ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ ՈՉ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Ազգային ժողովում շարունակվեցին 2018 թվականի պետական բյուջեի կատարման նախագծի քննարկումները։ Եվրոինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովում բյուջեի կատարման նախագծի քննարկումների ժամանակ հարց ուղղեց նաեւ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, որը վերաբերում էր դեսպաննեի աշխատանքին։ Մասնավորապես նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ նախկինում դեսպաններ են նշանակվել տարբեր մարդիկ, բայց ոչ դիվանագետներ, եւ անընդունելի համարեց, որ, օրինակ, պատգամավորը կամ մարզպետը դեսպան նշանակվի։

Նշենք, որ քննարկմանը ներկա էր նաեւ ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Ավետ Ադոնցը, որը նախկինում 2009 թվականից սկսած մի քանի երկրներում դեսպան է եղել, իսկ թավշյա հեղափոխությունից հետո էլ նշանակվեց արդեն փոխնախարարի պաշտոնում։ Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի հարց է ուղղել նախկին դեսպանին։
-Պարո՛ն Ադոնց, պատգամավոր Սերգեյ Բագրատյանն իր խոսքում անընդունելի համարեց քաղաքական նշանակումները` ասելով, թե չպետք է պատգամավորը կամ, օրինակ, մարզպետը դեսպան նշանակվի։ Հաշվի առնելով, որ Դուք եւս պատգամավոր եք եղել, ի՞նչ եք կարծում՝ այդ խոսքերն արդյոք նաեւ Ձեզ էին ուղղված։
-Չեմ կարծում։ Եթե ինձ փորձեր ակնարկեր, ես միգուցե կարձագանքեի անմիջապես։ Ես արտաքին գործերի նախարարությունում աշխատում եմ 1991 թվականից։ Դրանով այդ հարցը փակենք։
-Բայց Դուք ամեն դեպքում պատգամավոր եղել եք։
-Այո, 1-1,5 տարի պատգամավոր եղել եմ, բայց 1991 թվականից անընդմեջ աշխատել եմ արտաքին գործերի նախարարությունում։ Իսկ 1-1,5 տարի իմ պատգամավոր եղած ժամանակ ղեկավարել եմ հենց այս՝ Եվրոինտեգրման հարցերով հանձնաժողովը, այսինքն՝ զբաղվել եմ եվրոպական հարցերով։
-Իսկ, առհասարակ, իր քննադատությունները տեղին համարո՞ւմ եք։
-Գիտեք, կարելի է ընդհանուր խոսել։ Բայց ես կցանկանայի այստեղ որպես փոխնախարար եւ որպես Եվրոպայի հետ հարաբերությունները սպասարկող փոխնախարար, կուզեի ավելի կոնկրետ լսեի, թե ինչ խնդիրներ կան։ Ընդհանուր խոսելը շատ հեշտ է, ես կոնկրետ կուզեի լսել՝ ինչի հիման վրա։
-Ինքը մատնանշեց, օրինակ, հայ համայնքի հետ աշխատանքները։
-Կոնկրետ չմատնանշեց, միայն նշեց, որ հայ համայնքի հետ աշխատանքը բավարար չէ։ Կամ Եվրոինտեգրման հարցերի հանձնաժողովում, ի՞նչ կապ ունի այդ օրակարգը, այդ հարցն այսօրվա հանձնաժողովի օրակարգի հետ։ Միգուցե այդ հարցն ավելի տեղին կլինի բարձրացնել արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստո՞ւմ։
-Եթե անդրադառնանք օրակարգին, ՀՀ-ԵՄ հարաբերությունների տեսլականն ինչպիսի՞ն է, ի՞նչ կարող ենք սպասել։ Եվ ճանապարհային քարտեզում ամրագրված ժամկետների հետ կապված կարո՞ղ են խնդիրներ առաջանել։
-Ես մտահոգություն չլսեցի կապված ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետ։ Ինչ վերաբերում է ճանապարհային քարտեզին, ապա ցանկացած գործընթացի մեջ կարող են լինել խնդիրներ։ Եթե սկսվում է ինչ-որ գործընթաց, մասնավորապես այս պարագայում համաձայնագրի ճանապարհային քարտեզի գործընթաց, ապա, բնականաբար, ծիծաղելի կլինի ասել, որ խնդիրներ չեն լինի։ Իհարկե, կլինեն խնդիրներ։ Չեմ կարող կանխատեսել, թե ինչ խնդիրներ կլինեն, բայց աշխատանքը նաեւ դրա համար է, որ լուծվեն ընթացքում առաջացած խնդիրները։ Ես վստահ եմ, որ համաձայնագրի կիրառումը լինելու է ամբողջ կառավարության ուշադրության կենտրոնում։ Համակարգումն արդեն դրված է, հաշվետվողականությունը, դրա մեխանիզմները կան, եւ եռամսյակը մեկ պետք է հաշվետու լինեն, եւ դրված են մոնիթորինգի մեխանիզմներ քաղհասարակության կողմից, որը եւս ամրագրված է համաձայնագրում։
-Ընդդիմությունը շատ է բարձրաձայնում, որ գործընթացը դանդաղ է ընթանում, եւ նախորդ տարի իշխանությունները բավարար ջանքեր չեն գործադրել։ Առկա՞ են նման խնդիրներ։
-Ես անգործություն չեմ տեսնում եւ նույնիսկ անգործության փոքր շրջան չեմ տեսել։ Ճանապարհային քարտեզը մշակվում է ամռանից՝ մոտ մեկ տարի։ Այնպես չէ, որ գրվել է, եւ պետք է հաստատվեր, կոնկերտ համաձայնեցման փուլ կար, տարբեր երկխոսությունների փուլ, կարծիքներ հավաքելու փուլ էր, եւ ուշացնելու որեւէ միտում չեմ տեսել, ուշացման պատճառ չեմ տեսել, ուշացում չեմ տեսել։
-Եթե վերադառնանք Ձեր աշխատանքին եւ այն քննադատություններին, որ ուղղվում է դեսպանների աշխատանքին, դրանք Ձեզ կարո՞ղ եք վերագրել, թե ոչ։
-Գիտեք, զարմանալի կլիներ, եթե ինձ չվերագրեմ։ Գիտեք, եթե արտաքին գործերի նախարարության, դեսպանների հանդեպ կան ինչ-որ դիտողություններ, անմիջապես վերագրում ես քեզ։ Բայց ի՞նչ քննադատություններ նկատի ունեք։
-Օրինակ` ասում են՝ եղել են դեսպաններ, որոնք իրենց աշխատանքը ծառայեցրել են անձնական նպատակներով։
-Նախարարը լիարժեք պատասխանեց, որ բոլոր այն դեսպանները, որոնց նշանակումը եղել է ոչ մասնագիտական, այլ քաղաքական, եւ որտեղ որ բիզնես կոմպոնենտը շատ ակնհայտ է եղել, բոլոր այդ նշանակումներն անցյալ շրջանում են։ Եվ առաջին հերթին այդ նշանակումներից դժգոհ ենք մենք, քանի որ դա խանգարում է աշխատանքի արդյունավետությանը եւ բնականոն զարգացմանը։
-Այսինքն` առաջիկայում այդպիսի նշանակումներ չեն լինի՞։
-Չէ, կլինեն, բայց մասնագիտական։ Ոչ մասնագիտական նշանակումներ ես չեմ բացառում, բայց այդ չափաբաժինը, որ կար եւ դառնում էր կեսից ավելին, չի կարելի այդպիսի բան։ Նույնիսկ ամենաբարձր զարգացած երկրներն իրենց թույլ չեն տալիս այդպիսի շռայլություն եւ նշանակել այնպիսի դեսպան, որը բացարձակապես կապ չունի այդ ոլորտի հետ։

 

 

 

ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԻՍՏ՝ ԺՈՒՉՈԿՆԵՐԻՑ ՀԵՌՈՒ

Երեկ երեկոյան ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը կարճատեւ նիստ անցկացրեց։ Նկատենք, որ այն տեղի ունեցավ երեկոյան ժամի եւ հենց խմբակցությունում, որտեղ վերջերս պատգամավորներն ավելի են գերադասում քննարկումներ ունենալ՝ փակ ֆորմատով, անցանկալի արտահոսքերից խուսափելու համար։ Սակայն հետաքրքիր է, որ խմբակցության նիստին ոչ բոլոր պատգամավորներն են ներկա եղել, դեռ ավելին` շատերը նույնիսկ տեղյակ էլ չեն եղել, որ այդպիսի նիստ է լինելու, եւ արդեն շենքում չեն էլ եղել, սակայն խմբակցությունից էլ վստահեցրել են, թե ընթացիկ քննարկումներ են, եւ կարող են նաեւ չմասնակցել։

Խմբակցության քննարկումներն ընթանում էին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ, որը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վստահեցրեց, թե որեւէ առանձնահատուկ բան չկա, եւ ընթացիկ քննարկումներ են։ Ամեն դեպքում, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` առաջիկայում փոփոխություններ են սպասվում գործադիրում, եւ երեկ պատգամավորները նաեւ այդ հարցին են անդրադարձել։ Բանն այն է, որ մամուլը տեւական ժամանակ գրում է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հնարավոր պաշտոնանկության մասին, եւ այդ խոսակցությունները չեն դադարում նաեւ նախարարության ներսում։ Անձամբ Զեյնալյանը վերջերս «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում խուսափել էր խոսել իր հնարավոր պաշտոնանկության մասին, իսկ օրերս էլ լրագրողների հետ զրույցում ընդգծել էր, թե կառավարությունը գոհ է իր աշխատանքից։ Սակայն նաեւ իշխանական պատգամավորներն են մասնավոր զրույցներում դժգոհում Զեյնալյանի գործունեությունից եւ ոլորտի վիճակից՝ ասելով, թե գործ չի արվում։
Եվ հիմա իշխանության ներսում ակտիվորեն խոսվում է Զեյնալյանի պաշտոնանկության մասին, իսկ որպես նրան ամենահավանական փոխարինող նշվում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի անունը։ Բացի նրանից` այլ անուններ եւս կան, սակայն նա ամենահավանականն է համարվում։ Նա նաեւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հարսանիքի քավորն է։ Հավելենք, որ երեկ իշխանական խմբակցության ՔՊ-ական պատգամավորները հավաքվել էին նաեւ գրասենյակում՝ մասնակցելու կուսակցության վարչության անդամի քարոզարշավին։

Նյութերը՝ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

 

 

 

ՍԽԱԼՎԵԼ Է
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովում մեկնաբանել է ԵԱՏՄ ինտեգրման արդյունքները: «Մենք զեկույց ենք ներկայացրել Հայաստանի Հանրապետության եւ Ղրղզստանի Հանրապետության՝ ԵԱՏՄ ինտեգրման արդյունքերի մասին եւ տեսնում ենք, որ այդ արդյունքները միանշանակ խոսում են տնտեսական շահերի մասին»,- իր ելույթում ասել է Սարգսյանը՝ մատնանշելով երկու երկրներից արտահանման ծավալները, որոնք աճել են տարեկան ավելի քան 30 տոկոսով: Նրա խոսքով՝ տվյալ արդյունքը զգալի ներդրում եւ խթան է երկու երկրի տնտեսական աճի համար:
Տիգրան Սարգսյանը բերել է կոնկրետ փաստեր՝ հիմնված վիճակագրության վրա: Սակայն հետաքրքիր է փաստը, որ տարիներ առաջ նույն Տիգրան Սարգսյանը, երբ ՀՀ վարչապետն էր, մինչեւ 2013թ. սեպտեմբերի 3-ը, մինչեւ Մաքսային միությանը ՀՀ անդամակցության մասին Սերժ Սարգսյանի հայտնի հայտարարությունը, պարբերաբար հարցազրույցներ էր տալիս օտարերկրյա լրատվամիջոցներին ու պնդում, թե այսօվա ԵԱՏՄ-ի նախորդը համարվող Մաքսային միությանը ՀՀ անդամակցությունն անիմաստ է: Օրինակ` 2011թ. հունիսի 8-ին նա ելույթ էր ունեցել «Հայացք դեպի Ռուսաստան» խորագրով նիստի ժամանակ եւ ասել, թե Հայաստանի համար անիմաստ է անդամակցել Մաքսային միությանը` ելնելով տնտեսական պատճառներից: «Անիմաստ է անդամակցել Մաքսային միությանը, որովհետեւ մենք չունենք ընդհանուր սահման այդ մաքսային միության հետ: Համաշխարհային փորձում չկա այնպիսի օրինակ, որ չունենալով ընդհանուր սահմաններ` ստեղծվեն կամ անդամակցեն մաքսային միությունների»:
Փաստորեն, ԵԱՏՀ խորհրդի ղեկավար Տիգրան Սարգսյանը Պետերբուրգում խոստովանել է, որ ժամանակին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր գնահատականներում սխալվել է:

 

 

 

ԸՆԴԴԵՄ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԻ
Դատական հայցեր են ներկայացվել ընդդեմ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի: Մասնավորապես «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հունիսի 5-ին դատարան է դիմել Հայկ Բադալյանը եւ պահանջում է, որ դատարանը ստիպի Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին անվավեր ճանաչել 2019 թվականի ապրիլի 10-ի կարգադրությունը Արամայիս Գրիգորյանին «Վեդու բժշկական կենտրոն» ՓԲԸ գործադիր տնօրեն նշանակելու որոշումը: Հայցվորը նաեւ պահանջում է լուծել Արամայիս Գրիգորյանի հետ կնքած աշխատանքային պայմանագիրը: Նույն օրը ՀՀ վարչական դատարան է դիմել Նունե Մարտիկյանը եւ պահանջում է, որ դատարանը կրկին ստիպի մարզպետին «Վեդու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթն անվավեր ճանաչել եւ այն վերացնել: Համաձայնեք` Հայաստանում կոկորդիլոսաբուծության կենտրոն դառնալու հայտ ներկայացրած Արարատի մարզում հետաքրքիր իրավիճակ է:




Լրահոս