Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը` Կոմանդոսը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ 2016թ. ապրիլին ծավալված գործողությունների հանգամանքները ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում, որը ուսումնասիրում է 2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները, երիտասարդները շատ են, իսկ զինվորականներ ընդհանրապես չկան ներառված: Պատերազմի բովով անցած գեներալ-մայորը կարծում է, որ իսկապես ճիշտ է ուսումնասիրել պատերազմի բոլոր «բացերը», բայց պատժել ինչ-որ մարդկանց այդքան էլ ճիշտ չէ:
-Պարո՛ն Տեր-Թադեւոսյան, խորհրդարանում ստեղծվել է քննիչ հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի Ապրիլյան քառօրյան պատերազմի հանգամանքները: Հանձնաժողովում որոշել են ներգրավել այնպիսի մարդկանց, որոնք կարող են իրենց խորհուրդներ տալ գործի հանգամանքների բացահայտման համար: Գուցե Դո՞ւք էլ Ձեր մասնակցությունն ունենաք այդ աշխատանքներին: Տեղեկություններ կան, որ Ձեզ եւս ուզում են ներգրավել այդ աշխատանքներում:
-Անկեղծ ասած, ես հանձնաժողովի աշխատանքների, ուսումնասիրությունների մասին կասեմ ո՛չ դրական եւ ո՛չ էլ բացասական բաներ: Ես ուղղակի կարծում եմ, որ հանձնաժողովում իսկապես պետք է մասնագետներ ներառվեն: Ես չգիտեմ իմ մասնակցության մասին, բայց տեղյակ եմ, որ ՊՆ տարբեր ներկայացուցիչներ են ուզում ներառել այդ աշխատանքներին: Տեսա նաեւ, որ Նորատ Տեր-Գրիգորյանցին են ուզում հրավիրել այդ հանձնաժողովի աշխատանքներին:
-Նորատ Տեր-Գրիգորյանցին ցանկանում են հրավիրել հանձնաժողովի աշխատանքներին, բայց վերջինս մեզ հետ զրույցում հայտարարել է, որ ինքը չի մասնակցի հանձնաժողովի աշխատանքներին, եթե այդ հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքում ինչ-որ անձինք կալանավորվեն: Դուք կիսո՞ւմ եք այդ տեսակետը:
-Իմ կարծիքով` իրենք պետք է որոշեն այդ հարցը, ես չեմ կարող որեւէ բան ասել: Բայց ես կողմնակից եմ, որ Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրեն, քննեն, բայց մարդկանց դատելու համար չէ: Ինչ սխալներ են արել, ինչ բացթողումներ են եղել պատերազմի ժամանակ, ես կարծում եմ, որ դրանք պետք է պարզել:
Իմ կարծիքով` հանձնաժողովում ջահելներ են, մասնագետները շատ քիչ են, զինվորականներ ընդհանրապես այնտեղ չկան, մի քանի հոգի են: Ես չեմ կարող Ձեր հարցին պատասխանել, ասել ճիշտը` որն է այդ դեպքում: Բայց եթե ցանկություն կա ուսումնասիրելու, հանգամանքերը բացահայտելու, կարող է հանձնաժողովն իրականացնել:
-Ձեր կարծիքով` հանձնաժողովում մասնագետների պակա՞ս կա:
-Այո, ես այդ կարծիքին եմ: Իմ կարծիքով` պետք է ներառել այնպիսի մարդկանց, ովքեր այդ ժամանակ ներկա են եղել պատերազմի, այնտեղի սպաները, ովքեր ղեկավարել են այդ ամենը: Նրանք, ովքեր այդ ժամանակ առաջնագծում են եղել, ինֆորմացիա են ունեցել, այնտեղ հրամանատարներ են եղել, գնդի հրամանատարներ, վիրավորվել են այդ կռվի ժամանակ: Այսինքն` այնպիսի մարդիկ, ովքեր կարող են տեղից ինֆորմացիա, ճիշտ ինֆորմացիա տրամադրել, ովքեր կօոգնեն հասկանալու, պարզելու այն ամենը, ինչի համար ստեղծվել է այդ հանձնաժողովը:
-Ձեզ համար մինչեւ այժմ հասկանալի՞ է դարձել, թե ինչու սկսվեց այդ 4-օրյա պատերազմը, ինչի համար հայկական կողմը 800 հեկտար կորցրեց, ու այդքան զոհ ունեցանք: Բացահայտվա՞ծ են Ձեզ համար այդ ամենը:
-Պետք է ուսումնասիրել ու, ի վերջո, ասել, թե ինչու այդ ամենը եղավ, ինչու այդ հեկտարը կորցրեցինք, պետք է ուսումնասիրել ու, ի վերջո, մարդկանց ասել, թե ինչ ու երբ եղավ այդ ամենը: Պետք է հասկանալ, թե ինչու ամեն ժամանակ հայտարարվել է, որ մենք ցանկացած ժամանակ պատրաստ ենք դիմավորել թշնամուն ու հակահարված տալ, բայց թշնամին հարձակվում է, ու մենք չենք կարողանում նորմալ պատասխան տալ:
Ես չգիտեմ` ինչ է եղել, ինչպես է եղել: Իմ կարծիքով էլ կան հարցեր, որոնք պետք է ուսումնասիրել, քննել, բացահայտել ու ներկայացնել հանրությանը: Մենք ասում ենք` հերոսական հետ ենք շպրտում թշնամուն, բայց մենք տարածք ենք կորցնում: Դրանք հարցեր են, որ, ես կարծում եմ, դեռեւս շատերի համար չի բացահայտվել: Ու դա է պատճառը, որ որոշվեց նման հանձնաժողովի շնորհիվ բացել բոլոր այն փակ բաները, որոնք կապված են քառօրյա պատերազմի հետ: Դրանք հարցեր են, որոնց հիմա չենք կարող պատասխանել:
-Եթե այդ հարցերին տրվեն պատասխաններ, Ձեր կարծիքով` պե՞տք է պատժել նախկին իշխանություններին նման սխալի ու բացթողնման համար:
-Հարցը պատժելու համար չի, մենք պետք է իմանանք, ինչ եղել է: Տեր-Գրիգորյանցը ճիշտ է ասել, որ պետք չէ պատժել, դատել, բանտ նստեցնել, պետք է ուսումնասիրել ու հետեւություններ անել: Ես էլ եմ կարծում, որ հարցը պատիժը չի: Իմ կարծիքով` այնտեղ հարցեր կան, որոնք անպատասխան են մնացել, ու դա հետաքրքրում է բոլորին, իսկ դրանց պատասխաններին սպասում է մի ամբողջ ժողովուրդ:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ