Ո՞ՒՄ ԷՐ ՈՒՂՂՎԱԾ ԽՈՍՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավական կոշտ է արձագանքել ՀՅԴ-ականների կողմից ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանի նկատմամբ բռնությանը, դրանից հետո ՀՅԴ-ականների «Ես եմ ծեծել» ակցիային: Փաշինյանը նշել է. «Բանաձեւ կա՝ ազգային արժեքների համար մարդ ծեծել։ Սա ասում են էն ուժերը, որոնք ազգային արժեքների համար 25-30 տարի երկիրը թալանել են, թալանելիս ազգային արժեքների մասին ոչ մի խոսք»։ ՀՀ վարչապետը նաեւ ընդգծել է. «Եթե կազմակերպված ակցիա է, դրա իրավական գնահատականը պետք է փոխվի։ Եւ բոլոր այն մարդիկ, որոնք բռնություն են քարոզում, նրանք հատ-հատ բերվելու են պատասխանատվության, որեւէ մեկը թող մեր բարեկրթությունը չշփոթի թուլության հետ»:
Սակայն ՀՅԴ-ականները պնդում են, որ այդ խոսքերն իրենց չէին ուղղված: ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, թե վարչապետի հայտարարություններում ՀՅԴ-ին ուղղված որեւէ խոսք չի տեսել, այլ դրանք միայն անհասցե մեղադրանքներ են: «Եթե Դաշնակցությանն է ուղղված, թող կոնկրետ ասեն, մենք էլ կխոսենք։ 25 տարի առաջ ՀՅԴ-ն բանտերում էր, 30 տարի առաջ էլ Արցախի սահմաններն էր պաշտպանում»,- «Ժողովուրդ» օրաթերթին ասաց Սաղաթելյանը։
Հիշեցնենք, որ վարչապետ Փաշինյանը այս տարվա հունվարին ՀՅԴ ընդհանուր ժողովին իր ուղերձում իշխող մեծամասնության անունից այդ կուսակցության հետ համագործակցության պատրաստակամություն էր հայտնել: Բայց այդ կոչը կարծես մերժվեց, ու ավելին՝ հիմա նրանց հարաբերությունները գնալով սրվում են: Պատահական չէ, որ ՀՅԴ-ականները պարբերաբար քննադատում են իշխանություններին, ընդ որում՝ բավական կոշտ` չմոռանալով տողատակերում նաեւ որոշակի սպառնալիքներ հնչեցնել:

 

 

 

 

Հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, որ իրենք կաշկանդված չեն որեւէ գերատեսչությունում ուսումնասիրություններ իրականացնելու հարցում: Յոլյանը հավելել է նաեւ, որ նախկինի նման պալատն այդքան էլ մեծ լիազորություններ չունի. իրենք ուսումնասիրում են, իսկ որակավորումն ու դատողությունը պետք է անի ԱԺ-ն: Իսկ դիտարկմանը, թե տպավորություն է, որ պալատը մղվել է երկրորդ պլան, քանի որ հիմա պալատի նախկին գործառույթը դրված է պետական վերահսկողական ծառայության վրա, մեր զրուցակիցն ասաց, որ տարբեր գործառույթներ են իրենք իրականացնում: Յոլյանը, որ այս պաշտոնում նշանակվել էր նախկին իշխանությունների օրոք, խոսել է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հարաբերությունների մասին` ասելով. «Նորմալ աշխատում ենք, եթե խնդիրներ են լինում, պարոն Փաշինյանի հետ քննարկումներ են լինում, տրվում են դրական պատասխաններ եւ այլն»:

 

 

 

 

Դեռեւս 2018 թվականին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Ազգային անվտանգության ծառայությունում Արտակարգ իրավիճակների նախարարությունում հայտնաբերված չարաշահումների կապակցությամբ հարուցվել է քրեական գործ, որով նախաքննությունը դեռեւս շարունակվում է: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` վերոնշյալ չարաշահումների հետ հնարավոր կապ ունենալու կասկածանքով ԱԻՆ-ում պաշտոնից այլ անձինք են ազատվել: Մասնավորապես սեփական դիմումի համաձայն ազատվել են հաշվապահը, ֆինանսական գծով պատասխանատուն եւ այլ անձինք, ընդ որում, նրանք ազատվել են նախարարի պաշտոնում Ֆելիքս Ցոլակյանի նշանակումից հետո: Մեզ հայտնի դարձավ, թե ինչքան գումար է յուրացվել նախարարությունից, խոսքը ոչ ավել, ոչ պակաս մոտ 200 միլիոն դրամի մասին է:

 

 

 

 

Սեւանա լճում խեցգետնի պաշարների նվազումը գնալով գերխնդիր է դառնում, եւ երեկ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը երեք պատճառ նշեց: Պարզվում է` բնապահպանության նախկին նախարարները տարիներ շարունակ անտեսել են ԳԱԱ կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի կողմից սահմանված խեցգետնի որսի թույլտվության չափաքանակները` փոխարենը տալով խեցգետնի որսի թույլտվության ավելի շատ չափաքանակ: Եւ նախկին նախարարների «թեթեւ ձեռքով» գերորս է տեղի ունեցել, արդյունքում` Սեւանա լճում խեցգետնի պաշարները զգալի նվազել են, եւ տարիներ են պետք, որպեսզի դրանք վերականգնվեն: Բացի այս` պարզվում է` խեցգետնի պաշարների զգալի նվազման երրորդ պատճառը Սեւանա լճում ԿՄԱՖԱՄ բակտերիաներն են, որոնց չափաքանակը բարձր է եղել, ինչը հանգեցրել է խեցգետնի անկմանը:

 

 

 

ՇԱՏ ԹԱՎՇՅԱ
Խորհրդարանում 2018թ. պետական բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ ունեցած ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մատնանշել է երկու պատճառ, որոնց շնորհիվ, չնայած թավշյա հեղափոխությանը, Հայաստանին հաջողվեց պահպանել մակրոտնտեսական կայունությունը: Ըստ Փաշինյանի` առաջին պատճառը ՀՀ-ում որոշակի ինստիտուտների կայացվածությունն է, երբ «այդ կայացած ինստիտուտները թավշյա հեղափոխության շրջանում իրենց դերակատարումն ունեցան եւ ցույց տվեցին, որ իրենք, անկախ քաղաքական վայրիվերումներից, պետական համակարգի գործունեությունը կարող են ապահովել»: Երկրորդն, ըստ նրա, ՀՀ-ում տեղի ունեցած «հեղափոխության թավշյա բնույթն է, որն այս ընթացքում բազմիցս քննադատվեց եւ շարունակվում է քննադատվել»:
Հետաքրքիրն այն է, որ վարչապետ Փաշինյանն ինքն է հատուկ ուշադրություն հրավիրել այդ փաստի վրա` արձանագրելով. «Քաղաքական փոփոխություններում թավիշը շատ է, որ պետք է հեղափոխությունը շատ ավելի կոշտ լիներ եւ կոշտ լինի»: Միաժամանակ նա մեկնաբանել է, որ կառավարությունն ունի լուծման բազմաթիվ խնդիրներ, եւ այս առումով շատ կարեւոր է հավասարակշռությունը պահպանելը, հակառակ դեպքում կարող են կոլափսներ լինել:
Պետք է խոստովանենք` թավշյա հեղափոխությանը հաջորդած այս մեկ տարվա ընթացքում հասարակության մի զգալի մասն իշխանություններից, այնուամենայնիվ, պահանջում էր անխնա հաշվեհարդար տեսնել նախկին իշխանությունների հետ՝ բանտարկելով նրանց, ունեզրկելով: Եւ, ընդհանրապես, հասարակությունը նման պահանջ ձեւակերպել է բոլոր դարերում, ամենատարբեր երկրներում հեղափոխությունների ժամանակ: Պատահական չէ, որ նույն Եվրոպայում հեղափոխությունները մշտապես ուղեկցվել են արյան լճերով:
Հիմա, սակայն, միանգամայն այլ ժամանակներ են: Ուկրաինայում նախագահական վերջին ընտրություններից հետո, երբ տեղի ունեցավ իշխանափոխություն, եւ նախագահ ընտրվեց Զելենսկին, խորհրդարանին օրինագիծ է առաջարկել, որով նախատեսվում է բռնագրավել պաշտոնյաների ապօրինի դիզած ունեցվածքը:
Հայաստանում էլ հայտարարվել է կոռուպցիայի դեմ անխնա պայքարի, ժողովրդից թալանված գումարները մինչեւ վերջին լուման վերադարձնելու եւ դատական համակարգի վեթթինգի մասին, բայց այս ամենը՝ բացառապես օրենքի սահմաններում, թավշյա մեթոդներով:
Այսինքն՝ իշխանություններն, այնուամենայնիվ, տուրք չտվեցին ամբոխահաճությանը, այլ շարժվում են սեփական որոշումներով: Որոշումներ, որոնք ոչ միշտ են միանշանակ ընկալվում, բայց հասարակության հետ մշտական երկխոսության դեպքում հնարավոր է բացատրել ու հասկացնել իրականությունը, որքան էլ նախկին իշխանությունները փորձեն մանիպուլյացիաներով շեղել իրերի ընթացքը:




Լրահոս