Գաղտնիք չէ, որ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում նախատեսված են համագործակցության մի շարք ուղղություններ, որոնցից մեկն էլ ՀՀ-ԵՄ քաղհասարակությունների երկկողմանի պլատֆորմի ստեղծումն է:
«Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարում գրել էր, որ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզը գրեթե պատրաստ է եւ շուտով կհաստատվի: Ճանապարհային քարտեզն արդեն իսկ տրամադրվել է Եվրոպական կողմին եւ այժմ փաստաթուղթն ուսումնասիրվում է հենց ԵՄ-ի կողմից։ Եվ մինչեւ հունիսի 13-ը այն պետք է բերվի վերջնական տեսքի, որից հետո պետք է հավանության արժանանա ՀՀ-ԵՄ խորհրդի նիստում ու ընդունվի վարչապետի կողմից:
Եվ ահա, մինչ հունիսի 13-ը պետք է հայտնի լինի ՀՀ-ԵՄ քաղահասարակության երկկողմանի պլատֆորմի վերջնական կազմը եւ ստեղծման աշխատանքներն ավարտված լինեն: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ադ առումով ներքինխմորումներ են առկա եւ քաղհասարակությունների ներկայացուցիչները դժգոհ են առաջարկված ձեւաչափից: Բանն այն է, որ ըստ ԵՄ կողմից ներկայացված կառուցվածքի, թե ՀՀ-ից, թե եվրոպական կողմից պլատֆորմի անդամները պետք է 9-ական լինեն` 3-ը քաղհասարակության ներկայացուցիչներ, 3-ը` արհմիությունների եւ 3-ը` գործատուների կազմակերպությունների: Եվ հենց այս հարցում է տարակարծությունը:
Բանն այն է, որ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Հայաստանի քաղհասարակությունների ներկայացուցիչները դժգոհ են նման համամասնությամբ բաժանումից եւ գտնում են, որ քաղհասարակության ներկայացուցիչները պետք է ավելի շատ լինեն: Եվ վերջիններս դա բացատրում են այն հանգամանքով, որ արհմիությունների եւ գործատուների կազմակերպությունների հարցում Հայաստանն այնքան էլ լավ վիճակում չէ:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը չհերքեց, որ ԵՄ-ի կողմից առաջարկված նման համամասնության շուրջ իսկապես քաղհասարակության ներկայացուցիչները վերապահումներ ունեն:
«Դա իմպերատիվ պահանջ է, եւ ձեւաչափը իրենք են տվել: Չգիտենք՝ հայկական կողմիհետ կոնսուլտացիաներից հետո է այդ ձեւաչափն ընտրվել, թե Եվրամիության կողմից մոտեցում է: Խնդիրը կայանում է նրանում, որ այդ ձեւաչափը ԵՄ անդամ երկրների համար, տրամաբանական է, նրանք ունեն ե’ւ գործատուներ, ե’ւ արհմիություններ, որոնք դեր ունեն եւ քաղհասարակության ներկայացուցիչներ, որոնք կայացած են», – նկատեց Սաքունցը:
Նա ֆորմալ մոտեցում համարեց նման բաժանումը` ընդգծելով, որ գործատուների կազմակերպություններն ավանդաբար գործել են իշխանության թելադրանքով, նրանց անվան տակ: «Անկախ գործատուներ չենք ունեցել: Արհմիությունները գոյություն ունեն, բայց աշխատավորների իրավունքները պաշտպանող կառույց որպեսչի գործում: Կարծես թե մենք չենք տեսել նրանց կողմից լուրջ գործողություն, եւ սա այն դեպքում, երբ լայնորեն խախտումներ են եղել աշխատողների իրավունքների առումով: Մենք ոչ թե թերագնահատում ենք, այլ չենք տեսել նրանց աշխատանքը: Սրա մասին է խոսքը», – նշեց նա` հավելելով, որ այս մասով տարբեր հանդիպումների ժամանակ բավական հարցադրումներ են եղել, սակայն վերջնական պատասխան եւ որոշում առկա չէ:
Արթուր Սաքունցի հետ զրույցում անդրադարձանք նաեւ ՀՀ-Եմ համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզին, քանի որմինչեւ դրա վերջնական տեսքի բերվելը, քաղհասարակությունների ներկայացուցիչները, այդ թվում` Արթուր Սաքունցը բազմաթիվ առաջարկություններ է ներկայացրել, որոնց ճակատագիրը, սակայն հայտնի չէ: «Ճանապարհային քարտեզն ինքս եմ ներկայացրել նախորդ տարի եւս, սակայն հույս չունեինք, որ նախկին իշխանությունները հաշվի կառնեն: Սակայն մերմոտեցումները մենք հստակ ներկայացրել ենք նաեւ այս տարի` թավշյա հեղափոխությունից հետո: Երբ լինի վերջնական ճանապարհային քարտեզը, վերջնական գաղափար կկազմենք՝ ընդունվել են, թե ոչ:
Հավելենք, որ ՀՀ-ԵՄ քաղհասարակության երկկողմանի պլատֆորմի հետ կապված հայկական կողմի աշխատանքները կորդինացնում են Երեւանի մամուլի ակումբը եւ Բաց հասարակության հիմնադրամները՝ Բորիս Նավասարդյանի ու Լարիա Մինասյանի գլխավորությամբ: Եվ նրանք մինչեւ ժամկետի ավարտը պետք է հասցրած լինեն ավարտել աշխատանքները:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«ԱՐՏՈՆՅԱԼԸ»
Մայիսի 27-ին ՀՀ Սյունիքի մարզում տեղի ունեցավ «Իմ Քայլը» հանուն Սյունիքի մարզի բիզնես-ֆորումը, որին մասնակցել են նախարարներ, պատգամավորներ, գործարարներ, մարզպետներ: Նշենք, որ բոլոր մասնակիցները Սյունիքի մարզ էին եկել ավտոմեքենայով, անգամ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Իսկ ահա առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նախընտրել էր տարբերվել մյուսներից եւ Սյունիք եկել էր սանավիացիայի ուղղաթիռով: Ասել է թե` իրեն ճոխություն էր թույլ տվել: Նա անգամ իր ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերով ցուցադրել էր, թե ինչպես են մեկնում Տաթեւ եւ հետ վերադարձը. «Միանգամից ասեմ, որ «The Armenian Helicopters»-ը հանդիսանում է այս ֆորումի հովանավորը եւ իրենք էլ պետք է մասնակցեին, ես էլ պարզապես առիթից օգտվել եմ, հիմա հետ ենք գնում»: Նկատենք, որ «The Armenian Helicopters» ընկերության տնօրեն Արսեն Մանուկյանը համաժողովի ընթացքում հայտարարեց, որ զբոսաշրջային կազմակերպություններին առաջարկել են անհատական տուրիստական երթուղիներ մշակել Սյունիքի մարզ: Ինչի արդյունքում կկրճատվի ճանապարհի վրա ծախսվող ժամանակը եւ Երեւանից հնարավոր կլինի Տաթեւ հասնել 50 րոպեում: Իսկ ինպես հայտնի է` դեպի Սյունիք ընթացող ճանապարհը գտնվում է ոչ սարքին, բավականին վատ վիճակում: Փաստորեն փոսառատ ու քարուքանդ ճանապարհով Սյունիք մեկնելու հարցում կառավարության անդամներից միայն Թորոսյանի բախտն էր բերել: Սակայն հետաքրքիր է` ինչու է նախարարն անուղղակի ընտրել տվյալ ընկերությունն անուղղակի գովազդելու տարբերակը:
ԴՈՒՐՍ Է ԵԿԵԼ ՑԱՆԿԻՑ
Հայաստանի երբեմնի երկու խոշոր հանքարդյունաբերող ընկերությունները հազար խոշոր հարկատուների ցանկում լուրջ փոփոխությունների են ենթարկվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությունը, որը շահագործում էր Ալավերդու պղնձաձուլական գործարանը, այս տարվա առաջին եռամսյակում տեղ չի գտել հազար խոշոր հարկատուների ցանկում: Ասել է թե` ընկերությունը հարկ չի վճարել: Մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ընկերության կատարած հարկային վճարումները կազմել են 2 մլրդ 341 մլն 905 հազար դրամ: Մյուս ընկերությունը` «Թեղուտ»-ն է, որը շահագործում էր Թեղուտի հանքավայրը, այս տարվա առաջին եռամսյակում պետական բյուջե վճարել է 45 մլն 18 հազար դրամի հարկ ու տուրք, անցյալ տարվա առաջին եռամսյակում վճարած 2 մլրդ 182 մլն դրամի դիմաց: Նշենք, որ «Արմենիան Քափր Փրոգրամ»-ը «Վալլեքս» խմբի մեջ է մտնում, որի ղեկավարն է Վալերի Մեժլումյանը: Սակայն ընկերությունը վարկային պարտավորություններ ունի, որոնք չի կարողանում մարել, այդ պատճառով էլ դադարեցրել է գործունեությունը: Իսկ գործարանը գրավադրված է ՎՏԲ բանկում: Բայց Թեղուտի հանքավայրը հնարավոր է հուլիսին վերագործարկվի այլ գործարարի կողմից:
ՏՐԱՄԱԴՐՎԱԾ Է ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ
ՀԱՊԿ-ը հանդիսանում է ՀՀ անվտանգության համակարգի կարեւորագույն տարրերից մեկը, եւ Հայաստանը շահագրգռված է այդ կառույցի արդյունավետ աշխատանքում: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Երեւանում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածու Ստանիսլավ Զասի հետ հանդիպման ժամանակ, որի ներկա է եղել նաեւ ՀՀ-ում Բելառուսի արտակարգ եւ լիազոր դեսպան Իգոր Նազարուկը: Ս. Զասը նշել է, որ պաշտոնավարման ընթացքում կներդնի առավելագույն ջանքերը` ՀԱՊԿ գործունեության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ: Անդրադարձ է եղել անվտանգության մարտահրավերներին, ռազմատեխնիկական գործակցությանը եւ այլն: Ն. Փաշինյանը նշել է, որ Հայաստանը տրամադրված է երկխոսության մթնոլորտում շարունակել համատեղ աշխատանքը` գործուն օրակարգի ձեւավորման եւ փոխշահավետ համագործակցության զարգացման ուղղությամբ: Զասը կրկին նշել է, որ 2020թ. հունվարի 1-ից ստանձնելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը` իր գործունեությունը ծառայեցնելու է հենց այդ նպատակների իրագործմանը եւ կազմակերպության անդամ պետությունների միջեւ անվտանգության ոլորտում փոխգործակցության ամրապնդմանը:
ՌՈՈՒՄԻՆԳԻ ՉԵՂԱՐԿՈՒՄ
Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Մաքսիմ Ակիմովը վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի մոտ խորհրդակցության ժամանակ զեկուցել է Եվրասիական տնտեսական միության տարածքում ռոումինգի չեղարկման գործընթացի մասին: Նա մանրամասնել է, որ իրենք Մեդվեդեւի հանձնարարականով արագացրել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի եւ Ռուսաստանի միջեւ ռոումինգի չեղարկմանն ուղղված քայլերը: Ակիմովը որպես ռոումինգի չեղարկման հաջող օրինակ բերել է Եվրապական միության փորձը. այնտեղ ռոումինգը չեղարկվել էր 2017թ.:
ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ
Երեկ, Հանրապետության օրվա եւ մայիսյան հերոսամարտերում հաղթանակների առթիվ Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները ՀՀԿ նախագահ, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ այցելել են Վայոց Ձորի Սպիտակավոր եկեղեցի: Այնտեղ հարգանքի տուրք են մատուցել մեծ զորավար, 1918թ. մայիսին Ղարաքիլիսայի ճակատամարտի հերոս Գարեգին Նժդեհի հիշատակին:
ԱՃ
Երեք ամիսների անկումից հետո ապրիլին առաջին անգամ ապրանքների արտահանման գրեթե 10 տոկոսանոց աճ ունենք: Այս մասին ասել է Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը: «Դա վիճակագրության պետական կոմիտեի ցուցանիշն է: Մենք ունենք նաեւ մաքսային պետական ծառայության տվյալները, որոնք ավելի բարձր աճի մասին են վկայում` 14,5 տոկոս»,-ասել է նա: Անդրադառնալով արտահանման կառուցվքածին, նա ընդգծել է, որ բոլոր ուղղություններով գրանցվել է աճ: «7 տոկոս տնտեսական ակտիվություն ունենք 4 ամսում, իսկ միայն ապրիլին այն կազմել է 9,2 տոկոս: Տարվա կտրվածքով կունենանք ավելի բարձր աճ, քան դրված է բյուջեում՝ 4,5 տոկոս»,-ասել է Տ. Խաչատրյանը: