ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆ՝ ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵՐՋ ՀԱՍՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզը գրեթե պատրաստ է եւ շուտով կհաստատվի։ Այդ մասին մայիսի 22-ին ՀՀ փոխվարչապետ, համաձայնագրի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանը նշել էր Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության ներկայացուցիչների հետ հանդիպմանը։

Ինչպես հայտնի է, Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ համաձայնագիրը ստորագրվել էր 2017 թվականի նոյեմբերի 24-ին, որը 2018 թվականի հունիսի 1-ից մասնակի ուժի մեջ էր մտել, եւ այս պահին գործում է համաձայնագրի դրույթների շուրջ 80 տոկոսը։ Մնացած դրույթներն արդեն ուժի մեջ կմտնեն Եվրոպական միության երկրների խորհրդարաններում համաձայնագրի վավերացման գործընթացն ավարտելուց հետո։
Սակայն ինչպես հայտնի է, 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո համաձայնագրի կիրարկման գործընթացը մի փոքր դանդաղեց. նոր իշխանություններին ժամանակ էր անհրաժեշտ իրավիճակին ծանոթանալու համար։ Սակայն իրավիճակը հանգեցրեց նրան, որ մեկ տարի անց նոր միայն ճանապարհային քարտեզը պատրաստ է լինելու, եւ կան բավականին նախագծեր, որոնք նոր իշխանությունները պետք է հասցնեն ընդունել արագ մինչեւ այս տարվա ավարտը։ Եվ, ահա, կիրարկման գործընթացն արագացնելու եւ ճանապարհային քարտեզը մշակելու համար անցյալ տարի ստեղծվեց միջգերատեսչական հանձնաժողով։
Ճանապարհային քարտեզն արդեն իսկ տրամադրվել է եվրոպական կողմին։ Այդ մասին նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր ասել դեսպանների հետ հանդիպմանը՝ նշելով, թե ճանապարհային քարտեզը հիմնականում պատրաստ է, եւ այժմ փաստաթուղթն ուսումնասիրվում է ԵՄ-ի կողմից։ Եվ մինչեւ հունիսի 13-ը այն պետք է բերվի վերջնական տեսքի, որից հետո պետք է հավանության արժանանա ՀՀ-ԵՄ խորհրդի նիստում ու ընդունվի վարչապետի կողմից: Հետաքրքիր է, որ ի սկզբանե պետք է կառավարությունը հավանության արժանացներ այդ փաստաթուղթը, սակայն քննարկումներից հետո որոշում է կայացվել դա թողնել ՀՀ վարչապետի հաստատմանը, որպեսզի հետագայում եւս ինչ-որ կետեր փոխելը հեշտ ստացվի, այլ ոչ թե ամիսների գործ դառնա՝ թղթաբանության պատճառով:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ ճանապարհային քարտեզը բաղկացած է երկու մասից. առաջինը՝ առեւտուր եւ առեւտրին առնչվող հարցերն են, իսկ երկրորդը՝ ոլորտային համագործակցությունը, որն էլ իր հերթին ներառում է մի շարք ոլորտներ, այդ թվում՝ տրանսպորտ, էներգետիկա, շրջակա միջավայր, արդարադատություն, միգրացիա, գյուղատնտեսություն, սպառողների պաշտպանության ոլորտներ։ Ճանապարհային քարտեզի ընդունումից հետո արդեն պետք է տեղի ունենա ՀՀ օրենսդրության մոտարկումը եվրոպական չափանիշներին: Եվ մենք տեղեկացանք, որ այստեղ էլ է փոփոխություն եղել, քանի որ ի սկզբանե խոսք էր գնում ներդաշնակեցման, ոչ թե մոտարկման: Իսկ փոփոխությունն էլ պայմանավորված է այլ ինտեգրացիոն միության մեջ լինելով: Նշենք, որ ճանապարհային քարտեզը բավական ծավալուն է եւ մոտ 200-ից ավելի գործողություններ են նախատեսված, որոնք պետք է Հայաստանը իրականացնի, եւ որոնց իրականացման ժամկետները բավականին մոտ են:
«Ժողովուրդ» օրաթերթին ճանապարհային քարտեզից մանրամասներ են հայտնի դարձել: Նախ` մինչեւ 2019 թվականի վերջ նախատեսված է ոստիկանության համակարգում փոփոխություններ կատարել՝ նոր մոդելի ոստիկանության ստեղծում, փոփոխություններ պարեկային ծառայությունում: Հաջորդ փոփոխությունը, որը պետք է արվի կրկին մինչեւ այս տարվա վերջ, կապված է մարդու իրավունքների եւ դատաիրավական բարեփոխումների հետ: Շատ այլ պարտավարությունների համար նախատեսված են ավելի երկար ժամկետներ, չնայած քայլերը կարող են ավարտին հասցնել ավելի շուտ եւս: Օրինակ` դատավորների թվի ավելացում է նախատեսված 2022 թվականի համար, 2020 թվականին նախատեսվում է փոփոխություն քրեակատարողական հիմնարկների բնագավառում: Ըստ այդմ, նախատեսվում է դադարեցնել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի գործունեությունը եւ դրա փոխարեն այլ ՔԿՀ ստեղծել: Ճանապահային քարտեզում ամրագրված է կետ նաեւ ԶԼՄ-ների գործունեության մասով: Ըստ այդմ, մինչեւ 2020 թվականը պետք է փոփոխություններ կատարվեն, եւ ապահովվի ԶԼՄ-ների ֆինանսական աղբյուրների թափանցիկությունը:
Եվ ինչպես կարելի է եզրակացնել, կառավարությանն առաջիկայում լուրջ աշխատանք է սպասվում՝ ժամկետների մեջ տեղավորվելու մասով: Ընդ որում, նախորդ տարվանից մինչեւ այժմ շատ նախագծեր չեն արվել, սակայն եվրոպական կողմն, ամեն դեպքում, ընդունել է, որ Հայաստանի ներսում տեղի ունեցած փոփոխություններն են պատճառը: Եվ, կարծես թե, հունվարից հետո նոր փուլ է սկսվել, եւ հիմա իշխանությունները պետք է անեն առավելագույնը:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

ԵՐԿՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ առաջիկայում Ազգային ժողովում երկու ընտրություն է սպասվում՝ Սահմանադրական դատարանի դատավորի եւ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի։ Առաջինի պարագայում թեկնածուն Արթուր Վաղարշյանն է, որն, ինչպես հայտնի է, արդեն հանդիպումներ է ունեցել խորհրդարանական երկու ուժերի հետ, այդ թվում՝ «Իմ քայլը» խմբակցության, սակայն վերջնական որոշման մասին խուսափում են բարձրաձայնել։ Իսկ, ահա, ՏՄՊՊՀ թեկնածու վարչապետն առաջարկել է Հայկ Կարապետյանի թեկնածությունը. վերջինս ընտրվելու պարագայում այդ պաշտոնին կմնա չորս տարի։ Նշենք, որ Կարապետյանը մինչ այս բազմաթիվ պաշտոններ է զբաղեցրել, այդ թվում՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազ, իսկ նախորդ տարվա օգոստոսից էլ եղել է վարչապետի աշխատակազմի հակակոռուպցիոն ծրագրերի եւ մոնիթորինգի վարչության պետի պաշտոնակատար։ Այսինքն` նա վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար նոր մարդ չէ։

 

 

 

ԲՅՈՒՋԵՆ
Երեկ տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստ, որի ժամանակ ոչ միայն հաստատվել է վաղը մեկնարկող նիստերի օրակարգը, այլ նաեւ հայտատվել է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում «ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների անցկացման ժամանակացույցը։ Ըստ այդմ` «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ բյուջեի քննարկումները մեկնարկելու են հունիսի 5-ին՝ տեւելով մինչեւ հունիսի 12-ը։ Առաջին օրը նախատեսվում է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությունը եւ ելույթը, որից հետո քննարկումները կշարունակվեն ըստ հանձնաժողովների մասնագիտացումների։ Ինչպես հայտնի է, նախորդ տարին փաստացի խառը տարի ստացվեց՝ կապված հեղափոխության հետ, եւ մի քանի ամիս կառույցները ոչ լիարժեք են գործել։ Ըստ այդմ, հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչպիսի կատարողական են ներկայացնելու գերատեսչությունները։

 

 

 

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԵՆԵՐԱԼՆԵՐ
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանը նախօրեին իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ կան մարդիկ, որոնք նկուղներում են հավաքվում եւ փորձում են սցենարներ գծել: Պատգամավորը դրանք անլուրջ էր որակել: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Բոշյանի հետ` պարզելու, թե ինչից է այդքան մտահոգվել. «Ռեալ վտանգ, որպես այդպիսին, չեմ տեսնում, որովհետեւ տեսնում ենք ժողովրդի աջակցությունը, որը կա: Բայց որ կան մարդիկ, ովքեր մտածում են` հնարավոր է ինչ-որ մի բան անել, որ ինչ-որ մի բան լինի, էդ մարդիկ կան միանշանակ: Ուղղակի իմ ասածը նա էր, որ մենք գիտենք ձեզ, գիտենք որտեղ եք, ինչով եք զբաղվում. դա պարապ զբաղմունք է, շատ ավելի կարեւոր ու հետաքրքիր գործեր կան, որ կարելի է դրանցով զբաղվել: Քաղաքական գեներալների եմ ի նկատի ունեցել»,- մեկնաբանեց նա:

 

 

 

 

ԱԿԱՄԱ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄ
Արարատի մարզի բնակիչ Հարություն Մանուկյանը, որը եղել է Կրթության ազգային ինստիտուտի Արարատի մարզի համակարգողը, լինելով գործազուրկ, կապ է հաստատել «Արեւմտյան փորձի ներդրման գրասենյակ» ՀԿ-ի հետ։ «Նրանց ներկայացնելով` կենտրոնը պետք է զբաղվեր մարդու իրավունքներով, Եվրոպական արժեքների քարոզով եւ այլն։ Հետագայում պարզվեց, որ դա Ռոբերտ Քոչարյանի պաշտպանության կամ ապագա ստեղծվելիք կուսակության հիմքերից մեկը պիտի լիներ, որը մեր անելիքը չէր։ Արմեն Թավադյանի հետ ծանոթացել եմ Մինասյան Արմենի միջոցով։ Նրանք ասում էին` միշտ ունեցե՛ք մարդիկ, որոնք մեզ հետագայում պետք են գալու։ Հետագայում պարզվեց, որ խոսքը «Հայ Ազգային Դաշինք» կուսակցության ստեծման մասին է»։ Ա. Հարությունյանի խոսքով` Ա. Թավադյանի հետ կոնֆլիկտ է ունեցել, որն առաջացել է գույքի, աշխատավարձերի, կոմունալ ծախսերի եւ նման ֆինանսական հարցերի պատճառով։ «Դա պայմանավորված էր նրանով, որ երբ, ի պաշտպանություն Ռ. Քոչարյանի, կազմակերպեցին, որ գնան ՀՀ գլխավոր դատախազության մոտ` միտինգի, ես արդեն հասկացել էի, թե ինչի հետ գործ ունենք»,- ասել է նա։ Մանուկյանի ու Թավադյանի միջեւ վեճ է ծագել, կուտակվել է պարտք, որը մնացել է Մանուկյանի ուսերին։

 

 

 

 

ԳԱԶԻ ՀԱՐՑՈՎ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Սյունիք կատարած այցի ժամանակ հարցրել են` հնարավոր չէ արդյոք այնպես անել, որ գործարանները կարողանան բնական գազ օգտագործել: «Կուզեի, որ Մեղրիի գազի հարցը լուծվեր, պարո՛ն վարչապետ: Այսօր մեր գործարանը մազութ է օգտագործում, որի պատճառով միայն էներգակիրների մասով ապրանքի ինքնարժեքը 40-50 տոկոս թանկանում է»,- ասել է գործարարը: Փաշինյանը հետաքրքրվել է` էլեկտրաէներգիան չի կարող արդյոք փոխարինել մազութին, գործարարը պատասխանել է, որ այդպես նույնպես թանկ է ստացվում: «Արեւային պանելներով փորձում ենք, բայց դրա արդյունավետությունը տաք ջուրն է լինելու»,- արձագանքել է գործարարը: Վարչապետն էլ ամփոփել է. «Նայում ենք ձեր առաջարկները»:

 

 

 

ՌՈՄԱՆՏԻԶՄ
«Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, հենց մեծ բանավեճ է խենթության՝ բառիս լավ իմաստով, որը կարող ենք անվանել ռոմանտիզմ՝ իրատեսության միջեւ։ Մեր քաղաքական խնդիրն է Հայաստանը դարձնել այնպիսի մարդկանց երկիր, ովքեր հավատում են իրենց ուժերին եւ հավատում են, որ խենթ գաղափարները կարող են իրագործել Հայաստանի Հանրապետությունում»,- Սյունիքի մարզում կայացած տնտեսական համաժողովի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

 

 

ԵՐԵՎԱՆՈՒՄ Է
Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության հավակնորդ Ստանիսլավ Զասը ժամանել է Երեւան: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի փոխանցմամբ` Զասը հանդիպել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը թափուր է մնացել, երբ 2018թ. նոյեմբերի 2-ին հայկական կողմի նախաձեռնությամբ Յուրի Խաչատուրովը հետ է կանչվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից:




Լրահոս