ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ իրենք հանրության հետ շփվելով` արդեն պարզել են, որ գոհ են կառավարության վարած քաղաքականությունից, քանի որ տարբեր ընթացակարգերում արգելքների չեն հանդիպում: Ավելին` ըստ Խաչատրյանի` իրենք շատ գործ ունեն անելու, բայց նաեւ չի կարելի հերքել, որ այսօր իրականությունում որեւէ բան չի փոխվել:
-Պարո՛ն Խաչատրյան, ամիսներ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր տնտեսական հեղափոխության մասին, բայց կարծես թե դրա մեկնարկից բացի` այլ ռեալ քայլ չի նկատվում հանրության կողմից: Ի՞նչ է անում Ձեր գերատեսչությունը, որպեսզի իրականում եւս լինի այն հեղափոխությունը, որի մասին խոսում էր ՀՀ վարչապետը:
-Եթե ես ճիշտ եմ հիշատակում, ապա վարչապետը շարունակել է մեկնաբանել այն հիմնական կետերը, որոնք տնտեսական հեղափոխության բնութագրիչներն են: Դրանք վերաբերում են մարդու նախաձեռնողականության եւ իր ազատությունների ուժով, ավելի համարձակ եւ ավելի վստահ առաջ գնալու հնարավորությանը: Եւ այն հնարավորությունը, որ այդպիսի նախաձեռնությունները ոչ միայն չեն խանգարվելու կառավարության կողմից, այլ աջակցվելու են, որքան որ դրանք կառավարության իրավասության սահմաններում է: Եթե խոսեք այն անձանց հետ, ովքեր ներկայում փորձում են իրենց նոր նախաձեռնություններն իրականացնել, վստահորեն կստանաք պատասխան, որ հիմա իրենց ազատության եւ վստահության աստիճանը հետագա անելիքների առնչությամբ անհամեմատ ավելի մեծ է, քան մինչեւ հեղափոխությունը եւ մինչեւ հեղափոխությունն ընդհանրապես: Դրա շուրջ է պետք զգալ փոփոխությունը:
-Բայց հանրությունը ե՞րբ է իր առօրյայում, իր կյանքում զգալու փոփոխություն, իր ապրելակերպում, արդյո՞ք այդ հեղափոխությամբ հասարակ ժողովրդի կյանքում լինելու է փոփոխություն:
-Եկեք, հանրությանը բաժանենք մասերի, հանրությունը բաղկացած է պետական համակարգում աշխատողներից, ովքեր ստանում են աշխատավարձ, բաղկացած է կենսաթոշակառուներից, ամենակարեւորը` բաղկացած է ձեռնարկատերերից, որոնք մեր հույսն են եւ, ընդհանրապես, տնտեսության, որովհետեւ պետք է աշխատեն, աշխատեն շատ, վաստակեն շատ, ապրեն լավ, վճարեն շատ հարկեր, իսկ այդ հարկերն էլ գնան, թոշակների ու աշխատավարձերի ձեւով վերադարձվեն ուսուցիչներին, թոշակառուներին եւ մնացածներին: Հիմա, եթե մենք ասում ենք, որ այն հատվածը հասարակության, ովքեր ձեռնարկատերեր են, այլեւս չունեն որեւէ խոչընդոտ, ավելին` ստանալու են կառավարության ամենայն աջակցություն, իրենք պետք է որեւէ օր էլ չկորցնեն եւ իրենք պետք է սկսեն իրականացնել իրենց նախաձեռնությունները եւ վստահ լինեն, որ վաղը Հայաստանում լինելու է ավել լավ, քան այսօր: Մենք չենք ասում, որ բոլոր խնդիրներն արդեն լուծել ենք:
-Բայց Հայաստանում կան պայմաններ ներդրողների համար, ովքեր Հայաստանում վստահ կլինեն, որ կկարողանան ներդրումներ անել եւ արդյունք ունենալ: Կարծես թե այդքան էլ լավ պայմաններ չկան ՀՀ-ում ներդրումների համար:
-Եթե կառավարությունն ասում է, որ եթե չկա մրցակցություն որեւէ բնագավառում, ապա մենք ասենք, այսինքն` որտեղ է, որ կառավարությունը թերացել է հավասար մրցակցությունը երաշխավորելու համար: Եթե չկա որեւէ տեղ մուտքի ազատություն, ապա մեզ ասեք, որտեղ է, որ մենք մեր կարգավորումներով խանգարում ենք, որ որեւէ տնտեսվարող սուբյեկտ, որ ցանկանում է դրանով զբաղվել, սահմանափակված է, եթե կազմակերպությունն իր գործելու ընթացքում հանդիպում է անարդար հարկային վարչարարության, ապա մեզ ասեք, թե որտեղ է, որ հարկային տեսուչը ինչ-որ մեկի նկատմամբ արտոնյալ է եղել, մեկի նկատմամբ ոչ արտոնյալ: Կամ եթե դա մաքսային ընթացակարգերում է, ինչպես կարող ենք դա լուծել: Գիտեք, եթե հանրության հետ խոսում ենք, ասում են` այո, գիտեք, մաքսայինում արդեն էլ կոռուպցիա չկա, ասում են` գիտեք, ճիշտ է, արդեն ներմուծման ու արտահանման ժամանակ մեզ համար անհաղթահարելի իրավիճակներ չեն ստեղծում: Չի լինում, երբ բեռը գա, հասնի սահման, չթողնեն ներս մտնի, կամ թողնի, տանեն, կանգնացնեն: Երբ որ մենք իրավասություններով իջնում ենք ցած ու հասկանում ենք, որ համակարգը բաղկացած է հազարավոր մարդկանցից, որոնցից ամեն մեկը տեղական նշանակության որոշակի գործունեություն է իրականացնում. հնարավոր է լինեն մարդիկ, որոնք ինքնագործունեությամբ շարունակեն, բայց երբ կարող է կառավարությունը հակազդել այդ ամենին, երբ որ տեղեկանա դրա մասին հասցեով, տեղով, եւ եթե թողնենք, վաղն էլ դա շարունակվի, դա արդեն կառավարության մեղքն է: Իսկ եթե գիտի ու թույլ չի տալիս, որ ինչ-որ սխալ բան տեղի ունենա, ապա դա թույլ է տալիս, որ հանրությունը վաղվա օրվան ավելի լավ նայի, քան երեկվան էին վերաբերում: Բիզնես պայմանները շարունակելու են բարելավվել, որովհետեւ այն, որ քաղաքական հանձնարարությունը տրված է բոլորին սկզբունքների շուրջ ու պետք է աշխատել, նպաստել ու չխանգարել, որոնք տվյալ պաշտոնյայի պարտականությունն են:
ԿԱԴԱՍՏՐԻ ԿՈՄԻՏԵՆ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
ՀՀ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ իր նախորդից վատ ժառանգություն է ստացել: Ըստ մեր զրուցակցի` իրենք ամեն ինչ անում են, որպեսզի ՀՀ քաղաքացին այլեւս չլինի գնդակի դերում, այլ պետական մարմինը:
-Պարո՛ն Պետրոսյան, Դուք հայտարարել էիք, որ կոմիտեում կոռուպցիոն սխեմաներ եք բացահայտել` նշելով, թե այն հիմնականում կապված է քաղաքապետարանի գործունեությանը, ինչո՞ւ անուններ, կոնկրետ տվյալներ չեն նշում այդ սխեմայի մասին: Խնդրում եմ` ավելի մանրամասն տեղեկություն տրամադրեք:
-Մեղավորներ կան, ու հընթացս այդ պրոցեսները շարունակվում են, այնպես չէ, որ ընթացք չկա, ու որեւէ բան տեղի չի ունենում, բնականբար կան բաներ, որ վերականգնվում են, լուծումներ տրվում են խնդիրներին: Եթե մենք ասում ենք` սխեմա է եղել, այնպես չէ, որ մենք գիտենք Պողոսյան Պողոսը, Պետրոսյան Պետրոսի հետ… այլ ընդհանուր տրամաբանությունն է այդպես: Հիմա, եթե քաղաքացուն հարցնում ես, եթե ուզում ես անել այսպիսի մի գործողություն, ինչ եք անում, ոչ ոք չգիտի, թե որտեղից է սկսվում քաղաքապետարանի լիազորությունը, որտեղ է սկսվում կադաստրինը: Ու այդ շփըթը, որ ստեղծվել է, այս իրավական կարգավորումը, այս երկու գերատեսչությունների միջեւ, կոնկրետ հիմա Երեւանի մասին եմ խոսում, բայց մնացած դեպքերում էլ կարող ենք ասել, ապա այդտեղ, բնականաբար, տուժել է քաղաքացին, ու շահել են ինչ-որ մարդիկ, ու մենք փորձում ենք հստակեցնել` ով ինչ գործառույթներ ունի, եւ այս գործառույթների շրջանակում մենք փորձում ենք նաեւ այդ գործառույթներն իրականացնենք երկու տեղում էլ, այսինքն` քաղաքացին, գալով կադաստր, նույն բանը կարող է իրականացնել այդտեղ, ինչը կաներ քաղաքապետարանում: Այսինքն` այս ողջ բարեփոխումները միտված է, որ քաղաքացին պինպոնգի գնդակի դերում հանդես չգա այլեւս, այլ պետք է այդ գնդակը լինի պետական համակարգը, որպեսզի քաղաքացին մեկ տեղ դիմելով, իր խնդիրները պետք է լուծվեն:
-Նշել էիք նաեւ, որ Ձեր նախորդը վատ ժառանգություն է Ձեզ թողել, արդյո՞ք Ձեզանից առաջ կոմիտեն ղեկավարած պաշտոնյան որեւէ «պատիժ» ստանալու է` նման իրավիճակ կոմիտեում ստեղծելու համար, իրավապահ համակարգին դիմե՞լ եք:
-Նպատակադրված բացահայտումներ չեն եղել կոնկրետ նախորդի հանդեպ, բայց կան գործեր, որոնք իրավապահ մարմինները քննարկում են, որոնցում նաեւ անցնում են մեր համակարգի աշխատակիցներ, իրենք շատ են, մենք դրանից չենք խորշում: Իսկ ղեկավարի մասին, ես կարող եմ հիմա կոնկրետ ասել` Մեղրի ազատ տնտեսական գոտու դեպքում, որտեղ նախկին ղեկավարի անունը շոշափվում է, բայց չգիտեմ` ինչ կարգավիճակով: Բայց միեւնույն ժամանակ մենք չգնացինք, իբրեւ թե, բարեփոխումների անվան տակ իրականացված աշխատանքների իրավական գնահատականներ չտվեցինք: Քաղաքական գնահատական տվել եմ, դրանք օպտիմալ չեն եղել:
Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
Հունիսն ամբողջությամբ ԱԺ պատգամավորների համար հագեցած է լինելու՝ լսումներ, բյուջեի քննարկումներ, հերթական եւ արտահերթ նիստեր։ Եվ այս հագեցվածությունը պատգամավորների մոտ դժգոհություններ է առաջացրել: Օրենսդիրի՝ տարբեր խմբակցությունների ներկայացուցիչներ մասնավոր զրույցներում դժգոհում են, թե այդ հագեցվածության պատճառով շատ այլ գործեր հետաձգում են։ Խնդիրն այն է, որ վերջին շրջանում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմից հաճախակի են դարձել բացակայությունները: Խոսքը ոչ միայն խմբակցության նիստերից, այլեւ շատ հաճախ ԱԺ մշտական հանձնաժողովների, ԱԺ լիագումար նիստերից եւս։ 2018թ. ՀՀ պետական բյուջեի կատարողականի քննարկումների ընթացքում եւս գլխադասային հանձնաժողովի պատգամավորներից ոչ բոլորն են ներկա լինում, իսկ եթե լինում են, ապա ոչ բոլորն են ակտիվություն ցուցաբերում։ Եվ պատգամավորները մասնավոր զրույցներում նշում են, թե հրահանգ է եղել չբացակայել՝ անկախ նրանից, թե ինչ գործեր կան, եւ հարգելի են լինելու միայն գործուղումները։ «Ժողովուրդ» օրաթերթը նախորդ համարներից մեկում գրել էր, որ հերթական նիստի վերջին օրը, երբ հոսանքի հետ կապված խնդիրներ էր եղել, կարգավորելուց հետո ընդամենը 22 պատգամավոր էր մնացել դահլիճում, ինչը եւս քննարկման եւ նկատողության պատճառ է դարձել։
ՆԱԽԱՐԱՐՆ ԷԼ Է ԻՄԱՑԵԼ
ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալի պաշտոնից հրաժարական տված Այսեր Ղազարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել էր, որ նախարարությունում աշխատելու ժամանակահատվածում բազմաթիվ խախտումների ու թերացումների է ականատես եղել։ Ապա հայտարարել էր, որ բնապահպանության ոլորտում ընթացող գործընթացները, այդ թվում` իրականացվող եւ իրականացվելիք գործողություններն ու միջոցառումները, չեն համապատասխանում իր սկզբունքներին եւ գործելակերպին: Ավելին` պարզվում է, որ այդ խախտումներին տեղյակ է եղել նաեւ նախարար Էրիկ Գրիգորյանը։ Ուստի «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանից հետաքրքրվեց՝ տեղյակ եղե՞լ է այդ խախտումներից, թերացումներից, բայց ոչինչ չի ձեռնարկել։ Հարցին ի պատասխան` նախարարն արձագանքեց. «Իրավապահ մարմիններ, բոլոր հարցերը գնում է իրավապահ։ Բոլոր գրությունները, որոնք որ նախարարությունից գնում են, նախարարի հետ համաձայնեցվում է, կամ նախարարն է ստորագրում։ Եթե մենք դիմել ենք դատախազություն, ՊԵԿ, քննչական մարմիններ, ինչից պետք է ես տեղյակ չլինեի, կամ ինչ խոչընդոտ պետք է լիներ` ինչ-որ բան բարձրաձայնելու համար»։