա, որ երկրում լինի մեկ մարդու կարծիք։ Մեկ կարծիքը դիկտատուրա է եւ մեր երկրում բացառվում է»: Դուք տեսնու՞մ եք նման վտանգ:
-Ներկայիս իշխանությունը սխալներ շատ ունի, բայց մենք բոլորս կօգնենք նրան: Մենք տեսնում ենք, որ կամքը կա դեպի լավը փոխելու, երկիրը ոտքի կանգնեցնելու, մեր կյանքից նեգատիվ երեւույթները վերացնելու համար: Իսկ կամքը գործի կեսն է: Ես էլ կարող եմ քննադատական խոսք հնչեցնել, բայց մի բան է, եթե քննադատում ես որպես յուրային՝ ձգտելով կատարյալին, մեկ այլ բան՝ զուտ քննադատելու կամ չարախնդալու համար:
-Վերջերս ակտիվորեն շրջանառության մեջ դրվեց վեթթինգի թեման: Ի՞նչ եք կարծում, միայն դատավորնե՞րը պետք է վեթթինգի ենթարկվեն, թե՞ ամբողջ պետական համակարգը, որպեսզի ժողովուրդը ծանոթ լինի պետական պաշտոնյայի կապերին, գործունեությանը, դրա օրինականությանը, եւ վստահության մթնոլորտ ձեւավորվի:
-Մենք տեսանք, որ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարական տվեց. վաղուց պետք է դա լիներ: Բայց մեր խնդիրը զուտ դատական համակարգը վեթթինգի ենթարկելը չպետք է լինի: Հիմա եկանք, հասանք մի թեմայի, որի շուրջ պետք է իմ դժգոհությունն արտահայտեմ ներկայիս իշխանություններին: Անցումային արդարադատության հաստատումը շատ ուշացրին: Ամբողջ ազգը գիտի՝ նախորդ իշխանությունները ինչպես են վարվել մեր պետության եւ ժողովրդի հետ: Նախ` պետք է քաղաքական գնահատական տրվեր դրան եւ անցումային արդարադատություն կիրառվեր անմիջապես: Եվ չմոռանանք նոր սահմանադրության մասին: Ցավոք, այդ գործընթացները դեռ չեն իրականացվել: Սպասենք եւ հուսանք, որ դրանք սարերի ետեւում չեն:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

 

«ԽՐՈՆԻԿ ԷՄՈՑԻՈՆԱԼ ՃԳՆԱԺԱՄ Է»

Երգչուհի Աննա Խաչատրյանը արդեն մի քանի ամիս է՝ ստեղծագործական դադարի մեջ է: Ասում է՝ նախ՝ ուզում է ուժերը վերականգնել, հետո՝ մոտիվացիան: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Աննան նկատեց, որ ինչպես ամբողջ աշխարհում եւ գրեթե բոլոր ոլորտներում, հայաստանյան շոուբիզնեսյան կյանքում եւս խրոնիկ էմոցիոնալ ճգնաժամ է:

«Այդ ճգնաժամն առաջինն իրենց մաշկի վրա զգում են երգիչներն ու երաժիշտները, երբ մարդիկ այլեւս տրամադրություն չեն ունենում, չեն ուզում կամ, ֆինանսական դրությունից ելնելով, չեն կարողանում ուրախանալ, եւ առհասարակ, ապրումներ ունենալ, այցելել համերգների, կորպորատիվների եւ այլն: Այսօր, առհասարակ, դժվար է գումար աշխատելը, իսկ որակյալ աշխատանք ներկայացնողի համար կրկնակի բարդ է: Ամեն դեպքում, դիմակայում ենք, ինքներս մեզ համոզում ենք, որ ամեն բան այդքան էլ վատ չէ»,-շեշտեց երգչուհին:
Դիտարկմանը, թե նոր սերնդի ներկայացուցիչների շրջանում կան հրաշալի կատարողներ, սակայն լավ երգեր հազվադեպ են ծնվում, Աննան հավելեց. «Իսկապես, վերջին լավ երգը, որ լսել եմ, եղել է Էրիկի «Իմ աշխարհ եկ»-ը: Համենայնդեպս, այն իմ ճաշակով է: Այստեղ էլի բախվում ենք իմ ասած խնդրին, ամենուր էմոցիոնալ անկում է նկատվում, ստեղծագործող մարդկանց շրջանում՝ հատկապես»:
Աննան նաեւ նշեց, որ վերջին քսան տարում, բնականաբար, շոուբիզնեսյան շուկան չի մեծացել. նույն երկիրն է, նույն հանդիսատեսը, նույն Սփյուռքը, փոխարենը տասնապատիկ շատացել են երգիչ-երգչուհիները. «Բանն այն է, որ տասը-քսան տարի առաջ շատ դժվար էր եթերում երգ հնչեցնելը, հարցազրույցների մասնակցելը, ճանաչում ստանալը: Գոյություն ուներ ցենզուրա, եւ ամեն մեկը չէր կարող էկրանին հայտնվել, իսկ այսօր եթե ունես փող, քեզ կանաչ ճանապարհ, չունես փող` չունես ոչինչ»,- եզրափակեց Աննան:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 

 

ՍԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏԱՐԲԵՐԱԿՆ Է
Երեկ` մայիսի 24-ին, կայացավ Հայաստանի Բարձրագույն խմբի «Արարատ-Արմենիա»-«Արցախ» հանդիպումը: Խաղն ավարտվեց տանտերերի` 2:0 հաշվով հաղթանակով:
Այս հանդիպման մրցավարական անձնակազմը Իսպանիայից էր` Խավիեր Էստրադա Ֆերնանդեսի գլխավորությամբ, ում հետ էլ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է խաղից անմիջապես հետո:
-Ինչպիսի՞ տպավորություններ ունեք Ձեր` Հայաստան այցելությունից:
-Դա մեծ փորձ էր մեզ համար, քանի որ մենք հնարավորություն ունեցանք աշխատել նոր երկրում։ Սա նաեւ առիթ էր կիսվել մարզչական փորձով մեր հայ ընկերների հետ։ Շատ հաճելի է գտնվել այստեղ՝ այս կարեւոր լիգայի խաղին։
-Կցանկանա՞ք եւս մեկ անգամ աշխատել այստեղ` Հայաստանում:
-Այո, իհարկե: Հրաշալի է կիսվել փորձով եւ ստեղծել լավ հարաբերություններ տարբեր երկրների հետ։
-Ի՞նչ կարծիքի եք հայկական ֆուտբոլի մասին:
-Կարծում եմ` ֆեդերացիան շատ լավ է աշխատում, կատարվում են բարեփոխումներ մրցավարական ոլորտում։ Վստահ եմ, որ նման փորձի փոխանակումը լավագույն տարբերակն է զարգացնել ֆուտբոլը ամբողջ աշխարհում եւ, իհարկե, Հայաստանում մասնավորապես։

Զրուցեց ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ




Լրահոս