ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որ հիվանդություններից են ավելի շատ մահանում Հայաստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում ամենից շատ մահանում են սրտանոթային եւ օնկոլոգիական հիվանդություններից: Իսկ հիվանդությունների «սեւ ցուցակ»-ի առաջին տեղում է արյան շրջանառության համակարգի հիվանդությունները:

Իհարկե, արյան շրջանառության համակարգի հիվանդությունները տարածվածության եւ մահացության ցուցանիշով առաջին տեղում են ամբողջ աշխարհում: Իսկ Հայաստանում գրանցված մահացության դեպքերի մոտ կեսի պատճառը եղել են հենց արյան շրջանառության համակարգի հիվանդությունները, որոնց մի մասը սրտամկանի սուր կաթվածն է, իսկ մի մասն էլ` հիպերտոնիկ հիվանդությունները: Հայաստանում այս տարվա հունվար հունիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մահացածների թվաքանակն աճել է: Եթե 2018 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում մահացել է 13 հազար 218 մարդ, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում նրանց թիվը կազմել է 13 հազար 790: Մահացության պատճառներից առաջին տեղում են արյան շրջանառության համակարգի հիվանդությունները, որոնց պատճառով այս տարվա 6 ամիսներին մահացել է 7237 մարդ:

Ըստ մասնագետների` Հայաստանում արյան շրջանառության համակարգի ամենատարածված հիվանդություններն են գերճնշումային համակարգի հիվանդությունները, սրտի իշեմիկ հիվանդությունը, ստենոկարդիան, սրտամկանի սուր ինֆարկտը: Մասնագետները նաեւ պնդում են, որ այս հիվանդությունների կանխարգելումն ավելի էժան եւ արդյունավետ է, քան դրանց բուժումը: Սրտանոթային հիվանդությունների 80 տոկոսը կանխարգելելի է, եթե վարեն առողջ ապրելակերպ, ճիշտ պայքարեն ռիսկի գործոնների դեմ: Դրանք են` ծխախոտի ամենօրյա օգտագործումը, ալկոհոլի չարաշահումը, կերակրի աղի քանակի ավելցուկային օգտագործումը, թերշարժունակությունը, քաշի ավելցուկը, բարձր զարկերակային ճնշումը:

Մահվան ամենատարածված պատճառներից հաջորդը նորագոյացություններն են, որոնց մեջ գերակշռում են չարորակները: Նորագոյացություններից մահացած մարդկանց թիվը նույնպես աճել է՝ 166-ով՝ կազմելով 2741 հոգի:

Մասնագետները պնդում են, որ ե՛ւ սթրեսը, ե՛ւ շրջակա միջավայրը, ե՛ւ սննդակարգը համատեղ ազդեցություն են թողնում նշված երկու հիվանդությունների աճի վրա: Իսկ դրանց կանխարգելումը որոշակիորեն կապված է մարդկանց սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման հետ:

Իսկ, ահա, դժբախտ պատահարներից, թունավորումներից եւ վնասվածքներից մահացածների թիվը այս տարվա առաւին կիսամյակում անցած տարվա համեմատ 31-ով ավելացել է՝ կազմելով 505: Շնչառական օրգանների հիվանդություններից մահացել է 1656 մարդ, որը նույնպես անցած տարվա 6 ամիսների համեմատ 639-ով ավելացել է: Իսկ մարսողական օրգանների հիվանդություններից մահացածների թիվը կազմել է 659: Այլ հիվանդություններից հաշվարկված ժամանակահատվածում մահացել է 901 մարդ:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս