ՉՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի հետ:

-Տիկի՛ն Փոստանջյան, «Երկիր Ծիրանի» կուսակցությունը վերջին շրջանում շատ պասիվ է: Ինչո՞վ է դա պայմանավորված: Հեղափոխությունից հետո գրեթե բոլոր կուսակցություններում փոփոխություններ են լինում, ձեզ մոտ իրավիճակն ինչպիսի՞ն է:
-Չեմ կարծում, որ պասիվ ենք: Քանի որ քաղաքական օրակարգը հստակ ձեւակերպված չէ` ինչ պետք է արվի, հետեւաբար տեսանելի գործունեությունը դրանով է պայմանավորված: Հենց որ հստակ ձեւակերպված օրակարգը կլինի, այդ ժամանակ կտեսնեք նաեւ գործողությունների ծրագիրը: Ընդհանուր առմամբ կուսակցությունները նաեւ կենդանի օրգանիզմ են: Շատերը եկան, շատերը գնացին: Իհարկե, սպասումները տարբեր էին, եւ բնական է: Նրանք, որոնք մեզ լքեցին, դա էլ էր բնական: Նոր հոսքեր ունենք, բայց մենք բավականին դժվար ենք ներգրավում մեր շարքերը: Կա փորձաշրջան, եւ դա շատ կարեւոր է: Պետք է դա կարողանան հաղթահարել: Ամեն մարդ չէ, որ կարող է դիմանալ դրան: Սկզբունքը առաջին հերթին այն է, որ պետք է կրեն այն գաղափարախոսությունը, որն ունի կուսակցությունը, եւ պետք է ընդունի եւ հասկանա կանոնադրությունը` պարտականություններն ու իրավունքները:
-Դուք, խոսելով դատական համակարգում ստեղծված իրավիճակի մասին` վեթթինգի մասին, ասացիք, որ լավ կլիներ` գոնե առաջին ատյանի դատարանի դատավորներին ընտրի ժողովուրդը: Մտավախություն չկա՞, որ ժողովուրդը գուցե ճիշտ գնահատական չտա դատավորների մասնագիտական կարողություններին, եւ արդյունքում սխալ ընտրություն կատարվի:
-Ընդհակառակը, ժողովուրդը ամենալավը գիտի` ով է սկզբունքային, ով է անկաշառ: Միացյալ նահանգներում անընդհատ ընտրություններ են, եւ դա է ժողովրդավարության եւ ընտրության մեխանիզմը: Դրանից լավ մեխանիզմ առայժմ չեն հայտաբերել զարգացած հասարկությունները: Հետեւաբար մենք էլ պետք է վերցնենք այդ մեխանիզմները. դա շատ լավ մեխանիզմ է: Պատկերացրեք` Դուք ապրում եք մի համայնքում, եւ Ձեր դատավորը այս կամ այն անձն է, որը երեք տարի աշխատել է, եւ Դուք` որպես քաղաքացի, դիմել եք Ձեր իրավունքների ոտնահարման հարցով, ու տեսել եք, թե նա ինչպիսի անարդար որոշում է կայացրել: Եւ հաջորդ անգամ այդ զտման պրոցեսը հենց Դուք եք իրականացնում: Եւ երեք տարին մեկ Դուք պարբերաբար իրեն կզտեք: Հիմա այն դատավորները, որոնք նշանակվել են, նրանք ունեն խնդիրներ` իրենք անցյալի հետ կապված: Ես չեմ ուզում դա տարածել բոլորի նկատմամբ, բայց իրականում մեծամասնությունը ունի խնդիրներ: Եւ եթե մենք գնում ենք բարեփոխումների եւ ուզում ենք ունենալ արդյունքներ, ապա կարծում եմ, որ առաջին ատյանը եւ Վերաքննիչ դատարանը կարող է ունենալ ընտրված դատավոր: Ժամանակն էլ պետք չէ, որ երկար լինի: Վճռաբեկի եւ Սահամանադրականի դատավորները թող ընտրվեն Ազգային ժողովի կողմից:
-Ներկա իրավիճակում դա ինչպե՞ս եք պատկերացնում: Դատավորները պետք է հրաժարական տան, եւ ընտրություններ կազմակերպվե՞ն:
-Առաջին հերթին սահմանադրությունը պետք է փոխվի, գաղափարը, որը պետք է լինի: Ինչպիսի՞ սկզբունքների ներքո մենք պետք է ապրենք ապագայում: Սա մենք պետք է որոշենք: Խաղի կանոններ պետք է փոխվեն: Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում այդ փոփոխությանը գնալ, նա ցանկանում է օգտագործել Սերժ Սարգսյանի կողմից իր հագով կարած սահմանադրությունը անորոշ ժամկետով, ինչպես ինքն է նշում: Ապագայում կորոշի՝ գնալ փոփոխության, թե ոչ:
-Տիկի՛ն Փոստանջյան, «Սասնա ծռերի» գործը ի՞նչ փուլում է:
-Գործը դատական քննության փուլում է, եւ չեմ կարող ասել, որ դատաքննությունը տեղի է ունենում օրինականության սկզբունքի ներքո: Ինչո՞ւ պետք է իմ պաշտպանյալ Արմեն Բիլյանը գտնվի նախնական կալանքի տակ: Սա անօրինականություն է: Ընդհանուր առմամբ, իրավունքը այսպես է մեկնաբանում, որ առաջին մի քանի ամիսները ապացույցների հավաքման փուլն է, ապա այդ ժամանակ միգուցե կալանքը անհրաժեշտ եւ հիմնավոր է: Բայց ապագայում, երբ գործը գտնվում է դատարանում, դրա անհրաժեշտությունը չկա: Հիմա մենք ունենք նախնական կալանքի տակ գտնվող իմ պաշտպանյալին` Արմեն Բիլյանին: Եւ այնպես չէ, որ ցանկություն կա այդ գործը բացահայտելու, մասնավորապես` 3 ոստիկանների սպանությունը: Վերջերս տեսաք` ինչպես Յուրա Տեպանոսյանի հայրը եկավ դատարան եւ հայտարարությամբ հանդես եկավ: Ասում էր, որ իր որդուն ոչ թե սպանել են «Սասնա ծռերը», այլ իր որդուն սպանել են ոստիկանները, եւ դրա հետեւում կանգնած է եղել հենց Սերժ Սարգսյանը:
-«Սասնա ծռերը» շատ հաճախ կոշտ քննադատությունների են ենթարկում ներկայիս իշխանություններին` նշելով, որ իրենցից դեռ մարդիկ կան կալանքի տակ: Կարծում եք, սա ազնի՞վ է. չէ՞ որ եթե Նիկոլ Փաշինյանը չլիներ իշխանության, շատ հնարավոր է` բոլորը դեռ կալանքի տակ կլինեին:
-Նրանք բոլորը մեղադրյալ են: Նիկոլ Փաշինյանը լավություն չի արել որեւիցե մեկին: Ինքն ասում էր, որ ինքը չի խառնվում այս գործընթացներին: Ուղղակի իրավիճակը փոխվեց, գնացին այդպիսի քայլի: Բայց հարցին լուծում չի տրվել, խնդիրը առկա է: Վերջիվերջո, ո՞վ է սպանել 3 ոստիկաններին: Եթե Վանոյանի մասով եղել է փոխհրաձգություն, ապա այն երկուսը ինչպես են սպանվել, պարզ չէ: Երբ ուսումնասիրում ես փաստաթղթերը, հասկանում ես, որ այդպես չի եղել նրանց սպանությունը, եւ նրանք այդ հրազենային վնասվածքները ստացել են ոչ թե «Սասնա ծռերի» կրակոցից, այլ այլ անձանց կողմից: Եւ, հետեւաբար, համեմեմատություն անել, որ եթե Նիկոլը չգար, նրանք կմնային, իսկ Նիկոլը որ եկել է, ի՞նչ է փոխվել: Նրանք շարունակում են մնալ մեղադրյալ: Նիկոլը նախաձեռնեց համաներում, որը նույնիսկ չտարածվեց նրանց վրա: Հետեւաբար, խոսել լավության մասին ուղղակի հիմնազուրկ է:

Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԸ

 

 

 

 

ՀԱԿԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Տավուշի մարզպետարանը Նոյեմբերյանի համայնքապետարան գրություն է ուղարկել, որով պահանջել է վերանայել համայնքի ավագանու` համայնքի տարածքում մետաղական հանքարդյունաբերությամբ զբաղվելու արգելքի մասին որոշումը եւ այն չեղարկել մեկամսյա ժամկետում: 2018թ. մայիսին Նոյեմբերյան համայնքի 3074 բնակչի հանրագրի հիման վրա համայնքի ավագանին 2018թ. մայիսի 30-ին որոշում է ընդունել` համայնքի տարածքում երկարաբանական եւ մետաղական հանքերի շահագործման աշխատանքների իրականացումն արգելելու վերաբերյալ:
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը վերջերս հայտնել է, որ իրենք պարտավոր են համայնքապետարաններին աջակցել, որպեսզի նրանք իրենց լիազորությունները գրագետ ձեւով իրականացնեն տեղական ինքնակառավարման օրենսդրության սահմաններում: Մայիսի 30-ին կայացել է Նոյեմբերյան համայնքի ավագանու նիստ, ավագանու անդամները հայտարարել են, որ համայնքի տարածքում հանքարդյունաբերությունը, հանքերի հետախուզումն արգելելու մասին իրենց ընդունած որոշումն օրինական է: Մայիսի 31-ին Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում տեղադրվել է «Մարզպետարանը բացատրություն է պահանջել կամայական մեկնաբանության համար» վերնագրով տեղեկատվություն, ուր ասված է. «Մայիսի 28-ին տեղեկություն է հրապարակվել այն մասին, թե, իբր, «Տավուշի մարզպետարանը Նոյեմբերյան համայնքի ավագանու կայացրած որոշումը համարում է անօրինական»: Տավուշի մարզպետարանը, Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունից ստացված հանձնարարության հիման վրա, առաջարկել է մարզի բոլոր համայնքների ավագանիներին «որոշումներ կայացնելիս պահպանել օրինականության սկզբունքը եւ առաջնորդվել ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի եւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի պահանջներով, իսկ վերը նշված դրույթների խախտմամբ որոշումներն անվավեր ճանաչել: Դրան ի պատասխան` Նոյեմբերյանի համայնքապետից ստացվել է գրություն առ այն, որ օրենքի խախտմամբ որոշումներ չեն կայացվել: Սույն հրապարակման հերոսը` գլխավոր գործող անձը, ում անունից արվում են անհիմն հայտարարությունները, Նոյեմբերյանի համայնքապետն է, որը կամայականորեն է մեկնաբանել մարզպետարանից ստացված գրությունները: Համայնքապետին առաջարկվել է գրավոր բացատրություն տալ` հրապարակման մեջ առկա փաստերի խեղաթյուրման վերաբերյալ»:
«Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանին, որն էլ ասաց, թե ինքը լրատվամիջոցներին որեւէ անհիմն հայտարարություն կամ կամայական մեկնաբանություն չի արել, լրագրողները տեղեկատվություն ստանալու համար իրեն դիմել են, ինքը հայտնել է մարզպետարանից ստացված գրության մասին, իսկ մեկնաբանություններ լրագրողները կարող են անել: Համայնքի ղեկավարը հայտնեց, որ համայնքի տարածքում հանքարդյունաբերությունը, այդ նպատակով հետազոտություններն արգելելը Նոյեմբերյան համայնքի բնակիչների արդար պահանջն է, ավագանին օրինական որոշում է ընդունել, եւ հարկ չկա իր անձը թիրախավորել:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

 

ԲԵՆԶԻՆ Է ՀԱՓՇՏԱԿԵԼ
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում հունիսի 3-ին մեկնարկել է Արմեն Խաչատրյանի դատավարությունը։ Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ հանդիսանալով Տավուշի մարզում տեղակայված ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի հրաձգային գումարտակի կապի վաշտի հրամանատար, օգտագործելով պաշտոնեական դիրքը` 2018թ. սեպտեմբերի 8-ից 17-ն ընկած ժամանակահատվածում յուրացրել է զորամասին ամրակցված «Զիլ» մեքենայի համար հատկացված 49 հազար 5 դրամ արժողությամբ 133 լիտր բենզինը։ Ա. Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով («Յուրացնելը կամ վատնելը, հանցավորին վստահված ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով»)։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Այդ քրեական գործով մեղադրանքը պաշտպանում է Լոռու կայազորի զինվորական դատախազությունը։

 

 

 

 

ՀԱՅՐԵՆԻ ԳՅՈՒՂԻ ՀԱՄԱՐ
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը մայիսի 19-ին կարգադրել է Բերդ համայնքի Տավուշ բնակավայրում գյուղատնտեսության, խմելու եւ ոռոգման ջրի ոլորտներում առկա խնդիրների ուսումնասիրության եւ լուծման ուղղությամբ քննարկումներ իրականացնելու նպատակով աշխատանքային խումբ ստեղծել։ Խմբի ղեկավար է նշանակվել Տավուշի մարզպետարանի տարածքային ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմիների հարցերով վարչության բաժնի վարիչի պաշտոնակատար Աղաբեկ Գալստյանը, անդամներ՝ մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ Գրիգոր Փայտյանը, մարզպետարանի քաղաքաշինության վարչության գլխավոր մասնագետ Միքայել Ղալումյանը, հողաշինության եւ հողօգտագործման բաժնի գլխավոր մասնագետ Հայկ Փիրումյանը, նաեւ Բերդ համայնքի ղեկավարի տեղակալ Սամվել Հովսեփյանը եւ «Տավուշ» ՋՕԸ-ի Բերդի տեղամասի պատասխանատու Արամ Մելիքյանը: Մարզպետը աշխատանքային խմբին կարգադրել է 3-օրա ժամկետում կատարել ուսումնասիրություներ եւ խնդիրների լուծման ուղղությամբ ներկայացնել տեղեկատվություն կոնկրետ առաջարկությունների վերաբերյալ։ Հատկանշական է, որ Տավուշ գյուղը մարզպետ Հայկ Չոբանյանի ծննդավայրն է:

Ո. ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս