«Ժողովուրդ» օրաթերթը օրերս տեղեկացրել էր, որ «Մարտի 1»-ի գործով մեղադրյալներից Ռոբերտ Քոչարյանի ղեկավարման օրոք ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետ Վահրամ Բարսեղյանը, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին եղել է հարկային ծառայության ղեկավար, այժմ լինելով ՀՀ ՊՆ խորհրդական, ներկա է գտնվել Ռոբերտ Քոչարյանի եւ իր աջակիցների հանդիպմանը: Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է պաշտպանության նախարարի հասարակական հիմունքներով խորհրդական Վահրամ Բարսեղյանի հետ:
-Պարո՛ն Բարսեղյան, Դուք ներկա էիք երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների հավաքին: Սատարո՞ւմ եք նրան:
-Ես աշխատել եմ ե՛ւ նախագահի վերահսկողության ղեկավար, ե՛ւ հարկայինի ղեկավար, մշակույթի, սպորտի փոխնախարար` երիտասարդության հարցերով, այժմ` պաշտպանության նախարարի խորհրդական: Ես ինքս, լինելով այդ կառույցներում եւ գիտակցելով, որ նախարարը` Դավիթ Տոնոյանը, իմ ընկերն է, մեծ հարգանք ունեմ իր հանդեպ. պատճառներից մեկը դա է, որ ես մնացել եմ ՊՆ-ում: Գիտակցում եմ, որ Պաշտպանության նախարարությունը ապաքաղաքական կառույց է, եւ կարծում եմ` դա բոլորի համար է հասկանալի, եւ ես որեւէ կուսակցության անդամ չեմ եղել: Ես իմ պարտականությունները պրոֆեսիոնալ կատարում եմ, ես նաեւ ղեկավարում էի ֆինանսատնտեսական հանձնաժողովը ՊՆ-ում, եւ ուզում եմ ասել, որ ես հասկանում եմ քաղաքական ՍՏվՖþվՍՑցՐՈ-ն` ինչը կարելի է, ինչը չի կարելի, բայց դա չի նշանակում, որ մարդկային հարաբերությունները վերացած են ամբողջովին: Իմ ու Ռոբերտ Քոչարյանի հարաբերությունները քաղաքական չեն, մենք ամեն առիթով շնորհավորում ենք միմյանց: Խնդրում եմ այդ հանդիպումը չքաղաքականացնել: Այդ հանդիպմանը գնացել եմ Ռոբերտ Քոչարյանի որպիսությունը իմանալու եւ, առիթը օգտագործելով, Սանկտ Պետերբուրգի նահանգապետի կողմից փոխանցված նվերը անձամբ նրան հանձնելու: Իսկ հիմա նվերի մասին, որը գաղտնիք չէ: 2019 թվականի հունվարին Սանկտ Պետերբուրգի նահանգապետի հրահանգով եղել եմ այնտեղ: Նրա հետ մտերմությունը շարունակվում է 18 տարի: Նա եղել է ՌԴ նախագահի վերահսկողական ծառայության պետի պաշտոնում: Լինելով կոլեգաներ` մեր մտերմությունը շարունակվում է մինչեւ այսօր: Երբ նա 2002-2003 թվականներին եղել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետի պաշտոնակատար, քաղաքի տոնի` 300-ամյակի կապակցությամբ ուղեկցում էր Ռոբերտ Քոչարյանին եւ նրա ընտանիքին: Լինելով մտերիմ` խնդրել է, որ ես իր կողմից անձամբ փոխանցեմ զինվորական պրոֆեսիոնալ ծովային հեռադիտակ, բայց դա այնտեղ ինձ չհաջողվեց: Չեմ ուզում, որ այդ ամենը քաղաքական շահարկման առարկա դառնա:
-Երբ որոշում կայացրիք գնալ այդ հավաքին, մտավախություն չունեի՞ք, որ նման աղմուկ կբարձրանա:
-Ես չեմ պատկերացրել, որ նման աղմուկ կլինի: Տասը տարվա մեջ ինձ որեւէ մեկը չի տեսել, որ ես հայտարարություն անեմ, որ ասեմ` ես տվյալ կուսակցության անդամ եմ, ես նրան եմ աջակցում: Ես միշտ աշխատել եմ ինձ միշտ ապաքաղաքական, ապակուսակցական պահել: Ես իրեն ազնվորեն զանգել, ասել եմ, որ չեմ կարողացել տալ: Բայց ես չէի կարող նրան մերժել: Ինքը երբ ադմինիստրացիայում է եղել, բավականին մեծ աջակցություն է ցույց տվել մեզ ռազմատեխնիկական ոլորտում: Ինքը հայերի հանդեպ շատ լավ վերաբերմունք ունի: Ես էլ խոսք տվեցի, որ իր խնդրանքը կկատարեմ ու անձամբ կփոխանցեմ: Եթե ես մտածեի, որ նման աղմուկ կլինի, ինչ-որ այլ ձեւով կփոխանցեի, բայց մոտեցումս այնքան ազնիվ է եղել, որ չեմ պատկերացրել, որ նման բան կլինի: Քանի դեռ դու բանակում ես, դու պարտավոր էիր վերադասին տեղյակ պահել, որ նման բան կա: Ես այդ ժամանակ նույնիսկ խորը չեմ գիտակցել:
-Այդ միջադեպից հետո խոսե՞լ եք պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: Եթե այո, ապա ինչպե՞ս նա արձագանքեց կատարվածին:
-Պարոն Տոնոյանի հետ խոսել եմ: Իրար հետ կիսվել ենք, իրար ամբողջովին հասկացել ենք, բայց քանի որ հետո շարունակություն է եղել, մենք մեր թիմով` բանակի թիմով, որոշեցինք, որ պետք է պարզաբանում մտցնենք այս հարցում: Խոսակցություն եղավ, թե ինչու չեմ պատասխանել զանգերին, ես էլ ասացի, որ դիտավորություն չի եղել, իմ անձնական խնդիրներն են պատճառ եղել, որ չեմ նկատել զանգերը: Ես էլ ներկայացրի, որ ես որեւիցե մեկից, որեւիցե բանից չեմ խուսափում, որոշումը ձերն է, ես պարտավոր եմ ճիշտը ասելու:
-Տեղի ունեցածը խնդիրներ ստեղծե՞ց Ձեզ համար Պաշտպանության նախարարությունում:
-Չեմ կարծում, որ խնդիրներ առաջացան: Ուղղակի պարզաբանման հետ կապված հարցեր են: Իմ մոտեցումը հետեւյալն է. եթե դու ուզում ես քաղաքականությամբ զբաղվել, ապա դու նախ եւ առաջ պարտավոր ես համակարգից դուրս գալ: Ամփոփելով այս ամենը` ասեմ` ես գիտակցում եմ, որ բանակը ապաքաղաքական կառույց է: Ես ինքս չեմ եղել որեւէ կուսակցության անդամ, չեմ էլ պատրաստվում: Ես նախարարի խորհրդական եմ հասարակական կարգով, այսինքն` աշխատավարձ չեմ ստանում, ես պատրաստ եմ բանակում նույնիսկ դռնապահ աշխատելու, եւ իմ խնդրանքն է, որ սա քաղաքական շահարկման թեմա չդառնա: Ես պարտավոր եմ ասել այն, ինչ կա: Ես նախկին ղեկավարների ծնունդներն էլ եմ շնորհավորում, ես նոր տարին էլ եմ շնորհավորում: Դրանք մարդկային սովորական հարաբերություններ են, եւ ամեն մեկը այդ առումով պարտավոր է իրեն բարոյական պահելու, իսկ ինչ վերաբերում է այս դրվագներին, արդեն ամեն բան պարզաբանեցի:
Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԸ
ԲԱՆԿԵՐԸ ԴԵՌ ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ ԵՆ
Այս տարվա հունիսի 2-ի դրությամբ ներում ստացած վարկառուների քանակը կազմել է 20 հազար 889: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ ՀՀ կենտրոնական բանկից: Բացի այս, ըստ ԿԲ-ի` ֆիզիկական անձանց տրամադրված անհուսալի ճանաչված վարկերի գծով ներված տույժերի եւ տուգանքների ծավալն այս տարվա հունիսի 2-ի դրությամբ կազմել է 11 մլրդ 817 մլն դրամ: Իսկ, ահա, 126 հազար 585 անձանց վարկային պատմությունը բարելավվել է:
ԿԲ-ից տեղեկացնում են նաեւ, որ, անցած տարվա հուլիսի 1-ից սկսած, ֆիզիկական անձ հանդիսացող վարկառուների, համավարկառուների եւ երաշխավորների վերաբերյալ վարկային զեկույցներում չի ներառվում մինչեւ 2018 թվականի մայիսի 1-ը ներառյալ ժամկետանց դարձած եւ դասակարգված այն վարկերի մասին տեղեկությունը, որոնց պայմանագրային մայր գումարը չի գերազանցում 50 հազար դրամը:
Տեղեկացնենք, որ Հայաստանի մի քանի առեւտրային բանկեր նախորդ տարի կառավարության հորդորով սկսեցին համաներում կիրառել անհուսալի վարկառուների տույժ-տուգանքների պարտավորությունների գծով:
Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը չի դադարում դժգոհություններ ստանալ քաղաքացիներից այն մասին, որ բանկերն այդ համաներումը փորձում են անել այնպես, որ հնարավորինս քիչ մարդ կարողանա օգտվել ստեղծված հնարավորությունից: Որոշ բանկեր եւ վարկային կազմակերպություններ արհեստական խոչընդոտներ են ստեղծում, երբեմն էլ ձգձգում են համաներման այս գործընթացը: Բանկերի մի մասը համաներման գործընացը սկսել է նախորդ տարվա հուլիսի 1-ից: Բացի այս, կան վարկային կազմակերպություններ, որոնք իրենց անհուսալի վարկառուներին բացասական են պատասխանում` նշելով, որ իրենք տույժ-տուգանքների համաներում չեն կիրառելու: Իսկ վարկային կազմակերպություններ էլ կան, որոնք քաղաքացու վարկը համաներման անվան տակ վերավարկավորում են` այդպես բարձր տոկոսադրույք սահմանելով: Այդ ամենի հետեւանքով քաղաքացին է՛լ ավելի մեծ ֆինանսական վնաս է կրում:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԿԱՆԽՈՐՈՇՎԱԾ
Հունիսի 9-ին Իջեւանի տարածաշրջանի Ազատամուտ համայնքում տեղի կունենան համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ։ Թեկնածուները երկուսն են` Ազատամուտի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, 1985թ. ծնված Վահագն Ալավերդյանը եւ այդ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար, 1974թ. ծնված Սեւադա Բալասյանը։ Վ. Ալավերդյանը ՀՅԴ անդամ է, Ս. Բալասյանը՝ անկուսակցական, երկուսն էլ ինքնաառաջադրվել են: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ս. Բալասյանն ինքնաբացարկ է հայտնել, ինչը նշանակում է` Ազատամուտում ընտրությունների արդյունքը կանխորոշված է։ Կարծիք կա, որ ի սկզբանե այդպես էր որոշված. քանի որ մեկ թեկնածուի դեպքում ընտրությունները կայացած չեն համարվում, այդ պատճառով Ս. Բալասյանը ձեւական դրել էր իր թեկնածությունը, որպեսզի հետագայում ինքնաբացարկ հայտներ:
ՓՈՂ ՉՈՒՆԻ
Դիլիջանի բնակիչները մտահոգված են Երեւանի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործությունների կենտրոնի Դիլիջանի մասնաճյուղի, ժողովրդական արվեստի թանգարանի շենքի վատ վիճակով եւ այդ կապակցությամբ Հայաստանի պետական մարմինների անտարբերությամբ։ Ճարտարապետական գեղեցիկ այդ կառույցը զբոսաշրջային Դիլիջանի հարուստ պատմության վառ վկաներից է։ ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Հովհաննես (Վանիկ) Շարամբեյանը այդ տունը նվիրել է քաղաքին, 1979թ. այն դարձրել թանգարան: Հունիսի 1-ին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն այցելել է Դիլիջանի Հ. Շարամբեյանի անվան ժողստեղծագործության կենտրոն՝ շենքի վթարայնության վիճակին ծանոթանալու, վերանորոգման եւ ամրակայման հեռանկարները քննարկելու նպատակով։ Շենքը վթարային վիճակում է։ Այն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության սեփականությունն է, եւ վերանորոգման հարցը վերաբերում է նախարարությանը։ Տավուշի մարզպետարանը հայտնում է. «Դիլիջան համայնքի ղեկավարը նշեց, որ օրենսդրական փոփոխություն է անհրաժեշտ, որպեսզի թանգարանը համայնքային սեփականություն դառնա։ Մարզպետը խոստացավ ԱԺ գիտության, կրթության եւ մշակույթի հանձնաժողովի առաջիկա նիստին բարձրացնել այդ հարցը, որպեսզի եթե համայնքն ունի բավարար միջոցներ, վերանորոգի թանգարանը»։ «Անկախ իրավապատկանելությունից՝ թանգարանը համայնքի հարստությունն է»,- նշեց Հայկ Չոբանյանը։ Կողմերը պայմանավորվեցին համատեղ ջանքեր ներդնել՝ թանգարանի վերանորոգման եւ այլ խնդիրների լուծման ուղղությամբ, քննարկեցին նաեւ, թե վերանորոգումից հետո ինչպես կարելի է ավելացնել այցելուների թիվը։ Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ ինքը հանդես չի եկել թանգարանը համայնքի սեփականություն դարձնելու առաջարկով, քանի որ Դիլիջան համայնքը այժմ ֆինանսական միջոցներ չունի շենքը վերանորոգելու համար։ Նա ասաց, որ 2007-2008թթ. Դիլիջան համայնքը բավարար ֆինանսներ ուներ այդ շենքը նորոգելու համար, այդ ժամանակ ինքը դիմել է, որպեսզի թանգարանը դառնա Դիլիջան համայնքի սեփականությունը, սակայն հաջողության չի հասել։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ