ԱՅՍ ԱՄԵՆԻ ՄԱՍԻՆ ՎԱՂՈՒՑ ԷՐ ԱՍՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած առողջական ծայրահեղ վատ վիճակին` ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին կալանքի տակ պահելու հարցը հասել է ՄԻԵԴ: Եւ երեկ հայտնի դարձավ, որ ՄԻԵԴ-ը բավարարել է Մանվել Գրիգորյանի փաստաբանների միջնորդությունը՝ Եվրոպական դատարանի կանոնների 39-րդ կանոնի համաձայն` միջանկյալ միջոց ձեռնարկելու վերաբերյալ: Ըստ այդմ, Եվրոպական դատարանը, պայմանավորված դիմումատուի ծանր առողջական վիճակով, ՀՀ կառավարությունից պահանջում է հնարավորինս սեղմ ժամկետում ապահովել դիմումատուի տեղափոխումը որոշմամբ մատնանշված բժշկական հաստատություն: Միեւնույն ժամանակ դատարանը ՀՀ կառավարությունից պահանջել է մինչեւ հունիսի 12-ը ներկայացնել համապատասխան տեղեկատվություն:
Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը վերջին օրերին գնալով ավելի է վատթարացել. սա ակնհայտ երեւում է, միաժամանակ ակնհայտ է, որ չնայած նրան մեղսագրվող արարքի ծանրությանը, կալանքը հետագայում էլ որպես խափանման միջոց ընտրելու հարցը կարող է ճակատագրական նշանակություն ունենալ: Իսկ որ վաղ, թե ուշ այս վիճակն էր լինելու, ժամանակին զգուշացրել էր ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանը` դեռ հունվարի 31-ին ասելով, որ եթե այս գործը հասնի ՄԻԵԴ, կարող է անցանկալի հետեւանքներ լինեն: «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետը ապահովում է մինչեւ դատաքննությունը երաշխիքով ազատ արձակվելու իրավունքը,- ասել էր Թովմասյանը՝ եզրափակելով,- միաժամանակ խորհուրդ կտամ գլխավոր դատախազությանը, որ …պատշաճ հսկողություն իրականացներ նախաքննության օրինականության նկատմամբ, որպեսզի ե՛ւ չխախտվեն մարդու իրավունքները, ե՛ւ չնվազի Հայաստանի վարկանիշը միջազգային իրավական հարթությունում»:
Ու հիմա, փաստորեն, իրավապահ համակարգը պետք է կատարվածի համար պատասխան տա:

 

 

 

Երեկ հրաժարական ներկայացրին ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, նաեւ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գեւորգ Դանիելյանը: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ` Դանիելյանի հրաժարականի պատճառը եղել է այն, որ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 10 դատավորներին կարգապահական ենթարկելու նիստի օրը դատավորները բավականին հարձակվողական են եղել ԲԴԽ-ի նկատմամբ: Եւ Դանիելյանն էլ, ըստ նույն լուրերի, հաշվի առնելով, որ կառույցը կորցրել է իր դերը, ու արդեն որեւէ դատավոր հաշվի չի նստում նրա հետ, որոշել է գնալ: Սակայն Գեւորգ Դանիելյանը «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում պնդել է, որ դա ծայրահեղ անհեթեթ ու շինծու վարկած է: «Վճռաբեկ դատարանի պալատի բոլոր դատավորները ԲԴԽ-ի եւ անձամբ իմ նկատմամբ խորին հարգանք ունեն, ինչը փոխադարձ է: Այդ պալատում կարգին մարդիկ են, նրանք իրենց թույլ չեն տա ճղճիմ վարքագիծ: Եթե այդպիսի միտում լիներ, ես հրաժարական կտայի այդ նիստից առաջ»:

 

 

 

 

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` այս տարվա առաջին եռամսյակում աճել են օտարերկրյա ներդրումները` 32.2 մլրդ դրամից դառնալով 47.3 մլրդ դրամ: Բայց մյուս կողմից ուղղակի ներդրումները նվազել են. եթե նախորդ տարվա առաջին եռամսյակում իրականացված ուղղակի ներդրումները 40.7 մլրդ դրամ են կազմել, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այն 3.7 մլրդ դրամ է կազմել: Հատկանշական է փաստը, որ նախորդ տարվա առաջին եռամսյակում իշխանության ղեկին դեռեւս ՀՀԿ-ն էր, որի օրոք տնտեսական ցուցանիշները ապահովվում էին հանքարդյունաբերության շնորհիվ: Սա նշանակում է, որ անցած տարվա առաջին եռամսյակում ներդրումները հիմնականում ուղղված են եղել հանքարդյունաբերության ոլորտ. միայն 20.6 մլրդ դրամ ուղղակի ներդրում արվել էր Ջերսի օֆշորային կղզուց՝ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման համար: Հիմա, սակայն, հանքը չի գործում: Նոր իշխանությունների օրոք ՀՀ-ում ավելացել են ՌԴ-ից եկած օտարերկրյա ներդրումները՝ 12.5 մլրդ դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի` 5.7 մլրդ դրամի դիմաց:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` այս օրերին իրավապահ համակարգում քննարկումներ են ՀՔԾ-ի հնարավոր լուծարման մասին: Մասնավորապես վարկածներ են առաջ քաշվել ստեղծել հակակոռուպցիոն մարմին ու Հատուկ քննչական ծառայությունը լուծարել: Այս իրավիճակում հետաքրքիր է` ինչպես են դասակարգելու կոռուպցիոն գործերը, քանի որ կոռուպցիան լայնաշերտ երեւույթ է: Ավելին` իրավապահ համակարգում լուրեր են պտտվում այն մասին, որ չի բացառվում` վերոնշյալ մարմինը ստեղծելուց հետո ներկայիս ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հրաժեշտ տա իր պաշտոնին, ասել է, թե այլեւս ղեկավար չլինի: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը պարզել ՀՔԾ-ից, որտեղից ի պատասխան` հայտնեցին, որ նման տեղեկատվության իրենք չեն տիրապետում, եւ հորդորեցին տեղեկությունները պարզել նրանցից, ովքեր հայտնել են:

 

 

 

 

ՀԱՄԱԼԻՐ ԼՈՒԾՈՒՄ
Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպման ընթացքում քննարկված թեմաների թվում եղել է Հայաստանին մատակարարվող գազի սակագնի հարցը: Ավելի ուշ ռուսական «Ռիա նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում Փաշինյանը որոշ մանրամասներ է հայտնել այս մասին: «Սա մեր հարաբերությունների համար շատ կարեւոր հարց է, եւ այդ պատճառով այն քննարկում ենք նաեւ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում: Անհրաժեշտ է հասկանալ այս հարցի բոլոր նրբությունները, որովհետեւ ես ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ ասել եմ, որ մենք ունենք շատ լավ տնտեսական դինամիկա: Հույս ունեմ, որ մենք ընդհանուր լեզու կգտնենք, քանի որ մենք Ռուսաստանի հետ սովորական հարաբերություններ չունենք, մենք ունենք ռազմավարական հարաբերություններ, եւ կարծում եմ, որ մենք պետք է լուծենք նաեւ գազի ռազմավարական հարցը»,- ասել է ՀՀ վարչապետը:
Գազի սակագնի խնդիրն իսկապես կարեւոր է, եւ այն պահանջում է հիմնավոր լուծումներ՝ երկարաժամկետ կտրվածքով: Ի վերջո, ռուսական գազ սպառում է ոչ միայն բնակչությունը, այլեւ այն ուղղվում է արդյունաբերություն, ծառայությունների ոլորտ, բնականաբար, իր ազդեցությունն ունենալով գնագոյացման հարցում: Այնպես որ, վաղուց ի վեր ժամանակն է, որպեսզի գազի սակագինը երկարաժամկետ կտրվածքով լինի հաստատուն: Եւ այս առումով պատահական չէին վարչապետ Փաշինյանի հայտարարությունները, թե հարկավոր է լուծել նաեւ գազի ռազմավարական հարցը:
Թե երբ ձեռք կբերվեն վերջնական պայմանավորվածություններ, հայտնի չէ: Փոխարենը կարելի է ընդհանուր եզրակացություններ անել խնդրի լուծման մեթոդների վերաբերյալ: Ու այս առումով պատահական չէր վարչապետ Փաշինյանի հայտարարությունը, թե գազի սակագնի հարցը քննարկվում է նաեւ ԵԱՏՄ շրջանակներում: Ընդամենը վերջերս Նուր-Սուլթանում կայացած ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստում ունեցած ելույթում Փաշինյանը շեշտել էր ընդհանուր էներգետիկ շուկայի ձեւավորման մասին` ասելով, որ այն «թույլ կտա անդամ պետություններին զարգացնել համագործակցությունն իրավահավասարության, փոխշահավետության, արդար մրցակցության ապահովման սկզբունքների հիման վրա՝ ելնելով էլեկտրաէներգիայի արտադրողների եւ սպառողների տնտեսական շահերից», եւ որ «Մեթոդաբանության մեջ արվող փոփոխությունները թույլ կտան ձեւավորել անդամ պետությունների միջեւ էլեկտրաէներգիայի մատակարարման ծավալների պլանավորման, սահմանման եւ համաձայնեցման սկզբունքները»:
Այսինքն՝ գազի ռազմավարական հարցը պահանջում է համալիր լուծում:




Լրահոս