Պարուհի, դերասանուհի Սոֆի Դեւոյան կրտսերն այս տարի ավարտել է դպրոցն ու պատրաստվում է ընդունվել Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի «Պարարվեստի ռեժիսուրա» բաժին: Նա միեւնույն ժամանակ մտադիր է զբաղվել իր նախասիրությամբ՝ դիզայնով: Սոֆին «Ժողովուրդ» օրաթերթին պատմել է ապագայի պլանների, մասնագիտության ընտրության հարցում տատիկի՝ պարուհի Սոֆի Դեւոյանի ազդեցության եւ այլ թեմաների մասին:
-Սոֆի՛, Ձեզ ո՞ր ժանրում եք պատկերացնում որպես պարուհի, եւ որքանո՞վ է պարտավորեցնող պարարվեստի ասպարեզում նման մեծ ավանդի տեր տատիկ ունենալը:
-Մեր պարի ստուդիայում ամեն ժանրի մեջ էլ մեզ փորձում ենք, ես իմ ապագան էլ այդպես եմ պատկերացնում՝ տարբեր ժանրերում: Քանի որ, ճիշտ նկատեցիք, ես իմ առջեւ ունեմ նման մեծ եւ հաջող օրինակ, ամեն ինչ անելու եմ նրա պատիվը բարձր պահելու եւ կատարելագործվելու համար:
-Տատիկը լավ գիտի, թե որքան շատ դժվարությունների են բախվում պարուհիները, Ձեզ չի՞ փորձել հետ պահել այդ ոլորտից:
-Ո՛չ: Նա ինձ էլ է պատմել, թե ինչ խոչընդոտների է հանդիպել իր երկարամյա կարիերայի ընթացքում, թե ինչպես են նախանձողները կանգնել նրա ճանապարհին, եւ հակառակը՝ բարի մարդիկ ուժ տվել նրան: Այդքանով հանդերձ նա շատ ուրախ է, որ ընտրել եմ հենց այս ասպարեզը, քանի որ իր գործն էլ շարունակող կլինի: Տատիկս միայն խրախուսում է ինձ, փորձում է ամեն ինչ անել, որ ես ավելիին ձգտեմ եւ հասնեմ:
-Ձեր ազգանունը Պողոսյան է, ինչո՞ւ եք ներկայանում որպես Սոֆի Դեւոյան, սա զուտ բեմական ազգանուն է, թե՞ փոխել եք:
-Սա ինձ ամենահաճախ տրվող հարցերից է (ծիծաղում է): Վաղ հասակից նկարահանվել եմ ֆիլմերում եւ սերիալներում, այնպես է ստացվել, որ տիտրերում ինձ ներկայացրել են որպես Սոֆի Դեւոյան Կրտսեր, որպեսզի հեռուստադիտողն իմանա, թե ես ով եմ: Հետո, երբ տատիկի հետ հանդես եմ եկել մեկ բեմում, էլի ինձ այդպես են ներկայացրել: Իսկ, առհասարակ, ինձ Սոֆի Դեւոյան կնքելը եղել է մայրիկիս գաղափարը. դա նրա անակնկալն էր տատիկիս: Այսինքն՝ Սոֆի Դեւոյան Կրտսերը դարձավ իմ բեմական ամբողջական անունը, բայց ազգանունս չեմ փոխել:
-Ի դեպ, ֆիլմերից, սերիալներից նոր առաջարկներ ունե՞ք:
-Նոր եմ ավարտել նկարահանվել «Մոր խոստումը» սերիալում: Հիմա ժամանակս քիչ է, գրաֆիկս՝ սուղ: Բայց եթե առաջարկվի մարմնավորել մի կերպար, որը հոգեհարազատ կլինի ինձ, չեմ մերժի:
-Մի փոքր էլ դիզայներությունից խոսենք: Ինչպե՞ս առաջացավ սերը դեպի դիզայնը, եւ ինչ հեռահար նպատակներ ունեք այս ոլորտի հետ կապված:
-Երբ դեռ փոքր էի, պլաստմասսե շշեր էի հավաքում, կտորով ծածկում էի՝ պատկերացնելով, թե դա կնոջ մարմին է, հետաքրքիր գործեր էի ստանում: Բայց երբեք չէի պատկերացնի, որ մեծանալով դա ինձ ավելի ու ավելի դուր կգա: Երեւի մայրիկիս ազդեցությունն էլ կա, նա ասաց. «Արի փորձենք, ինչու՞ ոչ»: Ես հաճախել եմ Լիլիթ Մարգարյանի ստուդիա, որտեղ մենք մոդելավորում ենք անցել: Նրա մոտ ինձ հաջողվել է մտքերս կյանքի կոչել: Կարծում եմ՝ եթե շարունակեմ այս բնագավառում գործել, ավելի հետաքրքիր գաղափարներ կիրականացնեմ:
-Գուցե պարային հագուստնե՞ր էլ մոդելավորեք…
-Հիմա էլ, երբ տատիկի հետ պարային նոր հագուստ ենք ուզում ընտրել, նստում, քննարկում ենք, որոշում ենք դրա ձեւը: Նա անպայման հաշվի է առնում իմ կարծիքը: Մի բան ինքն է ասում, մի բան՝ ես, այդպիսով՝ ընդհանուր հայտարարի ենք գալիս:
-Եվ վերջում՝ ինձ հետաքրքիր է՝ Ձեր տանը մեծերից ո՞վ է ավելի խիստ:
-Գիտե՞ք՝ «խիստ» բառն ընդհանրապես հոգեհարազատ չէ ինձ: Մեր տան բոլոր անդամները զայրանում են ինձ վրա միայն մեկ բանի համար՝ որ վատ եւ անկանոն եմ սնվում: Այլ առիթներ չեն լինում: Արվեստագետների ընտանիքում ծնվելով՝ միայն շահել եմ: Հայրս, թեպետ արվեստի ներկայացուցիչ չէ, բայց տնօրինում է մեր պարի դպրոցները, ուզի թե ոչ՝ առնչվում է արվեստի գործերին: Ես շատ ուրախ եմ, որ իմ ընտանիքի անդամները միշտ խրախուսում են իրար եւ այնպես են անում, որ բոլորս մեզ լավ զգանք:
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
ՉԱՄՐԱԳՐՎԱԾ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱԶՆԱՎՈՒՐԻ ՀԵՏ
«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ընթերցողների դատին ներկայացնել շարք՝ «Չեք հավատա, բայց…» խորագրով: Շարքի շրջանակում պատմում ենք շոուբիզնեսցիների կյանքից քչերին հայտնի, բայց ուշագրավ դրվագներ, հայտնիները հիշում են պահեր, որոնք իրենց պարգեւել են ժպիտ, զարմանք, վախ եւ այլ զգացումներ:
Այս անգամ մեր զրուցակիցը երգիչ Համլետ Գեւորգյանն է: Նա հիշեց իր հետ պատահած մի դեպք 1997-ին, երբ տեղի է ունեցել երգչի առաջին մենահամերգը. «Ֆրանսիայում էի, հյուրընկալվել էի հայազգի մի մարդու՝ Հարություն Առաքելյանի առանձնատանը: Նստած էինք, հանկարծ աչքովս ընկավ մի ամսագիր, որտեղ կար լուսանկար՝ ինքը, մեր մեծ շանսոնիե Շառլ Ազնավուրն ու էլի մի քանի հոգի ֆրանսիական մի խաղ էին խաղում: Հարցրի. «Փաստորեն, ճանաչու՞մ եք Ազնավուրին»: Ասաց, որ այո, բայց ես շարունակում էի թերահավատորեն վերաբերվել նրա խոսքերին: Հետո այդ մարդն ասաց. «Եթե շատ ես ուզում, կարող եմ կազմակերպել, հանդիպեք»: Ես էլի չէի հավատում, բայց համաձայնեցի»,-պատմեց երգիչը:
Այդպիսով` Հարություն Առաքելյանը զանգահարում է Ազնավուրին, եւ նրանք հանդիպում են բոհեմական փոքրիկ մի ռեստորանում. «Այնտեղ սովորաբար հավաքվում էին արվեստագետներ, հայտնի մեծություններ: Ազնավուրն էլ այդ օրը լինելու էր ռեստորանում, ուստի մեզ ժամադրել էր այնտեղ, որ տեսնի: Հանկարծ դուռը բացվեց, եւ մտավ մեծն շանսոնիեն, նստեց մեր կողքին, ծանոթացավ ինձ հետ: Հարցրեց. «Ի՞նչ երգեր ես սիրում, կատարում», ասացի, որ աշուղական, ժողովրդական, օրինակ՝ Սայաթ-Նովա եմ շատ սիրում: Ազնավուրն էլ պատասխանեց, որ Սայաթ-Նովան իր հոր սիրելի աշուղն է եղել: Այդպես շատ ջերմ զրուցեցինք, հետո ես խնդրեցի ընկերոջս, որ մեզ լուսանկարի»,-մանրամասնեց Համլետը:
Շանսոնիեի հետ հանդիպումից տպավորված՝ նա վերադառնում է տուն եւ սրտում պահում այդ ջերմ հուշը՝ անհամբեր սպասելով լուսանկարին:
«Եվ, չեք պատկերացնի, թե ինչ կատարվեց ինձ հետ, երբ Հարությունը զանգահարեց ինձ ու ասաց, որ լուսանկարելու պահին ֆոտոխցիկի մեջ ժապավեն չի եղել: Չեք հավատա, բայց ես այս պատմությունը ոչ ոքի չեմ պատմել, որովհետեւ կմտածեին, թե ստում եմ, թե Ազնավուրի հետ իրականում չեմ հանդիպել: Ամեն դեպքում, այն ջերմ հուշը, որ ես ունեմ, ոչ ոք չի կարող ինձնից խլել»,-եզրափակեց Համլետը:
Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
«ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱՆ»` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՉԵՄՊԻՈՆ
Երեկ` մայիսի 30-ին, ավարտվեց Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի վերջին տուրը:
Վճռորոշ խաղում միմյանց ուժերը չափեցին «Բանանցը» եւ «Արարատ Արմենիան»: Խաղն անցավ շատ լարված պայքարում եւ ավարտվեց «Արարատ-Արմենիայի» նվազագույն առավելությամբ` 1:0: Հանդիպման միակ գոլը խաղի 52-րդ րոպեին 11 մետրանոց նշակետից հեղինակեց Կոբյալոն, որն այս մրցաշրջանը ավարտեց խփած 15 գոլով:
«Արարատ-Արմենիան» վաստակեց 61 միավոր եւ մեկ միավորով գերազանցելով «Փյունիկին»` հռչակվեց Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության չեմպիոն: Հատկանշական է շեշտել, որ «Արարատ-Արմենիան» Բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցում էր առաջին անգամ, եւ հենց առաջին մրցաշրջանում Վարդան Մինասյանի սաները կարողացան զբաղեցնել առաջին հորիզոնականը:
Այսպիսով` ավարտվեց Հայաստանի Բարձրագույն խմբի հերթական առաջնությունը, որը, կարելի է ասել, սպասվածից ավելի հետաքրքրիր ստացվեց: «Արարատ-Արմենիան» հաղթելով առաջնությունում` կարողացավ նվաճել նաեւ Չեմպիոնների Լիգայի որակավորման փուլերին մասնակցելու իրավունք, սակայն դեռ փաստ չէ, որ հենց նրանք Հայաստանը կներկայացնեն Եվրոպայի ամենահեղինակավոր մրցաշարում, որովհետեւ ըստ ՈՒԵՖԱ-ի կանոնադրության` Եվրոպական մրցաշարերին կարող են մասնակցել միայն այն թիմերը, որոնք իրենց երկրի ներքին առաջնությունում անցկացրել են առնվազն երեք մրցաշրջան: Այս հարցի շուրջ դեռեւս հստակություն չկա: Հայաստանը Եվրոպա Լիգայի հաջորդ խաղարկությունում կներկայացնեն փոխչեմպիոն «Փյունիկը» (եթե «Արարատ-Արմենիան» չմասնակցի Չեմպիոնների Լիգային, ապա նրանց կփոխարինի «Փյունիկը»), երրորդ հորիզոնականը զբաղեցրած «Բանանցը» եւ Հայաստանի գավաթակիր «Ալաշկերտը», որը 51 միավորով եզրափակեց լավագույն քառյակը:
Հավելենք, որ առաջնության լավագույն ռմբարկու դարձավ «Լոռիի» ֆուտբոլիստ Ջոնել Դեսիրեն, որ խփել էր 17 գոլ: Նա խփած երկու գոլով գերազանցեց «Արարատ-Արմենիայի» հարձակվող Կոբյալկոյին:
Վերջին տուրի մյուս խաղերում գրանցվեցին հետեւյալ արդյունքները`
«Լոռի»-«Ալաշկերտ»` 3:2
«Արարատ Երեւան»-«Գանձասար»` 1:7
«Արցախ»-«Շիրակ»` 3:2:
ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ