ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակում իրականացված օտարերկրյա ներդրումների ծավալները: Ըստ այդմ, ընդհանուր ներդրումներն աճել են` նախորդ տարվա առաջին եռամսյակին իրականացված 32.2 մլրդ դրամից դառնալով 47.3 մլրդ դրամ:
Փոխարենը ուղղակի ներդրումներն են զգալի նվազել, եթե նախորդ տարվա առաջին եռամսյակում իրականացված ուղղակի ներդրումները 40.7 մլրդ դրամ են կազմել, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այն 3.7 մլրդ դրամ է կազմել:
Նախ արձանագրենք, որ նախորդ տարվա առաջին եռամսյակում իշխանության ղեկին դեռեւս ՀՀԿ-ն էր, որի օրոք տնտեսությունը բազմիցս ենք այդ մասին գրել, հիմնված էր հանքարդյունաբերության վրա: Սա նշանակում է, որ անցած տարվա առաջին եռամսյակում ներդրումները հիմնականում ուղղված են եղել հանքարդյունաբերության ոլորտ, միայն 20.6 մլրդ դրամ ուղղակի ներդրում արվել էր Ջերսի օֆշորային կղզուց: Խոսքը Ամուլսարի ոսկու հանքի շահագործման ծրագրի մասին է, որը սկսվել էր դեռ նախկին կառավարության օրոք: «Լիդիան Արմենիա» ընկերությունը, որը նախատեսում էր շահագործել Ամուլսարի ոսկու հանքավայրը, ըստ մամուլում շրջանառվող լուրերի` օֆշորային է, որը 2006 թվականին գրանցվել է Ջերսիում` Չաննել կղզում: Տեղեկացնենք, որ օֆշորները` ոչ միայն արտասահմանյան, այլեւ տեղական, հարկերը շրջանցելու տարբերակ են: Օֆշորային գոտում գտնվող կեղծ ընկերություն կարելի է տանել կապիտալ, որտեղից «ներդրում» կատարել այստեղ, իսկ եկամուտը վերադարձրել օֆշորային գոտի: Բայց այս տարվա առաջին եռամսյակում Ջերսիից դեպի Հայաստան ներդրում չի իրականացվել: Բանն այն է, որ բնապահպանները տեւական ժամանակ պայքարում են Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ` պատճառաբանելով, որ այն բնապահպանական վտանգ է ներկայացնում: Ի նշան բողոքի` նրանք փակ են պահում դեպի Ամուլսար տանող ճանապարհը:
Հիմնականում ուղղակի ներդրումների ծավալների նվազման վրա իր ազդեցությունն է ունեցել հանքագործական արդյունաբերության եւ բաց հանքերի շահագործման եւ հանքագործական արդյունաբերության հարակից գործունեությունների տեսակները: Օրինակ` եթե 2018 թվականի հունվար-մարտին հանքագործական արդյունաբերության հարակից գործունեության մասով ներդրումները կազմել էին 20 մլրդ 640 մլն դրամ, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում` պարզապես 0:
Չէ՞ որ թավշյա հեղափոխությունից հետո հանքերի շահագործման օրինականության վերաբերյալ մեծ աղմուկ բարձրացավ, եւ հիմա հայտնի հանքարդյունաբերողներն այս պահին կանգնած են, չեն աշխատում` միաժամանակ նվազեցնելով պետական բյուջե վճարվող հարկերը: Ավելին` վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի տնտեսության կառուցվածքը պետք է փոխել, այսինքն` տնտեսությունը չպետք է հիմնվի հանքարդյունաբերության վրա:
Եւ ուղղակի ներդրումների զգալի նվազումը հենց դրա հետեւանքն է: Զարմանալի չէ, որ Միացյալ Թագավորությունն է նվազեցրել ուղղակի ներդրումները. 992 մլն դրամի չափով կապիտալը դուրս է հանել երկրից: Հայաստանից իր կապիտալն արտահանել է նաեւ Ֆրանսիան` 3.6 մլրդ դրամի չափով, Վրաստանը` 956 մլն-ի չափով:
Ի դեպ, բացի այս` նվազել են նաեւ Գերմանիայից Հայաստան մտնող ուղղակի ներդրումների ծավալները: Ավելին` Գերմանիան Հայաստանից 3.1 մլրդ դրամի կապիտալը հանել է: Մինչդեռ նախորդ տարվա առաջին եռամսյակում Գերմանիայից Հայաստան մտել էին 8.3 մլրդ դրամի ուղղակի ներդրումներ: Նաեւ Արաբական Միացյալ Էմիրություններից վերոնշյալ ժամանակահատվածում Հայաստան եկած ներդրումների ծավալներն են նվազել. եթե 2018 թվականի հունվար-մարտին դրանք կազմել էին 1.2 մլրդ դրամ, ապա այս տարվա նշված ժամանակահատվածում այն եղել է 1 մլրդ դրամ: Միաժամանակ այս տարի իրենց ներդրումները նվազեցրել են մի շարք երկրներ: Օրինակ` Նիդերլանդներից ուղղակի ներդրումները պակասել են 10.5 մլրդ դրամի չափով, Լյուքսեմբուրգից` 62.8 մլն դրամի չափով, Միացյալ Նահանգներից` 188 մլն դրամով:
Փոխարենը ռուսական ներդրումներն են Հայաստանում ավելացել. օրինակ` այս տարվա առաջին եռամսյակում Ռուսաստանից Հայաստան մտած ուղղակի ներդրումների չափը կազմել է 12.5 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի` 5.7 մլրդ դրամի դիմաց: Նկատենք, որ Ռուսաստանի ներկայացումը հիմնականում մեծ է էներգետիկ շուկայում` գազամատակարարման եւ էլեկտրամատակարարման ոլորտում: Խոսքը «Հայաստան էլեկտրական ցանցեր» եւ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունների մասին է: Ու, ընդհանրապես, Հայաստանի ներդրումների տեսակարար կշռի 40 տոկոսը միայն ռուսական ներդրումներն են կազմում:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՀԵՐԹԱԿԱՆ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ԵՐԱԶԱՆՔԻՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՀՈՒՅՍ
Արդեն այսօր` հունիսի 8-ին, Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլի Հայաստան-Լիխտեյնշտեյն հանդիպումը: Հիասթափեցնող մեկնարկից հետո մեր ազգային հավաքականն այսօր սեփական հարկի տակ ընդունելու է խմբի, երեւի թե, ամենաթույլ մրցակցին: Այս խաղի ֆավորիտը միանշանակ մեր ֆուտբոլիստներն են, սակայն չմոռանալով Ջիբրալթարի դեմ հանդիպումը, իհարկե, չի կարելի այս խաղը համարել հեշտ:
Հայաստանի ազգային հավաքականը ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլի առաջին երկու հանդիպումներում կրել է երկու պարտություն, եւ առաջիկա խաղերում բավարար արդյունք չգրանցելու պարագայում կարելի է մոռանալ հերթական խոշոր մրցաշարին մասնակցելու մասին: Լիխտեյնշտեյնի հետ հանդիպել ենք նաեւ Ազգերի Լիգայի Դ դիվիզիոնի շրջանակներում: Երկու հանդիպումներն էլ մեր ֆուտբոլիստների համար բարդ էին. նախ` սեփական հարկի տակ տարանք դժվարին հաղթանակ` 2:1 հաշվով, ապա` դրսում մեր ֆուտբոլիստները հանդիպումը կարողացան փրկել խաղավարտից միայն 5 րոպե առաջ: Ալեքսանդր Կարապետյանի խփած գոլի շնորհիվ հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով:
Այս հանդիպումը կարեւոր է ոչ միայն մրցաշարային աղյուսակի տեսանկյունից, այլ նաեւ հոգեբանական: Հայաստանի հավաքականը Լիխտեյնշտեյնի հետ հանդիպումից հետո մեկնելու է Աթենք, որտեղ պետք է դժվարին խաղ անցկացնի Հունաստանի հավաքականի հետ: Այս խաղում հաղթանակը էականորեն կարող է անդրադառնալ նաեւ հաջորդ հանդիպման վրա: Ցավոք, կարեւոր խաղերից առաջ թիմը ունի լուրջ կորուստ. վնասվածքի պատճառով հավաքականին չի միացել գերմանական «Հոֆենհայմի» նորեկ Սարգիս Ադամյանը: Այնուամենայնիվ, Հայաստանի Բարձրագույն խմբի ավարտված առաջնությունը ցույց տվեց, որ Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմում հանգիստ կարող են տեղ զբաղեցնել «Փյունիկի» եւ «Արարատ-Արմենիայի» երիտասարդ ֆուտբոլիստներ Էրիկ Վարդանյանը եւ Պետրոս Ավետիսյանը, որոնք իրենց խաղով ապացուցել են` կարող են լուրջ ազդեցություն ունենալ հավաքականի գրանցած արդյունքների վրա: Սարգիս Ադամյանի, Մարկոս Պիզելիի եւ Յուրա Մովսիսյանի բացակայության պայմաններում կարելի է շանս տալ նաեւ երիտասարդներին: Հավաքական է հրավիրվել նաեւ Արաս Օզբիլիսը, որը չունի խաղային պրակտիկա եւ, ամենայն հավանականությամբ, գոնե Լիխտեյնշտեյնի դեմ խաղը նա կսկսի պահեստայինների նստարանից: Այս խաղի ֆավորիտը համարվում է մեր ընտրանին եւ մեր հաղթանակի վրա վստահ են բոլորը, քանի որ լիխտեյնշտեյնցիները համարվում են ֆուտբոլային գաճաճ պետություն: Այստեղ, կարծում ենք, կարելի է արձանագրել մեկ տխուր փաստ` Հայաստանի հավաքականը ունի պարտվելու մեծ «փորձ» գաճաճ հավաքականների դեմ խաղերում: Կրկին վերհիշենք Ջիբրալթարի դեմ հանդիպումը, որից հետո ուղղակի անհնար է զարմանալ ինչ-որ արդյունքի վրա: Այս խաղը շատ կարեւոր է նաեւ մեր հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի համար: Նշվում է, որ առաջիկա երկու խաղերում ամենաքիչը 4 միավոր չվաստակելու պարագայում Գյուլբուդաղյանցը կզրկվի իր պաշտոնից:
Մենք շատ ավելի վաղ անդրադարձել էինք Գյուլբուդաղյանցի թեմային եւ նշել, որ հավաքականի վատ արդյունքները չի կարելի բարդել միայն գլխավոր մարզչի վրա: Հավաքականը այժմ գտնվում է փոփոխությունների շրջանում, եւ այս անցումային շրջանը բաժին ընկավ Գյուլբուդաղյանցին: Ամեն դեպքում նույնիսկ անցումային շրջանում Լիխտեյնշտեյնին չհաղթելը խայտառակության նման մի բան է:
Առաջիկա խաղերում մեծ են սպասելիքները անկասկած մեր առաջատար Հենրիխ Մխիթարյանից, ով միանշանակ կարող է որոշել յուրաքանչյուր հանդիպման ելք:
Այս խաղերում լավ արդյունքներ գրանցելը կարող է հույս տալ պայքարելու Եվրոպայի առաջնության ուղեգրի համար, որն այս պահին անհասանելի է թվում Հայաստանի ազգային հավաքականի համար:
ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՀԵՌԱՆՈՒՄ Է
«Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության նախագահ, գլխավոր գործադիր տնօրեն Ժոաո Կարրելոն ընկերության կառուցվածքային փոփոխությունների ծրագրի շրջանակներում, 2019 թվականի հունիսի 12-ից կդադարեցնի իր պաշտոնավարումը: «Լիդիան Ինթերնեյշնլ»-ի նախագահի եւ գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը 2019 թվականի հունիսի 12-ից ժամանակավորապես կստանձնի տնօրենների խորհրդի ներկայիս անդամ Էդուարդ Սելերսը: «Լիդիանի» տնօրենների խորհրդի նախագահ Ռասել Բոլը տնօրենների խորհրդի անունից նշել է, որ իրենք շնորհակալ են Կարրելոյից` անցած տարվա ընթացքում ընկերությունը ղեկավարելու համար: Ժոաո Կարելլոն աջակցելու է ընկերությանը որպես խորհրդատու:
ՄԱՆԴԱՏԱԶՈՒՐԿ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է ԱԺ պատգամավոր Նարինե Խաչատուրյանի պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին համապատասխան արձանագրությունը: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Խաչատուրյանը մանդատը վայր դնելու դիմում էր ներկայացրել մայիսի 31-ին: