ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ թատերագետ Արայիկ Խզմալյանը նշանակվել է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ: Ինչպե՞ս է պատկերացնում իր գործունեությունը գերատեսչության ներսում, ո՞ր ենթաոլորտներում, մշակութային ի՞նչ խնդիրներ կան, որոնք պահանջում են առաջնային լուծում. այս եւ այլ թեմաների շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է նորանշանակ փոխնախարարի հետ: Նա խոստովանել է, որ չի կարող շատերի պես մշակութային խնդիրներին նայել կողքից, դուրս մնալ ներքին պրոցեսներից եւ հրճվել կառավարության սայթաքումներից այն դեպքում, երբ ունի ոլորտը կարգավորելու հնարավորություն:
-Պարո՛ն Խզմալյան, Ձեզ վաղո՞ւց էր առաջարկվել այս պաշտոնը, երկարատեւ քննարկումներ եղե՞լ են մինչ առաջարկն ընդունելը:
-Նման նշանակումները երբեք անակնկալ չեն լինում, այսպիսի պատասխանատու պաշտոններում որեւէ մեկի նշանակումը մեկ օրում չի որոշվում: Իհարկե, եղել են նախնական հանդիպումներ, ներկայացրել եմ իմ ծրագիրը, տեսլականը: Նշել եմ, թե ինչպես եմ պատկերացնում ոլորտի խնդիրների լուծումը, պարզել եմ՝ արդյոք իմ պատկերացումները հավանության արժանանում են քաղաքական վերնախավի կողմից, թե ոչ: Մինչեւ նշանակումը լուրջ զրույցներ են եղել, հիմնական կետերով եկել ենք համաձայնության:
-Որո՞նք են այն ենթաոլորտները, որտեղ պատկերացնում եք Ձեր գործունեությունը: Մշակութային ի՞նչ լուրջ խնդիրներ են նշմարվում, որոնք շտապ լուծում են պահանջում:
-Խնդիրները շատ են: Ցավոք, տարիներ շարունակ դրանք ներկայացվել են միջանձնային հարաբերությունների համատեքստում: Լուրջ անդրադարձ չի եղել դրանց: Օրինակ՝ հարկավոր է կարգավորել ստեղծագործական կազմակերպություններում տնօրենների եւ գեղարվեստական ղեկավարների իրավահարաբերությունները: Այս պայթունավտանգ խնդիրը պարբերաբար գլուխ է բարձրացնում: Այն պետք է դիտարկել ինստիտուցիոնալ հարաբերությունների կոնտեքստում, հարկավոր է ընտրել կառավարման ամենաարդյունավետ մոդելը, կիրառել միջազգային հաջողված փորձը՝ մեր ռեսուրսներից եւ ազգային հոգեբանությունից ելնելով: Մինչեւ այս հարցը չլուծենք, ամեն օր նմանատիպ մի կառույցում խնդիրը գլուխ է բարձրացնելու: Կարեւոր է ստեղծագործական կազմակերպությունների սպեցիֆիկան պետական գնումների ընթացակարգում: Օրենքը շատ դեպքերում հաշվի չի առնում այդ կազմակերպությունների առանձնահատկությունը: Լուրջ խնդիր ունենք մշակույթի եւ կրթության հատման հետ կապված: Պետք է մտածենք՝ ինչպես անենք, որ կրթական համակարգում մշակութային բաղադրիչը դառնա գերակա, մշակույթն ազդեցություն ունենա կրթության ոլորտի վրա: Մենք շատ լուրջ համատեղ աշխատանք ունենք անելու նաեւ ԶԼՄ-ների հետ: Հույս ունեմ, որ պատասխանատվության չափը գիտակցում են բոլորը: Պետք է տեղի ունենա պրոֆեսիոնալ ռեսուրսների մոբիլիզացիա:
-Պարո՛ն Խզմալյան, կարելի՞ է ենթադրել, որ «Իմ քայլ»-ի տեսլականը՝ կապված մշակույթի ոլորտը զարգացնելու հետ, համընկնում է Ձեր տեսլականի հետ, եւ գաղափարական հակասություններ չկան:
-Հարցի ենթատեքստը հասկանում եմ: Կպատասխանեմ այս կերպ. ես համարում եմ, որ այժմ մենք ունենք բացառիկ հնարավորություն մեր հանրային կյանքը բարելավելու համար: Որպես ոլորտի պրոֆեսիոնալ, որը պատկերացնում է խնդիրների կարգավորման հնարավոր ուղիները, չեմ կարող դուրս մնալ գործընթացներից, շատերի պես կողքից հրճվել կառավարության վրիպումներից: Ես իմ ծառայություններն եմ առաջարկել եւ ամբողջովին գիտակցում եմ պատասխանատվության այն աստիճանը, որը դրված է ոլորտը համակարգող փոխնախարարների ուսերին: Բարեբախտաբար, ունեմ Արայիկ Հարությունյանի աջակցությունը, եւ եթե կարողանանք համագործակցել մասնագետների հետ, անպայման կհասնենք ցանկալի արդյունքի:
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
15 ՏԱՐՎԱ ԸՆԴՄԻՋՈՒՄԻՑ ՀԵՏՈ
2004 թվականից ի վեր` արդեն 15 տարի է՝ երգիչ, երգահան Դավիթ Ամալյանը նոր ալբոմ չի թողարկել. նրա երգերի պրեմիերաները հնչել են միայն համերգների ժամանակ, եւ այդքանով ամեն բան եզրափակվել է: Հիմա արդեն երգիչը «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց, որ պատրաստվում է նոր ալբոմ թողարկել. «Վերջապես ես էլ պրոդյուսեր ունեմ. ընկերներիցս մեկը որոշել է ստանձնել այդ գործառույթը: Բավական մեծ թվով նախագծեր կան, որոնք պետք է կյանքի կոչենք: Դրա համար, իհարկե, հովանավորներ են պետք: Հիմա լավ է, որ կա մեկը, ով կզբաղվի հովանավորներ փնտրելով, թե չէ ես չեմ սիրում ինքս ինձ համար դռներ թակել: Առաջիկայում հանդիսատեսի դատին կհանձնենք ձայնասկավառակ, որտեղ ընդգրկված կլինեն իմ երգերը՝ ֆրանսերեն թարգմանությամբ: Չորս երգ արդեն իսկ ձայնագրել ենք»,-ասաց նա:
Իսկ հարցին, թե ինչով էր պայմանավորված 15 տարվա դադարը, ինչու նոր ալբոմի վրա չէր աշխատում, մեր զրուցակիցը պատասխանեց. «Երեւի անտարբեր եմ եղել, իմ մեղավորությունն էլ կա: Ձայնագրել եմ որոշ երգեր, բայց ոչ ամբողջական ալբոմ: Կար նաեւ ֆինանսական խնդիր: Ալբոմը վաղուց արդեն եկամուտ չի բերում, հատկապես` իմ երգերով սկավառակը: Պարզ է, որ այն իր ծախսերը չի հանելու, գումար հետ չի բերելու: Ես կարող եմ ընդամենը շնորհակալություն հայտնել հովանավորին, շատ-շատ` հետը մի բաժակ խմել»:
Մենք հետաքրքրվեցինք՝ դժվար չէր արդյոք երգել ֆրանսերենով, եւ ինչով էր պայմանավորված լեզվի ընտրությունը. «Եղավ մի պահ, երբ ինձ հետաքրքրեց այդ լեզուն, մի անգամ երգեցի, ու այդպես սկսեցի ավելի շատ հետաքրքրվել: Ինքս չեմ տիրապետում այդ լեզվին, երգերս ֆրանսերեն է թարգմանել Թերեզա Ստեփանյանը, ում շատ շնորհակալ եմ: Կարծում եմ՝ պոետիկ է ստացվել, ռիթմը պահպանվել է: Փորձել եմ մաքսիմում շատ մասնագետների կարծիք լսել: Մի մասն ասում է, որ լավ է ստացվել, մյուս մասը դժգոհում է իմ ակցենտից: Ձայնագրության ժամանակ թարգմանչուհին կողքիս էր եւ հուշում էր՝ որ բառն ինչպես պետք է արտասանեմ: Եթե այս ամենը ավելի լրջանա, ես, թերեւս, կսկսեմ առավել խորությամբ ուսումնասիրել ֆրանսերենը: Ճիշտ է, այս տարիքում բարդ է, բայց ես թռիչքներ սիրում եմ»,- մանրամասնեց Դավիթ Ամալյանը:
Տեւական ժամանակ է՝ նա չի թողարկել նաեւ տեսահոլովակ: Հիմա արդեն երկրպագուներին կներկայացվի միանգամից երկու տեսահոլովակ՝ նույն երգի հիման վրա, մեկը` հայերենով, մյուսը՝ ֆրանսերենով:
Իսկ արդեն աշնանը տեղի կունենա համերգ, որի ժամանակ Դավիթ Ամալյանի երգիչ եւ «չերգիչ» արվեստագետ ընկերները կկատարեն նրա երգերը:
Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
ՍԿՍԵԼ ԵՆ ՀԱՎԱՔԸ
ՀՖՖ պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Հյաստանի ազգային հավաքականը արդեն սկսել է մարզական հավաքը: Մեր ընտրանին կնախապատրաստվի «ԵՎՐՈ 2020»-ի նախըտրական փուլի առաջիկա երկու հանդիպումներին: Հայաստանի հավաքականի մրցակիցները կլինեն Լիխտեյնշտեյնի եւ Հունաստանի հավաքականները: Հավելենք, որ հավաքական են հրավիրվել 25 ֆուտբոլիստներ:
ԳԼԽԱՎՈՐԵԼՈՒ Է
Իսպանիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին գլխավորելու է «Սեւիլիան»: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը: Նշվում է, որ Լոպետեգիի ընտրությունը կատարել է իսպանական թիմի սպորտային տնօրեն Մոնչին: Հավելենք, որ կողմերը կնքել են 3 տարվա պայմանագիր:
ԽՈՇՈՐ ՍԿԱՆԴԱԼ
Իսպանական ոստիկանությունը հետաքննություն է սկսել «Վալյադոլիդ»-«Վալենսիա» (0:2) հանդիպման հարցով: Նշվում է, որ գաղտնալսումների արդյունքում պարզ է դարձել, որ տանտերերի 7 ֆուտբոլիստներ 10.000 եվրո խաղադրույք են կատարել, որ երկու խաղակեսերում էլ կհաղթի «Վալենիսան», եւ շահել են 20.000 եվրո: Ոստիկանությունը արդեն ձերբակալել է «Սեւիլիայի» նախկին ֆուտբոլիստ Կառլոս Արանդուին, որը հանդիսանում է կասկածյալներից մեկը:
Այս գործով դեռեւս կասկածվում են միայն ֆուտբոլիստները, այլ ոչ թիմի ղեկավարությունը: Հիշեցնենք, որ մինչ այդ խաղը «Վալյադոլիդը» արդեն տեղը ապահովել էր Իսպանիայի հաջորդ առաջնությունում, իսկ «Վալենսիան» հենց այդ հաղթանակի շնորհիվ կարողացել է վաստակել Չեմպիոնների Լիգայի ուղեգիր:
ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԿԱՌՆԻ
Իսպանական Marca-ն հայտնում է, որ Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը խնամակալության տակ կառնի ավտովթարից մահացած Խոսե Անտոնիո Ռեյեսի որդուն: Նշվում է, որ Պերեսը կխնամի 11-ամյա Խոսե Անտոնիո Ռեյես կրտսերին մինչեւ նրա չափահաս դառնալը: Հիշեցնենք, որ Ռեյեսը մահացել էր հունիսի 1-ին տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով: Ավտովթարի պատճառ էր դարձել արագության գերազանցումը: Ռեյեսի մեքենան սլացել էր 237 կմ ժամ արագությամբ, դուրս եկել մայրուղուց եւ այրվել:
ՏԵՂԱՓՈԽՎԵՑ «ՌԵԱԼ»
Երեկ` հունիսի 4-ին, Մադրիդի «Ռեալը» հրապարակեց պաշտոնական հայտարարություն, ըստ որի` թիմը պայմանագիր է կնքել Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» երիտասարդ հարձակվող Լուկա Յովիչի հետ: Ֆուտբոլիստը սերուցքայինների վրա արժեցել 70 մլն եվրո: Պայմանագիրը կնքվել է 6 տարի ժամկետով:
ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ