Մեր երկրի պաշտոնյաների շարքում կան արտոնյալներ, որոնք նշանակվելուց հետո դրամական միջոցների, ունեցվածքի վերաբերյալ հայտարարագիր չեն ներկայացրել: Նրանց թվում են առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանն ու իր տեղակալներից Սամվել Սողոմոնյանը: Պարզվում է` այս կառույցից հայտարարագիր ներկայացրել է միակ բարեխիղճ պաշտոնյան` Էմին Ավետիսյանը, այն էլ, ըստ Էդգար Խուրշուդյանի, սխալվել է:
Այսպես` տեսչական մարմնի տեղակալ Էմին Ավետիսյանն ընդամենը ներկայացրել է պաշտոնը ստանձնելու վերաբերյալ հայտարարագիրը, ըստ որի` բնակարան, ավտոմքենա չունի, եկամուտ եւս, իսկ աշխատավարձի մասին տեղեկությունը բացակայում է: Տեսչական մարմնի տեղակալն ունի-չունի ընդամենը 500 հազար դրամ: Հայտարարագրեր չեն ներկայացրել տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանը եւ նրա մյուս տեղեկալ Սամվել Սողոմոնյանը: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Էդգար Խուրշուդյանի հետ եւ պարզեց, թե ինչու հայտարարագիր չի ներկայացրել:
-Պարո՛ն Խուրշուդյան, ինչո՞ւ հայտարարագիր չեք ներկայացրել:
-Ինչո՞ւմն է խնդիրը…
-Ինչո՞ւ չեք ներկայացրել հայտարարագիր…
-Մեզանից չի պահանջվում հայտարարագիր, դրա համար չենք ներկայացնում:
-Ինչպե՞ս չի պահանջվում, հենց չներկայացնելն է օրենքի խախտում…
-Լսեցիք` ինչ ասացի, մեզանից չի պահանջվում, դրա համար չենք ներկայացրել, օրենքի խախտում ա, խախտում չէ, էդ կինոները հետո թող մնան: Բայց փաստացի մեզանից չի պահանջվում հայտարարագիր, դրա համար էլ մեր կողմից` իմ եւ տեղակալներից չի ներկայացվել: Նրանցից միայն մեկն է` Էմին Ավետիսյանը ներկայացրել, այն էլ` սխալմամբ: Ուղղակի ինքը պարտաճանաչ ներկայացրել է: Զանգում եք էթիկայի հանձնաժողով, նրբություններն իրենցից ճշտեք: Դուք ինձ զանգել եք, որ ասեք` դա օրենքի խախտո՞ւմ է: Ի՞նչ եք ուզում, որ գաղտնի ձեզ ասեմ իմ հայտարարագի՞րը:
-Եթե դժվար չէ… Ի վերջո, Դուք հանրային ծառայող եք, եւ լավ կլիներ հանրությունն էլ իմանար, թե որքան դրամական միջոց ունեք, ինչ ունեցվածքի տեր եք…
-Տեսեք, որ արդեն Դուք ուզում եք, դա արդեն իսկ օրենքի խախտում է, որովհտեւ ինձանից չի պահանջվում:
-Ո՞ր օրենքի ո՞ր հոդվածի եւ ո՞ր կետով է Ձեզանից պահանջվում հայտարարագիր չներկայացնել:
-Կզանգեք, մեր տեսչական մարմնի իրավաբանների հետ կխոսեք:
Ինչեւէ: «Ժողովուրդ» օրաթերթը այս թեմայի շուրջ զրուցեց նաեւ տեսչական մարմնի իրավաբան ներկայացած Եսթեր Զադոյանի հետ: Պարզվում է` տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանը համապատասխան «կոդ» չունի, որպեսզի հայտարարագիրը ներկայացնի: «Մինչեւ դա չլինի, մենք չենք կարող դա ներկայացնել: Այն տեսչական մարմինների ղեկավար անձինք ունեցել են այդ կոդը եւ հայտարարագիր են ներկայացրել, բայց մեր տեսչական մարմինը չունի»,- փորձեց բացատրել իրավաբանը: Ըստ իրավաբանի` տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Էմին Ավետիսյանը միայն այդ կոդն ունի:
Եսթեր Զադոյանից տեղեկացանք նաեւ, որ վարչապետի աշխատակազմն է տրամադրում այդ «կոդը»:
Բայց «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Սամվել Սողոմոնյանը Էմին Ավետիսյանի նման եւս նախկին պաշտոնյա է: Զարմանալի է, թե ինչու Սողոմոնյանը չի ներկայացրել հայտարարագիր: Հավանաբար հասցրել են նրան զգուշացնել, որ չներկայացնի: Բայց մյուս կողմից հետաքրքիր է, թե Սողոմոնյանը որքան դրամական միջոցներ, ունեցվածք ունի, քանի որ նա ժամանակին ՀՀԿ-ի համար նախընտրական ցուցակ գրողներից է եղել: Ավելին` հայտնի փաստ է, որ նա հանդիսանում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի բաջանաղը:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խուդավերդյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, անդրադառնալով այս հարցին, նշեց. ««Հանրային ծառայության մասին» ՀՀ նոր օրենքով հայտարարատուների շրջանակն է տրվում: Այդ նույն շրջանակների մեջ իրենք չեն մտնում, որովհետեւ տեսչական մարմինները ենթակա են վարչապետին: Իսկ հանրությունը նրանց հայտարարագրերի մասին կտեղեկանա, երբ ստեղծվի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, եւ նրանք կսկսեն հայտարարատու դառնալ»:
Մեր հարցին` ինչո՞ւ մյուս տեսչական մարմինների ղեկավարները ներկայացրել են հայտարարագիր, Խուդավերդյանն ասաց, որ նրանց պաշտոնները համընկնում են ներկայացված շրջանակին: Ապա հույս հայտնեց, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ստեղծվելուց հետո, երբ օրենքը ուժի մեջ մտնի, լիարժեք կաշխատի այն:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՆԻՍՏ` ԵՊՀ-ՈՒՄ
Երեւանի պետական համալսարանում ընթացել է հոգաբարձուների խորհրդի նիստ, որի օրակարգում երկու հարց է եղել` ռեկտոր Արամ Սիմոնյանի աշխատանքից ազատման դիմումի ընդունում եւ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրություն:Առաջին հարցը հավանության է արժանացել 30 կողմ եւ 2 ձեռնպահ ձայնով: Ինչ վերաբերում է ռեկտորի պաշտոնակատարի առաջադրված թեկնածուներին, նրանք երկուսն են՝ իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Վահե Հովհաննիսյան, որը նաեւ ԵՊՀ բարեփոխումների հանձնաժողովի նախագահն է եւ նախկին պրոռեկտոր, ակադեմիկոս Գեղամ Գեւորգյանը: