ԱԻՆ-Ի ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸ ԵՎ ԱԶԱՏՈՒՄՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս 2018 թվականին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում Արտակարգ իրավիճակների նախարարությունում հայտնաբերված չարաշահումների կապակցությամբ հարուցվել է քրեական գործ, որով նախաքննությունը դեռեւս շարունակվում է: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` վերոնշյալ չարաշահումների գործով այս օրերին ԱԻՆ-ում պաշտոնից այլ անձինք են ազատվել, եւ դեռ ավելին` հայտնի է դարձել, թե ինչքան գումար է յուրացվել նախարարությունից, խոսքը ոչ ավել, ոչ պակաս մոտ 200 միլիոն դրամի մասին է:

Մասնավորապես հուլիսի 4-ին գրել էինք, որ Արտակարգ իրավիճակների նախարարության չարաշահումների մասին տեղեկություններ էին հասել, որ նախարարությունում հրդեհը մարելու փրփուրը վաճառվել է ավտոլվացման կետերին, նախարարության աշխատակիցներին հասանելիք զգեստները նրանց չեն տրվել անվճար, այլ վաճառվել էին: Ի պատասխան` ԱԱԾ տնօրենը ամիսներ առաջ հայտնել էր, որ գործով նախկին պաշտոնատար անձինք յուրացումներ են արել, ինչի պատճառով էլ կալանավորվել էին: Խոսքը ԱԻ նախկին փոխնախարար Համլետ Հակոբյանի ու աշխատակազմի նախկին ղեկավար Գագիկ Հայրապետյանի մասին է:
«Ժողովուրդ» օրաթերթին ԱԱԾ-ում քննվող այս քրեական գործից որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես իրավապահներն այս ընթացքում հարցաքննել են արտակարգ իրավիճակների նախարարության մի շարք աշխատակիցների եւ հարցուփորձ արել, թե ԱԻՆ-ին հատկացված գումարներն ինչի վրա են ծախսվել: Ըստ մեզ հասած տեղեկությունների` բացի Արտակարգ իրավիճակների նախարարության նախկին փոխնախարար Համլետ Հակոբյանից, աշխատակազմի ղեկավար Գագիկ Հայրապետյանից` քրեական գործի շրջանակներում հարցաքննվել են նաեւ ԱԻՆ-ի ֆինանսական մասով պատասխանատու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Ըստ մեզ հասած տեղեկությունների` իրավապահ մարմինների կողմից Արտակարգ իրավիճակների նախարարությունում իրականացված ստուգումների շրջանակներում աշխատակիցների հարցաքննություննները բերել են այն վերջնական արդյունքին, որ ԱԻՆ-ից անհետացած կամ, այսպես ասած, յուրացված գումարի չափը կազմել է մոտ 200 միլիոն դրամ:
Եվ ահա, ըստ մեզ հասած լուրերի` այս օրերին նշանակվել է փորձաքննություն, որպեսզի վերջնական հասկանալի լինի, թե վերոնշյալ գումարից որքան է ծախսվել Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից իրականացված գործողությունների վրա, որքանը՝ յուրացվել:
Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն` մեղադրյալները իրավապահներին հայտնել են, որ փորձաքննության վերջնական արդյունքներից հետո իրենք պատրաստ են վերականգնել պետությանը հասցված վնասը:
Սակայն տպավորությունն այնպիսի էր, որ այսքանով ամեն ինչ կավարտվի, սակայն այդպես չէ: Ինչպես հայտնի է` 2018 թվականի հոկտեմբերի 4-ին Արտակարգ իրավիճակների նախարար նշանակվեց ԱԱԾ գեներալ Ֆելիքս Ցոլակյանը: Վերջինիս նախարար նշանակվելուց հետո համակարգում եւս ազատումներ են եղել: Մասնավորապես, ըստ մեզ հասած լուրերի, երբ Ֆելիքս Ցոլակյանը նշանակվել է նախարար, հերթով սեփական դիմումի համաձայն պաշտոնից ազատվել են նախարարության հաշվապահը, ֆինանսական գծով բաժնի պատասխանատուն: Նկատենք, որ վերջիններիս պաշտոնից ազատումներն այդքան էլ պատահական չեն եղել: Բանն այն է, որ, նախարարությունում տարածված լուրերի համաձայն, նախարարության հաշվապահն ու ֆինանսական գծով պատասխանատուն նախարարության չարաշահումների մասով հարուցված քրեական գծով հարցաքննվել են եւ ըստ էության առնչություն են ունեցել անհետացած գումարների հետ, ուստի հաշվի առնելով նրանց կապը քրեական գործի հետ` նրանց ասել են, որ լավ կլինի հեռանան՝ ազատման դիմում գրելով:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

 

Ո՞ՎՔԵՐ ԵՆ ԳՐԵԼ
Երեկ ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնեցին, որ դատավոր Մխիթար Պապոյանի հաղորդման հիման վրա ՀՀ ԱԱԾ-ում հարուցվել է քրեական գործ` 344-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը հանցագործության մասին հաղորդում էր տվել. «2019 թվականի մայիսի 20-ին «Facebook.com» սոցիալական ցանցի օգտատեր Արտակ Գալստյանն իր էջում հետեւյալ վերտառությամբ հրապարակում է տեղադրել` «Ո՞ՎՔԵՐ ԵՆ ԳՐԵԼ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՄԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ»: Այդ հրապարակմամբ նշվում է, որ ըստ աղբյուրի` Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակելու որոշումը գրել են Վերաքննիչ դատարանի երեք դատավորներ, որոնց թվում եմ նաեւ ես: Ընդ որում` նշված հրապարակումը տարածվել է նաեւ զանգվածային լրատվության միջոցներով: Նկատի ունենալով, որ նշված հրապարակումն ամբողջությամբ սուտ է, բացարձակապես չի համապատասխանում իրականությանը եւ պարունակում է հանցագործության մասին տեղեկություններ, հետեւաբար համապատասխան մարմիններին խնդրում եմ իմ այս հրապարակումն ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում եւ օրենքով սահմանված կարգով պատշաճ իրավական գնահատական տալ Արտակ Գալստյանի եւ այդ կեղծ տեղեկությունը վերջինին հաղորդած անձի արարքներին: Հատկանշական է, որ Արտակ Գալստյանը, չհանդիսանալով լրագրող, պարտավոր է բացահայտել տեղեկատվության աղբյուրը:
Ասել է, թե նախաքննական մարմինն այս քրեական գործով փորձում է պարզել, թե ով է դատական փորձագետ Արտակ Գալստյանին հայտնել տեղեկություններ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման որոշումը գրողների մասին: Ի դեպ, ըստ մեզ հասած լուրերի` իրավապահները չեն բացառում, որ միգուցե դատական փորձագետին այդ տեղեկությունը տվել են դատական համակարգից, ուստի եւ հավանական է՝ առաջիկայում քրեական գործով նաեւ հարցաքննվեն դատական համակագի ներկայացուցիչներ, դատավորներ, որոնք միգուցե տեղի ունեցող գործընթացի մասին տեղյակ են եղել:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

ԱՊՕՐԻՆԻ
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տվյալներ են ստացվել Կապան համայնքում կատարված ապօրինությունների վերաբերյալ: Նախնական տվյալներով` 2006թ. հոկտեմբերին Կապան համայնքի ավագանին որոշում է կայացրել անհատույց, նվիրատվության կարգով վարձակալներին օտարել համայնքի սեփականություն հանդիսացող բնակարանները: Մեկ տարի անց Կապանի նախկին քաղաքապետը, հղում անելով վերը նշված ավագանու որոշմանը, իր հերթին որոշում է կայացրել Սյունիքի նախկին մարզպետին նվիրատվության կարգով օտարել Կապանի Շահումյան 1032 հասցեի բնակարանը, որն ընդգրկված չի եղել համայնքի ավագանու` 2006թ. ընդունած որոշման մեջ: Ոստիկանությունում քրգործ է հարուցվել, որն ուղարկվել է Սյունիքի մարզային քննչական վարչություն:

 

 

 

ՆՈՒՅՆ ԿԱԶՄՈՎ
Ապրիլյան պատերազմից մինչ օրս կան հարցեր, որոնք հանրությանը հուզում են, եւ այս հարցերն ավելացնում են անվստահությունը բանակում տեղի ունեցող գործընթացների նկատմամբ: Նման կարծիք է հայտնել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը: «Այդ կասկածները փարատելու համար մեզ պետք է որոշակիություն, վստահության ավելացում, իսկ սրա համար պետք է բոլոր բաց տեղերը փակվեն, ու տրվեն բոլոր հարցերի պատասխանները»,-ասել է նա: Գ. Գորգիսյանն Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ադամ է եւ նշել է, որ իրենց խմբակցության միակ վերապահումը կապված է եղել հանձնաժողովի նախագահի հետ. ԼՀԿ-ն դեմ է եղել, որ հանձնաժողովի նախագահը լինի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը: «Մեզ համար շատ կարեւոր է, որ որեւէ փուլում հանձնաժողովի գործունեությունը կասկած չհարուցի, մենք առաջարկեցինք հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի փոխարեն իրենց խմբակցությունից մեկ այլ պատգամավոր լինի: Մեր առաջարկը չընդունվեց, մենք աշխատելու ենք նույն կազմով»,-եզրափակել է Գեւորգ Գորգիսյանը:

 

 

 

 

ԹՎԱՅՆԱՑՈՒՄ
Սոցիալական ապահովության ծառայությունը հայտարարել է, որ ՀՀ կառավարության 2019թ. մայիսի 23-ի նիստում հաստատվել է աշխատանքային գրքույկների թվայնացման աշխատանքների ժամկետը մինչեւ 31.12.2019թ. երկարաձգելու մասին որոշումը: «Ծառայության տարածքային բաժինները ս.թ. հունիսի 4-ից վերսկսում են գրքույկների ընդունումը թվայնացման աշխատանքները կազմակերպելու նպատակով: Գործատուները, որոնք ունեն մասնաճյուղեր կամ առանձնացված ստորաբաժանումներ, գրքույկները ներկայացնում են` ելնելով անձնակազմի գործի վարման սկզբունքից: Խնդրում ենք նկատի առնել, որ մինչեւ 01.01.2019թ. թվայնացված գրքույկներում անձանց ընդունման կամ ազատման մասին կատարված գրառումները կրկին թվայնացնելու համար հիմք չեն հանդիսանում եւ զերծ մնալ ավելորդ ծավալի աշխատանք կատարելուց: 2019թ. ընթացքում կենսաթոշակի իրավունք ձեռք բերող եւ կենսաթոշակառու հանդիսացող անձանց գրքույկները թվայնացման չեն ներկայացվում»:




Լրահոս